Որ արտակարգ իրավիճակներոմ արտակարգ իրավիճակներ չավելացնենք – Մեզ համար պահուստն ավելի մեծ նշանակություն ունի՝ մեր երկիրը ճանապարհային շրջափակման մեջ է (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Պետական պահուստը յուրաքանչյուր պետության համար շատ կարեւոր համակարգ է, մանավանդ արտակարգ իրավիճակների ժամանակ: Հիմնականում պետական պահուստները նույն գործառույթն ունեն, կարող են տարբեր լինել ապրանքային անվանացանկերը՝ ամենատարբեր գործոններով պայմանավորված:

«Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքը հստակ ասում է, թե որոնք են  պետական նյութական պահուստի օգտագործման նպատակները, որոնց թվում են մարդասիրական օգնության ցուցաբերումը եւ արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը: Արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ է կուտակել համապատասխան ապրանքներ (արագ արձագանքման պաշարի մասին է խոսքը): Սակայն, այդ արագ արձագանքման պաշարում կուտակման ենթակա նյութական պաշարների անվանացանկն ու կուտակման նորմերը պետք է հստակ լինեն: Մեզ մոտ սահմանված չեն եղել:

Իրավիճակը շտկելու համար կառավարությունը ընթացիկ տարսկզբին հստակեցրեց թե՛ ապրանքները եւ թե՛ դրանց քանակը:

Տեղեկացնենք, որ գործադիրը նորմերը սահմանել է  10 օրվա եւ 2500 փրկարար ծառայողի ու 25 հազար բնակչության հաշվարկով: Որոշվել է նաեւ, թե ինչ ու ինչքան է անհրաժեշտ բուժապահովման համար (դարձյալ 2500 փրկարարի եւ 25 հազար բնակչության կտրվածքով):  

Ըստ այդմ, օրինակ, փրկարարին բաժին է ընկնում օրական 1.027 կգ ցորեն, 0.12 կգ բրինձ, 0.07 կգ շաքարավազ: Հասանելիքի մեջ նաեւ պահածոներ են մտնում՝ բանջարեղենային, մսի, ձկան, ներառված է քացախ, թեյ եւ լուծվող սուրճ, խտացրած կաթ, սերուցքային կարագ, աղ:  Առաջին անհրաժեշտության ապրանքների մեջ մտնում են մետաղական թասը, մետաղական թեյնիկը, հեղուկ օճառը, լվացքի միջոցները, ամառային ու ձմեռային քնապարկերը, նաեւ՝ նավթավառ, լապտեր, վրանների տաքացման սարքավորումներ, լուցկի, ձեռքի եւ լոգանքի սրբիչներ, բամբակե բաճկոն, կոմբինեզոն: Շարժական դաշտային խոհանոց (100 մարդու համար) ու բիոզուգարան էլ է նախատեսված: Եթե 2500 փրկարարի հաշվարկով նայենք, ապա տասը օրվա համար նրանց կտրվի 25 շարժակա խոհանոց: Բիոզուգարանի քանակը 50-ն է՝ 50 հոգուն՝ 1 զուգարան հաշվարկով:

Գործադիրը նշում է, որ փրկարարներին վթարափրկարարական գույք էլ կտրվի՝ հրդեհաշիջման սարքավորումներ, տարբեր աշխատանքների համար գործիքների լրակազմ, մոտոսղոց, էլեկտրական սղոց, բենզասղոց եւ այլն: Կտրվեն նաեւ վառելիքաքսուկային նյութեր, որոնց հաշվարկները նույնպես կան, մոտոպոմպեր, ջրի պահպանման տարողություններ, դիզելային էլեկտրակայաններ: Ի դեպ, վերջինիս մասով ասենք, որ 2500 փրկարարի կտրվի 30 կՎտ-անոց 5 դիզելային էլեկտրակայան կամ 10 կՎտ-անոց 15 էլեկտրակայան:

Ինչ վերաբերում է բնակչությանը տրվող սննդի պաշարին, ապա 1 շնչին ընկնող օրական ցորենի պաշարը 0.34 կգ է, բրնձինը՝ 0.08 կգ, շաքարավազինը՝ 0.04 կգ: Բնակչության համար էլ նախատեսված են մսի ու ձկան պահածոներ, բայց, ասենք, լուծվող սուրճ եւ քացախ՝ ոչ:

Բնակչության եւ փրկարարների բուժապահովման համար սահմանվել է 83 անուն ապրանքացանկ (դարձյալ 2500 փրկարարի եւ 25 հազար բնակչության հաշվարկով): Ըստ գործադիրի, դրա մեջ մտնում են 49 անուն ընդհանուր դեղորայքային միջոցներ, 2 անուն պլազմափոխարինիչ լուծույթներ, վիրակապական եւ կարային նյութեր, բժշկական առարկաներ, սարքավորումներ, վիրաբուժական գործիքներ, վնասվածքաբանության համար սարքավորումներ եւ ախտահանիչ նյութեր:

Երբ փորձեցի ուսումնասիրել, թե տարբեր երկրներ ինչպես են ձեւավորում այդ ապրանքային անվանացանկը, նախ՝ մի բան պարզեցի ինձ համար՝ պետական նյութական պահուստների համակարգերը եւ պետական գաղտնիք են եւ պետական գաղտնիք չեն: Գաղտնիք չեն այն առումով, որ կարող ես մտնել տվյալ երկրի համապատասխան կառույցի կայք, նայել, թե ասենք՝ պետությունը ինչ ապրանքի ձեռքբերման պատվեր է իջեցրել, ինչ քանակով: Բայցեւ նկատեմ, որ պետական նյութական պահուստների համակարգերն  այնքան էլ բաց չեն այն առումով, որ երբեք չես իմանա, թե տվյալ երկիրն իր համար ինչն է համարում առաջնային անհրաժեշտության ապրանք, այսինքն՝ մի տեսակ գաղտնիք է ոչ թե ինչքան-ը, այլ՝ ինչ-ը։

Մեզ համար պահուստն ավելի մեծ նանակություն ունի թեկուզ հենց միայն այն պատճառով, որ մեր երկիրը ճանապարհային շրջափակման մեջ է:

Բոլոր երկրներն են կարեւորում պահուստի դերը՝ հաշվի առնելով  համապարփակեցման գործընթացները, շուկաներում իրավիճակի կտրուկ տատանումները, տնտեսական ու քաղաքական մրցակցության կոշտացումը, աշխարհաքաղաքական իրավիճակների բարդացումը, միջազգային ահաբեկչության երեւույթները, կլիմայի փոփոխությունը, տարերային աղետների հաճախականության մեծացումը: Բայց ամեն երկիր իր պահուստի համալրման խնդիրը լուծում է սեփական օրենսդրությունից եւ կարիքներից  ելնելով: Շեյցարիան, օրինակ, «պետական ռեզերվներ», պահուստ ասվածը գումարային արտահայտությամբ է ձեւավորում: Հասկանալի է, քանզի շրջափակված չէ, փակ ճանապարհներ չունի: Իսկ Հայաստանը չի կարող նման բան իրեն թույլ տալ: Մենք անպայման որոշակի ժամկետով պաշար կուտակած պետք է ունենանք: Կամ՝ ֆրանսիացու համար առաջին անհրաժեշտության ապրանքը գուցե նախ լվացքի փոշին լինի, հետո՝ հացը, իսկ մեզ համար՝ նախ հացը: Այսինքն, նյութական պաշարների կուտակման ծավալներն ու առաջնահերթությունները պայմանավորվում են ազգային առանձնահատկություններով:

Մի խոսքով, այս ամենը (մեր ապրանքացանկը, նորմերը, երկրների մոտեցումները) նկարագրում ենք, որպեսզի ցույց տանք, որ պահուստի՝ հնարավորինս ճիշտ ծավալներով համալրման պարագայում արտակարգ իրավիճակներում մենք հնարավորինս նվազեցրած կլինենք որոշ ռիսկեր, այն է՝ նյութական ապահովման անհրաժեշտություն չենք ունենա, իսկ եթե ավելի պարզ, ապա՝ արտակարգ իրավիճակում ապրելու համար կունենանք սնունդ, հագուստ, դեղորայք, քնելու տեղ:

Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

«Լուսանցք» թիվ 24 (414), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։