Ասին՝ չէ՜ էլի՛, նե՛տ – Բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի… Երեւանը Բեյրութ կամ Հալեպ չէ – Զենքով եւ բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու… Ինչի՞ց է սկսվում մե՛ր Հայրենիքը – Պատրաստ է զոհաբերել կյանքը՝ Արցախի հարցի հայանպաստ տարբերակի համար…

Ասին՝ չէ՜ էլի՛, նե՛տ – Բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի…

Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների խնդրանքով կրկին անդրադարձավ Արցախի խնդրին՝ մասնավորապես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի վերջին ելույթի համապատկերում: «Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը տարբերվում էր իր ծայրաստիճան հստակությամբ»,- ասաց փոխարտգործնախարարը՝ միաժամանակ հավելելով. «Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է. առաջինը՝ միակողմանի զիջումներ չեն լինելու:  Երկրորդը՝ բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի»:

Ինչու՞ չեն կարողանում ասել՝ ընդհանրապե՛ս զիջումներ չեն լինելու… Գուցե միակողմանի բառը շահարկե՞լն էլ է քաղաքականության մի մաս, չեմ կարող ասել: Թեեւ մի բան հստակ է՝  եթե ընդհանրապես-ը ազգն իր ներսում դաջի, ոչ մի մադրիդյան կամ կազանյան փաստաթուղթ իրենից իր հողը խլել չի կարող…

Լրագրողները կրկին հարցեր հնչեցրին տարածքներ զիջելու հանրության մտահոգության մասին: «Տարածքներ զիջելու մասին երբեւիցե խոսք չի՛ եղել եւ չկա՛: Չի՛ կարող զիջում լինել: Ամեն ինչ շատ հստակ է՝ կա երկու հարթություն. մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Դա վերաբերում է նրան, որ վստահության որոշակի մթնոլորտ ստեղծվի, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ եւ այլն…»։

Ինչի՞ց է սկսվում մե՛ր Հայրենիքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 1-ին իր նստավայրում հանդիպում է ունեցել մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով: Ներկայացնում ենք հատվածներ:  

Կուտոյանի եւ Գասպարյանի ազատման թեման փակվա՞ծ է

Այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինները ձեռնարկեցին բոլոր հնարավոր միջոցները մարդկային կորուստներից խուսափելու համար: Այդ առումով առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի համար։ Սառնասրտությունը եւ մեծահոգությունը պրոֆեսիոնալիզմի եւ սեփական ուժի գիտակցման ցուցիչներն են: Դուք դրանք լիովին ցույց տվեցիք: Շնորհակալ եմ գրագետ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ Հիպոկրատին երդում տվածներին՝ մեր բժիշկներին ու բուժաշխատողներին, նրանց հիացմունքի արժանի կեցվածքի համար, գլուխ եմ խոնարհում նրանց պրոֆեսիոնալիզմի, նրանց ոգու արիության առաջ:

Շնորհակալություն եմ հայտնում այս օրերին ողջախոհության խորհրդանիշ դարձած մեր գեներալին՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին:

Մերձավորարեւելյան լուծումները չեն ներմուծվի

Անընդունելի իրավիճակն ավարտվել է, սակայն ամբողջական հանգուցալուծումը դեռեւս առջեւում է։ Առաջին հերթին պետք է իրականացվի մանրազնին հետաքննություն, համակողմանի եւ անաչառ քննություն, բաց դատավարություն։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ: Որեւէ այլ դրսեւորում չի լինելու, անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով: ՀՀ-ում ծավալվող բոլոր գործընթացները տեղի են ունենալու բացառապես մեր պետության Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:

Եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը։ Այս իրադարձությունների ամբողջական վերլուծությունը դեռ երկար ժամանակ կպահանջի։ Սակայն մի բան ակնհայտ է. ներհայաստանյան հասարակական եւ քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը։ Առաջին հերթին իսպառ պետք է վերացնենք բռնությամբ հարցեր լուծելու աղետալի մտայնության գոյությունն իսկ: Մենք այլեւս իրավունք չունենք հանդուրժելու զենքով հարցեր լուծելու որեւէ միտում անգամ. հաջորդը կարող է կործանարար լինել մեր երկրի համար:

Անցած երկու շաբաթը եւ այդ ընթացքում մեր ունեցած կորուստներն անթույլատրելի են՝ մարդկային, հասարակական, արժեքային կորուստներից սկսած մինչեւ այն հսկայական հարվածը, որ հասցվեց մեր տնտեսությանը: Աշխարհի որեւէ երկիր նման բան իրեն թույլ տալու իրավունքը չունի: Առավել եւս դրա իրավունքը չուներ Հայաստանը:

Այսուհետ եւս մենք որեւէ մեկին թույլ չենք տալու, որ պատանդ առնի մեր երկիրը:

Մենք որեւէ մեկին թույլ չենք տալու, որ քայքայի մեր պետության հիմքերը:

Զենքով եւ բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու:

Երեւանը Բեյրութ կամ Հալեպ չէ: Նախորդ դարաշրջանի՝ Սառը պատերազմի տարիների լուծումները թող ոչ մեկը չփորձի Մերձավոր Արեւելքից ներմուծել Հայաստան: Թող սա չհասկացողները ուսումնասիրեն Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատմությունը կամ այսօր դեռ ծավալվող՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքները եւ իրենց եզրակացությունները կատարեն դրանցից:

Ոգեւորողները նպաստեցին զինյալների կործանմանը

Ես շնորհակալ եմ բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր իսկապես իրենց դրսեւորեցին որպես քաղաքական-պետական գործիչներ եւ, հասկանալով այս ամենը, առաջին իսկ օրվանից ձայն բարձրացրին տեղի ունեցողի անընդունելի լինելու մասին: Նրանք, ի տարբերություն շատ քիչ կարճատեսների, լավ են հասկանում՝ որտեղ է ավարտվում քաղաքական մրցակցության սահմանը եւ սկսվում Հայրենիքի անվտանգության հարթությունը: Սուր իրավիճակները հաճախ լակմուսի դեր են կատարում՝ հասարակության եւ պատմության համար մատնացույց անելով հասուններին եւ տարանջատելով կարճատեսներին ու պատեհապաշտներին:

Ես շնորհակալ եմ մեր մշակույթի երեւելիներին, մեր հասարակական գործիչներին, մեր իրական մտավորականներին, ովքեր շատ լավ հասկացան, որ հրապարակավ դատապարտելով անընդունելին, սթափեցնող խոսք հասցնելով զինյալներին, իրականում նպաստում են խնդրի անարյուն լուծմանը, իրականում մատնանշում են այդ մարդկանց փրկության ճանապարհը: Ափսոս, որ անհիմն ոգեւորողները, հստակ գիտակցելով, որ նպաստում են զինյալների կործանմանը, չկարողացան զսպել իրենց մեջ կուտակած մաղձը, լիուլի թափեցին այն՝ միայն թե քաոս լինի, միգուցե ալեկոծումները պատահաբար կեղտը մակերես հանեն: Զզվելի է:

Փա՛ռք Աստծո, որ առողջ բանականությունը գերիշխում է մեր երկրում:

Հայաստանում գերիշխեց մեկ պարզ ճշմարտություն, որը, թվում էր, կասկածի առարկա չպետք է լիներ ի սկզբանե: Եվ այդ ճշմարտությունը արժեքային դաշտում է, մեր աշխարհընկալման, մեր տեսակի, մեր ժառանգության մեջ է: Ցանկացած ոք կարող է չսիրել իշխանություններին, կարող է չսիրել կառավարությանը, չսիրել նախագահին եւ կտրուկ դեմ լինել այն քաղաքականությանը, որն իրականացվում է, բայց չսիրելն ամենեւին հիմք չէ հերոսացնելու համար զենքով հարցեր լուծողին: Իշխանությունները կգան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ:

Սրանից սարսափել է պետք, սա հիմնովին արմատախիլ անել է պետք: … Ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է: Որեւէ պատճառով, անգամ ամենահիմնավոր պատճառով, հեռու՛ մնացեք այդ սարսափից: Ո՛չ ասեք ահաբեկչությանը եւ դրա ցանկացած դրսեւորմանը, որտեղ էլ որ այն տեղի ունենա: Ո՛չ ասենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր սերունդների եւ մեր հայրենիքի համար:

Ո՛չ ասենք այդ քաղցկեղին: Հեռու՛ վանենք մեզնից: Շատ հեռու:

Բազմապատիկ կարագացնե՛ն

Այո՛, Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն: Այո՛, Հայաստանում շատ թերի հարցեր եւ բարդ խնդիրներ կան: Մեր նպատակը դրանց լուծումներն արագացնելն է:

Այս փուլում մեր նպատակը նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձեւավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման եւ կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն:

Մենք այդ ճանապարհով ենք գնում, եւ այդ ճանապարհը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների դերակատարման մասին է: Կրկնում եմ՝ քաղաքական գործիչների, այլ ոչ թե զենքով ահաբեկչության գնացողների եւ նրանց սատարողների: Փա՛ռք Աստծո, պետություն եւ երկիր կառուցելու արժեհամակարգը կիսող քաղաքական գործիչների պակաս, ինչպես տեսաք, մենք այսօր չունենք: Այդպիսիք շատ են քաղաքական բոլոր հոսանքներում: Եվ դա մեր երկրի հարստությունն է:

Պատրաստ է զոհաբերել կյանքը

Եվս մի խնդրի անդրադառնամ, որի մասին բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք:

Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի եւ, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերեւս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ եւս կրկնում եմ՝ բացառվում է:

Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլեւ կյանքս:

Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը:

Ամփոփելով շեշտեմ՝ մենք, որպես պետություն, այս փորձությունից դուրս եկանք ավելի ուժեղացած: Եվ մենք այսօր շատ ավելի նպատակադրված ենք երկրում դրական փոփոխությունների մեր օրակարգը բազմապատիկ արագությամբ առաջ տանելու համար:

Իսկ այդ մասին մենք շատ ավելի մանրամասն կխոսենք առաջիկայում:

«Լուսանցք» թիվ 27 (417), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։