Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

Սոցցանցն ազատ արտահայտվելու տիրույթ է, եւ սիրում եմ այնտեղ՝ հիմար, միջակ ու հանճարեղ մտքերի տիրույթում թափառել: Մանավանդ այս օրերին: Իմ ընկերների ցանկից պարբերաբար մաքրում եմ միայն կեղծ օգտատերերին, ոչ թե նրանց, ում մռութը կամ տեսակետներն ինձ դուր չեն գալիս: Լրագրող եմ ու սիրում եմ լսել բոլորին: Եթե չսիրեմ էլ, դա իմ մասնագիտությունն է, բայց սիրում եմ: Մեկ էլ սիրում եմ անկեղծ լինել ու բնավ չեմ տիրապետում բոլորին դուր գալու արհեստին: Այս կամ այն քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցի շուրջ եթե որոշել եմ արտահայտվել, խոսում եմ հստակ՝ յուրաքանչյուր տառիս ու կետադրական նշանիս համար պատասխան տալով: Եվ երբեւէ իմ առաջ խնդիր չեմ դնում այս կամ այն կողմին սիրաշահելու: Ժողովրդահաճ չեմ: Հա, մեկ էլ ամեն թեմայի շուրջ ցանցում գրառում անելու եւ ներկա ստանալու մոլուցքը չունեմ:

ՊՊԾ գնդի տարածքը գրավելու դեպքերի շուրջ չեմ արտահայտվել: Պատճառն այն է, որ ես հայերենին սրբորեն եմ վերաբերում եւ յուրաքանչյուր բառ ընտրում եմ մտածված: Հայերենում հստակ է՝ ինչ ասել է ահաբեկիչ, զավթիչ, ապստամբ, հայրենասեր, հայրենադավ, ազատամարտիկ, պետություն, ազգ, հայրենիք եւն: Սրան զուգահեռ կան միջազգային հարթակում ձեւավորված հասկացություններ, որոնք տալիս են «ահաբեկիչ», «ապստամբ»… եզրույթները: Հետեւաբար, որպես լրագրող պարտավոր եմ բառ գործածելիս մտածել դրա թողած ազդեցության ու հետեւանքի մասին: Հատկապես եթե մասնագիտական տիրույթում եմ, պետք է կարողանամ շղարշել իմ անձնական կարծիքը: Այսինքն՝ եթե գրում ես, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավածները ահաբեկիչներ են, պիտի հասկանաս, թե այդ եզրույթը ինչ է տալու մեր երկրին ապագայում: Կամ էլ եթե գրում ես, որ ահաբեկիչներ են, ապա պիտի տաս երեւույթը այդ բառով որակողին: Նույնը՝ «հերոս», «ապստամբ» որակումների պարագայում: Լրագրողի ներքին զսպանակը միշտ պետք է աշխատի:  

Նորից նույնը կասեմ քաղաքական գործիչների, իշխանության, ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների, քաղաքագետների, վերլուծաբանների մասով: Խոսելուց առաջ ներքին զսպանակը աշխատեցնելը չի խանգարի: Կրկին նույնը՝ ՀՀ քաղաքացիների մասով: Այս օրերին նրանք բաժանվել են երկու խմբի. մի մասի համար սեֆիլյանականները հերոսներ են, մի մասի համար՝ դավաճաններ: Երկու կողմերի համակիրները հարձակվում են միմյանց վրա, կամ՝ երկու կողմերն էլ հարձակվում են երրորդ՝ այլ տեսակետ ունեցողների վրա: Ոստիկանները հաճախ գերազանցում են իրենց լիազորությունների սահմանները եւ ստորացնում քաղաքացիներին, վերջիններս էլ երբեք իրենց հարց չեն տալիս, թե արդյո՞ք իրենք չեն դրդում նույն այդ ոստիկաններին: Դարձյալ այս օրերին անձամբ եմ լսել, թե ոստիկանին ինչպես են մայր ու քույր հայհոյել ու հետո ծաղրել, որ «թասիբ» չունի: Բայց թե վերջինս պատվախնդիր է եղել, քաղաքացին գոչել է. «Հայ հարայ հասեք, ինձ սպառնում են»: Բայց եւ, դարձյալ անձամբ, տեսել եմ ոստիկանների, ովքեր հենց իրենք են սադրել քաղաքացիներին, հունից հանել նրանց, ծեծ ու ջարդ սարքել……

Ներքին զսպանակը չի գործում, կրքերը շուտ են ժայթքում: Բոլորը բոլորին ներքին թուրք են ասում: Ատելության ջերմային ֆոնը բավականին բարձր է:

Այս օրերին մանավանդ արտեկրում բնակվող մեր հայրենակիցները շատ են զանգահարում խմբագրություն (ես իմ բոլոր ընթերցողների հետ կապ եմ պահում), թե բա՝ մի բան ասեք, ձեր կարծիքը գրեք: Հիմա անկեղծանամ՝ թեեւ նախապես գիտեմ, ով ինձնից ինչ է սպասում, ով ինչ չափով է ատելու կամ սիրելու ինձ: Բայց ասացի՝ դուր գալու արհեստին չեմ տիրապետում: Գրիչս երբեք չեմ կեղծում:

Միանգամից ասեմ. ես իմ բառային շտեմարանում չունեմ «ներքին թուրք» եզրույթը: Հետեւաբար՝ չեմ ընդունում ներքին թուրքեր փնտրողներին: Գործիս բերումով ավելի խորքային եմ ծանոթ իշխանական, ընդդիմադիր, մասնագիտական եւ այլ դաշտերի: Բոլորում էլ կան աշխատող ու չաշխատող մարդիկ, երկրի խնդիրներով մտահոգ ու անտարբեր մարդիկ, կամայիններ ու թուլամորթներ, կիրթ ու անկիրթներ, ցուցադրանքի սիրահարներ ու համեստներ, մասնագետներ ու ոչ մասնագետներ, ինքնակրթվողներ ու անհույս բթամիտներ, մարդ ու տմարդիներ, բայց ոչ «ներքին թուրքեր»: Սա՝ անձերի մասով:

Իսկ երեւույթին գնահատական տալու համար պետք է որոշ բաներ հասկանամ:

  1. Ինչու՞ հենց ՊՊԾ գնդի տարածքը գրավվեց եւ ինչպես հաջողվեց դա անել ըստ էության ոստիկանության եւ ԱԱԾ քթի տակ: «Քթի տակ» եմ ասում, որովհետեւ գրավվմանը մեկ անգամ չէ, որ նախորդել են հստակ կոչեր……
  2. Ճի՞շտ են այն լուրերը, որ տարածքի գրավմանը նախորդել է ծննդյան արարողություն:
  3. Բարձրաստիճան ոստիկանները բանակցությունների են գնում առանց լուրջ անվտանգության քայլեր ձեռնարկելու, որպեսզի պատա՞նդ մնան:
  4. Մեր ոստիկանական համակարգում ունե՞նք մասնագիտացված ոստիկան-հոգեբաններ հենց ա՛յս կարգի դեպքերի համար:
  5. Գնդի տարածքը գրավողները միամի՞տ են, հստակ սցենար ունե՞ն, թե՞ իրենք չեն սցենարիստը:
  6. Այդ ի՞նչ գաղափարի շուրջ են համախմբվել տարբեր աշխարհայացքներ ունեցող մարդիկ Ժիրայր Սեֆիլյանի պարբերաբար ստեղծվող կառույցների շուրջ՝ դեռ մինչեւ գնդի տարածքի գրավումը եւ արդյո՞ք տարածքը գրավածները բոլորն իրենց հստակ գիտակցությամբ են հայտնվել այնտեղ, թե՞ պահի ազդեցության հետեւանք է եղել:
  7. Ինչու՞ գնդի տարածքի գրավումից դուրս մնացին որոշ անձինք, ովքեր մշտապես աջակցել են Սեֆիլյանին, վերջիննե՞րս են վերջին պահին հետ կանգնել, թե՞ գրավողները չեն վստահել նրանց:
  8. Ո՞ր երկրից ու, հատկապես, ի՞նչ կառույցներից ու նաեւ ի՞նչ կառույցներում աշխատող անհատներից է եղել նրանց ֆինանսավորումը (մեր դարում կարծեմ առանց գումարի զենք չեն ձեռքբերում):
  9. Պատկան մարմինները ունեցե՞լ են այս տվյալները, եթե այո, ապա ինչու՞ կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկել: Ո՞րն է իշխանական սցենարը:
  10. ԱԱԾ-ն մտածվա՞ծ է երկարաձգում հանգուցալուծումը:
  11. Գնդի տարածքը գրավածները ազնի՞վ են իրենց խոսքերում, թե այլ ելք չէր մնացել ու այդ քայլին հանուն հայրենիքի են գնում՝ մտածելով աղքատ ժողովրդի մասին, երբեւէ փորձե՞լ են օգնել թեկուզ մեկ կարիքավորի:
  12. Ինչու՞ են վերցրել հենց «Սասնա ծռեր» անունը, չէ՞ որ մեր էպոսը Սասնա ծռերի գործունեության բոլորովին այլ դաշտ է մատուցում:
  13. Գնդի տարածքը գրավածները միամի՞տ են սպանել գնդապետին, թե՞ մտածված: Ափսոսու՞մ են, թե՞ հրճվում:
  14. Իշխանությունն այս ամենից ի՞նչ դաս է քաղել:
  15. Ի՞նչ հետեւանք կունենա այս ամենը միջազգային հարթակում:

Երբ ունենամ այս հարցերի իրական ճիշտ պատասխանը, կտամ գնահատականը:

Բայց մի բան հաստատ է, արյուն չպետք է հեղվի: Երկու կողմում էլ մերոնք են:

Եվ, ընդհանրապես, լավ կլինի, որ այս երկու կողմերն ու նրանց հրահրողները գործի դնեն ներքին զսպանակները:

Արմենուհի Մելքոնյան

Հ.Գ.- Իմ ուսանող թղթակիցներիցս մեկը, ով ինձ օգնում է սրբագրման դժվարին գործը ստանձնելով, ասաց. «Հենց կարդան, էրկու կողմն էլ ասելու են՝ ձենը տաք տեղից ա գալիս»:

Ի դեպ, այդպես մտածողներին կարող եմ հրավիրել իմ տուն՝ հակառակում համոզվելու:

«Լուսանցք» թիվ 25 (415), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։