Հայաստանի ներսում զենք կիրառելը հայատյացության պես մի բան է – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին – ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյան…

Այս առիթով մի անգամ ասել եմ, կրկնեմ նաեւ «Լուսանցք»-ի համար. «Ես երբեք որեւէ մեկի քաղաքական քայլերի կամ գաղափարների մեկնաբանը չեմ աշխատել, դա իմ գործը չէ, յուրաքանչյուրն իր քայլերի պատասխանատուն ինքն է: Ես իմ նպատակներն ու գործելաոճը ունեմ»: Այս նախաբանով սկսեց մեզ հետ հանդիպումը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ միանգամից կանխելով «Լուսանցք»-ի որոշ հարցերի հնչեցումը՝ ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած զինված գործողության եւ հետագա ծավալումների հետ կապված:

«Յուրաքանչյուրն իր սկզբունքներն ունի արտաքին ու ներքին ասպարեզում գործելու համար: Նոր բան չեմ կարող ասել, պիտի վերաձեւակերպեմ այն՝ ինչ արդեն ասել եմ այս օրերի համար:

Ուղղակի նշեմ իմ սկզբունքները նաեւ այս առիթով: Պատանի-երիտասարդ տարիներիս, երբ լսեցի ԱՍԱԼԱ-ի մասին ու հետաքրքրվեցի Հայաստանի  ազատագրության հայ գաղտնի բանակով (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ-ով), ինձ համար բացի վրիժառուական արդար պայքարի ճշմարիտ լինելուց՝ նաեւ ամենակարեւորը  հայտնաբերեցի, այն էր՝ հայ նվիրյալ, ինքնազոհողության պատրաստ մարտիկի համար առաջին սկզբունքը՝ Հայաստանի եւ հայազգի ներկայացուցչի դեմ չգործելն է:

ԱՍԱԼԱ-ն հրաշալի օրինակ է սերունդների համար: Այս վրիժառուական կառույցը զոհեր տվեց, բազմաթիվ նվիրյալներ նահատակվեցին, վիրավորվեցին, կորցրեցին իրենց առողջությունը, տարբեր երկրների բանտերում տարիներ կորցրեցին՝ միայն թուրքերին վնասելով կամ սպանելով: Հստակ ցուցանելով հայի թշնամուն եւ մեր պահանջատիրության ուղղությունը… Նույնիսկ գործողություններն այնպես էին իրականացնում, որ այլազգիներին չվնասեն, տվյալ երկրին վնաս չտան: Ինձ համար սա հստակ սկզբունք էր դեռեւս պատանի տարիներին ու այդ սկզբունքը մինչեւ հիմա կենսունակ է ինձ համար: Այսօր էլ առաջնորդվում եմ թշնամու դեմ ամեն ինչով, ամեն հնարավոր ու անհնարին միջոցներով պայքարելու սկզբունքով, բայց նույնը չի կարող կիրառվել Հայաստանի եւ հայի դեմ: Այստեղ կա քաղաքական, հանրային, քաղաքացիական, որոշ դեպքերում անգամ «տղայական» պայքար, սակայն ո՛չ զինյալ…  

Ժամանակին՝ Հայոց ազգային բանակի հզոր ընթացքը կասեցվեց դրսի ուժերի պատվերով, ցեղակրոն հայկական բանակը շատերին վախեցրեց… Եվ մենք նորից կանգնած էինք ընտրության առջեւ: 1990-ական թվականներին ՀՀՇ-ն, գալով իշխանության, պատվերով սադրանքներ իրականացրեց ՀԱԲ-ի դեմ, եւ մենք, հարյուր հազարանոց կամավորական բանակ լինելով, չգնացինք մեր երկրի, պետության դեմ, նաեւ քաղաքացիական պատերազմի առիթ չտվեցինք, ինչի մասին երազում էին մեր թշնամիները… Ազգը չպիտի պառակտվեր այդ դաժան տարիներին, մթի, ցրտի ու սովի մեջ հայտնված, երկրաշարժից դեռ ուշքի չեկած., պատերազմի շեմին հայտնված…

Մենք, գրեթե արտասվելով, ատամներս սեղմած մեր զենքերը վայր դրեցինք՝ շատ լավ իմանալով, որ մեզ հոշոտելու են: Այդպես էլ եղավ: Սակայն մենք գնացինք այդ քայլին եւ ոչ թե ոմանց վերացնելու ճանապարհով՝ ինչը քաղաքացիական կռիվ էր հրահրելու: Մենք նաեւ հասկանում էինք, որ դա սովետական զորքերի ձեռքերին է ազատություն տալու…

Անձնապես էլ եմ ունեցել զենք բարձրացնելու առիթներ, ինչպես ասենք այն ժամանակ, երբ ինձ օտարի պատվերով բանտարկեցին ու դատապարտեցին, անգամ բանտում փորձեցին հարցերս լուծել իրենց քրեական որոշ կամակատարների միջոցով (սուտ գողականների, որ ամեն քայլի համագործակցում են իրենց ասած «մենթերի» հետ)… Բայց ես զենք չեմ բարձրացրել, անգամ քաղաքական ապաստանի հնարավորություններ են ստեղծել մի շարք երկրներ, ես իմ երկրի դեմ քաղաքական քայլեր եւս չեմ արել…

Երբ իմ դեմ մահափորձ եղավ, վրեժխնդրությունից խեղդվում էի, բայց միայն ենթադրությամբ քայլեր չձեռնարկեցի, այն էլ զինված: Դեռ ճշտումներ եմ անում՝ այլ պատիժներ կան դրա համար:

Ինչեւէ, ինձ համար, կրկնում եմ, հայի եւ Հայաստանի դեմ զենք հանելը հայատյացության պես մի բան է: Մենք բոլոր մեր ընկերներով մեր կյանքում առաջնորդվել ենք ԱՍԱԼԱ-ի սկզբունքը որդեգրելով, ՀԱԲ-ի օրինակով էլ դա հստակ ցույց տվեցինք:

Ես չեմ կարող երբեք սպանել հայի, այլապես՝ նշանակում է իմ ամբողջ գործունեությունը թշնամու ճակատում հավասարազոր կդարձնեմ զրոյի, եթե չասեմ՝ բացասական արդյունքների կհասցնեմ: Այդ պատճառով ինձ համար անհասկանալի են այս կամ այն իշխանափոխության անվան տակ նման բաներ անելը: «Կարող եմ չսիրել իշխանությանը, բայց չեմ կարող չսիրել իմ ազգը, իմ պետությունը, իմ երկիրը: Իշխանությանն ատողը մեկ էլ հայտարարում է՝ «էս երկիրը երկիր չէ», «էս ազգը ազգ չէ»»… Ինչ կապ ունի: Նախ երկիրն ու ազգը «էս» չեն, մերն են, զզվում եմ նման ձեւակերպումներից: Ու հաճախ էլ «էս երկրի» համար զենք բարձրացնողները «էս ազգի» վրա թքած ունեն, ոմանք իրենց ներքին անբավարարվածությունն են բավարարում…»,- նշեց Արմեն Ավետիսյանը:

Իսկ այն, ինչ տեղի է ունենում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից, մեղմ ասած անհասկանալի է ՀԱՄ առաջնորդի համար, եթե թիրախը նախագահ Սերժ Սարգսյանն է, ապա ինչ կապ ունի ՊՊԾ-ի տարածքի գրավումը եւ ոստիկաններին սպանելն ու վիրավորելը: Ժամանակին Շանթ Հարությունյանի «գմփուցիկներով» նախաձեռնած հեղափոխությունը, որ հաստատ նորմալ երեւույթ չէր, բայց շատ հստակ ու իրական ուղղվածություն ուներ, նա գնում էր «նախագահականը վերցնելու»…

Հայ արիների առաջնորդը կարծում է, որ «այսպիսի գործողությունները երկիրը տանում են ցնցումների միջազգային ասպարեզում, եւ Ադրբեջանը արդեն իսկ սկսել է զբաղվել այս գործով, շուտով կտեսնեք, որ սահմաններին կրկին բորբոքումներ կլինեն»: Ըստ նրա, մենք մեր թշնամուն հնարավորություն ենք տալիս զգալ մեր ներքին թերություններն ու թուլությունները, իսկ դրանք մենք պիտի մեր ներսում լուծենք, եւ ոչ թե մեզ պետք է դրսից պարտադրեն լուծել: Իսկ լուծումն էլ հայի շահերից չի բխելու, լավ գիտենք այս մասին: Ընդհանրապես դեմ եմ նաեւ տարբեր առիթներով տարբեր ոլորտներում արտահայտվող դրսի պարտադրանքներին, բարոյական, հոգեւոր, կեցական կամ այլ ուղղվածությամբ:

Ինչ մնում է այս օրերի դեպքերի վերլուծությանը, ապա դրա համար կան մասնագետներ, կրկնում եմ՝ որեւէ մեկի քայլը չեմ մեկնաբանում, ամեն ոք ինքն է պատասխանատու իր գործերի համար:

Իսկ ինչպե՞ս, այնուամենայնիվ, կհանգուցալուծվի այս հարցը: Ի պատասխան ՀԱՄ առաջնորդըը նշեց. «Մի բան պարզ է ինձ համար՝ կենտրոնաձիգ իշխանությունը չի կարող երկար հանդուրժել սա: Իսկ Հայաստանում պետք է լինի կենտրոնաձիգ իշխանություն, քանի որ չորս կողմը թշնամիներ են, էլ չասեմ՝ ներքին թշնամիների մասին»: Արմեն Ավետիսյանը երկրորդեց. «Հատկապես իմ ընկերներից, ովքեր ազատամարտիկներ են, ի սկզբանե երդում եմ պահանջել այն, որ զենքը երբեք շուռ չի գա սահմանից այս կողմի վրա: Մենք զենքերը նույնիսկ հանձնել ենք դիրքերում եւ առանց զենքի ենք վերադարձել հերթափոխը կատարելուց, որպեսզի զայրույթի պահին հանկարծ ինչ որ բան չանենք: Չի կարելի ներազգային որեւէ խնդիր զենքի միջոցով լուծել: Այս հարցն էլ ուներ արագ լուծում, դեռ չգիտեմ ինչու է ձգձգվում, գուցե ընթացքում կապեր ու այլ բաներ են ճշգրտվում… Բայց ունենք նախագահ Սերժ Սարգսյան եւ կան մարդիկ, ովքեր գնացել են այդ քայլին՝ նախագահի հրաժարականն են պահանջում: Թող իրենք էլ որոշեն իրենց քայլերը: Պարզապես շատ կցանկանայի, որ նոր զոհեր չլինեն…»:

* * *

Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը «Հրապարակ»-ին հայտարարել էր, որ «Զենքի միջոցով լուծում են ազգային հարցերը, սահմանի հարցերը, բայց ոչ թե ներքին խնդիրները: Խստիվ դատապարտում եմ այս եղելությունը»: Նա այս խոսքերն ասել է՝ անդրադառնալով Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա հավելել է. «Երբ քո տան շուրջբոլորը հրդեհ է, հիմարություն է մտածել ներքին կոսմետիկ հարդարման մասին»: «Ամեն մարդ պետք է մտածի իր հայրենիքի մասին: Ժիրայր Սեֆիլյանը միակ մարդն է այդքան ազատամարտիկների մեջ, որ իրեն դրել է փրկիչի տեղ:

Թող յուրաքանչյուրն իր գործն անի ու իրեն չդնի փրկիչի տեղ: Մեզ փրկիչներ պետք չեն, մեզ պետք են հայրենասեր մարդիկ, ովքեր իրենց պարտականությունները կկատարեն»,- նշել է ԱՍԱԼԱ-ի մարտիկը:

Անդրադառնալով այն կարծիքին, որ այս ամենի մեղավորը իշխանություններն են, ովքեր իրենց կատարած գործողություններով հանգեցրել են նման վիճակի, Վարուժան Կարապետյանը հակադարձեց. «Աշխարհով մեկ ճգնաժամեր են: Ամերիկայում ամեն օր ոստիկանների վրա հարձակվում են, ուրեմն՝ ի՞նչ: Նման իրավիճակներում, երբ թշնամին սպառնում է մեզ, մենք չենք կարող մեզ թույլ տալ խոսել ուրիշ բաների մասին»:

Իսկ թե իրավիճակը ինչպես կհանգուցալուծվի, Վարուժան Կարապետյանը չի պատկերացնում՝ գուշակություններ անել չեմ կարող: ԱՍԱԼԱ-ի մեկ այլ մարտիկ՝ Վազգեն Սիսլյանը չի մեկնաբանել տեղի ունեցող իրադարձությունները՝ միայն հույս հայտնելով, որ կողմերը խաղաղ հանգուցալուծում կգտնեն:

«Լուսանցք» թիվ 25 (415), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։