ՅՈւՆԵՍԿՕ-ն շարունակում է քաջալերել պատմագողությունը – Պետությու՛ն, արդեն հոգնել ենք հարցնելուց՝ ու՞ր է մեր մշակույթի նախարարությունը… Ոչխարի աչքը միայն խոտ տեսնելու համար է (Ջուղայի հայկական խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացումը)…

ՅՈւՆԵՍԿՕ-ն շարունակում է քաջալերել պատմագողությունը

Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը եւ Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։ Ըստ երեւույթին, այժմ նստակյաց թյուրքական քոչվորներն արդեն դաշինքով են սկսել պայքարել ու սեփականացնել հայկական ազգային ու մշակութային արժեքները: Բայց որ Իրանն է մտել այդ ոհմակի մեջ, մի քիչ զարմանալի է:

Չնայած հետեւելով անծագում ու անպատմություն ոմանց ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկերում հայտնվելու ցանկասիրությանը, դժվար չէ կռահել, որ այդ վարակը տարածվում է նաեւ պատմություն ունեցող մի շարք ազգերի վրա, որոնք այնուամենայնիվ, հարեւանների ունեցածին տիրելու մղումներին չեն դիմանում…

ՅՈւՆԵՍԿՕ-ն, ինչպես ասում են, էշի ականջում քնած, իր ցանկերում հայտնվելու ցանկասիրությանը տուրք տալով՝ չի հարցնում, թե ա՛յ նախկին քոչվոր թյուրքեր, այդ ինչպե՞ս եւ ու՞մ համար եք տարին կլոր ամենուր թոնիրներ պատրաստել, երբ տեղից-տեղ քոչելով եք զբաղվել… Քոչելո՞վ եք հացահատիկ ցանել-մշակել, ալյուր ստացել ու լավաշ թխել:

Այդ ի՞նչ հրաշք է, որ միայն թյուրք-արնախում քոչվորներին է հաջողվել: Քոչվորը որտե՜ղ, վարուցանքը որտե~ղ, թոնիրը որտե՜ղ:  

Եվ հիմա ու՞ր են այդ ամենի հետքերը… Եկել հայերի բնօրրան եք մտել, ցեղասպանել բնիկներին ու հայերի հայրենիքում գտածո-հնածոները թյուրքական եք դարձնու՞մ… Ձեր ալթայական տափաստաններում գտեք դե… Ա՜յ անհայրենիք ղազախ ու ղրղզ, ա՜յ 1 դար էլ չբոլորած եւ արհեստական ի հայտ եկած ադրբեջանցիներ, ո՞վ եք ընդհանրապես, ոչ մի ձեւով չկաք աշխարհի պատմության մեջ, բայց այսօր հայտնվելով՝ հազարամյակների հայոց մշակութային հարստության վրա եք աչք տնկել… Հայոց հայրենիքի վրա հաստատվել՝ հայերի արժեքային համակարգն ենք փորձում սեփականացնել…

Դե իհարկե սրանց նմանները կտնկեն իրենց աչքերը: Եթե նույն քոչվորին կամ ընդամենը մի հազարամյակ ի հայտ եկած վրացուն ՅՈւՆԵՍԿՕ-ն դարձնում է գինու եւ կարասի ստեղծող, ապա լավաշն էլ, տոլման էլ, խորովածն ու խաշլաման էլ եւ էլի շատ հայկական ուտեղտներ, այլ ոչ նյութական, նյութական ու հոգեւոր արժեքներ էլ կդառնան սրանցը: Իսկ Իրանը (պարսիկները) մտածել է, եթե այսպես հնարավոր է սեփականացնել, ինչու՞ իրենք էլ չանեն…

Նույն տրամաբանությամբ ՅՈւՆԵՍԿՕ-ն պիտի հասկանար, որ նախկին քոչվորը չի կարող խաղողի այգիներ տնկել ու մշակել, հետո խաղողից գինի քաշել, այդ խաղողի թփով էլ տոլմա փաթաթել եւ այսպես շարունակ…

Ինչեւէ, «Բարակ հացի պատրաստման մշակույթը» անունը կրող հայտի վերաբերյալ որոշումը պարզ կդառնա Եթովպիայում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը կայանալիք ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ միջակառավարական կոմիտեի ժողովի ժամանակ։

Պետությու՛ն, արդեն հոգնել ենք հարցնելուց՝ ու՞ր է մեր մշակույթի նախարարությունը, ինչու՞ այս հարցերը միջազգային դատարաններում կամ համապատասխան ատյաններում չեն: Ի՞նչ է՝ ազգային մշակույթի գողությունը գողություն չէ՞:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ից հունիսի 1-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ. կոնվենցիայի անդամ պետությունների Գլխավոր ասամբլեայի 6-րդ նստաշրջանում կայացան Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի ընտրությունները՝ 2016-2020թթ. ժամանակահատվածի անդամակցության համար: Եվ 2-րդ տարածաշրջանային խմբից (Արեւելյան Եվրոպայի երկրներ) 4 տարի ժամկետով ընտրվեց Հայաստանը՝ ստանալով կոնվենցիայի անդամ երկրների միաձայն աջակցությունը։

Մյուս խմբերից ընտրվեցին Կիպրոսը, Ավստրիան, Գվատեմալան, Կոլումբիան, Կուբան, Ֆիլիպինները, Զամբիան, Սենեգալը, Մավրիկիոսը, Պաղեստինը եւ Լիբանանը։ Միջկառավարական կոմիտեն Կոնվենցիայի գլխավոր մարմիններից մեկն է, ստեղծվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, ունի 24 անդամ՝ տարածաշրջանային 6 խմբերից: Կոմիտեի անդամն անմիջապես վերընտրվելու հնարավորություն չունի: Կոմիտեի կարեւոր գործառույթներից է Կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:

Գլխավոր ասամբլեան, որի նստաշրջանը գումարվում է 2 տարին մեկ, ի թիվս այլ գործառույթների, ընտրում է 12 նոր անդամների։ Հիմա ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ Հայաստանը կպաշտպանի՞ իր շահերը, թե՞ կլռի ու կքվեարկի ըստ միջազգային բարեկամության ու փոխգործակցության սկզբունքների…

Հայկ Թորգոմյան

Ոչխարի աչքը միայն խոտ տեսնելու համար է

Նախիջեւանում ոչնչացված են հայկական մշակութային ժառանգության բոլոր արժեքները, հայտարարել է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը‘ ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Նշվել է, թե Արբեջանում պնդում են, որ Հայաստանը խոչընդոտում է ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն կազմավորելու գործին։ Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այդ մեղադրանքները:

Ըստ ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետի` «Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը դեմ է եղել պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման դիտորդական առաքելություններին, այդ թվում` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի ներքո Կազմակերպության կողմից փաստահավաք տեխնիկական առաքելություն ուղարկելուն իրականությանը չեն համապատասխանում:

Մինչդեռ, Ադրբեջանը, չնայած բազմաթիվ կոչերին մինչ օրս մերժում է ընդունել ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը, ինչպես նաեւ Հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանման (ICOMOS) խորհրդի 16-րդ գլխավոր վեհաժողովի կողմից 2008թ.ընդունված բանաձեւի պահանջն ընդունելու ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ICOMOS-ի կողմից համատեղ փաստահավաք առաքելությունը Նախիջեւան՝ Ջուղայի «տարածքն ուսումնասիրելու եւ արդյունքները միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով»:

1998-2006թթ. ընթացքում ադրբեջանական բանակի ստորևաբաժանումներն ամբողջությամբ ոչնչացրեցին Ջուղայի հայկական գերեզմանոցի` 9-16-րդ դդ. թվագրվող, մշակութային բարձր արժեք ներկայացնող, հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը, իսկ տարածքն Ադրբեջանի կառավարության կողմից վերածվեց ռազմական հրաձգարանի:

Այս բարբարոսությունը տեսանկարահանվել է։ Բաքուն արգելում է Ջուղա այցելել եւ տեղում իրավիճակին ծանոթանալ ոչ միայն միջազգային կազմակերպություններին, այլեւ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին: Ըստ փորձագիտական գնահատականների, այսօր Նախիջեւանում ոչնչացված են հայկական մշակութային ժառանգության բոլոր արժեքները:

Ի տարբերություն Ադրբեջանի‘ Լեռնային Ղարաբաղում առկա հուշարձանները, անկախ դրանց ծագումից, պետական հոգածության ներքո են, ինչում համոզվել են բազմահազար այցելուները ԼՂ-ում գտնվելու ընթացքում:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 24 (414), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։