Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…

Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը

Զինված խմբի հետ բանակցելու էին եկել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր է, ազատամարտիկ Վահան Բադասյանը, ազատամարտիկ եւ հրապարակախոս Սուրեն Սարգսյանը:  ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը միայն Վիտալի Բալասանյանին թույլ տվեցին գնալ բանակցությունների:

Երեւանում էր նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազանը, ով հայտարարեց, որ բանակցությունները միայն աշխարհիկների գործը չէ: Նա շեշտեց՝ մենք գերխնդիրներ ունենք լուծելու, հատկապես երբ Ադրբեջանը Թուրքիային ռազմաբազաներ է հատկացրել:

Բանակցությունները կայացան, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը եւ մյուսները հարգելով ու հավատալով  Վիտալի Բալասանյանին, նրան ընդունել ու բանակցել են: Սակայն, ըստ էության, կարծես թե ոչինչ չի փոխվել… Յուրաքանչյուր կողմ իր տեսակետն է պաշտպանել եւ «Սասնա ծռեր»-ի դիրքորոշումն անփոփոխ է: Նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը  եւ ժողովրդական կառավարության ձեւավորումը:  

Զինյալներից «Հիմնադիր խորհրդարան»-ի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտնեց, թե չի ասի, թե ինչի շուրջ են բանակցել, թե ինչ տեսակետ է ունեցել Վիտալի Բալասանյանը, քանի որ դա կանի հենց ինքը, երբ հարմար գտնի: Նա նշեց, որ իրենց երկու դիրքորոշումն էլ գրի է առնվել, իսկ բովանդակության մասին չի ուզում հայտնել.

«Մենք ուրիշ լուծում չենք տեսնում, մեր պատկերացրած լուծումը հետեւյալն է, կամ Սերժ Սարգսյանը շարունակում է բռնություն գործադրել այս պահին իր նկատմամբ թշնամացած ժողովրդի նկատմամբ, սպանում է լայնածավալ ապստամբություն եւ ժողովրդի դատաստանի առարկա է դառնում: Մյուսը, որ ինքը հրաժարվում է, եւ ձեւավորվում է ժողովրդի վստահության կառավարություն քաղաքակիրթ ձեւով, այսպես կարող է առաջանալ որեւէ ոսկե միջին, հստակ կետն այդ ենթատեքստում որոշվելու է Սերժ Սարգսյանի գործած մեղքերով: Եթե նա կատարել է ծանր հանցագործություններ, ապա ըստ այդմ, պատասխան կտա, սա է այն կետը, որի մեջ պետք է լինի լուծումը, մենք առաջարկում ենք միանգամից ներքեւի կետից սկսել, որ հրաժարական տա: Ուրիշ տարբերակ մենք չենք քննարկում, թե ով ինչ լուծում կառաջարկի, եթե այդ ենթատեքստի մեջ չէ, մենք չենք ընդունում»,- ասել է Վարուժան Ավետիսյանը:

* * *

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման հետեւանքով զոհված ոստիկանը նույն գնդի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Վանոյանն է (նա առաջիկայում պիտի մասնակցեր որդու հարսանիքին):

Հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հարությունյանը, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստերղյանը եւ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Եվս մի քանի հոգի տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել:

Որպես բարի կամքի դրսեւորում, ըստ զինյալների, ազատ են արձակվել մի քանի պատանդ ոստիկաններ, ովքեր որոշակի առողջական խնդիրներ են ունեցել, մեկ ոստիկան էլ ազատ է արձակվել, որպեսզի կարողանա իրականացնել իր նշանադրությունը:

ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդում եւս պատանդ են: Սակայն նրանք հետո են պատանդ դարձել, երբ գնացել են զինված խմբի հետ բանակցելու՝ պատանդ են վերցվել:

Մի շարք ոստիկանների ազատ արձակումից հետո ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ բարի կամքը կա նաեւ ոստիկանության կողմից. «Ոստիկանությունը շարունակում է բանակցել տարածքը զավթածների հետ: Բանակցություններն ընթանում են քաղաքակիրթ պայմաններում: Կա շփվող սպա, ով վարում է այդ բանակցությունները»,- Ազատության հրապարակում, մինչեւ խաղաղության երթը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին է հայտնել փոխոստիկանապետը:

Նա հավելել է, եթե իրենց ներկայացմամբ, զինված խմբի կողմից բարի կամքի դրսեւորում էր մի քանի պատանդին ազատ արձակելը, ապա «մենք էլ փոխադարձ բարի կամք ենք դրսոեւորում ու բռնությամբ չենք պատասխանում»։

ԱԱԾ-ն հերթական հաղորդագրությունում նշել էր, որ «հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տեւական բանակցությունների եւ իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության 1 ծառայողի, ինչպես նաեւ 1 քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին«:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր դնել զենքերը եւ հանձնվել իշխանություններին: Կատարված հարձակման հետեւանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը եւ առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած եւ իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ եւ անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլեւ հանրության համար:

ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր եւ հասանելի բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել:

Ուստի՝ մեկ անգամ եւս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի եւ այլ ծանր հետեւանքների հանգեցնող հանցավոր գործողություններից եւ դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ եւ հնարավորություն»:

Ցավոք, բախումից խուսափել չստացվեց. Խորենացի փողոցում բախվեցին ոստիկաններն ու ցուցարարները: Հայհոյանքներն անպակաս էին երկու կողմից էլ:

Շուրջ 140 անձ է ձերբակալված, կան տասնյակ վիրավորներ ու տուժյալներ, որոնցից միայն մոտ 60-ն է դիմել բուժօգնության:

«Լուսանցք» թիվ 25 (415), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։