Մարզական աշխարհի խաչմերուկներում` մեկ հեւքով.- Հայաստանի օլիմպիական թիմի վերջնական կազմը… Արթուր Աբրահամն արդարացրեց սպասելիքները, իսկ Վիկ Դարչինյանը՝ ոչ… «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու թոփ մոդելը կերկրպագի նաեւ Հենրիխ Մխիթարյանին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայաստանի օլիմպիական թիմի վերջնական կազմը

Հայտնի են 2016թ. օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների անունները: Ինչպես նշում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանի պատիվը պաշտպանելու են 33 մարզիկներ, ինչպես նաեւ պահեստային համարվող 2 ծանրորդ:

Մեր երկրի ներկայացուցիչները հանդես են գալու 9 մարզաձեւերում՝ հունա-հռոմեական ըմբշամարտ՝ 4 մարզիկ, ազատ ոճի ըմբշամարտ՝ 4, սպորտային մարմնամարզություն՝ 3, բռնցքամարտ՝ 5, աթլետիկա՝ 6, ծանրամարտ՝ 7, ձյուդո՝ 1, հրաձգություն՝ 1, լող՝ 2:

Ահա 2016թ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող 33 մարզիկների ցանկը. հունա-հռոմեական ըմբշամարտ՝ Միհրան Հարությունյան, Արսեն Ջուլֆալակյան, Մաքսիմ Մանուկյան, Արթուր Ալեքսանյան, Ազատ ոճի ըմբշամարտ՝ Գառնիկ Մնացականյան, Դավիթ Սաֆարյան, Գեորգի Կետոեւ, Լեւան Բերիանիձե, Սպորտային մարմնամարզություն՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Հուրի Գեբեշյան, Բռնցքամարտ՝ Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Վլադիմիր Մարգարյան, Հովհաննես Բաչկով, Ձյուդո՝ Հովհաննես Դավթյան, Աթլետիկա՝ Ամալյա Շառոյան, Դիանա Խուբեսերյան, Գայանե Չիլոյան, Լեւոն Աղասյան, Լիլիթ Հարությունյան, Գոռ Ներկարարյան Ծանրամարտ՝ Անդրանիկ Կարապետյան, Առաքել Միրզոյան, Սիմոն Մարտիրոսյան, Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան, Քրիստինե Պետրոսյան, Նազիկ Ավդալյան (պահեստայիններ՝ Վանիկ Ավետիսյան, Սոնա Պողոսյան), Հրաձգություն՝ Հրաչիկ Բաբայան, Լող՝ Մոնիկա Վասիլյան, Վահան Մխիթարյան:

Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակրի անունը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր կլինի լողորդ Վահան Մխիթարյանը: Այս մասին լրագրողների եւ օլիմպիական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ռիոյի 2016թ. Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար:

Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառմանը

Հուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները՝ ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիատլոնի ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնությունում եւ Ղազախստանի հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» եւ «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին:  

Հայ շախմատիստները՝ խաղերի չեմպիոն   

Շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոն Զավեն Անդրիասյանը հաղթող է ճանաչվել Զագրեբում ընթացող Եվրոպայի համալսարանական մարզական 3-րդ խաղերում: Մեր գրոսմայստերը կայծակնային շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ գրավել 1-ին տեղը:

Արագ շախմատի մրցաշարում մրցակցությունից դուրս էր մեր մյուս գրոսմասյտեր Հովհաննես Գաբուզյանը: Նա 8 փուլից հետո վաստակել էր 7,5 միավոր եւ ժամանակից շուտ դարձել չեմպիոն, քանի որ 2-րդ տեղում ընթացող Զավեն Անդրիասյանն ուներ 6 միավոր:

Արթուր Աբրահամն արդարացրեց սպասելիքները

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (44-5, 29 նոկաուտ) նախորդ ցավալի պարտությունից հետո մենամարտեց  23-ամյա նորվեգացի Թիմ-Ռոբին Լիհաուգի հետ (15-1, 8 նոկաուտ): Նախօրեին Բեռլինում կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը. հայ բռնցքամարտիկի քաշը եղել է 76,2 կգ, հակառակորդինը՝ 76 կգ: WBO վարկածով 2-րդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարիերայի 50-րդ մենամարտն անցկացրեց՝ հաղթելով նորվեգացի Թիմ-Ռոբին Լիհաուգին: Մենամարտի առաջին 4 ռաունդները անցան հիմնականում հավասար պայքարում: Ավելի շատ էր դիպուկ հարվածում Աբրահամը: 5-րդ ռաունդից Արթուրի առավելությունն առավել քան ակնհայտ էր: Հատկապես 5-րդ եւ 7-րդ ռաունդներում Լիհաուգը անկասելի հարվածաշարերի էր ենթարկվում եւ շատ մոտ էր նոկդաունի ենթարկվելուն: Աբրահամի հսկայական առավելությունը շարունակվեց նաեւ 8-րդ ռաունդում: 36-ամյա հայ բռնցքամարտիկի 23-ամյա մրցակիցն այլեւս չդիմացավ հարվածներին: Արթուր Աբրահամը հաղթեց տեխնիկական նոկաուտով, քանի որ Լիհաուգի մարզիչը խնդրեց դադարեցնել մենամարտը: Աբրահամը այս հաղթանակի շնորհիվ չեմպիոնական գոտու հավակնորդ է դառնում: Իր 50-րդ մենամարտը հայ մարզիկը ավարտեց 30-րդ անգամ հաղթելով նոկաուտով:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա ապրիլի 10-ին Լաս Վեգասում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ (108:120, 108:120, 108:120) պարտվել էր մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսին՝ կորցնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Վիկ Դարչինյանը զիջեց հակառակորդին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ , աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքում վարկանիշային մենամարտ է անցկացրել 25-ամյա մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսի հետ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը 8 ռաունդից բաղկացած մենամարտում պարտություն է կրել արդեն 2-րդ ռաունդում՝ ենթարկվելով նոկաուտի: Վիկ Դարչինյանը 52-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում եւ կրեց 6-րդ պարտությունը: Նախորդ 2 մենամարտերում Վիկ Դարչինյանը հաղթանակ էր տարել:

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի 10 թեկնածուների ցանկը

Եվրոպայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն 10 ֆուտբոլիստներ: Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին՝ Մոնակոյում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Գարեթ Բեյլ (Ուելս, «Ռեալ»), Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա, «Յուվենտուս»), Անտուան Գրիզման (Ֆրանսիա, «Աթլետիկո»), Տոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ»), Լիոնել Մեսսի (Արգենտինա, «Բարսելոնա»), Տոմաս Մյուլեր (Գերմանիա, «Բավարիա»), Մանուել Նոյեր (Գերմանիա, «Բավարիա»), Պեպե (Պորտուգալիա, «Ռեալ»), Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ»), Լուիս Սուարես (Ուրուգվայ, «Բարսելոնա»):

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ներկայացրեց հայ ֆուտբոլիստին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ներկայացրեց իր նոր ֆուտբոլիստին՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նա Մանչեսթերյան ակումբ տեղափոխվեց 42 մլն Եվրոյով։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12 մլն Եվրո, եւս 8 մլն Եվրո բոնուս կստանա այն բանի համար, որ  ընտրել է Յունայթեդը: Այս նորության մասին ֆուտբոլիստը կիսվել է իր ֆ/բ էջում. նաեւ բացատրում է ինչպես արտաբերել իր ազգանունը անգլերեն, եւ ինչպես է այն հնչում հայերեն: Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:

Հենրիխի նորամուտը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթայնանն անցկացրեց իր անդրանիկ խաղը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Անգլիական ակումբը ընկերական խաղ անցկացրեց «Ուիգան»-ի հետ մրցակցի իսկ հարկի տակ եւ հաղթեց 2:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը չնայած մասնակցեց միայն 1-ին խաղակեսին, սակայն հանդիպումից հետո բավական լավ արձագանքների արժանացավ մասնագետների եւ երկրպագուների կողմից: Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կանցկացնի հուլիսի 22-ին, Չինաստանում: Այդ օրը անգլիական ակումբը ընկերական խաղում կմրցի Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:

Խաղից հետո կարծիքներ էին հնչել եւ կարծես թե «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները արդեն «սիրահարվել են» իրենց ակումբի նոր ֆուտբոլիստին՝ Հենրիխ Մխիթարյանին, գրել է Eurosport-ը: Պարբերականը գրում է, որ երկրպագուների համար այս խաղը բավական էր նրա խաղային որակները գնահատելու համար: Դրա մասին են վկայում թվիթերյան արձագանքները: Կայքը ներկայացրել է դրանցից մի քանիսը: «Մխիթարյանը ավարտեց Ռունիի կարիերան: Կարծում եմ՝ նա հիանալի 10 համար է», «Նույնքան դժվար է նրան կանգնեցնել, որքան արտասանել նրա ազգանունը: Հրաշալի է խաղում գնդակով: Իսկական կախարդ է», «Մխիթարյանն արդեն Յունայթեդի լավագույն ֆուտբոլիստն է: Քամու նման անցնում է կիսապաշտպանների արանքով: Հրաշալի փոխանցում կատարեց Մեմֆիսին», «Մխիթարյանը շատ տպավորիչ էր ու ակտիվ: Մեմֆիսը դեռ պետք է ապացուցի, որ արժանի է խաղալ Յունայթեդում», «Մխիթարյանն իր նորամուտի խաղում շատ ակտիվ է»,-  գրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի թվիթերյան պաշտոնական էջը:

Մխիթարյանը միայն այս ցուցանիշով է զիջում Զլատանին

Ռուսական «Sport Express»-ը կազմել է այն 7 ֆուտբոլիստների ցանկը, ովքեր այս տարվա հուլիս ամսին տրանսֆերային շուկայում մեծ աղմուկ բարձրացրեցին: Նրանց թվում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մարզական կարիերան շարունակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այսպիսով` 7-րդ տեղում Մեհդի Բենատիան է, ով «Բավարիա»-ից տեղափոխվել է «Յուվենթուս»: Առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդես կգա վարձավճարով, իսկ արդեն հաջորդ տարի թուրինցիները կարող են գնել նա տրանսֆերը, որը գնահատվում է 18 մլն եվրո: 6-րդ տեղում Գժեգոժ Կրիժակովն է: Նա «Սեւիլիա»-ից տեղափոխվել է ՊՍԺ: Գործարքն արժեցել է 30 մլն եվրո: Փարիզյան թիմի ղեկավարության բանակցություններն իսպանական ակումբի հետ տեւել են 2 շաբաթից ավելին: Ի վերջո` Ունայ Էմերիին հաջողվեց իր շարքերում տեսնել լեհ ֆուտբոլիստին: «Մարսել»-ից «Չելս»-ի տեղափոխված Միշի Բատշուային 5-րդ տեղում է: 22-ամյա բելգիացու տրանսֆերն արժեցել է 39 մլն եվրո: Նրան «արիստոկրատները» շտապել են անվանել նոր Դրոգբա: 4-րդ տեղում Սամուել Ումտիտին է: Նա «Լիոն»-ից տեղափոխվել է «Բարսելոն»` 25 մլն եվրոյի դիմաց: Տեղեկանալով այս ֆուտբոլիստի կատալոնյան թիմ տեղափոխվելու մասին, Կառլես Պույոլը նրա հասցեին գովեստի խոսքեր է շռայլել` համարելով, որ վերջինս հիանալի կլրացնի Պիկեին, Մասկերանոյին եւ Մատյեին: Լավագույն եռյակը բացում է Նգոլո Կանտեն: 35,8 մլն եվրոյի դիմաց ֆուտբոլիստը «Լեստեր»-ից տեղափոխվել է «Չելս»-ի: 2015թ. գարնանը Կանտեն խաղում էր «Կան»-ում եւ չէր էլ անգամ երազում ոչ սուպերգավաթների, ոչ էլ Ֆրանսիայի ազգային հավաքականի մասին: Ամեն ինչ փոխվեց մեկ մրցաշրջանում, երբ տեղափոխվելով «Լեստեր Սիթի», թիմի հետ դարձավ Անգլիայի չեմպիոն: Նա հիանալի հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում, ապա տեղափոխվեց «Չելս»-ի:

Հուլիս ամսվա լավագույն տրանսֆերների թվում 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հենրիխ Մխիթարյանը: Դեռեւս մայիսի կեսերին հայ ֆուտբոլիստը պարզ հասկացրեց, որ ցանկանում է փոխել ակումբը: Կիսապաշտպանը հրաժարվեց երկարաձգել պայմանագրի ժամկետը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ, որն ավարտվում էր 2017թ.: Գերմանական ակումբը հնարավորինս ձգձգեց նրա տեղափոխության հարցը՝ այդպիսով բարձրացնելով տրանսֆերային գումարի չափը: Ի վերջո` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայ ֆուտբոլիստի համար վճարեց 38 մլն եվրո: Դե իհարկե, առաջին տեղում շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի տեղափոխությունն է նույն «Մանչեսթեր Յունայթեդ», բայց արդեն անվճար: Իբրան մանկունյանցիների շարքերը համալրեց ՊՍԺ-ից: Թե Մխիթարյանի, թե Իբրահիմովիչի գործակալը Մինո Ռայոլան է:

Թոփ մոդելը կերկրպագի նաեւ Մխիթարյանին

Նորվեգացի թոփ մոդել Անն Մարի Օլսենը խոստովանել է, որ շարունակելու է երկրպագել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, չնայած հիասթափված է թիմի վերջին 2 տարիների ելույթներից: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Լուի վան Գալի օրոք կորցրել է իր ոճը՝ United Way-ը, որը գերում էր թիմի բոլոր երկրպագուներին: Այսօր բոլորս կարոտում ենք այն ժամանակները, սակայն իսկական երկրպագուն պետք է թիմի հետ լինի ինչպես լավ, այնպես էլ ՝ վատ օրերին: Ինձ համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի յուրաքանչյուր խաղի օրը տոն է: Ես շատ եմ սիրում դիտել թիմի խաղերը, աջակցել խաղացողներին, եւ դա երբեք չի փոփոխվի»,- ասել է 28-ամյա մոդելը:

Թոփ մոդելը հույս է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կհաջողվի վերադարձնել թիմի նախկին մարտունակությունն ու հարձակողական խաղաոճը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդես է գալու անգլիական այս ակումբում, որի հավատարիմ երկրպագուն հենց Անն Մարի Օլսենն է:

«Շիրակ»-ն էլ հրաժեշտ տվեց Եվրոպայի լիգայի խաղերին

Հայաստանի ֆուտբոլային ակումբներն ավարտեցին ելույթները Եվրոպայի լիգայի ընթացիկ՝ 2016-17թթ մրցաշարում: Մեր 3 մասնակիցներից (Երեւանի «Ալաշկերտ»-ն ու «Փյունիկ»-ը) վերջինը պայքարից դուրս մնաց Գյումրիի «Շիրակը», որը որակավորման 2-րդ փուլում հանդիպեց Տրնավայի «Սպարտակի» հետ: Մեկ շաբաթ առաջ Գյումրիում կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:

Հուլիսի 21-ին նշանակված պատասխան խաղում շիրակցիներն կարողացան պահպանել հավասարակշռությունը միայն առաջին խաղակեսում, իսկ ընդմիջումից հետո 2 գոլ բաց թողեցին եւ պարտվեցին՝ 0:2:

Այդպիսով, սլովակյան ակումբը հաղթանակ տարավ եւ մտավ հաջորդ փուլ, իսկ «Շիրակ»-ը մյուսների պես հայկական ակումբային ֆուտբոլը թողեց առանց եվրոգավաթների:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                  «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 25 (415), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։