Հայաստանի դպրոցականների օլիմպիական մեդալները «Կենսաբանություն»-ից… Մարզաշխարհի խաչմերուկներում` մեկ հեւքով.- Հայաստանը՝ «Տանկային բիաթլոնի» 1-ին եւ 2-րդ մրցանակակիր… 33 օլիմպիական հայ մարզիկներ՝ 9 մարզաձեւերում… Շնորհակալագրեր՝ հայազգի լեռնագնացներին… Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց չեմպիոնի կոչումը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք ու բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայաստանի թիմը 3 բրոնզե մեդալի է արժանացել

Վիետնամի Հանոյ քաղաքում հուլիսի 17- 24-ը կայացած 2015-2016 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը կրկին արձանագրել է հաջողություն՝ շահելով 3 բրոնզե մեդալ: Մեդալների են արժանացել՝ «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը,  Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Հայկ Հարությունյանը եւ «Այբ» ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Աղաբեկյանը: ՀՀ հավաքականը ղեկավարել են Գայանե Ղուկասյանը՝ ԵՊՀ և Մերի Հովսեփյանը՝ «Այբ» ավագ դպրոց:

Նշենք, որ օլիմպիադային Ադրբեջանի հավաքականն արժանացել է 1 պատվոգրի, Ռուսաստանի թիմը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ, Իրանի հավաքականը՝ 1 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Թիմային արդյունքում հաղթող է ճանաչվել Սինգապուրի հավաքականը՝ նվաճելով ՝ 4 ոսկե մեդալ:  Վրաստանի ու Թուրքիայի հավաքականները մնացել են առանց մրցանակի:

Հիշեցնենք, որ Հայաստանի 3 թիմերը՝ ընդամենը 15 մասնակից, մասնակցելով միջազգային երեք օլիմպիադաների՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» եւ «Կենսաբանություն» առարկաներից,  արժանացել են 12 մեդալի՝  ոսկի՝ 1, արծաթ՝ 3, բրոնզ՝ 8 եւ պատվոգիր՝ 1:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Հայաստանը՝ «Տանկային բիաթլոնի» 1-ին եւ 2-րդ մրցանակակիր

Հայ տանկիստները մասնակցեցին Ռուսաստանի Դաշնությունում եւ Ղազախստանում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» եւ «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին:

«Տանկային բիաթլոն»-ում Հայաստանի տանկիստներն 1-ին անհատական մրցույթում 1-ին տեղն են գրավել: Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներում հայ տանկիստները գրավել էին՝ 2-րդ տեղը:

Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 1-ին «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» «Անհատական մրցավազքի» 2-րդ փուլին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Նիկարագուայի, Անգոլայի եւ Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է Հայաստանի զինված ուժերի տանկային 2-րդ անձնակազմը: Տանկի հրամանատարն է լեյտենանտ Նարեկ Դանիելյանը, նշանառու-օպերատորը՝ եֆրեյտոր Արտյոմ Մովսիսյանը, մեխանիկ-վարորդը՝ շարքային Գեւորգ Շմավոնյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղեկացրել են, որ Հայաստանի ԶՈՒ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 27 րոպե 20 վայրկյանում եւ զբաղեցրել մրցափուլի 2-րդ հորիզոնականը: Մրցափուլի առաջատարն էր Ղազախստանի տանկային անձնակազմը՝ 23 րոպե 131 վայրկյան ցուցանիշով: 3-րդ տեղում է Ղրղզստանի անձնակազմը, որը մրցուղին անցել է 28 րոպեում։ Մեր զինված ուժերի տանկային 3-րդ անձնակազմը «Անհատական մրցավազքին» կմասնակցի օգոստոսի 5-ին:                

Օլիմպիական ավանում հրդեհ է բռնկվել

Ռիո դե Ժանեյրոյի 2016թ.ամառային օլիմպիական խաղերի ավանում հրդեհ էր բռնկվել: Ինչպես հայտնել են բրազիլական լրատվամիջոցները, հրդեհվել է այն շենքի նկուղային հարկը, որտեղ բնակվում է Ավստրալիայի պատվիրակությունը: Մարզիկներն ու մարզիչներն անմիջապես դուրս են բերվել շենքից: Դեպքի վայր ժամանած հրշեջները շատ արագ հանգցրել են կրակի օջախը եւ արդեն մեկ ժամ հետո բոլորը վերադարձել են իրենց համարներ: 

Ինչպես հայտնում են զլմ-ները, հրդեհի պատճառ է հանդիսացել ավանում աշխատող շինարարների կողմից նետած ծխախոտի գլանակը: Բանն այն է, որ ավանում դեռեւս ընթանում են շինարարական աշխատանքներ, եւ որ շենքերի նկուղային հարկերում դեռեւս մեծ քանակությամբ շինանյութեր են պահեստավորված:

Ամերիկացիները Ռիո-2016-ում Հայաստանից 3 մեդալ են ակնկալում

Ամերիկյան հանրահայտ «Սպորտ Իլյուստրեյտիդ» ամսագիրը Ռիո-2016 օլիմպիական խաղերին նվիրված հատուկ հանդես է հրապարակել: Ամերիկացի լրագրողները դրանում նշել են բոլոր այն մարզիկների եւ թիմերի անունները, որոնք այդ խաղերում հավակնում են մեդալների: Մասնավորապես՝ ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարում թիվ 1 ֆավորիտ է համարվում Բրազիլիայի հավաքականը: Կանանց մրցումներում ամերիկացիները հավատում են իրենց երկրի հավաքականի հաղթանակին:

Ամսագիրը Հայաստանից 3 մարզիկի է տեսնում որպես մեդալի թեկնածուներ: Նրանք են հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ 1-ին տեղ, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ 2-րդ, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը՝ 3-րդ:

Ընդհանուր հաշվարկով ամերիկացի լրագրողները բոլորից շատ մեդալ ակնկալում են ԱՄՆ-ի օլիմպիական թիմից՝ 115 մեդալ (45 ոսկի, 31՝ արծաթ, 39՝ բրոնզ):

- Հիշեցնենք, որ Հայաստանի օլիմպիական թիմը օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 33 մարզիկներ, ինչպես նաեւ պահեստային համարվող 2 ծանրորդ:

Մեր երկրի ներկայացուցիչները հանդես են գալու 9 մարզաձեւերում՝ հունա-հռոմեական ըմբշամարտ՝ 4 մարզիկ, ազատ ոճի ըմբշամարտ՝ 4, սպորտային մարմնամարզություն՝ 3, բռնցքամարտ՝ 5, աթլետիկա՝ 6, ծանրամարտ՝ 7, ձյուդո՝ 1, հրաձգություն՝ 1, լող՝ 2:

Եվս մեկ անգամ ներկայացնում ենք 2016թ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող 33 մարզիկների ցանկը.

– հունա-հռոմեական ըմբշամարտ՝ Միհրան Հարությունյան, Արսեն Ջուլֆալակյան, Մաքսիմ Մանուկյան, Արթուր Ալեքսանյան, Ազատ ոճի ըմբշամարտ՝ Գառնիկ Մնացականյան, Դավիթ Սաֆարյան, Գեորգի Կետոեւ, Լեւան Բերիանիձե, Սպորտային մարմնամարզություն՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Հուրի Գեբեշյան, Բռնցքամարտ՝ Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Վլադիմիր Մարգարյան, Հովհաննես Բաչկով, Ձյուդո՝ Հովհաննես Դավթյան, Աթլետիկա՝ Ամալյա Շառոյան, Դիանա Խուբեսերյան, Գայանե Չիլոյան, Լեւոն Աղասյան, Լիլիթ Հարությունյան, Գոռ Ներկարարյան Ծանրամարտ՝ Անդրանիկ Կարապետյան, Առաքել Միրզոյան, Սիմոն Մարտիրոսյան, Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան, Քրիստինե Պետրոսյան, Նազիկ Ավդալյան (պահեստայիններ՝ Վանիկ Ավետիսյան, Սոնա Պողոսյան), Հրաձգություն՝ Հրաչիկ Բաբայան, Լող՝ Մոնիկա Վասիլյան, Վահան Մխիթարյան:

Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակրի անունը՝ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր կլինի լողորդ Վահան Մխիթարյանը:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը՝17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար:

ՄՕԿ-ի ընդհանուր ակտիվները հասել են 9,3 մլրդ դոլարի

Միջազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Նգ Սեր Միանգը շեշտել է, որ ՄՕԿ-ի ընդհանուր ակտիվներն ավելացել են 22%-ով՝ հասնելով 9,3 մլրդ դոլարի։ ՄՕԿ-ի 129-րդ նստաշրջանում հավանության է արժանացել նաեւ կազմակերպության բյուջեն՝ 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ։

«Գործունեության եկամտային մասի համար մենք ստացել ենք 14 միլիոն,- Միանգի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»։- Օպերատիվ ծախսերը կազմել են 150 մլն դոլար»։

Շնորհակալագրեր՝ հայազգի լեռնագնացներին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրեր է հանձնել հայազգի լեռնագնացներ Իռենա Խառազովային, Արա Խաչադուրյանին եւ Լեւոն Սարկիսովին՝ լեռնագնացության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի եւ ունեցած ակնառու նվաճումների համար:

Նախարարը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել հայ մարզիկների, մասնավորապես՝ հայկական լեռնագնացության անունը արտերկրում բարձր պահելու համար:

Արա Խաչադուրյանն իր եւ գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել իրենց աշխատանքը գնահատելու եւ ՀՀ վարչապետի շնորհակալագրերի արժանացնելու համար: Նշենք, որ հայազգի լեռնագնացները նվաճել են աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էվերեստը: Ընդ որում՝ Լևոն Սարկիսովն առաջին հայն է, որ նվաճել է Էվերեստը, իսկ Իռենա Խառազովան առաջին հայ կին լեռնագնացն է, որին հաջողվել է լինել Էվերեստի գագաթին: Հայազգի մարզիկները Էվերեստի վրա ծածանել են ՀՀ եւ ԼՂՀ պետական դրոշները եւ իրենց նվաճումը նվիրել հայոց մեծ եղեռնի 100-ամյակին:

Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի կոչումը

Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը օրերս ավարտված մրցամարտում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել խորվաթ Նեւնա Միկուլիչի նկատմամբ ու պաշտպանել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Ընդգծենք, որ սա 28-ամյա գերմանահայ մարզուհու 36-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:

Հայաստանի պատանի շախմատիստները 3-րդն են Եվրոպայում

Սլովակիայում ավարտվեց շախմատի մինչեւ 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի պատանեկան հավաքականը վերջին 9-րդ տուրում 4:0 հաշվով ջախջախեց Սերբիայի հավաքականին:

Մեր ընտրանին 14 միավորով (6 հաղթանակ, 2՝ ոչ-ոքի, 1՝ պարտություն) զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Մերոնք հետ մնացին միայն Իրանի եւ Ռուսաստանի պատանի շախմատիստներից՝ համապատասխանաբար 3 եւ 1 միավորով:

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի բրոնզե մեդալակիր դարձան միջազգային վարպետ Հայկ Մ. Մարտիրոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, Դավիթ Միրզոյանը, վարպետության թեկնածու Շանթ Սարգսյանը եւ առաջին կարգային Արփինե Գրիգորյանը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 27 (417), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։