Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Երեւանը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթող… Հաղթեց ադրբեջանցուն եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն… Հայաստանը հրաժարվեց Բաքվի շախմատային օլիմպիադայից… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Մարզական աշխարհի խաչմերուկներում` մեկ հեւքով

Երեւանը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթող

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում հետեւել է ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն 13-րդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2016թ. եզրափակիչ փուլի մրցումներին:

«Լավագույն մարզական ընտանիք-2016» մրցույթն անցկացվել է 3 փուլով, 4 տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձեւերում: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք՝ մարզերից, Երեւանից եւ Արցախից: Եզրափակիչ փուլին մասնակցել է նաեւ հաշմանդամ ունեցող 22 ընտանիք: Ընդհանուր թիմային հաշվարկով երեւանյան ընտանիքները հավաքել են 2006 միավոր եւ գրավել 1-ին տեղը՝ 4-րդ տարին անընդմեջ արժանանալով ՀՀ նախագահի գավաթին, որը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը հանձնել է Երեւանի քաղաքապետին: Շնորհավորելով երեւանյան պատվիրակության անդամներին փայլուն հաղթանակի ու մրցույթում մայրաքաղաքը լավագույնս ներկայացնելու համար՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ լինելու է մարզասեր ընտանիքների կողքին ու անելու է հնարավորը բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը նպաստելու ուղղությամբ:

Հաշմանդամություն ունեցող ընտանիքները մրցեցին 6 մրցաձեւում

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցում էին նաեւ հաշմանդամ ունեցող ընտանիքները, որոնց թիվն այս տարի 22-ն էր՝ Երեւանից, Արցախից եւ ՀՀ 10 մարզերից: Հաշմանդամություն ունեցող ընտանիքները, մրցույթին մասնակցեցին մեկ տարիքային խմբով, որտեղ ընտանիքի երեխայի տարիքը պետք է լիներ 6-13 տարեկան: Նրանք մրցեցին 6 մրցաձեւերում՝ խաղային  փոխանցումավազք, վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակով, խաղային փոխանցումավազք՝ 80մ (20մ+20մ+40մ), օղակներով նետումներ նշանակետին եւ հավաքիր «Հաղթանակ» բառը:

Հաշմանդամություն ունեցող ընտանիքների պայքարում հաղթող ճանաչվեց Լոռու մարզը ներկայացնող Նազարյանների ընտանիքը, ովքեր նշեցին, որ իրենք անչափ ուրախ են այսպիսի մրցույթի մասնակից լինելու եւ հաղթողների շարքում տեղ զբաղեցնելու համար: Նազարյանները փաստեցին, որ առաջին անգամ չէ, որ մասնակցում են այս մրցույթին եւ պատրաստվում են հետագայում եւս մասնակցել ու հաղթել: ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցած հաշմանդամություն ունեցող ընտանքներից ամենակրտսեր մասնակիցը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կողմից արժանացավ 100 հազար դրամ պարգեւավճարի:

«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք».- հաղթեց Արաբկիրի թիմը

«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական  փառատոնի շախմատի մրցաշարում հաղթել է Արաբկիր վարչական շրջանի թիմը: 2-րդը էրեբունցիներն են, իսկ  3-րդ տեղը զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանը ներկայացնող թիմը:  

Իմաստուն խաղի հաղթող թիմի անդամներին  մեդալներ ու պատվոգրեր են  հանձնել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը եւ Երեւան քաղաքի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, Էրեբունու թիմին պարգեւատրել է մեր մայրաքաղաքում գտնվող Օդեսայի հայ համայնքի պատվիրակության ղեկավար Արմեն Պետոյանը, եւ եռյակը եզրափակող դավթաշենցիներին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Մրցաշարին հաշվարկից դուրս մասնակցել են նաեւ Օդեսայի հայ համայնքի ներկայացուցիչ-շախմատիստները: Բոլոր մարզաձեւերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգեւատրվի Երեւանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն:

Հաղթեց ադրբեջանցուն եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն

Կունգ-ֆուի աշխարհի 5-րդ առաջնությունում Հայաստանն իր առաջին չեմպիոնական տիտղոսը Մոսկվայում նվաճեց հուլիսի 23-ին: Տիջի ոճի եզրափակիչում Հայկ Գասպարյանը (17-19 տարիքային խումբ՝ 55 կգ) մրցեց ադրբեջանցի Օմար Ալահվերդիեւի հետ եւ պարտության մատնեց նրան:

Ադրբեջանի թիմին թույլատրել էին մասնակցել աշխարհի առաջնությանը, քանի որ պաշտոնապես ներողություն էր խնդրել Հայաստանի հավաքականից: Հիշեցնենք, որ 1915-ին Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված կունգ-ֆուի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանի եւ ադրբեջանցի մարզիկի մենամարտի ժամանակ խայտառակ վարքի, Հայաստանի ներկայացուցիչների վրա հարձակվելու եւ մարզադահլիճում կողմնակի մարդկանց միջոցով բախումներ հրահրելու համար որակազրկվել էր Ադրբեջանի հավաքականը: Աշխարհի առաջնության կազմակերպիչ Ռուսաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Կամիլ Ռաբադանովը մեկնաբանել էր Ադրբեջանի հավաքականի ներկայությունը Մոսկվայում. «Այդպիսի հակամարտություններ պետք է տեղ չունենան մեր մարզաձեւում, քանի որ սպորտը խաղաղության դեսպան է: Դա ուկրաինացի կազմակերպիչների սխալի հետեւանք էր: Մենք ուսումնասիրել ենք մենամարտի տեսագրությունը: Այնտեղ իսկապես խախտում է թույլ տալիս ադրբեջանցի մարզիկը: Կուգ-ֆուի եվրոպական ֆեդերացիան որակազրկել էր Ադրբեջանի թիմին, բայց մենք կատարեցինք դաստիարակչական աշխատանք, հրավիրեցինք կազմկոմիտեի նիստ, եւ ես խնդրեցի միջազգային ֆեդերացիայի նախագահին շանս տալ Ադրբեջանի հավաքականին: Քանի որ Ադրբեջանի թիմը ներողություն է խնդրել Հայաստանի հավաքականից, մենք որոշեցինք շանս տալ նրանց»,- ասել է Ռաբադանովը:

Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Մոսկվա էր ժամանել 15 երկրների մոտ 1000 մարզիկ: Չինաստանը ներկայացված է 15 նահանգների թիմերով: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն էր Արմեն Հարությունյանը, պատվիրակության ղեկավարը Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանն էր:

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Ստոկհոլմում կայացավ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, մեր ըմբիշները վերադարձան 5 մեդալով: 69 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական էր՝ ոսկե մեդալը վիճարկեցին Մալխաս Ամոյանը եւ Ալբերտ Եղիկյանը: Արդյունքում՝ 9:0 հաշվով Եվրոպայի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը: Մինչ եզրափակիչ փուլ հասնելը չեմպիոնը հաղթանակ էր տարել գերմանացի, ռուս, թուրք եւ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին (30:0):

Հայաստանի հավաքականի անդամ՝ Սամվել Գրիգորյանը (50 կգ) եզրափակչում 0:9 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին եւ դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Գալստյանը նույն քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց: Ըմշամարտի համաշխարհային միությունը թույլ է տալիս պատանեկան առաջնություններում՝ յուրաքանչյուր քաշային կարգում, ներկայացնել նույն երկրի 2-ական մարզիկ՝ այս կերպ խթանելով մարզաձեւի զարգացումն ու տարածումը: 54 կգ քաշային կարգային Շանթ Խաչատրյանը եւ 69 կգ քաշային Մալխաս Ամոյանը հաղթելով իրենց բոլոր մրցակցիներին՝ գրավեցին 1-ին տեղը եւ հռչակվեցին Եվրոպայի չեմպիոն: 50 կգ քաշային Սամվել Գրիգորյանը գրավեց 2-րդ, Արթուր Գալստյանը՝ 3-րդ տեղը: Արծաթե մեդալով բավարարվեց նաեւ 69 կգ քաշային Ալբերտ Եղիկյանը՝ եզրափակիչում նա պարտվել էր Մալխաս Ամոյանին:

Մինչեւ 16 տարեկանների թիմը 8-րդն է Եվրոպայում

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 8-րդ տեղը: 7-րդ տեղի համար խաղում Հայաստանի թիմը մրցում էր Սան Մարինոյի հետ: Հաղթելով գրեթե բոլոր քառորդներում՝ Հայաստանի հավաքականը վերջին քառորդում կորցրեց ունեցած առավելությունը եւ պարտվեց 67:73 հաշվով: Մեր թիմն առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը՝ գրավեց 8-րդ տեղը:

Ռուսաստանը կմասնակցի, բայց՝ վերապահումով

«Ռուսաստանը կմասնակցի 2016թ. օլիմպիական խաղերին, սակայն որոշակի վերապահումներով: Այս երկրի մարզիկների մասնակցության կապակցությամբ վերջնական որոշում պետք է կայացնեն մազաձեւերի միջազգային ֆեդերացիաները»,-  հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Բացի այդ նա նշել է, որ Ռուսաստանի սպորտի նախարարության ներկայացուցիչները չեն հավատարմագրվելու Ռիոյի օլիմպիական խաղերին:

Հարկ է նշել, որ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստացել Ռուսաստանի 387 մարզիկ-մարզուհի, սակայն այդ երկրի 68 աթլետներն արդեն որակազրկվել են միջազգային ֆեդերացիայի կողմից: Միայն հեռացատկորդ Դարյա Կլիշինան կմասնակցի Ռիո-2016-ին, այն էլ որպես անկախ մարզուհի: Հիշեցնենք, որ վերջին աղմկահարույց դոպինգային սկանդալների պատճառով Հայաստանի ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը նույնպես զրկվել են 2016թ. օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

Հայաստանը հրաժարվեց Բաքվի շախմատային օլիմպիադայից

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտ չի ներկայացրել շախմատի միջազգային ֆեդերացիա՝ այս տարվա սեպտեմբերին Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային մասնակցելու համար: Այն ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվում է հուլիսի 31-ին, ընդ որում այդ դեպքում ֆեդերացիան պետք է 100-ական եվրո վճարի յուրաքանչյուր մասնակցի համար:

Սակայն, ինչպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն է ասել, իրենք չեն ներկայացրել նախնական հայտը եւ չեն էլ պատրաստվում դա անել: Այդպիսով, Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները բաց կթողնեն 2016թ. շախմատային օլիմպիադան, որը տեղի կունենա սեպտեմբերի 1-14-ը, Բաքվում:

«Սեւանա լիճ-2016»-ում հաղթեց հնդիկ շախմատիստը

Գեղարքունիկի մարզի Մարտունիում ավարտվեց «Սեւանա լիճ-2016» շախմատի միջազգային մրցաշարը: Վերջին՝ 9-րդ փուլում, մրցաշարի առաջատար Սանտոշ Վիդիտը ոչ-ոքի խաղաց լեհացի Յան Քշիշտոֆ Դուդայի հետ եւ վաստակեց 6 միավոր: Նրան հետապնդող ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը պարտության մատնեց Ռոբերտ Հովհաննիսյանին եւ նույնպես 6 միավոր վաստակեց: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց հնդիկ գրոսմայստերը: Մրցանակային 3-րդ տեղը բաժին հասավ Յան Քշիշտոֆ Դուդային:

Ինչ վերաբերում է մեր շախմատիստներին, նրանք շատ «հյուրասեր» գտնվեցին եւ բավական համեստ տեղեր զբաղեցրին. Սամվել Տեր-Սահակյան՝ 5 միավորով 5-րդն էր, Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4 միավորով՝ 7-րդը, Արման Փաշիկյան՝ 3,5 միավորով՝ 8-րդը եւ Հովհաննես Գաբուզյան՝ 2,5 միավորով՝ 10-րդը: ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից, 16-ամյա գրոսմայստեր Սամուել Սեւյանը, 5 միավորով մրցաշարն ավարտեց 4-րդ հորիզոնականում:

Մեր շախմատիստը վստահ գրավեց 1-ին տեղը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանի հաղթանակով ավարտվեց չեխական Պարդուբիցե քաղաքում ավարտված միջազգային մրցաշարը: Մեր շախմատիստը վերջին 9-րդ փուլում ոչ-ոքի խաղաց իսրայելցի գրոսմայստեր Տամիր Նաբատիի հետ եւ վաստակեց 7,5 միավոր: Այդպիսով, նա անհասանելի դարձավ իրեն հետապնդող 2 տասնյակ շախմատիստներից եւ վստահ գրավեց 1-ին տեղը:

9-ը շախմատիստներ վաստակեցին 7-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար չեխ գրոսմայստեր Վիկտոր Լազնիչկան եւ հնդիկ միջազգային վարպետ Ն.Ր. Վիսախը:

Արման Միքայելյանը Փոթիում գրավեց 3-րդ տեղը

Վրաստանի Փոթիում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ միջազգային վարպետ Արման Միքայելյանը: Մեր շախմատիստը վերջին՝ 9-րդ փուլում, սեւերով հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Զաուր Մամադովին, վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 3-րդ տեղը:

Մեր մյուս շախմատիստներից Վահե Բաղդասարյանը նույն արդյունքով գրավեց 5-րդ տեղը, իսկ գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը եւ Գեւորգ Հարությունյանը 6-ական միավորով բաժանեցին 8-9-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պարավյանը, ով դարձավ միակ մասնակիցը, ում հաջողվեց վաստակել 7 միավոր:

Հրանտ Մելքումյանը Վարշավայում էր 3-րդը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած շախմատի Նայդորֆի հուշամրցաշարում Հայաստանը ներկայացրեց մեր հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: 9-րդ փուլում մեր շախմատիստը սպիտակներով հանդիպեց լեհ գրոսմայստեր Գժեգոժ Գաեւսկուն, ով հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ցավոք, պարտություն կրեց եւ 6,5 միավորով գրավեց 3-րդ տեղը:

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը` բրոնզե մեդալակիր

Սլովակիայում ավարտվեց աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան: Մրցաշարի վերջին փուլում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց Սերբիայի հավաքականի նկատմամբ եւ գրավեց 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի թիմի կազմում հանդես էին գալիս Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը եւ Արփինե Գրիգորյանը: Հավաքականի մարզիչն է կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը: Մրցաշարի հաղթող դարձավ Իրանի հավաքականը, իսկ Ռուսաստանը նվաճեց արծաթե մեդալ:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 26 (416), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։