Կենտրոնաձիգ իշխանությունը չի կարող երկար հանդուրժել սա… – Արմեն Ավետիսըան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

,,Ես երբեք որեւէ մեկի քայլերի մեկնաբանը չեմ աշխատել, յուրաքանչյուրն իր քայլերի պատասխանատուն է,,,- մեզ հետ զրույցում ասաց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ կիրակի օրը ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած զինված գործողության առնչությամբ:

,,Ուղղակի ես ասեմ իմ սկզբունքներն այս առիթով: Իմ երիտասարդ տարիներին, երբ ես հետաքրքրվում ու հիանում էի ԱՍԱԼԱ-ով, ինձ համար ամենակարեւորը, որ հայտնաբերեցի, սա էր՝ հայ նվիրյալ մարտիկի համար առաջին սկզբունք է չգործե՛լ Հայաստանի եւ հայազգի ներկայացուցչի դեմ: ԱՍԱԼԱ-ն բավականին զոհեր տվեց, մեծ թվով նվիրյալներ նահատակվեցին՝ միայն թուրքերին սպանելով, նույնսիկ այլազգիներին չվնասելով: Ինձ համար սա հստակ զկզբունք էր դեռեւս պատանի տարիներին ու այդ սկզբունքը մինչեւ հիմա կենսունակ է ինձ համար:

Ես առաջնորդվում եմ թշնամու դեմ ամեն ինչով, ամեն հնարավոր եւ անհնարին միջոցներով պայքարելու սկզբունքով, բայց միայն ո՛չ Հայաստանի եւ հայի դեմ

Այդ նույն բանը մեզ հետ տեղի ունեցավ, երբ 1990-ական թվականներին ՀՀՇ-ն, գալով իշխանության, սադրանքներ իրականացրեց ՀԱԲ-ի դեմ՝ լուծարելու նպատակով… Եվ մենք հարյուր հազարանոց կամավորական բանակ լինելով՝ երբեք չգնացինք պետության դեմ եւ քաղաքացիական պատերազմի առիթ չտվեցինք, որպեսզի ազգը չպառակտվի: Մենք մեր զենքերը վայր դրեցինք շատ լավ իմանալով, որ մեզ հոշոտելու են: Սակայն մենք գնացինք այդ քայլին, եւ ոչ թե վերացնելո՛վ ոմանց եւ ձեռքի հետ էլ քաղաքացիական կռիվ սկսելով:

Ես զենք չբարձրացրեցի, երբ որ ինձ անիմաստ բանտարկեցին, ես զենք չեմ բարձրացրել, երբ որ իմ դեմ մահափորձ է եղել, չնայած ճշտումներ եմ անում՝ այլ պատիժներ կան դրա համար: Ինձ համար, կրկնում եմ, հայի եւ Հայաստանի դեմ զենք հանելը հայատյացության պես մի բան է: Եվ մենք բոլոր մեր ընկերներով ամբողջ կյանքում առաջնորդվել ենք ԱՍԱԼԱ-ի սկզբունքը որդեգրելով, ՀԱԲ-ով դա ցույց տալով:

Ես չեմ կարող երբեք սպանել հայի, նշանակում է՝ իմ ամբողջ գործունեությունը թշնամու ճակատում հավասարազոր դարձնել զրոյի, եթե չասեմ՝ բացասական արդյունքների: Այդ պատճառով ինձ համար անհասկանալի են նման բաները: Ես կարող եմ չսիրել իշխանությանը, բայց չեմ կարող չսիրել իմ ազգը, իմ պետությունը, իմ երկիրը,,,- հայտարարեց պարոն Ավետիսյանը:

Այն, ինչ տեղի է ունենում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից՝ ազգը, պետությունը չսիրելու դրսեւորո՞ւմ է՝ հացրինք մեր զրուցակցին: ,,Այսպիսի գործողությունները երկիրը տանում են ցնցումների միջազգային ասպարեզում եւ Ադրբեջանը արդեն իսկ սկսելու է զբաղվել այս գործով, դուք կտեսնեք, որ սահմաններին կրկին բորբոքումներ կլինեն: Այսպիսով մենք մեր թշնամուն հնարավորություն ենք տալիս զգալ մեր ներքին թերություներն ու թուլությունները: Իսկ այդ թերություններն ու թուլությունները մենք պետք է մեր ներսում լուծենք, եւ ոչ թե մեզ պետք է դրսից պարտադրեն լուծել դրանք: Ես ընդհանրապես դեմ եմ նաեւ տարբեր առիթներով տարբեր ոլորտներում արտահայտվող դրսի պարտադրանքներին: Կրկնում եմ՝ ես որեւէ մեկի քայլը չեմ մեկնաբանում, ամեն ոք ինքն է պատասխանատու իր քայլերի համար,,,- ի պատասխան ասաց Հայ Արիական Միաբանության առաջնորդը:

Իսկ ինչպե՞ս այս ամենը կհանգուցալուծվի: Ըստ պարոն Ավետիսյանի. ,,Ես մի բան եմ հասկանում՝ կենտրոնաձիգ իշխանությունը չի կարող երկար հանդուրժել սա: Իսկ Հայաստանում պետք է լինի կենտրանաձիգ իշխանություն, քանի որ չորս կողմը թշնամիներ են, էլ չասեմ՝ նրեքին թշնամիների մասին: Հատկապես, ես իմ ընկերներից, ովքեր ազատամարտիկներ են, երդում եմ պահանջել այն մասին, որ զենքը երբեք շուռ չի գա սահմանից այս կողմի վրա: Մենք զենքերը նույնսիկ հանձնել ենք դիրքերում եւ առանց զենքի ենք վերադարձել հերթափոխը կատարելու, որպեսզի զայրույթի պահին հանկարծ ինչ որ բան չանենք: Չի կարելի ներազգային որեւէ խնդիր զենքի միջոցով լուծել: Ես որ լինեի վերեւում՝ 5 րոպեում կլուծեի հարցը, ընդամենը 5 րոպեում: Կա նախագահ Սերժ Սարգսյան, կան մարդիկ, ովքեր գնացել են այդ քայլին, թող իրենք որոշել իրենց քայլերը: Ուղղակի ինձ համար ցավ է, երբ իմացա, որ այսօր պիտի լիներ զոհված ոստիկանի որդու հարսանիքը: Այդ մարդը հոգնած, տանջված եկել էր, որ իր պարտքը կատարեր եւ գնար իր որդու հարսանիքին: Սա եւս մեկ անգամ ընդգրծում է իմ ասածը՝ հայը հայի վրա չպետք է ձեռք բարձրացնի,,,- ասաց պրն Ավետիսյանը՝ չկարողանալով զսպել իր հուզմունքը:

Հեղինե Մանուկյան / Նյութի աղբյուրը` hraparak.am / http://hraparak.am/?p=117765&l=am/kentronadzig+ishxanutyuny+chi+karox+erkar+handurgel+sa

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։