Միայն թե երկկողմ ծրագրերը Երեւանն ու Թեհրանը որոշեն – Երկկուստեք ցանկությունը կա, բայց լինում են դեպքեր, երբ ծրագրերի միայն քննարկումը տասնամյակից ավելի է տեւում… Իրանը Հայաստանով գազ կտա Վրաստանին…

Միայն թե երկկողմ ծրագրերը ՀՀ-ն ու ԻԻՀ-ն որոշեն

Էներգետիկայի, գազի, նավթի, նավթամթերքների եւ հանքարդյունաբերության բնագավառում հայ-իրանական համագործակցության ծրագրերի իրականացման ընթացքի, ինչպես նաեւ ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցերի քննարկման նպատակով հուլիսի 25-27-ը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Ինչպես տեղեկացանք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, այցի շրջանակներում Լ.Յոլյանը հանդիպումներ է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Է. Ջահանգիրիի, էներգետիկայի նախարար Հ. Չիթչիանի, նավթի նախարար Բ. Զանգանեի, արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Մ. Նեմաթզադեի հետ: ՀՀ նախարարը գոհ է մնացել. հանդիպումներն ընթացել են շատ ջերմ եւ բարեկամական միջավայրում, արծարծվել է հայ-իրանական, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ: Բոլոր հարցերի քննարկումներն անցել են փոխըմբռնման եւ համաձայնության բարձր մթնոլորտում: Իրանական կողմն իր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության տարբեր ծրագրերի իրականացման, գործակցության դաշտի խորացման եւ ընդլայնման կապակցությամբ:

Անդրադարձ է եղել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ բարձրավոլտ օդային գծի, Մեղրի եւ Ագարակ համայնքների գազիֆիկացման ծրագրերին: Դիտարկվել են Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման ծրագրի աշխուժացման, այլ եղանակներով իրականացման հնարավորությունները:  

Հայ-իրանական եւ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում քննարկվել են փոխգործակցության ընդլայնման, գազի գնման եւ վաճառքի հետ կապված հարցերը: Իրանի նավթի նախարարության հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ առաջիկայում հարցին վերջնական իրավական լուծում տալու վերաբերյալ:

Հանդիպումների ժամանակ իրանական կողմն իր հետաքրքրվածությունն է ներկայացրել Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրակացանելու, 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ հողմակայաններ կառուցելու, ինչպես նաեւ իրանական հեղինակավոր արտադրողների մասնաճյուղեր բացելու կապակցությամբ:

Ընդհանրապես հայ-իրանական թեման Հայաստանի համար կարեւոր թեմա է: Ու ոչ միայն հայերիս, այլեւ՝ իրանցիների համար: Երկկողմ ամուր փոխգործակցությունն անհրաժեշտություն է երկու երկրների համար էլ եւ անհրաժեշտություն է ամենատարբեր ոլորտներում: Տարբեր ձեւաչափերով հանդիպումներն ու արարողակարգերը դա են վկայում՝ երկկուստեք ցանկությունը կա: Այս հարաբերություններում խնդիրն այն է, որ բոլոր ծրագրերը բավականին երկար գործընթաց են անցնում՝ սկսվելուց առաջ: Ծրագիր կա անգամ, որի միայն քննարկումը տասնամյակից ավելի է տեւում…

Իհարկե, կարող են լինել օբյեկտիվ պատճառներ՝ տեխնիկական, ֆինանսական, կառուցվածքային, բայց, համաձայնեք, տասնամյակով տնտեսական հարցի քննարկումը  անհեթեթ է: Մանավանդ այն պարագայում, երբ, կրկնում եմ, երկու կողմերն էլ մշտապես շեշտում են փոխգործակցության պատրաստակամությունը: Ուրեմն՝ ի՞նչ է խանգարում: Հայկական եւ իրանական կողմերը, առանց բացառության, բոլո՛ր հանդիպումներում են նշում, որ երկկողմ համագործակցության մեծ ներուժ կա, բայց այն իր ամբողջ ծավալով չի իրացվում: Կարող եմ ենթադրել, որ կլինեն նաեւ սուբյեկտիվ պատճառներ, բայց՝ ոչ հայկական կողմից: Քանզի Հայաստանը այնքան քիչ բարեկամներ ունի, որ ընտրելու շռայլություն իրեն թույլ չի տա: Իրանական կողմից ձգձգման պատճառը կարո՞ղ է լինել ֆինանսականը: Հազիվ թե, մանավանդ, որ ներդրվող գումարները Իրանի պես պետության համար այնքան էլ որոշիչ չեն եւ, մանավանդ, որ Իրանը ներդրածի դիմաց էլէներգիա է ստանում: Այլ տարբերակ էլ կա.   հաճախակի խառնվել է  սկսել Ռուսաստանը…

Աստղինե Քարամյան

Իրանը Հայաստանով գազ կտա Վրաստանին

Իրանը փորձնական համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու մասին։

Ինչպես փոխանցում է իրանական «Իրնա» գործակալությունը, այս մասին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի հետ հանդիպման ավարտին ասել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն։ Նա նշել է, որ հայկական կողմը ժամանել է իրանցի գործընկերների հրավերով բանակցություններին մասնակցելու, որոնց նպատակն է քննարկել գազի տարանցման հետ կապված հարցերը Վրաստան։ Իրանական կողմը հավանություն է տվել նախաձեռնությանը։

Փոխվել է նաեւ կազմակերպությունը, որը Հայաստանում իրանական գազ է գնելու։ Ի դեպ, նախկինում դա Երեւանի ՋԷԿ-ն էր: «Իհարկե, Հայաստանը փոքր սպառող է, սակայն կարող է կարեւոր ուղի բացել իրանական գազը արտահանելու համար։ Այդ ոլորտում կողմերի միջեւ համաձայնություն կա»,–- ասել է նա։ Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանը մեծացրել է իրանական գազի գնման պահանջարկը եւ 2018թ. վերջին կցանկանար Իրանից օրական 3 մլն խ/մ ծավալով գազ ներմուծել: Համեմատության համար նշենք, որ ներկայիս ցուցանիշը 1 մլն խմ է:

Տեղեկացնենք, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ գազ–էլեկտրաէներգիա բարտերի գործակիցը փոփոխվել է։ Նախկինում Իրանը ստանում էր 3կՎտ/ժ էլեկտրաէներգիա յուրաքանչյուր խմ գազի համար, իսկ հիմա կստանա 3.2կՎտ/ժ էլէներգիա։

Իրան-Հայաստան գազատարի հզորությունը կազմում է տարեկան 2.3 մլրդ խմ։

«Լուսանցք» թիվ 26 (416), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։