Զսպվածությունը՝ ողբերգությունից խուսափելու ձեւ – «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները խոսում են նրանց պլանների ու ծրագրային քայլերի բացակայության մասին…Զինյալներն ամեն բան արեցին, որ ահաբեկչի անուն ձեռք բերեն…

Հուլիս 26-ին «Ալյանս» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ միանում է Երեւանում ծավալվող բողոքի շարժմանը, եւ մեծ կազմով միանալու է ցուցարարներին. «Մենք ողջունում ենք քաղաքակիրթ, խաղաղ ու չափազանց բարձր մակարդակով կազմակերպված երթն ու հանրահավաքը: Դա ժողովրդի զանգվածային կամաարտահայտում է, որից «Ալյանս»-ն անմասն մնալ չի կարող»,- ասվում է հայտարարության մեջ, որը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ըստ կուսակցության մամուլի քարտուղար Վարդան Քոչարյանի, իրենց ղեկավարն «իր քաղաքական կարիերան, որոշումները կառուցել է եւ շարունակում է կառուցել զուտ իր անձնական եւ քաղաքական մոտեցումներից ելնելով, այլ ոչ թե ինչ-որ այլ՝ այդ թվում եւ ազգակցական, կամ ինչ-որ այլ կապերի միջոցով» եւ, փաստորեն, կապ չունի որ նա ԱԱԾ տնօրեն Կուտոյանի մորաքրոջ տղան է:

Իսկ այն հարցին, թե հարկ եղած դեպքում նաեւ զե՞նք կվերցնի ու կպայքարի Տիգրան Ուրիխանյանը, մամլո քարտուղարը նշել էր, որ իրենք քաղաքակիրթ եւ խաղաղ՝ բարձր մակարդակով կազմակերպված պայքարի ձեւի կողմնակից են:

Մինչեւ որոշ քաղաքական ուժեր փորձում են հայտնվել այս կամ այն ճակատում, բոլորին անհայտ Արթուր Սարգսյանը իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ սննդով բեռնած, չգիտես ինչպես ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել է ազատ տարածքի մուտքի մոտ: Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա, նա ոչ մի վնասվածք չի ստացել եւ սնունդը տեղ է հասցրել…

Ինչպե՞ս նա կարողացավ ճեղքել ոստիկանական պատնեշը, ինչու՞ ոչ մի փամփուշտ չհասավ ինքնազոհողության պատրաստ Արթուրին, շատ կասկածներ են առաջ բերում: Երեւի հենց դա էր պատճառը, կասկածը, որ սնունդը քնաբերով լցոնված կլինի, այդ մի մեքենա սնունդը մնաց ազտտ գոտու տարածքում առանց ձեռք տալու, որը հետո ոստիկանները հանեցին ու տարան որպես թափոն: Իսկ Արթուր Սարգսյանը մնաց զինյալների տարածքում:  

Ազգային անվտանգության ծառայությունը հերթական հայտարարությունը տարածեց՝ նշելով, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները։ «ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի եւ առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաեւ գուքի ոչնչացումը: Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ: Հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսեւորել ողջամիտ զսպվածություն: Ուստի, նոր հանցանքների կատարումը կանխելու եւ խափանելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ: Լավատեղյակ լինելով հանցավոր խմբի անդամների մտադրություններին եւ նախապատրաստած հանցավոր արարքներին, զգուշացնում ենք, որ մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով: Զինված խմբի անդամների գործողությունների նախահարձակ եւ սադրիչ բնույթը հիմնավորվում է նաեւ օրենքով սահմանված կարգով ստացված հետեւյալ ձայնագրությամ»,- ասված է ԱԱԾ հայտարարությունում։ Հաղորդագրության վերջում ԱԱԾ-ն տեղադրել է ձայնագրություն, որը վկայում է, որ զինված խմբի որոշ անդամներ իրենց կամքին հակառակ են այնտեղ պահվում։

Ավելի վաղ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես նաեւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Քիչ անց լուր տարածվեց, թե Պավել Մանուկյանն ու որդին մահացել են, սակայն հետո բժիշկները հերքեցին այդ լուրը, նրանք վիրահատվել են եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Փոխհրաձության մասին հաղորդագրություն էր տարածել նաեւ «Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջը՝ մասամբ հաստատելով ոստիկանության ներկայացուցչի հրապարակած տեղեկատվությունը: Այստեղ, մասնավորապես, նշվում է, որ ոստիկաններն են մուտք գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գեւորգ Իրիցյանը եւ հավանաբար խմբի այլ անդամներ: «Ոստիկանները առեւանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի եւս մեկ անդամի»,- ասված է «Սասնա ծռեր» ֆ/բ էջի հրապարակած հաղորդագրությունում:

Իրավապահները հերքեցին դեպքերի նման մեկնաբանությունը եւ հայտնեցին, որ իրենց տվյալներով՝ զինված խմբի եւս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: «Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են»,- ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ տեղեկացնում էր Աշոտ Ահարոնյանը:

Իսկ այդ օրը երեկոյան տեղի ունեցած հանրահավաքից հետո կազմակերպիչները որոշել էին չմնալ Խորենացի փողոցում եւ գնացել էին տուն: Եվ հանրահավաքից հետո տեղում մնացած մարդկանց զարյույթը մեծ էր՝ առաջնորդները տուն գնացին, զինյալները բախվեցին ու վիրավորվեցին, իսկ հավաքի մասնակիցներից շատերին բերման ենթարկեցին: Այդ նույն մարդիկ բողոքում էին, որ հուլիսի 26-ին մեծ թափով մեկնարկած հանրահավաքը հաստատ վճռական կդառնար, եթե բոլորը գիշերեին միասին, բայց ցրվեց ու ավարտվեց դժգոհությամբ: Քաղաքացիներին օրվա հռետորները գրեթե ստիպողաբար տուն ուղարկեցին: Իսկ մինչ այդ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը 3 րոպե ժամանակ տվեց ոստիկանությանը, որպեսզի վերականգնվի ՊՊԾ գնդի ներսում գտնվողների կապի միջոցները եւ իրենք տեղեկանան, թե տղաներն ինչ վիճակում են՝ հակառակ դեպքում նա սպառնաց անցնել կտրուկ քայլերի: Անցավ 15- 20 րոպե, հռետորը այս անգամ էլ 2 րոպե ժամանակ տվեց ոստիկաններին: Իսկ ցուցարարները վիճում էին ոստիկանների հետ, թե ինչու չի կատարվում պահանջը: Երկխոսության մեջ մտնելու մտադրություն չցուցադրեցին ոստիկանները, սակայն, կտրուկ քայլերի չդիմեցին հանրահավաքի պատասխանատուները: Ելույթ ունեցավ Գերագույն խորհրդի նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը՝ ասելով, որ իշխանություններն այսօր չեն քնելու: Ապա թե. «Մենք գիտակցում ենք պահի լրջությունը եւ լարվածության չենք գնալու»: Ու այդուհետ հանրահավաքի պատասխանատուները, չնայած դեմ արտահայտվողների հոծ զանգվածին, հորդորեցին լքել տարածքը: Կոշտ ելույթով հանդես եկավ նաեւ Անդրեաս Ղուկասյանը՝ «Սերժի՛կ, սիկտի՛ր»,- հայտարարեց նա, բայց նորից որեւէ գործողության ականատես այդպես էլ չեղանք: Տուն գնալու կոչով հանդես եկավ նաեւ Պարույր Հայրիկյանը եւ այստեղ հանրության նյարդերը տեղի տվեցին՝ «Հայրիկյանին հեռացրե՛ք» բղավեցին ու հայհոյեցին նրան: Բանախոսները փորձեցին հանգստացնել մարդկանց՝ ասելով՝ հավատացեք, այստեղ ամեն բան կարգին է, միեւնույն ժամանակ նկատեցին, որ դժվար էր նման որոշում կայացնելը, բայց սա է ճիշտը: «Մենք իրար հետ ճանապարհ չենք անցել, բայց ամեն բան կարգին է»,- համոզում էր Ալբերտ Բաղդասարյանը:

Հաջորդ օրը բանախոսնեը պիտի մեղադրեին իրենց, որ չմնացին հերթապահության…

Իսկ ոստիկանությունը արդեն պահանջել էր Խորենացի փողոցի հավաքի փաստացի ղեկավարներից, որ հավաքները տեղափոխեն այլ վայր: Երեւանի Խորենացի փողոցի արգելափակված հատվածի անմիջական հարեւանությամբ կազմակերպվել են տարաբնույթ հավաքներ, որոնք կրել են չիրազեկված բնույթ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 20-ի հավաքի ընթացքում մի խումբ անձինք ակնհայտ ագրեսիվ նախատրամադրվածությամբ, իրենց հետ նախապես բերված քարերով եւ այլ առարկաներով հարձակվել են ծառայություն իրականացնող ոստիկանների վրա, հարվածներ հասցրել նրանց, փորձել են խլել հատուկ հանդերձանքը, ինչի հետեւանքով տուժել են շուրջ 5 տասնյակ անձինք: ՀՀ ոստիկանությունն անկարգությունները, այդ թվում՝ մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար հարկադրված է եղել կիրառելու հատուկ միջոցներ:

Նշվել է, որ բացի այդ, ՊՊԾ գնդի տարածքի վրա զինված հարձակման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել հավաստի տվյալներ առ այն, որ զինված խմբի անդամներն անմիջականորեն ուղղորդում եւ ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող անձանց՝ կազմակերպելու եւ իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող եւ բախումներ հրահրող հանցավոր գործողություններ: Օրինակ է բերվել, որ հուլիսի 21-ին ձերբակալված անձանցից մեկը փորձել է նռնակ բերել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչեւ նշված վայր հասնելը, իսկ հուլիսի 22-ին ձերբակալված մեկ այլ անձ փորձել է բենզինով եւ յուղով շշալցված պայթուցիկներ («մոլոտովի կոկտեյլ») տեղափոխել նույն վայր:

Հաղորդագրությունում ասված էր նաեւ. որ առկա են արժանահավատ տվյալներ առ այն, որ շշալցված պայթուցիկները նախատեսված են եղել Խորենացի փողոցի ոստիկանական շղթան ճեղքելու, հատուկ միջոցառումների իրականացման գոտի ներխուժելու եւ զինված խմբի կողմից հափշտակված հրազենին տիրանալու համար: Հետեւաբար, հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանը, ինչպես նաեւ հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով:

Հավաքից հետո, որոշ քաղաքացիներ բերման ենթարկվեցին՝ հասարակական կարգը խախտելու պատճառաբանությամբ: Բերման ենթարկվեց նաեւ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ապա նաեւ Ալեք Ենիգոմշյանը, ով հայտարարել էր, թե հավաքի վայրը չեն փոխելու: Ապօրինի զենք պահելու կասկածանքով 3 անձ եւս բերման են ենթարկվել՝ Մհեր Մինասյանը, Մելիք Դավոյանը, Աշոտ Նաջարյանը: «Զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր  պահելու կասկածանքով նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք»,- ասացին վարչությունից: Այդ օրը Խորենացի փողոց էին եկել նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, Քաղաքացիական պայմանգիր կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը,  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, սակայն նրանց նկատմամբ չկիրառվեց որեւէ ոստիկանական միջոցառում:

Բոլոր վիրավոր զինյալներն ու ոստիկանները հիվանդանոցներում են հայտնվել ու բուժում է իրականացվում նրանց նկատմամբ: Այնուհետեւ վիրավորները տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Պետք է նշել, որ «Սասնա ծռեր»-ի բոլոր վիրավոր անդամների նկատմամբ՝ նրանց գիտակցության գալուց անմիջապես հետո մեղադրանքներ են առաջադրվել եւ կալանավորման որոշումներ կայացվել: Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Աշոտ Պետրոսյանին  մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Պավել եւ Արամ Մանուկյաններին, Գագիկ Եղիազարյանին ու Արամ Հակոբյանին նույնպես մեղադրանքներ են առաջադրվել, որոնք գրեթե նույն ձեւակերպումն ունեն եւ հղվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Մինչ «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում էր, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման առաջին իսկ օրվանից պատրաստակամություն է հայտնել «բոլոր հնարավորությունները ներդնել հարցի հանգուցալուծումը անարյուն գտնելու համար», վիրավորների ցանկը ավելանում էր: Բանտում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավարը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով «Ազատությանը» փոխանցած հայտարարությունում ասել է.- «Հույս ունենալով, որ իշխանությունները օր առաջ կսթափվեն եւ կնստեն բանակցությունների, ներկայումս չեմ ցանկանում բանակցությունների մանրամասներին այժմ անդրադառնալ՝ այդ պրոցեսը որեւէ կերպ չվտանգելու համար։ Մենք ունենք հստակ քաղաքական ծրագիր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ակնհայտ է, որ բանակցային պրոցեսի ուշացումը տանում է դեպի իրավիճակի լարման, որի պայմաններում կարող են նոր բախումներ, վիրավորներ եւ մարդկային կորուստներ լինել, ինչը անշուշտ, իշխանությունների մեղքն է լինելու»։ Իսկ Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ զինված խմբի հետ բանակցությունների վերաբերյալ առայժմ որեւէ տեղեկություն չեն կարող հաղորդել։

Շատերի նման քաղաքագետ Արթուր Ղազարյանը եւս նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները խոսում են նրանց պլանների ու ծրագրային քայլերի բացակայության մասին: «Բանական մարդու ուղեղում չի տեղավորվում, թե «Սասնա ծռեր»-ն ինչու են նման քայլեր անում: Սկզբից՝ հուլիսի 17-ին պատանդներ վերցրեցին, հետո ազատ արձակեցին, հիմա կրկին պատանդներ են վերցնում, այն էլ բժիշկների, մեքենաներ են այրում, հարձակվում են, օդ են կրակում: Այս ամենը իրենց ծրագիր չունենալու պատճառով է: Ծրագրի բացակայությունը բերում է սպոնտան քայլերի»,- ասել է նա, ում կարծիքով‘ոստիկանության ՊՊԾ գնդի ներսում գտնվող զինված անձանց որոշումներում տարակարծություն կա եւ խմբի ներսում համախմբված չեն. ««Սասնա ծռեր» խմբի անդամների որոշումներն անգամ համախմբված չեն կայացնում, որքան էլ նրանք մի խումբ են, բայց նրանք տարբեր մարդիկ են, տարբեր գաղափարների տեր: Բնականաբար, ոչ բոլորը կհամաձայնեն պատանդ վերցնել բժշկի»: Ըստ քաղաքագետի, բոլորի ձեռքերում զենքի առկայությունը ստիպում է նահանջ կատարել, եթե նույնիսկ որեւէ հարցում փորձեն իրար հետ չհամաձայնվել:

Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել են այն բժիշկների լուսանկարները, որվքեր հուլիսի 27-ի լուսադեմից գտնվում են ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում։ Իսկ «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ  Ալեք Ենիգոմշյանը պնդում է, որ նրանք պատանդներ չեն, եւ «Սասնա ծռեր» խումբը պատրաստ է նրանց բաց թողնել, եթե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ փոխարինող բժիշկների խումբ այցելի՝ ՊՊԾ գնդի տարածք։ Նախարարն այցելեց, սակայն ոստիկանները իրավունք չունեին նրան ներս թողնելու: Հետո էլ հայտարարեցին, թե պատգամավորները պիտի գան իրենց մոտ՝ երեւի թե ԱԺ արտահերթ նիստ անելու համա՞ր...

Առողջապահության նախարարությունը հայտնել էր, թե իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների՝ երկու բժշկի՝ Նորայր Թեւանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: Թե Հայաստանի ու Սփյուռքի հայ բժիշկները, թե օտարերկրյա բժիշկներն ու դիվանագետները քննադատեցին այս քայլը՝ նշելով, որ անգամ Ֆաշիստական Գերմանիայի, Պինոչետական Չիլիի կամ չեչենական գրոհայինների ու իսլամական ծայրահեղականների… մոտ չկա նման բան, բժիշկներն ազատ պիտի կատարեն իրենց պարտքը բոլորի նկատմամբ… Մեր հանրության մեջ եւս սա չընկալվեց. «Սա ուղղակի հային ոչ հարիր վերաբերմունք է բուժաշխատողի նկատմամբ». ասում է բժիշկներից Ա. Ասոյանը:

Հուլիսի 28-ի հավաքը ժամը 22:00-ի դրությամբ Ազատության հրապարակում էր: Ինչպե՞ս կանցնի գիշերը, հնարավո՞ր է, որ ոստիկաններն արդեն ավելի կտրուկ գործեն՝ ըստ իրենց հայտարարության պահանջների:

Իսկ հավաքի մասնակիցները որոշել են, որ Հակաճգնաժամային նախաձեռնող խումբը առայժմ կղեկավարեն պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, չնայած սա բոլորի սրտով չէր: Ինչեւէ, հետեւենք դեպքերի զարգացմանը, որը, այնուամենայնիվ, գնալու է հանգուցալուծման:

Պարզապես ցանկալի է, որ այն այլեւս անարյուն ընթանա: Մեր երկրում շա՜տ, շա՛տ լուրջ խնդիրներ ունենք: Դրանց թիվն ավելացնել պետք չէ: Ընդհակառակը՝ օր առաջ թեկուզ մեկով նվազեցնելը բոլորիս շահերից է բխում: Հանրությունը բաժանվել է տարբեր խմբերի, մի խումբը չի հանդուրժում մյուսի տեսակետը, բոլորը բոլորի մեջ ներքին թուրք են փնտրում, հրահրում կտրուկ քայլերի: Սա վտանգավոր է չափազանց ու կարող է ողբերգական ավարտվել: Զգոն ու զուսպ լինենք:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 26 (416), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։