Հյուսիս-հարավ խնդիրը նոր տեսան – …Ահա սա է պատճառը, որ տրանսպորտի նախարարությունը քնած է… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանին հարցրեց, թե ինչ պատճառով են ուշանում «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքները՝ միաժամանակ նշելով, թե իսպանական ընկերությունը չարիք է դարձել. «Խոսակցություններ են հասնում, անհի՞մն են, թե՞ ոչ: Իսպանական ընկերությունն է իրականացնում, այդ ընկերությունը չարիք  է այս գործում, ինչ-որ խնդիր կա այս ընկերության հետ: Փողերը չկան, փողերը տարել են, ուսումնասիրեք պատճառը»:

Ի դեպ, գործադիր իշխանության ղեկավարը հիշեցրեց նաեւ, որ այս մասին արդեն երկրորդ անգամ է հարցնում: Արթուր Առաքելյանն էլ ասաց, որ «աշխատանքային հստակ ժամանակացույց կա եւ ուշացման մասին ահազանգ դեռ չեն ստացել»:

Վարչապետը չթաքցրեց իր զարմանքը՝ արդյո՞ք իր ասածն ահազանգ չէ: Եվ հավելեց, որ իրեն հասած խոսակցություններն  այդ ոլորտում աշխատողների խոսակցություններ են, եւ պետք է հասկանալ խնդիրներն ու դրանց պատճառները: «Այդ իսպանական ընկերությունը շինարարության համար իսկական չարիքի է վերածվել: Ճանապարհի Արարատի հատվածում որակը դեռեւս այն չէ, իսկ այժմ նաեւ ժամանակի մեջ չեն տեղավորվում: Հասկացեք՝ ինչն է պատճառը»,- երկրորդեց վարչապետը:  

Անկեղծ ասած՝ ինձ վարչապետի զարմանքը զարմացրեց: Ահազանգերը վաղուց կային, աշխատողներին պիտի լսեր, որ նոր միայն հավատար: Կամ՝ արդյոք այդ ահազանգը հնչեցնողը վարչապետը պիտի լիներ: Կարծես պատկան մարմինը՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղյակ չէ խնդրին: Պարզվում է՝ տեղյակ է, բայց արտառոց ոչինչ չի տեսնում՝ «ահազանգ չեն ստացել»: Այսինքն՝ տրանսպորտի նախարարությունը մամուլի հրապարակումներին տեղյակ չէ կամ տեղյակ է եւ չի արձագանքում: Ու դրա համար ունի իր՝ հենց սուբյեկտիվ պատճառը:

Ի դեպ, վարչապետի դիտարկմանը եւ լրագրողների հարցադրումներին ի պատասխան Արթուր Առաքելյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իսպանական «Կորսան Կորվիամ» (Corsan Corviam) ընկերությունն արդեն տուգանքներ է վճարել աշխատանքների անբավարար որակի համար: Բայց նրա հետ պայմանագիրը լուծարելու պատճառ չկա:

1-ին տրանշի շրջանակում՝ Երեւանից Արտաշատ եւ Աշտարակ, ընկերությունը մեր տրանսպորտի նախարարության՝ ճանապարհի հավասար հարթության վերաբերյալ դժգոհությունների պատճառով հետ է վճարել 70 մլն դոլարից 6 մլն դոլարը:  Այս շեղումը պայմանագիրը լուծարելու պատճառ չէ՞: «Բայց այդ շեղումները պայմանագրի սահմաններում էին եւ կարգավորվում էին դրանով, համապատասխան տուգանքի գանձմամբ»,- ասաց փոխնախարարը՝ զուգահեռ ավելացնելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այո, երկու անգամ եղել է Աշտարակ-Թալին ճանապարհային հատվածում, որտեղ շինարարություն է ընթանում 2-րդ տրանշի շրջանակում, եւ գործադիր իշխանության ղեկավարին  չի բավարարել աշխատանքների տեմպը:

Այս պարագայում էլ խնդիր չկա՞: Ի պատասխան տրանսպորտի եւ կապի փոխնախարարը հայտնեց, թե դանդաղումները հիմնականում պայմանավորված են ենթակապալառուների հետ պայմանագրերով: «Բայց ընկերությունը նրանց հետ պայմանագրերում իրեն ապահովագրել է՝ պայմանագրում տուգանքներ ներառելով ուշացումների համար»:

Հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանն է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության վարկատուին՝ Ասիական զարգացման բանկին անբարեխղճության տուգանքներ վճարում ծախսված միջոցների հետ կապված ուշացման համար: «Ո՛չ, նման բան նախատեսված չէ»,-համառոտեց Ա. Առաքելյանը:

Ժամանակին հարկային պարտավորությունները չկատարելու համար իսպանական ընկերության նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: Հիմա ո՞ր փուլում է գործը: Այս հարցին տրանսպորտի եւ կապի փոխնախարարը նախ պատասխանեց, թե հրապարակային գործընթաց է տեղի ունեցել, եւ մնացյալ մանրամասները կարող ենք ճշտել հարկայինից, այնուհետեւ հավելեց. «Ձեր որակմամբ հնարավոր է այն աղաղակող հնչի, սակայն  դա մենք որակում ենք որպես  տնտեսվարում»:

Ահա սա է պատճառը, որ տրանսպորտի նախարարությունը քնած է: Այն, ինչի մասին մամուլը վաղուց աղաղակում է, նախարարության համար դա տնտեսվարում է:

Այնուամենայնիվ, կա խնդիր, ինչպե՞ս դա կարող է ազդել իսպանական ընկերության հետագա գործունեության վրա: Բանախոսն առայժ չի կարող հստակ որեւէ բան ասել. «Վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություն կկատարվի, որից հետո արդյունքները կներկայացվեն: Եվս մեկ անգամ կփորձենք անդրադառնալ այն խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնվեց, որոնք հնարավոր է բարձրացրել են իսպանական  ընկերության հետ հարաբերվող ընկերությունները: Այսինքն՝ նրանց հարաբերությունները եւս կարգավորվում են իրենց միջեւ կնքված համաձայնագրերով, այսինքն՝ երկու անկախ ընկերություն կնքել են իրար հետ պայմանագիր եւ այդ պայմանագրերի շրջանակներում  իրականացնում են իրենց գործունեությունը»:

Մեկ այլ լուրջ խնդիր եւս կա. այդ գումարը վճարելու են հարկատուները: Տրանսպորտի նախարարությունը վերահսկողական գործառույթ ունի՞, որպեսզի կարողանա իսպանական ընկերությանը դժգոհություն ներկայացնել: Ի պատասխան փոխնախարարն ասաց, թե հարկատուները կարող են չանհանգստանալ. «Մենք պայմանագրով նախատեսված բավարար մեխանիզմներ ունենք, իսկ եթե պայմանագրով նախատեսված պարտավորությունները չեն կատարում, ապա կան դատարաններ եւ այլ մեխանիզմներ»:

Այս ամենով հանդերձ՝ փոխնախարարը անհեթեթություն դուրս տվեց. անհանգստանալու կարիք չկա, որովհետեւ «իրավիճակը հսկողության տակ է»:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 24 (414), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։