Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…

Այս ընթացքում հայ հանրությունը հաստատ չհամախմբվեց ահաբեկում արած, բայց իրենց ապստամբներ կոչող խմբի շուրջ, անգամ չկիսվեց հավասար մասերի, ինչպես ենթադրում էին ոմանք: ՊՊԾ-ի շենքը գրաված եւ ոստիկաններին պատանդ վերցրած զինված խմբի անդամներին ցույցերով աջակցելու ցանկություն հայտնեցին մի քանի հարյուր մարդ, որոնց կեսից ավելին ներկա է ցանկացած ցույցի ժամանակ:…

Բայց պետք է նշենք, որ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում մեկական քաղաքական ուժ սատարեց Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանի» «Սասնա ծռեր» կոչված զինված խմբի գործողություններին: Եվ ինչ են ասում այդ ուժերը՝‘սատարելով այսպես կոչված ապստամբություն նախաձեռնողներին:

ԱԻՄ-ն առայժմ միակն է, որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունները որակել է բռնակալության դեմ ապստամբություն. հաղորդագրություն էր տարածել այս կազմակերպությունը՝ Պարույր Հայրիկյանի ղեկավարությամբ: Չնայած «իր գործունեության ավելի քան 50 տարիների ընթացքում ԱՄԿ-ԱԻՄ-ը քաղաքական պայքարում, նույնիսկ ազգի ազատագարական պայքարի շրջանում, սկզբունքորեն բացառել է ուժի եւ մանավանդ զէնքի կիրառումը», սակայն հանկարծ որոշել է սատարել ներսում զենքի դիմած եւ հայ մարդկանց պատանդ վերցրած ուժին:

Բայց ԱԻՄ-ին  «հասկանալի է, որ այսօր ոչ թե մի քանի անհատների, այլ մարդկային մեծ խմբի կողմից այդպիսի գործողության դիմելը միայն հուսահատության դրսեւորում չէ։ Անտարակույս այսպիսի գործողությունների նախապատճառը որպես կանոն լինում է մարդու հիմնարար իրավունքների զանգվածային ոտնահարումը երկրի իշխանությունների կողմից…»:  Ահա, այս «գաղտնիքի» բացահայտմամբ 50 տարի զինված ներազգային պայքարը մերժող կազմակերպությունը դառնում է զինական կառույց:…

Ավելի զարմանահրաշ վերջաբան ունի այս հաղորդագրությունը. «Մենք պարտավոր ենք գիտակցել, որ օրվա նույնիսկ ամենակարեւոր խնդիրները լուծելուն զուգահեռ մենք նախադեպեր եւ քաղաքական ավանդույթներ ու մշակույթ ենք ստեղծում։ Ուստի այդ պատմական պատասխանատվությամբ պետք է վերաբերենք թե մեր գործողություններին եւ թե մարդ արժեքի գնահատման մեր մոտեցումներին»։  

«Ուզում եմ Հայաստանի իշխանությունը տեղյակ լինի, որ Ժիրայր Սեֆիլյանը մենակ չէ», – ասել է Արցախյան պատերազմի վետերան, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը, ով որպես ընդդիմադիր ուժ է հանդես գալիս ԼՂՀ-ում: Ինչ վերաբերում է Սեֆիլյանի մոտից զենք հայտնաբերելու մասին իրավապահների  հայտարարությանը, Վահան Բադասյանն ասում է, որ դա շինծու է: Այսօր, նրա խոսքով, օրինակ Էջմիածնի շրջանում հանցագործները զենքով վխտում են, սպանություններ են կատարվում, բայց նույնիսկ քրեական գործեր չեն հարուցվում: Նա կոչ է արել բոլոր նրանց, ում համար երկիրը թանկ է, մեր անվտանգությունն ամեն ինչից վեր է, պաշտպան կանգնել Ժիրայր Սեֆիլյանին:

«Ուզում եմ, որ Հայաստանի իշխանությունը տեղյակ լինի, որ մենք կանգնած ենք Ժիրայրի թիկունքին: Նույնիսկ նրանք, ովքեր համաձայն չէին Սեֆիլյանի քաղաքական հայացքների հետ, բոլորն էլ այսօր նրա հետ են»,- չգիտես ինչ ենթադրությամբ ասել է նախկին ազատամարտիկը:

Բայց առավել գերակշիռ է հակառակ տեսակետը: «Ահաբեկչություն է եւ ահաբեկիչները պետք է խստորեն պատժվեն: Նման բան չէր կարելի: Զայրացած եմ ու շատ»,- Henaran.am-ին ասել է սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը. «Ես առհասարակ դեմ եմ ահաբեկչությանը, իսկ հայաստանյան իրավիճակում սա արդեն չափազանց է: Եղածը, անշուշտ, մեզ թուլացնում է, անշուշտ, ջլատում է, անշուշտ մեր թշնամիներին ուրախացնում է: Կարող են առիթից օգտվել ու փորձեն հարվածել: Այս տեսակ ապուշ բաների ժամանակը չէ ու շատ սխալ ուղի են ընտրել»: Նա հայտնել է, որ իր զայրույթի չափը աննկարագրելի է ու ինքը փորձում է զսպել իրեն պատած բարկության ալիքը:

«Արցախի ժողովուրդը շատ վատ է գնահատում Երեւանում կատարվածը: Երեւանը համայն հայության մարաքաղաքն է: Եթե զենք ունեն ու ունեն զինամթերք, թող գան Արցախ, ոչ թե անմեղ ոստիկանի արյուն թափեն ու դեռ չգիտենք ինչ է լինելու»,-  ասել է ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը: Մեր ժողովուրդն ուղղակի ցնցված է, որովհետեւ ուզում ենք ունենալ կայուն Հայաստան: Արցախի հարցը պետք է առաջնային համարել: Թշնամին, երբ գիտի, որ Հայաստանում լարվածություն է ու ներքին խմորումներ կան, ավելի ակտիվ է լինում»,- ընդգծլ է նա՝ ցանկանալով, որ ամեն բան խաղաղ լուծվի եւ բռնություն չլինի:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասել է. «Այդ մարդիկ երկրում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ամենասխալ եւ դատապարտելի ձեւն են ընտրել: Ծայրահեղական մտածողությունը ընդհակառակը նվազեցնում է որակական փոփոխությունների հնարավորությունը: Զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու: Վստահ եմ, որ նրանք հանրային լայն աջակցություն չեն կարող ունենալ:

Վատ է նաեւ այն, որ այսօր արդեն միջազգային լրատվամիջոցներում թուրքական հեղաշրջման փորձը փոխարինվելու է հայաստանյան դեպքերով: Մնացածը իրավապահների անելիքն է, որ մինչեւ այժմ, իմ կարծիքով, լավ չեն կատարել»:

Երկրում կատարվող իրավիճակի շուրջ ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ, ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծիք է հայտնել, որ ողջամիտ մարդու համար չի կարող զենքով հարցեր լուծելը լինել ընդունելի քայլ: «Սա իշխանությունից դժգոհություն արտահայտելու ձեւ չէ, սա հանուն Հայաստանի արվող գործ չէ, սա հայրենասիրություն չէ, ինչպիսին փորձում են ներկայացնել ոմանք: Սա սովորական տեռորիզմ է` ընդդեմ Հայաստան պետության, ընդդեմ բոլորիս անվտանգության, ու այն պետք է համարժեք պատասխան ստանա:

…Հայաստանում չի կարող նման որեւէ լուրջ դեպք կատարվել, որին չմասնակցեն արտաքին ուժերը: Եվ ես կարծում եմ, որ արտաքին ուժերն անպայմանորեն մասնակցում են սրան: Մեզանում կան այնպիսի քաղաքական ծրագրեր ունեցող ուժեր, որոնք շահագրգռված են երկրի ներքին իրավիճակի ապակայունացմամբ:

Այսօր ներքին քաղաքական դաշտում կա լճացում, արտագաղթի ծվալների աճ, տնտեսական անկում… Ճգնաժամ կա նաեւ քաղաքական դաշտում. իշխող ուժը` ՀՀԿ-ն չունի լուրջ մասնակիցներ, ստացվում է, որ քաղաքական կյանքում կա մենատիրություն… Եվ սրանից օգտվեցին ներքին որոշ ուժեր ու գլուխ բարձրացրին: Սա նաեւ ահազանգ է. մեզ շրջապատող երկրներում, ամեն տեղ հրդեհ է, Թուրքիայում, Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան, իսկ Հայաստանը կարծես դրանից դուրս էր մնացել: Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ… Իսկ առհասարակ տեռորիստների պահանջները քննարկման ենթակա չեն, հատկապես նաեւ մարդ են սպանել, պետական ծառայողի, մեկ պահանջ միայն պետք է կատարեն նրանք` հանձնվեն իշխանությանը»:

Հետաքրքիր է, որ ի պաշտպանություն զինված խմբի գործողությունների, Սփյուռքում շատ թե քիչ տեղի ունեցող ցույցերը, որ տեղի են ունեցել ԱՄՆ-ում ու եվրոպական մի քանի երկրներում, ունեցել են մի քանի տասնյակ մասնակիցներ ընդամենը: Բայց չգիտես ինչու, նրանց հայտարարությունները հղվում էին համայնքի անունով՝ «Գերմանիայի հայ համայնքի», «ԱՄՆ-ի հայ համայնքի» եւ էլի ինչ-ինչ «հայ համայնքների» կողմից:

Ցավոք, սա գործելաոճ է դառնում: Մի քանի տասնյակ հոգի զենք են կիրառում ազգի անունից Հայաստանում, իսկ մի քանի տասնյակ սփյուռքահայեր էլ «ծածկում» են Սփյուռքի տարածքը…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 25 (415), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։