Հայաստան-Արցախ. միասին դեպի միացյալ հայրենիք.-  Նույն եռանդով՝ ի շահ հայոց երկրի զորացման… Համայնքները՝ ձեռք ձեռքի, թշնամու սիրտը՝ տրաքի… Խաղ տամ՝ գիտելիք ուզեմ… Բժիշկ բերեմ՝ առողջություն տամ…  Փաթեթ տամ, տուրիստ բերեմ…

Հուլիսի 15-ից 17-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Արցախում էր: Ամենակարեւորը այս այցից ինձ համար թերեւս այն էր, որ երեւանյան պատվիրակությունը եղել էր առաջնագծում: «Լինել Արցախում ու չայցելել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու չհաղորդակցվել նրանց հետ, չհետաքրքրվել սահմանում տիրող իրավիճակով, նշանակում է ձեռքդ հետ քաշել առօրյա զարկերակից ու անտարբեր գտնվել բանակաշինության խնդիրների, հակամարտության գոտում ծավալվող իրադարձությունների նկատմամբ, տուն վերադառնալ՝ այդ ամենի հանդեպ չունենալով քո անձնական կարծիքը»,-ասել էր Տարոն Մարգարյանը: Ի դեպ, նա իր հետ դիրքեր էր տարել նաեւ ավագ որդուն: Ծանոթանալով հայկական դիրքերին (թշնամին 100 մետր հեռավորության վրա է ընդամենը), Տարոն Մարգարյանն ասել էր, թե ուզում է մեր մայրերին, բոլոր ծնողներին վստահեցնել, որ «հրամանատարության կողմից անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկվում են դիրքապահների ծառայությունը առավել անվտանգ դարձնելու, մեր սահմանների պաշտպանությունն ամրապնդելու համար»։

Ապրիլյան դեպքերից հետո երբ Երեանի քաղաքապետարանը բնակարաններ էր հանձնել զինծառայողների ընտանիքների («Լուսանցք»-ը գրել է այդ մասին), քաղաքապետն ասել էր, թե սա այն նվազագույնն է, որ կարող ենք անել մեր հերոսների համար: Արցախում էլ այց եղավ ապրիլյան պատերազմում զոհված 5 եւ առավել ծանր վիրավորում ստացած եւս 5 ստեփանակերտցիների ընտանիքներին: Նրանց կենցաղային անհրաժեշտ տեխնիկա եւ այլ պարագաներ տվեցին: Նշենք, որ ինչպես Ստեփանակերտի այս, այնպես էլ ԼՂՀ այլ շրջաններից ծանր վիրավորում ստացած ու ապրիլյան այդ օրերին Երեւանի բուժհաստատություններում համապատասխան բուժում ստացող զինծառայողները, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, եղել են աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության ամենօրյա հոգածության ներքո:

Երեւանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն եւ կարեւոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչն առանձնակի է կարեւորվում եւ գնահատվում արցախահայության կողմից: Այս խոսքերը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանինն են: «Վստահ եմ, որ առաջիկա տարիներին էլ ավելի են ընդլայնվելու համագործակցության շրջանակներն ու իրականացվող ծրագրերը, որոնք կնպաստեն Արցախի զարգացմանը»,- նշել է ԼՂՀ նախագահը:  

Երեւանի քաղաքապետը հստակ շեշտել էր, որ քաղաքապետարանն առանձնակի է կարեւորում Արցախի հետ հարաբերությունների խթանումն ու ընդլայնումը, ինչն, իսկապես, բավականին արդյունավետ զարգացումներ է գրանցում: Ավելին, Տարոն Մարգարյանը նկատել էր, որ առանձնակի ուշադրության կենտրոնում են լինելու համեմատաբար խոշոր ծրագրերը, որոնք հնարավորություն կտան Արցախի տարբեր անկյուններում կյանքի կոչել բնակիչների համար առավել շոշափելի եւ մասշտաբային նախաձեռնություններ:

Համապատկերում տեղեկացնենք, որ Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում ԼՂՀ մայրաքաղաքում կյանքի կոչվող հերթական ծրագիրը «Ազատամարտիկների այգու» կառուցումն է: Այն շուրջ 2 հա տարածք է զբաղեցնում: Այգու ձեւավորումը կառանձնանա ճարտարապետական եւ տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով: Կկառուցվի նաեւ ամֆիթատրոն՝ ներկայացումներ եւ միջոցառումներ կազմակերպելու համար: Այգու տարածքով կապահովվի նաեւ հետիոտնի կապը Թումանյան փողոցից դեպի դպրոց, մարզադաշտ եւ հրապարակ: Այն հարմարավետ վայր է լինելու արցախցիների եւ Արցախի հյուրերի համար:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը երկու մայրաքաղաքների արդյունավետ փոխգործակցության առումով չի անտեսել Երեւանի քաղաքապետի անձնական ներդրումը: Տարոն Մարգարյանը վստահեցրել է՝ նույն եռանդով են շարունակելու՝ ի շահ հայոց երկրի հզորացման:

Արցախի կառավարության նիստերի դահլիճում հանդիպում-քննարկմանը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը կարեւորել է ոչ միայն Երեւանի ու Ստեփանակերտի, այլեւ Երեւանի վարչական շրջանների ու ԼՂՀ շրջանների համագործակցությունը: Այն տարեցտարի  դինամիկ զարգացում է գրանցել: 2014թ. Երեւանից ԼՂՀ է այցելել 8 պատվիրակություն եւ աշխատանքային խումբ, իսկ Երեւանը հյուրընկալել է 1 պատվիրակության: Իսկ արդեն 2015թ. Արցախ է այցելել 72 պատվիրակություն եւ աշխատանքային խումբ, իսկ Երեւանը հյուրընկալել է 40-ը: Այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում արդեն գրեթե կրկնապատկվել են 2015-ի տարեկան ցուցանիշները՝ 63 պատվիրակության եւ աշխատանքային խմբի այց Երեւանից, 46 այց էլ Արցախից Երեւան: Ընդ որում, հատկանշվել է, որ սա ոչ թե սոսկ վիճակագրություն է, այլ կոնկրետ աշխատանքների ու ծրագրերի իրականացման ցուցանիշ: Տարոն Մարգարյանն առաջարկել է համատեղ կազմել տարեկան ծրագրեր, որոնք առավելագույնս կնպաստեն մնայուն եւ տեսանելի աշխատանքներ իրականացնելուն, ինչն իր հերթին, վստահաբար, կնպաստի ԼՂՀ համայնքների կայուն զարգացմանը:

Հավելենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության Արցախ եռօրյա այցի ընթացքում չեն անտեսվել արցախցի նոր մայրացած կանայք, Ստեփանակերտի մանկապարտեզները, բուժհիմնարկները, ծննդատունը:

Համայնքները՝ ձեռք ձեռքի, թշնամու սիրտը՝ տրաքի

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներն այցելել են ԼՂՀ գործընկեր 7 շրջաններ եւ համայնքներ, հանդիպել վարչակազմերի, նաեւ գործընկեր համայնքների ղեկավարների հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերն ամփոփել են մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքներն ու նախանշել առաջիկա անելիքները: Հատկանշելով համագործակցության շրջանակում բնակչության համար առավել տեսանելի արդյունքներ ապահովելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջադրած պահանջը՝ կողմերը պայմանավորվել են մշակել եւ կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնք իրենց ուրույն նպաստը կբերեն ԼՂՀ շրջանների եւ համայնքների զարգացմանը:

Հարկ է նշել, որ Աջափնյակ վարչական շրջանը համագործակցում է Շուշի քաղաքի, Ավան վարչական շրջանը՝ ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի եւ Ճարտար քաղաքի, Արաբկիր վարչական շրջանը՝ ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի եւ Մարտունի քաղաքի հետ, Դավթաշեն եւ Շենգավիթ վարչական շրջանները՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի եւ Մարտակերտ քաղաքի հետ:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններն էլ համագործակցում են ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմի եւ Հադրութ քաղաքի հետ, իսկ Մալաթիա-Սեբաստիա եւ Նոր Նորք վարչական շրջանները՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ:

ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի հետ փոխգործակցում է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը՝ ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի հետ, իսկ մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանը համագործակցում է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի հետ:

Խաղ տամ՝ գիտելիք ուզեմ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ պաշտոնական այցի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչութան պետ Գայանե Սողոմոնյանն ու քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ստեփանակերտցի գործընկերների ուղեկցությամբ եղել են Ստեփանակերտի թիվ 2 եւ թիվ 6 մանկապարտեզներում, գործընկերների հետ քննարկել նախադպրոցական կրթությանն ու մանկապարտեզների առօրյային վերաբերող հարցեր: Մանկապարտեզներին նվիրաբերվել են երեխաների տրամաբանությունը զարգացնելու համար նախատեսված խաղեր, գրատախտակներ, երաժշտական կենտրոն, իսկ ավարտական խմբերի սաներին՝ նաեւ պայուսակներ՝ 13 անուն գրենական պիտույքներով:

Բժիշկ բերեմ՝ առողջություն տամ

Նույն այցի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Լիդա Մուրադյանը, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանը եւ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը ԼՂՀ առողջապահության նախարար Կարինա Աթայանի ուղեկցությամբ եղել են  Ստեփանակերտի ծննդատանը, «Հանրապետական» եւ «Մանկական» հիվանդանոցներում: Բժիշկ-մասնագետները տեղերում կազմակերպել են հիվանդների հետազոտում, անցկացրել խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ բժշկական միջամտություններ: Ստեփանակերտի «Հանրապետական» հիվանդանոցում բուժօգնություն են իրականացրել «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտաբանները, իսկ «Մանկական»-ում՝ «Սուրբ Աստվածամայր»-ի մասնագետները: «Շենգավիթ»-ի մասնագետներն էլ համապատասխան բժշկական ծառայություններ են մատուցել Ստեփանակերտի ծննդատանը:

«Նորք-Մարաշ»-ի սրտաբանները այցի միայն առաջին օրն իրականացրել են 147 հիվանդների մասնագիտական հետազոտություններ եւ խորհրդատվություն: «Սուրբ Աստվածամայր»-ի մասնագետներն էլ 76 մանկաբուժական հետազոտություններ են արել, իսկ 57 կանայք ուլտրաձայնային հետազոտություն են անցել՝ «Շենգավիթ»-ի համապատասխան մասնագետների մոտ: Նաեւ գինեկոլոգիական 8 անհրաժեշտ վիրահատություն է արվել:

ԼՂՀ առողջապահության նախարարությանը փոխանցվել է 23 անուն անհրաժեշտ դեղորայք:

Փաթեթ տամ, տուրիստ բերեմ

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ եւ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության հետ համատեղ կազմակերպվել էր երեւանյան զբոսաշրջային ընկերությունների ճանաչողական այցը ԼՂՀ։ Արցախ այցելության զբոսաշրջային փաթեթներ են ներկայացվել: Շուշին ու Տիգրանակերտը (եւ ոչ միայն) դեռ խոսք ունեն ասելու: Այն էլ՝ ուրույն խոսք Արցախը չճանաչողներին:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 25 (415), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։