Հետահայաց.- Ինչու՞ մեր եկեղեցին չմարսեց Հռոմի պապին – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Հռոմի պապը եկավ-գնաց: Նրան լավ վերաբերեցին Հայաստանում: Նրան լավ են վերաբերում արտերկրում մեր հայրենակիցները: Խոսքը հենց ա՛յս Հռոմի պապի մասին է, ով մինչեւ Հռոմի պապ լինելը ջերմ հարաբերությունների մեջ է եղել արգենտինահայերի հետ: Խոսքը հենց ա՛յս պապի մասին է, ով առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից եւ առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741թ.։ Ա՛յս պապի մասին է, ով հստակ արտահայտում է իր դիրքորոշումները քաղաքական, տնտեսական, բարոյական եւ սոցիալական հարցերում եւ, ի տարբերություն նախորդների, բնակության համար չի նախընտրել Վատիկանի առաքելական պալատի պապական հարկաբաժինը եւ այլն եւ այլն:

Հռոմի պապը եկավ-գնաց եւ օրեր անց նկատելի դարձավ, որ մեր եկեղեցին չի մարսել Պապի հանդեպ մեր հանրության լավ վերաբերմունքը:

Ու դա այնքան ակնհայտ էր, որ եկեղեցականները խոսելիս չէին կարողանում  թաքցնել: Հատկապես Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ում այնքան էր խոցել Հռոմի պապի հանդեպ մարդկանց սիրառատ վերաբերմունքը, որ «Հրապարակ»-ին տված հարցազրույցում չէր կարողացել թաքցնել դա: Ասում եմ՝ չէր կարողացել, որովհետեւ մի տեսակ չստացված, չկշռադատված պատասխաններ էր տվել (իսկ հարցազրույցը ստացված էր,- Ա.Մ.): Երբ լրագրողը նկատել էր, որ համեմատությունները մեր հոգեւոր առաջնորդի օգտին չէին (թեկուզ հենց այն, որ կաթողիկոսը շքեղ «Մերսեդեսով» է շրջում, իսկ Պապը՝ համեստ «Ռենոյով), Աջապահյանը պատասխանել էր. «Հասկացա, հասկացա… Դուք ամեն ինչ դիտեք ընդհանուր ֆոնի վրա, եթե դուք անձերով եք պայմանավորում, ուրեմն կաթոլիկ եկեղեցին ունի շատ ավելի անձեր ամաչելու համար, քան մենք ունենք ամաչելու համար: Կաթոլիկ եկեղեցին չունի այնքան հպարտանալու անձեր, որքան որ մենք: Խոսքը, եթե կուզեք, նաեւ առաջին դեմքերի մասին է: Կաթոլիկ եկեղեցվո առաջին դեմքեր են եղել, որոնք խայտառակվել են, եւ մինչեւ այժմ այդ խայտառակությունը կաթոլիկ եկեղեցու վրա է: Իսկ մեր հայ եկեղեցին չունի այդպիսի արտառոց խայտառակություններ եւ երբեք չի ունեցել ու այսօր էլ չունի: Եթե դուք համեմատում եք, ուրեմն համեմատեք ընդհանուր համայնապատկերի մեջ: Բախտներդ բերել է, որ մի առաքինի Պապ է հայտնվել Հռոմի աթոռին, եւ հիմի ուզում եք դա շահարկել: Հռոմի Պապի «Ռենոյով» շրջելը չի փոխում Վատիկանի շքեղ ապրելակերպը: Վատիկանը մնում է նույն շքեղ ապրելակերպի մեջ, ու նույնիսկ Պապի հորդորներն իրենց վրա չեն ազդում: Բայց դուք մի Պապի առաքինությունը տարածում ենք ամբողջ կաթոլիկ եկեղեցու վրա: Եվ ուզում եք Հայ եկեղեցու վրա էլ տարածեք չգիտեմ ում պարսավելի գծերը: Ես, համենայնդեպս, առաջին դեմքի մոտ չեմ տեսնում այդ գծերը, որոնք դուք ուզում եք ներկայացնել»:

Խայտառակություն չէ, դավաճանություն է

Հետեւենք Շիրակի թեմի առաջնորդի խորհրդին` ամեն ինչ ընդհանուր ֆոնի վրա դիտելով:

Աջապահյանն ասում է, թե «մեր հայ եկեղեցին չունի արտառոց խայտառակություններ եւ երբեք չի ունեցել ու այսօր էլ չունի»:

Իբրեւ պատասխան նախ կկրկնեմ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանին, ով «Լուսանցք»-ին տված հարցազրույցում ասել էր, թե որոշ անհատներ, ումով այսօր եկեղեցին հպարտանում է, եկեղեցու գաղափարաբանության կրողները չեն եւ չեն արտահայտում այն: Եկեղեցին հպարտանում է, թե Կոմիտաս ենք տվել, Խրիմյան Հայրիկ, Նարեկացի, «բայց ճիշտն ասած՝ նրանք կառույցի կողմից միշտ հալածվել են: Կոմիտասը հալածվել է: Խրիմյան Հայրիկը հալածվել է: Խորենացու գերեզմանն են պղծել: Նարեկացուն ինչքան են հալածել, էլ չասեմ: Իսկ հիմա եկեղեցին ասում է՝ Խորենացի ենք տվել, Կոմիտաս ենք տվել… Այս մարդիկ դուրս են եկեղեցուց, նրանք անհատներ են: Եկեղեցին օտարածին կառույց է: Օտար սուրբ պաշտելով՝ չես կարող ազգիդ օգտակար լինել»:

Չգիտեմ՝ եկեղեցին ջանք գործադրու՞մ է հայկականանալու ուղղությամբ, թե՞ ոչ, բայց եթե գործադրում էլ է, ապա ջանքերը դեռ ապարդյուն են, որովհետեւ հիմքն է եկվորային, օտարածին, ոչ հայկական, ոչ հայանպաստ: Եկեղեցին չունի՞ արտառոց խայտառակություններ, երբեք չի ունեցել եւ չունի՞, ինչպես պնդում է Աջապահյանը:

Ճիշտ է, գիտեք, Պետրոս Գետադարձի արածը արտառոց խայտառակություն չէր, պարզ ազգային դավաճանություն էր:

Խորենացու գերեզմանը պղծելը արտառոց խայտառակություն չէր, դավաճանություն էր ու անսահման անբարոյականություն:

Եկեղեցու մուտքն իսկ մեր երկիր մահ ու ավեր էր բառիս բուն իմաստով՝ ֆիզիկական ավեր, հայի մշակութային ու ոչ մշակութային արժեքների ավեր, իսկական սպանդ, ջարդ, մահասփռում: Իսկ Աջապահյանն ասում է՝ չի ունեցել: Ախր այնքան է ունեցել, եւ փաստերն այնչափ շատ են, որ տեղավորել չեմ կարող:

Ասում է չունի՞ արտառոց խայտառակություններ: Եկեղեցու առաջնորդը, ում հոտի հոգեւոր հովիվ են կոչում, շքեղ ապրում է, իսկ հոտի երեխաներ կան, որ սոված են քնում ամիսներով, տարին մեկ անգամ նույնսիկ միս չեն ուտում: Ճիշտ է, սա արտառոց խայտառակություն չէ, սա պարզագույն դավաճանություն է՝ սեփական հոտի անդամների հանդեպ:

Հետաքրքիր է, Աջապահյանն ինչ է պատկերացնում «արտառոց խայտառակություն» ասելով: Հոտի անդամը նայում է, գայլերը վրա են տվել, իսկ իր հովիվը է՜հ, նստել է հեռվում, անտարբեր նայում է ու կուշտ-կուշտ հաց ուտում: Պարզվում է՝ արտառոց չէ:

Իշխանությունը եկեղեցուց մատչելի է

Ինչու՞ էին  ուզում Հռոմի պապի հայացքը որսալ, նրան հպվել, օրհնություն ստանալ, ինչը չես ասի մեր կաթողիկոսի հանդեպ: Աջապահյանը պատասխանն ունի. որովհետեւ մեր եկեղեցին մատչելի է, կաթողիկոսները, հոգեւորականները մատչելի են:

Այս հարցում լրիվ համաձայն եմ: Մեր հոգեւոր սպասավորները մատչելի են, երբ գիտեն՝ գումար ես տալու: Ո՞վ կարող է կնունք, մկրտություն, հարսանիք կամ թաղում անել առանց հոգեւորականին գումար տալու:

Խնդրում եմ, եթե եզակի դեպք եղել է, հայտնեք խմբագրությանը անպայման: Մենք սիրում ենք բացառիկ պատմություններ:

«Ամենայն հայոց կաթողիկոսին գրեթե ամեն օր կարող են տեսնել, որ օրը գնան Էջմիածին, կարող են հեռվից գոնե տեսնել կամ մոտենալ»,- ասում է Աջապահյանը:

Լավ էլի, ձեր հեքիաթասացությամբ մի փորձեք գերազանցել նախորդներին,  իբր հրաշք էին անում, եւ գետերը դեպի վերեւ էին բարձրանում կամ խորոված աղավնիները թեւ էին առնում, թռչում: Կաթողիկոսին հեռվից, այո, տեսնել կարելի է, բայց մոտենա՞լ: Մեր իշխանություններն ավելի մատչելի են հասարակ մարդկանց հետ շփման հարցում, քան բարձրաստիճան հոգեւորականները եւ, նամանավանդ, կաթողիկոսը:

Արտառոց թիվ

Աջապահյանը արտառոց մի միտք է ասում. «Մեկ միլիարդանոց ժողովրդի հոգեւոր հովվապետը եկավ ու խնդրեց 10 միլիոնանի հովվապետի օրհնությունը»: Այլ կերպ՝ Պապը եկավ ու խնդրեց կաթողկոսի օրհնությունը: Չէ, արտառոցը սա չէ, իսկապես խնդրել է, եւ վստահ եմ, որ Աջապահյանը լավ գիտի, որ սա հոգեւոր ոլորտի հարց չէր:

Արտառոցը թիվն է: Մեր կաթողիկոսի հոտը 10 միլիոնանո՞ց է: Բա եկեղեցին ասում է, ով քրիստոնյա չէ, նա հայ չէ: Հիմա եկեղեցուն թվում է, թե 10 միլիոն հայերը բոլորը քրիստոնյանե՞ր են:  Բա ու՞ր մնացին հեթանոս, արիադավան, մահմեդական, բուդդայական… հայերը:

Հեքիաթասացության շարքից մի միտք էլ՝ ըստ Աջապահյանի այն մասին, թե ինչու՞ պիտի սիրել հայաստանյայց եկեղեցին: Որովհետեւ այն՝ «մեր եկեղեցին իր ժողովրդի արյունը խմած, կեղեքած եկեղեցի չէ, այլ ժողովրդին ծառայած եկեղեցի է»:

Գիտեմ, որ հոգեւորականին չի կարելի դիմել «ախպոր պես» դիմելաձեւով, բայց ուզում եմ գոչել. ախպո՜ր պես, էդ ո՞ր եկեղեցու մասին եք խոսում, այն, որ պատմության տարբեր՝ հատկապես անպետականության շրջաններում ժողովրդից հարկ է վերցրել այնպես, ինչպես երկրին տիրած կեղեքիչնե՞րը, որ գյուղացիներից հողերը խլել ու նույն գյուղացիներին այդ հողերում աշխատացրե՞լ է: Մտածելու փաստ կա, գիտե՞ք: Երկիրը զավթած օտարները հաճախ են եկեղեցու հետ լեզու գտել…

Մինչեւ եկեղեցին չընդունի իր սխալները

Իբրեւ վերջաբան Աջապահյանին մի բան «հուշեմ»: Նա ասում է. «Զգում եմ՝ մի խավ կա, որն առիթը բաց չի թողնում, որպեսզի հայ եկեղեցու հասցեին անհիմն քննադատություն հնչեցնի, քար շպրտի… դա ազգի որոշակի խավի ազգային նկարագրից կամ այդ նկարագրի խեղաթյուրումից է գալիս…»:

Հիմա՝ «հուշումս». ես Աջապահյանին այնքան գիտեմ (գիտե՞ք, մտերիմների տեսակ կա, որ երբ 1-2 բաժակ խմում են, սիրում են մտերմիկ զրույցները վերհանել: Իսկ այդ զրույցները լրագրողներիս համար անսպառ աղբյուր են բացահայտումների), որ կարող եմ համոզված ասել. նա լավ գիտի հայոց պատմությունը եւ այդ պատմության մեջ եկեղեցու տխրահռչակ դերը: Հասկանում եմ նաեւ, որ չի կարող այդ մասին բարձրաձայնել:

Դրա համար կա լավ ձեւ՝ լռե՛լ եւ ոչ թե խոսել ազգային նկարագրից:

Բանն այն է, որ մեր եկեղեցին դեռ չի ազգայնացել, հետեւաբար ազգայինի ո՛չ լավից ու ո՛չ էլ վատից խոսելու իրավունք չունի: Իսկ չի՛ ազգայնացել, որովհետեւ չի ընդունել իր սխալները: Իսկ քանի դեռ չի ընդունել, մնում է պարզապես Հայաստան եկած, այցելած կառույց:

Վատիկանի խայտառակությունների՞ց է խոսում, ճիշտ է, դրանք կան ու շատ են: Բայց Վատիկանը խոսում է դրանց մասին, թվարկում է, բացահայտում է՝ այս կամ այն չափով: Վատիկանն իրականում սրբի պսակ չի հագել: Մեր եկեղեցին հագել է: Դե եթե հագել է, ուրեմն պարտավոր է սուրբ լինելու: Բայց հերիք չէ, սուրբ չէ, երեսպաշտ էլ է, եսասեր, հոտի մասին չմտածող, հոգեւոր քարոզի համար պետությունից աշխատավարձ ստացող:

Մինչդեռ այս վիճակից ելք ունի. կա՛մ պետք է ընդունի պատմականորեն իր սխալները եւ հայկականանալու փորձ անի, կա՛մ դեն նետի սրբապսակն ու ասի՝ ինչ կամ՝ կամ:

Առայժմ ընտրել է երրորդ՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհը:

Արմենուհի Մելքոնյան  («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

* * *

«Ի՞նչ է, միայն Պա՞պն է օրինակելի»

… Հետո ի՞նչ է նշանակում պապի պարագայում օգտագործել օրինակելի հոգեւորական, ի՞նչ է միայն մի պապն է, Հռոմի պա՞պն է օրինակելի հոգեւորական ամբողջ աշխարհում: Օրինակելի հոգեւորականներ կան բոլոր երկրներում, բոլոր եկեղեցիներում ե՛ւ կաթոլիկ, ե՛ւ առաքելական, ե՛ւ ուղղափառ: Աշխարհը ընդամենը մեկ օրինակելի հոգեւորական որ ունենար, շատ վատ կլիներ վիճակը…

* * *

«Հայ եկեղեցին ամենահամեստ եկեղեցին է աշխարհում»

… Անշուշտ, եթե այդպես ոմանք պետք է սլաքը մեզ վրա ուղղեն, մենակ հիշեցնեմ. կաթոլիկ եկեղեցին պապի պատարագի համար միայն այս բեմի համար ինչքան գումար ծախսեց՝ մոտ 67 միլիոն դրամ, թող չծախսեին, բաժանեին աղքատներին: Ուրեմն այդպես չէ, որ ամեն ինչ կարելի է ծուռ հայելու մեջ նայել ու միայն տեսնել, թե իբր թե Հայ առաքելական եկեղեցուն պապը ասելիք ուներ եւ եկավ համեստության դաս տալու առաքելական եկեղեցուն: Առաքելական եկեղեցին երբեք որեւիցե բեմի վրա ծախսած չունի նույնիսկ 67 հազար դրամ, որովհետեւ գերադասում է այդ գումարները ծախսել այլուր: Ուրեմն թող ոչ ոք թող իրեն իրավունք չվերապահի հայ եկեղեցուն համեստության դասեր տալու: Հայ եկեղեցին ամենահամեստ եկեղեցին է աշխարհում, գնացեք, օտարներին հարցրեք, եթե դուք չգիտեք…

* * *

Սրանք մեջբերումներ են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի տարբեր հարցազրույցներից:

Նա մի «սկզբունք» ունի. ով եկեղեցու սխալները վեր է հանում, ասում է` պատվեր է կատարում: Դուք ճիշտ եք, այո, լրագրողները պատվեր ունեն. վեր հանել բոլոր ոլորտների սխալները, գրել այդ մասին եւ լուծման ուղիներ առաջարկել: Իսկ դա չգնահատելը` այ իսկական պատվեր է, որ կա… Այնպես որ…

«Լուսանցք» թիվ 24 (414), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։