Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Բոլոր ժամանակների օլիմպիական խաղերին (ներառյալ 2000թ.) հայոց մասնակցության հիմնական, թեեւ կատարելությունից հեռու, փաստերը լուսաբանված են ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախկին փոխնախագահ, պրոֆեսոր Միքայել Իսպիրյանի «Հայաստանը եւ հայերը օլիմպիական շարժման ոլորտում» (Եր, 2000թ.), «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատմություն» (Եր., 2002թ.) արժեքավոր աշխատություններում:

Բաղդատական տեղեկատվության հավելմամբ հիշեցնենք, որ անտիկ (թվակարգված) օլիմպիական խաղերը կամ մարզական օլիմպիադաները տեղի են ունեցել Հին Հունաստանի Էլիս երկրամասի (Պելոպոնես թերակղզու հյուսիսարեւմուտք) Ալփեյոս գետի աջ ափին, Օլիմպիա քաղաքում, «սրբազան ամսում»՝ ամառային արեւադարձից (հունիսի 22) հետո առաջին լիալուսնի ժամանակ, ամեն 1417 օրը մեկ (4-ամյա բոլորաշրջանով)՝ ի փառս Զեւս աստվածահոր. պաշտոնապես սկզբնավորվել են մ.թ.ա. 776թ., այսինքն՝ Էրեբունի-Երեւանի հիմնադրումից 6 տարի հետո, Արգիշտիխինիլի քաղաքի հիմնադրման տարում եւ, որպես «հեթանոսական ծես», արգելվել-դադարեցվել քրիստոնեության պետական ընդունումից հետո՝ Հին Հռոմի կայսր Թեոդոս I-ի մ.թ. 394թ. հրովարտակով՝ այսու գոյատեւելով ամբողջ 1170 տարի:

Դեռեւս 18-րդ դարում, ժողովուրդների եւ անհատ մարզիկների օլիմպիական մրցությունների վերականգնումն է նախակարապետել ռուս մեծանուն գիտնական եւ հանրագործիչ Միխայիլ Լոմոնոսովը (1711-1765):

Արդի տեսքով միջազգային մարզական օլիմպիադաները վերածնվել են ֆրանսիացի լուսավորիչ, բարոն Պիեռ Դը Կուբերտենի (1863-1937) անդուլ ջանքերի շնորհիվ, տեղի են ունենում 1896թ-ից, նույն 4-ամյա պարբերությամբ, տարբեր երկրներում:

1924թ. ի վեր, այդ օլիմպիադաներից կամ, որք նույնն են, ամառային օլիմպիական խաղերից զատ, անցկացվում են ձմեռային օլիմպիական խաղեր, թեպետ որոշ ձմեռային մարզաձեւեր ընդգրկված են եղել եւ նախորդ օլիմպիադաների ծրագրում (1908թ-ից՝ ձեւավոր չմշկասահք կամ գեղասահք, 1920թ.՝ սառույցի տափօղակով հոկեյ):

1906թ., արդի I հաջողաշատ օլիմպիադայի 10-ամյակի առթիվ, առաջին եւ վերջին անգամ անցկացվեցին արտահերթ օլիմպիական խաղեր (նույն Աթենքում), որոնք օլիմպիադաների պաշտոնացանկից դուրս են մնացել:

1916, 1940, 1944 թթ. համապատասխանաբար 6-րդ, 12-րդ, 13-րդ օլիմպիադաները չեն կայացել՝ Առաջին (1914-1918) եւ Երկրորդ (1939-1945) համաշխարհային պատերազմների պատճառով:  

Մի բացառադեպ միայն. 1940-ական թթ. 1-ին կեսին նացիստական Գերմանիայի Գրոսբորն եւ Վոլդենբերգ համակենտրոնացման ճամբարներում, ռազմագերի լեհ սպաների նախաձեռնությամբ, ստեղծվել է ճամբարային օլիմպիական կոմիտե, եւ անցկացվել են համանուն մրցումներ:

Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ՝ 1994թ. սկսյալ, ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են ամառային օլիմպիադաներից տարանջատ զույգ տարեթվերին:

2004թ. Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած արդի 28-րդ օլիմպիադայի շրջանակում, գնդի հրման գծով տղամարդկանց եւ կանանց մրցումները խորհրդանշաբար կազմակերպվել են բնօրրան Օլիմպիայի վաղնջական, մարմարապատ մարզադաշտում:

Լայն ազգամշակութային իմաստով հարկ է կարեւորել, որ անտիկ ժամանակների 1-ինից մինչեւ 247-րդ օլիմպիական խաղերը, ըստ թվակարգի, հաղթողների եւ նրանց երկրների, նկարագրված են հույն պատմիչ, պաղեստինյան Կեսարիայի եպիսկոպոս Եվսեբիոս Կեսարացու (մոտ 260-339) «Ժամանակագրություն (Քրոնիկոն)» երկում, ինչն արդի քաղաքակրթությանն է հասել, ի շարս այլ նշանավոր սկզբնաղբյուրների, բացառապես հայերեն թարգմանության պահպանման  շնորհիվ (տե՛ս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ հին թարգմանական գրականություն» (Եր., 1984թ.) աշխատության «Փրկված մատյաններ» բաժինը). քննաբնագիրը, հանդիպադիր լատիներեն թարգմանությամբ եւ հետագա հույն հեղինակների մոտ պահպանված հատվածների միակցմամբ, տպագրվել է հեռավոր 1818թ., Վենետիկի սրբագործ Մխիթարյանների միաբանության ձեռամբ (հանձին Հայկազյան դասական բառարանի համահեղինակ Մկրտիչ Ավգերյանի) եւ, անշուշտ, շատոնց է կարոտ արդի աշխարհաբարով վերահրատարակման:

Տողերիս հեղինակը, հատուկ զատորոշելով, նշանակալիացնում է եւ այն իրողությունը, որ համաշխարհային պատմության  մեջ առ առավելն ընդամենը 5 ազգային պետություններ են չեմպիոններ ունեցել թե՛ անտիկ, թե՛ արդի օլիմպիական խաղերում. Հունաստան, Իտալիա (այն էլ՝ եթե թույլատրելի է վերջինս առանց վերապահումների համարել Հին Հռոմի լիազոր իրավահաջորդ), Եգիպտոս (եթե աչք փակենք Պտղոմեոսների հելլենական Եգիպտոսի եւ այժմյան Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգակազմային էատարբերությունների վրա), Իրան (Պարսկաստան), Հայաստան: Իսկ երկու  (անտիկ+արդի)  օլիմպիական թվականություններում էլ զուտ ազգերի հաղթամասնակցության հիմքով՝ հնարավոր է առանձնացնել նույնչափ սակավ ընտրյալների՝ հույներին, իտալացիներին (հասկանալի վերապահմամբ), պարսիկներին, հայերին (ներառյալ՝ պարթեւական արքայածագումով), հրեաներին (բուն Իսրայելի Պետությունում առաջին օլիմպիական չեմպիոնը երեւան է եկել միայն 2004թ.):

Ընդ որում՝ Հայաստանն ու հայերը, դեռ հնուց անտի, առավել քան բնութագրաբար, միավորված լինելով Հայք միարմատույթով, որն համանույնականացնում էր եւ՛ ողջ երկիրը, եւ՛ նրա տիտղոսազգի ներկայացուցիչներին, միակն են մնում, որոնց օլիմպիական մրցակալների մեծ մասը … գահակալներ են՝ վաղ կամ ուշ թագավորած, իսկ «ոչ թագավորն էլ»՝ 4 օլիմպիադաներում 2 պետություններ ներկայացրած չեմպիոն:

Ահավասիկ այդ եզակի երրորդությունը:

  1. Տրդատ III Մեծ Արշակունի, եռահավանաբար՝ ա) 281թ., բ) անտիկ 265-րդ օլիմպիադայի հաղթող, գ) ըմբշամարտ: Հայոց թագավոր 287-330 թթ., նրա անվանն է շաղկապված Հայաստանն առաջին քրիստոնեական պետությունը դարձնելու համաշխարհային պատմաբեկումը (301թ.), հետագայում սրբացվել է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից՝ կոչվելով Սուրբ Տրդատ Մեծ:
  2. Վարազդատ Արշակունի, 385թ., անտիկ 291-րդ օլիմպիադայի հաղթող, կռփամարտ, հնում անվանվել է նաեւ «բռնամարտ», «ՍցսՈփվօռ ոՏռ» (այլ ոչ թե «բռնցքամարտ», ինչպես կարծում են որոշ հեղինակներ, այդ թվում՝ Մ. Իսպիրյանը. բռնցքամարտի կամ օտար նույնանիշեր boxing-ի, ոՏՍր-ի հետ հանիրավի չշփոթելու համար պիտի կոչել հենց կռփամարտ՝ հին հայերեն «կռուփ»՝ 1. բռունցք, 2. բռունցքի հարված նշանակող բառից, այն իսկ գլխավոր առանձնահատկությամբ, որ կռփամարտիկները հարվածներ մեղմացնող կաշվե կամ այլ փափուկ ձեռնոցներով չէին պայքարում):

Որոշ ուսումնասիրողներ Վարազդատի դափնեբեր մարզաձեւ են հատկորոշում պանկրատիոնը (կռփամարտի եւ ըմբշամարտի հնարքներն համատեղող, այժմ ոչ օլիմպիական ձեւ), այլ մասնագետներ՝ ըմբշամարտը, մի ուրիշ խումբ էլ՝ հին հնգամարտը (պենտատլոն. ստադիոդրոմի՝ 1 ստադիոն=192,27 մ վազքի, հեռացատկի, նիզականետման, սկավառականետման, ըմբշամարտի համալիր մրցաձեւ):

Հայ եւ օտար բազում աղբյուրներ (մասնավորապես Հայկական սովետական հանրագիտարանը. հ.12, Եր., 1986թ.) պնդում են, որ Վարազդատը հաղթել է 393թ., 293-րդ օլիմպիադայում, նրան հռչակելով հին աշխարհի վերջին օլիմպիոնիկեոս (կամ գոնե վերջին օտարերկրացի օլիմպիոնիկեոս):

Սակայն, ինչպես հիմնավորում է Մ. Իսպիրյանը, միակ հավաստին 385թ.-ն  է՝ նախ ըստ դարերի թոհուբոհում հրաշքով չկորսված, Հունաստանի օլիմպիական թանգարանում ցուցադրվող պաշտոնական Հուշագրի (Հուշատախտակ), որն աղյուսակաձեւ հերթականությամբ ներկայացնում է անտիկ օլիմպիադաների կարգահամարները, անցկացման տարեթվերը,  օլիմպիոնիկեոսների անունները եւ նրանց երկրները: Վարազդատի եւ հայության պատվին մեր երկրին փոխանցված՝ Հուշագրի պատճենը պահվում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թանգարանում:

Հանուն ճշմարտության՝ պետք է խոստովանել, որ «Տրդատ, օլիմպիոնիկեոս, ըմբշամարտ, Արմենիա» որքան էլ ցանկալի կապակցությունը տվյալ հունարեն Հուշագրով եւ, ընդհանրապես, առկա օտար աղբյուրներով չի հաստատվում. հավանականային եզրակացության հիմք են ծառայել գլխավորապես Ագաթանգեղոսի եւ Մովսես Խորենացու պատմավկայությունները:

  1. Արմեն Լյուդվիգի Նազարյան, 1996թ., Ատլանտա, ԱՄՆ, արդի 26-րդ օլիմպիադայի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, մինչեւ 52 կգ քաշակարգ, 27-րդ, 28-րդ, 29-րդ օլիմպիադաներում, նույն մարզաձեւում հանդես է եկել Բուլղարիայի դրոշի ներքո՝ 2000թ. (Սիդնեյ, Ավստրալիա) դառնալով կրկնակի օլիմպիական չեմպիոն, մինչեւ 58 կգ, 2004թ. (Աթենք) վաստակելով բրոնզե մեդալ, մինչեւ 60 կգ: 2012թ. նոյեմբերից Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է, ճանաչվել է Բուլղարիայի 2013թ. լավագույն մարզիչ: 2007թ-ից նրա անունը զարդարում է Ըմբշամարտի միացյալ ոճերի միջազգային դաշնության (ՖԻԼԱ) Փառքի սրահը:

Արմեն Մարտիրոսյանը «Հայ զինվոր» պաշտոնաթերթում (Եր., 1997թ.) հրապարակած օլիմպիական լայտմոտիվով «Առաջին չեմպիոնների հնադարը» հոդվածում վստահեցնում է, որ թեեւ «պատմությունը դժբախտաբար չի պահել հայազգի շատ հաղթողների անունները», բայց Վարազդատից  «առաջ էլ կային այդ տիտղոսին արժանացած ուրիշ հայեր եւս, որովհետեւ պատմիչը (ո՞ր պատմիչը.- Գ.Ղ.) այդ մասին հիշատակում է ոչ թե որպես արտասովոր երեւույթ, այլ՝ իբրեւ սովորական փաստ»:

Հիմնվելով Եվսեբիոս Կեսարացու վերոնշյալ երկի վրա՝ որոշ հայ հեղինակներ էլ (Ա. Մովսիսյան, Վ. Մարտիրոսյան, Կ. Աթոյան) ուզում են համոզել, որ անտիկ օլիմպիադաների հաղթողներ են դարձել նաեւ Տիգրան II Մեծ Արտաշիսյանը (մ.թ.ա. II-I դարեր, մենամարտային որեւէ ձեւ), Արշակ I Արշակունին (մ.թ. I դար): Մեզ հասած արքայահատ մետաղադրամի դիմերեսի պատկերից եւ դարձերեսի գրառումից ենթադրվում է, որ մ.թ.ա. I դարում քառաձի երկանիվ կառարշավում օլիմպիոնիկեոս է հռչակվել նաեւ Տիգրան II Մեծի որդին՝ Արտավազդ II-ը:

Այսուամենայնիվ՝ հիշյալների կապակցությամբ անհերքելիորեն «երկաթե» ապացույցներ տակավին չկան:

Կայսերական Ռուսաստանի ականավոր հայագետ Գրիգոր Խալաթյանցն իր «Հայկական էպոսը Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ» ռուսերեն մենագրությունում (Մ., 1896թ.), նույն Եվսեբիոսին վկայակոչելով, հռչակամեծ Տորք Անգեղի անձնանունը եւ անգամ նրա ողջ դյուցազնապատումը մակաբերում է անտիկ 145-րդ օլիմպիադայի (մ.թ.ա. 200թ.) «բռնամարտի» մրցումներում հաղթած «Տորքոս Կողոփոնացու» անվանատվյալներից: Նիկողայոս Ադոնցը, սակայն, առհասարակ ժխտում է այդ օլիմպիոնիկեոսի  հայ լինելու վարկածը՝ նրա անունը հունարեն բնագրից տառադարձելով Մոսքոս:

Մակեդոնիայի արքա Փիլիպոս II-ը պատմության վերնատյաններում իր մշտատեղն է պատվանդանել որպես ոչ միայն աստվածացված Ալեքսանդր Մեծի հայր, այլեւ՝ եռակի օլիմպիոնիկեոս. մ.թ.ա. 356թ. (որդու ծննդյան տարում) հաղթել է ձիարշավում, 4 տարի անց՝  քառաձի կառարշավում, եւս 4 տարի անց՝ երկձի կառարշավում (Վերա Օլիվովա, «Մարդիկ եւ խաղերը», չեխերեն, Պրահա, «Օլիմպիա», 1979թ.): Ինքը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, պատրաստակամություն է հայտնել մասնակցելու վազքի օլիմպիական մրցումներին, եթե միայն «մրցակիցները արքաներ լինեն» (Պլուտարքոս): Ընդսմին՝ իր գերագույն արժանապատվությունից ցածր չի համարել անձամբ ձիակառքեր ներկայացնել օլիմպիադաներին մասնակցելու համար, պատիվներով ազատել է իր զինվորների գերած՝ օլիմպիական խաղերի հաղթող Դիոնիսոդորոսին, ավելին՝ բազմիցս տարբեր երկրներում մարմնամարզական եւ մուսայական մրցումներ է կազմակերպել՝ դրանք երբեմն որակելով օլիմպիական:

Բնորոշ են նաեւ այն առնչակից իրույթները, որ Ալեքսանդրի մոր անունն էր Օլիմպիադա (կամ Օլիմպիա), իսկ նրա ուսուցիչը՝  հին աշխարհի մեծագույն գիտնական Արիստոտելը (մ.թ.ա. 384-322 թթ.), զբաղվում էր օլիմպիական մրցարդյունքների վիճակագրությամբ:

Ինչո՞ւ ենք այս ամենը շեշտադրում:

Խնդիրն այն է, որ, համաձայն Սերգեյ Մամուլովի «Զարմանալի ժողովուրդը՝ հրաշքների երկրից» ռուսերեն վեցհատորյակի (Մ., 1993-2009թթ..) եւ ինձ լոկ բերանացի փոխանցված՝  ինչ-ինչ ֆրանսիական հանրագիտարանի տեղեկության, Ալեքսանդր Մակեդոնացին սերված է սեպվում… հայոց հնազարմ Գնունիների նախարարական ազնվատոհմից… Թե ինչքանով է լուրջ սույնտեսակ  «վկայարանների» արժանահավատությունը, դարձյալ՝ թե կարող եք, լրջորեն ստուգեցեք եւ դատեցեք ինքներդ:

Ըստ միջնադարյան հայ պատմիչներ Մովսես Կաղանկատվացու (8-րդ դար) եւ Ստեփանոս Օրբելյանի (13-րդ դար)՝ Պարսկաստանում Շապուհ II Երկարակյացի  (309-379) օրոք կայացած, պարզվում է, այլընտրանքային կամ այլուրեքյան օլիմպիական մրցությունների մեջ, հայտանշաբար նաեւ այլ անվամբ ծպտվելով, շռնդալից հաղթանակներ է տարել բազմատաղանդ քաջամարտիկ Բաբիկ Սյունին՝ Սյունյաց աշխարհի Անդոկ Նահապետի որդին՝ հայոց Փառանձեմ թագուհու եղբայրը:

Անտիկ օլիմպիադաների հայ հաղթորդների թեման նորագույն պատմաշրջանում յուրուրույն փառահեղությամբ է ինքնին ամփոփել 1998թ. մայիսի 8-ին, հինավուրց Օլիմպիայում, միջազգային օլիմպիական ակադեմիայի՝ «բաց երկնքի տակ» թանգարանի տարածքում, արդի օլիմպիական շարժման հայր Պիեռ Դը Կուբերտենի սիրտն, ըստ կտակի, անթեղող հուշակոթողի կողքին, Վարազդատ Արշակունու մարմարե կիսանդրու (քանդակագործ՝ Լեւոն Թոքմաջյան, Nota Bene Օլիմպիայի իսկ մարզադաշտի կառուցանյութով) տեղադրումը, մի անզուգական հանդիսանք, որի բայոյաքաղաքական թանկարժույթը բազմապատկված վավերացվեց 69 պետությունների օլիմպիական ազգային ակադեմիաների շուրջ 160 ղեկավարների եւ այլ պատվիրակների երախտագետ ներկայությամբ:

Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության:

Եթե ազնիվ մրցապայքարում հաղթած անտիկ օլիմպիոնիկեոսները մեծարվել են օլիմպիական հենց աստվածների հանգույն՝ քանց «անմահներ», ի կենդանվույն արժանանալով փառարձանների եւ երկնամբարձ պատիվների, ապա այժմյան օլիմպիական չեմպիոնների պատվակոչումը «ցմահ» է ընդամենը՝ թող որ առանց «էքս- (նախկին)» սահմանափակիչի, բայց, որ ամենակարեւորն է, ունի իրեն ոչ թե լոկ չզիջող, այլ բազմակողմանիորեն գերազանցող «մրցակից», որպիսին է ֆուտբոլի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այլ կերպ ինչպե՞ս կհրամայեիք գնահատել այն ֆենոմենները, որ՝

ա) ֆուտբոլի աշխարհի առաջնությունների  (ՖԱԱ) եզրափակիչ մրցաշարերը ոչ միայն, ի տարբերություն մյուս օլիմպիական մարզաձեւերի մեծագույն մասի, անցկացվում են 4 տարին մեկ, ոչ միայն մարմնացնում են այն տիպար, «օլիմպիադաների զարդ»  (ՖԻՖԱ-ի նախկին, այժմ՝ պատվավոր նախագահ, արդեն 100-ամյա Ժոաո Ավելանժ) մարզաձեւի  արտաօլիմպիական գագաթնակարգը, ինչն, օլիմպիադաների շահեկան զուգանմանությամբ, իր չեմպիոններին եւս արտոնում է  «ցմահ» ցենզը, այլեւ, ընդհանուր առմամբ, ինչպես քանակական, այնպես էլ որակական հարաչափերով մոլորակի առավել բարձրավարկանիշ միջոցառումներն են. այստեղ բոլոր առումներով տոն են տալիս միմիայն ուժեղագույն ազգային հավաքականները (մինչդեռ օլիմպիական հավաքականներում թույլատրվում է ներառել մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստների՝ բացառությամբ սոսկ 3 մեծահասակների), շատ ավելին է թե՛ մասնակից հավաքականների թիվը (1982-1998 թթ.՝ 24, 1998թ-ից՝ 32, օլիմպիադաների 16-ի դիմաց), թե՛ ամեն հավաքականի հայտավորվող անդամների թիվը (մինչեւ 23՝ օլիմպիադաների մինչեւ 20-ի դիմաց), շնորհում են մեդալապարգեւների առավել հարուստ լրակազմեր (1966թ-ից՝ 1-4-րդ տեղեր գրավածներին. 2-րդ տեղի համար՝ ոսկեջրված արծաթ եւ այլն): Առաջինն են նաեւ անմիջական հանդիսատեսների, ռադիոհեռուստատեսային ու համացանցային լսարանների թվային հանրագումարով, տնտեսական ու ինչո՞ւ միայն տնտեսական շահավետությամբ եւ այլն. պատահական չէ, որ ֆուտբոլի օլիմպիական եզրափակիչ մրցաշարերի խաղերի որակավոր մեծամասնությունն անգամ, դերով ու նշանակությամբ, չի կարող «մրցել» ՖԱԱ որոշիչ ընտրական հանդիպումների հետ.

բ) Միջազգային օլիպմիական կոմիտեն 1999թ. 20-րդ դարի լավագույն մարզիկ ճանաչեց «ֆուտբոլի արքա» ու, նաեւ այդ ճանաչման ուժով, ուստի, «համայն սպորտի արքայից արքա», աշխարհի միակ եռակի չեմպիոն ֆուտբոլիստ բրազիլացի Պելեին (ծնվ. 1940թ., ում նշյալ  հայեցի մականվանը դեռ կանդրադառնանք. ի դեպ՝ ձեւականորեն շատ ավելի բազմատիտղոս է մի այլ փառաբանյալ բրազիլացի Մարիո Զագալոն՝  համաշխարհային 4 ոսկիներով, որոնցից 2-ը՝ խաղացողի (1958, 1962), 1-ը՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի (1970), 1-ը՝ գլխավոր մարզչի օգնականի (1994), կրկին գլխավոր մարզչի 1 ոսկեջրված արծաթով (1998) եւ հայրենի օլիմպիական հավաքականի ավագ մարզչի 1 բրոնզով (1996)), ով երբեք չի էլ մասնակցել օլիմպիական խաղերին, մինչեւ իսկ՝ ընտրական փուլին: Թեեւ նույն ինքը՝ մեծամեծն Պելեն 2015թ., հերթական վիրահատությունից հետո, ինչպե՞ս չարժեւորել, բարձրաձայնեց իր նվիրական իղձը փաստացի նոր պատմամուտ ազդարարելու եւ մի այլ դարագլուխ բացելու հայրենիքում մեկնարկելիք առաջիկա օլիմպիադայում՝ իր թեկուզ ոչ ազգային (չասելու համար՝ երկրորդային) հավաքականի կազմում լիարյուն մրցելույթով, ի հեճուկս ծերունամերձ տարիքի (,) բոլոր հիվանդությունների եւ ի հաճույս ողջ մարդկության, ով, ամենայն հավանականությամբ, կվառի Ռիո Դե Ժանեյրոյի վերակառուցված «Մարականա» մարզադաշտի օլիմպիական ջահը: Հիրավի լեգենդար հրաբխաշունչ թատերաբեմ, որի նախաստեղծ «խառնարանում» դեռ 1950թ. կայացած՝ 4-րդ ՖԱԱ-ի վճորոշ խաղին (Բրազիլիա-Ուրուգվայ՝ 1:2) ներկա են եղել արար մարզաշխարհի տարեգրության մեջ անգերազանցելի անդրանիշ (ռեկորդ) նշանավորած վիթխարաթիվ (տարատվյալներով՝ մինչեւ 203 հազար) հանդիսականներ…

գ) Իրենց բավականաչափ կրթյալ համարողներից քանի՞սն են  աշխարհում նույն Պելեի հիմնապատկերին ճանաչում, օրինակ, մեր ժամանակի անվերապահ հերոս, 18-ակի օլիմպիական չեմպիոն, յուր 5-րդ օլիմպիադային հայտագրված ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսին կամ, թեկուզ, երկարուձիգ 28 տարիների ընթացքում, այն էլ՝ պատերազմական ընդմիջումներով կայացած իրարահաջորդ 6 օլիմպիադաներից յուրաքանչյուրում (1932, 1936, 1948, 1952, 1956, 1960) հաղթած, ընդհանուր 7 թիմային ու անհատական ոսկիներ նվաճած հունգարացի սուսերամարտիկ Ալադար Գերեւիչին…

Եվ սրանք, համաձայնեք, սոսկական հռետորահարցեր չեն:

Գարեգին Ղազարյան

«Լուսանցք» թիվ 26 (416), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։