Թուրքիայի նախագահ Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք կլինի – «WikiLeaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն ասում է՝ ի՞նչ գնով էլ լինի պիտի կեղծվեն ընտրությունները…

Թուրքիայում կատարվող վերջին իրադարձություններին, ներքին խժդժություններին կանդրադառնանք «Լուսանցք»-ի հաջորդ թողարկմանը, սակայն նշենք, որ հանրահայտ «WikiLeaks»-ը Թուրքիայի իշխանական օղակներին վերաբերող հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել: Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին Twitter-ի իր միկրոբլոգում «WikiLeaks»-ը հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է գաղտնազերծել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը պատկանող  շուրջ 300.000 էլեկտրոնային նամակ, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքական դաշտին վերաբերող շուրջ 500.000 փաստաթուղթ:

Այն բանից հետո, երբ «WikiLeaks.org» կայքում հայտնվել են նշված նամակագրություններն ու փաստաթղթերը, կայքի հասանելիությունը Թուրքիայի տարածքում արգելափակվել է:

«Էրմենիհաբեր»-ը ներկայացնում է «WikiLeaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որը գործակալության կայքում ներկայացված  է «ԱԶԿ»-ի՝ 2015թ. խորհրդարանական ընտրությունների հավանական ծրագրերը» վերնագրով: Հոդվածի հեղինակը չի նշվում, սակայն ներկայացվող վերլուծությունը բավական ուշագրավ կերպով ցույց է տալիս, որ  Թուրքիայի իշխող կուսակցությունը ցանկացած պարագայում հաղթելու էր 2015թ. խորհրդարանական ընտրություններում: Փաստաթուղթը բաղկացած է 3 հավանական տարբերակների նկարագրությունից  եւ եզրակացությունից:  

  1. Տարբերակ.- Ի՞նչ գնով էլ լինի՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ընտրություններում չպետք է հատի քվեների նվազագույն տոկոսային շեմը: Այդ նպատակով ամեն տեսակի ճնշումներ կգործադրվեն, նրանց բոլոր կառույցներին հարձակումներ կկազմակերպվեն՝ ժողովրդի անվան տակ: Դրա շնորհիվ ԱԶԿ-ն կապահովի 300 եւ ավելի պատգամավորական մանդատ եւ մյուս կուսակցություններից մեկին՝ ԺԴԿ-ին (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) կամ ԱՇԿ-ին (Ազգայնական շարժում կուսակցություն) շատ մեծ, անհավանական խոստումներով գրավելով՝ կնպաստի Էրդողանի նախագահ դառնալուն: Այլ կուսակցություններից ԱԶԿ-ի օգտին քվեարկողները կստանան ամեն ինչ՝ փող, պաշտոն: Եթե դա տեղի չունենա, ապա Էրգենեկոնի հետ համաձայնության գալով «Բայկալի» նմանությամբ մի ծրագիր կիրականացվի. բոլորին կին կվաճառեն, սեքսուալ բնույթի տեսագրություններով շանտաժի կենթարկեն: Այդ նպատակով գաղտնի պայմանավորվածություն ձեռք կբերվի Փերինչեքի հետ: Եթե այս ծրագիրն էլ չօգնի, ապա ազգային հետախուզական ծառայության հետ համաձայնության գալով՝ ամենուր կհնչեցվեն մյուս կուսակցութունների ներկայացուցիչներին ուղղված մահվան եւ բանտարկության սպառնալիքներ: Այսինքն, ԱԶԿ-ն ամեն ինչ կանի, անգամ մարդասպանության կգնա՝ իրեն անհրաժեշտ 400 մանդատն  ապահովելու եւ Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար:
  2. Տարբերակ.- Եթե ԺԴԿ-ն անցնի ձայների նվազագույն շեմը, ապա ԱԶԿ-ն ոչ մի կերպ չի կարող 400 մանդատ ապահովել: Այդ պատճառով էլ նախ երկրի հարավ-արեւելյան շրջաններին ինքնավարություն կտրվի, ապա ազատ կարձակվի Օջալանը եւ կվաճառվի քրդերին. հարավ-արեւելյան տարածքներ այլեւս չենք ունենա: Բայց նույնիսկ այս դեպքում Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք է զգացվելու: Ուստի առաջին կետում նշված բոլոր միջոցները կկիրառվեն եւ պարտադրանքով, գաղտնի կերպով եւս 30-40 պատգամավոր կգրավվի եւ 400 մանդատը կապահովվի: Էրդողանը նախագահ կդառնա: Այսինքն, եթե ԱԶԿ-ն ընտրություններում ձայների 30 տոկոսը ստանա, ապա 400 մանդատ ապահովելն արդեն մանկական խաղ է: Այսպիսով, եթե խորհրդարանական ընտրություններում նույնիսկ կոալիցիա էլ ստեղծվի, միեւնույնն է, երկիրը շարժվելու է դեպի անասելի քաոս եւ մասնազտում:
  3. Տարբերակ.- Եթե ԱԶԿ-ն չհավաքի ձայների 30%-ը, ապա նրանց միայն մեկ տարբերակ է մնում՝ կեղծարարությամբ ստանալ այդ 30%-ը: Իսկ դա կարող են անել քվեները հաշվող կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վրա ճնշումներ եւ սպառնալիքներ կիրառելով: Այսպիսով, եթե ԱԶԿ-ն նույնիսկ ընտրողների 30%-ի քվեները չստանա, միեւնույնն է, շանտաժով ու բռնությամբ կհասնի դրան: Այն պաշտոնյաները, ովքեր չեն ցանկանա դրան ենթարկվել, կհեռացվեն պաշտոնից, կփոխարինվեն, նույնիսկ կսպանվեն:

Եզրակացություն. Այս բոլոր ծրագրերի համար «Էրգենեկոնի» օձերի կարիքն է զգացվում: Այդ պատճառով է, որ ԱԶԿ-ն նրանց ազատ է արձակել: Այդ նպատակով, հավանաբար, մեծ գումարներ  է փոխանցել նրանց եւ ամենաբազմազան խոստումներ տվել: Իսկ դրա դիմաց, ամենայն հավանականությամբ, «Էրգենեկոնն» եւ մաֆիան  ԱԶԿ-ին խոստացել են՝ ինչ գնով էլ լինի ապահովել 400 մանդատ»:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 25 (415), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։