Վստահել պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոցին… 7-րդ դասարանում «Ազգային երգ ու պար» կդասավանդվի… Միշան 2-րդն է «Մանկական Նոր ալիք-2016»-ում… Ընտրվել է երեւակայական կիթառի առաջնության հաղթողը… «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը… Հայտնի է աշխարհի ամենաերիտասարդ ռեկորդակիր ճանապարհորդը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Վստահել պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոցին

Որակյա՞լ է մեր կրթությունը. միանշանակ՝ այո՛ եւ միանշանակ՝ ոչ. պատասխանը պայմանավորված է այն հանգամանքով, թե ո՞ր կողմից ես խնդիրը դիտարկում: Օրինակ՝ այո, որովհետեւ մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում փայլում են, ոչ, որովհետեւ, մեր դասագրքերի մի որոշ հատված, մեղմ ասած, հեռու է դասագիրք կոչվելուց: Խնդիրը բազմաշերտ է, եւ մենք դրան անդրադարձել ենք տարբեր առիթներով:

Հիմա, նոր ուստարվա հետ կապված, այլ խնդրի եմ ուզում ուշադրություն հրավիրել. լավ կրթություն հնարավո՞ր է ստանալ հանրակրթական դպրոցներում:

Հարցին մոտենամ որպես ապագա դպրոցականի ծնող: Կարող եմ մտածել, ո՛չ, հնարավոր չէ, հնարավոր լիներ, նախկին կրթության նախարար Արմեն Աշոտյանը իր երեխաներին մասնավոր կրթարան չէր ուղարկի: Եվ, ի դեպ, նա դա արել է կրթության նախարար եղած ժամանակ: Թեեւ մենք լրագրողներով հաճախ էինք կատակում, թե Աշոտյանով առաջնորդվել պետք չէ, որովհետեւ Աշոտյանը կրթական համակարգից տեղյակ չէ, ամբողջ օրը ֆ/բ-ում ստատուսագիր է աշխատում: Եթե այս վերջին տարբերակին լրիվ լուրջ վերաբերեմ, այնուամենայնիվ, մտահոգիչ մի բան կա. սեփական երեխային հանրակրթական դպրոց չտալով՝ կրթության նախկին նախարարը մի տեսակ հակագովազդ արեց այսպես ասած, պետական դպրոցներին:

Փոխարենը ճիշտ հակառակն արեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով իր բոլոր դպրոցահասակ երեխաներին վստահել է սովորական՝ Ավանի թիվ 177 դպրոցին: Սեպտեմբերի 1-ին էլ իր որդիներից մեկին ուղեկցեց առաջին դասարան: Քաղաքապետն իրեն կարո՞ղ էր թույլ տալ Աշոտյանի շռայլությունը՝ երեխաներին մասնավոր դպրոց տալով: Միանշանակ՝ այո: Եթե չի արել, ապա վստահում է հանրակրթական դպրոցի տված կրթությանը: Այս տարբերակին չհավատալ չեմ կարող, որովհետեւ մեկ անգամ չէ, որ ականտես եմ եղել, թե ինչպես մեր գյուղերից եկած երեխաները բուհեր են ընդունվում՝ ընդ որում՝ առանց կրկնուսույցների մոտ պարապելու նաեւ: Ասել կուզի՝ հանրակրթական դպրոցներում հիմքը դեռ լավ են դնում:

Ինչեւէ մեզ պետք է որակյալ ու մատչելի կրթություն:

Աստղինե Քարամյան

* * *

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն:

1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության 1-ին դասարան:

Հրատապ օգնություն ստանալու համար  ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` 1-ին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:

1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` 1-ին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

Երեխայի` 1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25.000 դրամ:

Հրատապ օգնությունը տրվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն:

ԱՎԾ. Հանրապետությունում հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս

2015թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահաս: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նրանք բոլորն էլ տղաներ են: 4-ը հաշվառվել են Երեւանում, 3-ը՝ Լոռիում, 1-ը՝ Շիրակում:

Նրանցից 5-ը մինչեւ 14 տարեկան են, մեկը՝ 14-15 տարեկան, երկուսը՝ 16-18 տարեկան: Ծառայության տվյալների համաձայն, վերջին 14 տարիների ընթացքում մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաների թիվը հանրապետությունում նվազել է:

Եթե 2002-ին հաշվառվել է մուրացիկ եւ թափառաշրջիկ 111 երեխա (37-ը՝ աղջիկ), 2005-ին այդ թիվը հասել  է 46-ի, 2010-ին՝ 20-ի, 2012-ին՝ 16, 2013-ին՝ 13: 2014-ին եւ 2015-ին մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների թվում աղջիկներ չեն եղել:

7-րդ դասարանում «Ազգային երգ ու պար» կդասավանդվի

ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը: Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ՝ տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ «Ֆիզկուլտուրա» առարկային հատկացված դասաժամերից:

«Ազգային երգ ու պար» առարկայի 7-րդ դասարանի փորձնական ծրագրի հեղինակը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանն է: Ծրագիրը ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից ստացել է դրական եզրակացություն: Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում: Այս տարի «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը կիրականցվի 113 հանրակրթական դպրոցներում:

Հայ ուսանողները 7 մեդալ են շահել մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում

Բուլղարիայի  Բլագոեւգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանների  թիմեր՝ ավելի քան  320 մասնակից, տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանից մասնակցել են Երեւանի պետական, Հայաստանի Ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների  թիմերը: Օլիմպիադան անցկացվել է եւ՛ անհատական, եւ՛ թիմային հաշվարկներով:  

Երեւանի պետական համալսարանը ներկայացվել է 4 մասնակիցներով, որոնցից 2-ը՝ Ալբերտ Գեւորգյանը եւ Ալբեր Սահակյանն արժանացել են ոսկե մեդալների, Վազգեն Միքայելյանը՝ արծաթե մեդալի, իսկ Ավետիք Կարագուլյանը՝ բրոնզե մեդալի: Հայաստանի Ամերիկյան համալսարանը ներկայացվել է 2 մասնակիցներով, որոնցից Արտյոմ Քոսյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Լևոն Ստեփանյանը՝ բրոնզե մեդալի: Հայաստանի Սլավոնական համալսարանը ներկայացրել է մեկ մասնակից՝  Հրաչյա Քոչարյանը, ով արժանացել է բրոնզե մեդալի: Ընդհանուր առմամբ` հայաստանցի 7 մասնակիցերն արժանացել են 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների: Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել է ԵՊՀ եւ ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը:

Միշան զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

«Մանկական Նոր ալիք-2016»-ի հայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) փայլուն ելույթ է ունեցել մրցույթի շրջանակներում եւ գրավել մրցանակային երկրորդ հորիզոնականը` այն կիսելով Մալթայի ներկայացուցչի հետ: Միշան 2 մրցութային օրերի ընթացքում արժանացել է հավասարաչափ 87-ական միավորների, 2 օրերն էլ ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10: Միշան «Մանկական Նոր ալիք-2016»-ի շրջանակում կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» եւ «Uptown Funk» երգերը:

Փոքրիկ Միշան մրցույթի ընթացքն ու ստացած տպավորությունները դեռ երկար կհիշի, քանի որ այն իր մասնակցությամբ առաջին միջազգային մրցույթն էր: Միշան մրցույթի շրջանակում իր եզրափակիչ շնորհակալական խոսքում բոլորին հրավիրել է իր հայրենիք: «Բոլորին հրավիրեցի այստեղ, որովհետեւ ցանկանում եմ, որ բոլորը գան Հայաստան եւ Արցախ, ծանոթանան մեր մշակույթի հետ: Իսկ Արտեկում շատ լավ ժամանակ եմ անցկացրել, նոր ընկերեր եմ ձեռք բերել, նոր զգացողություններ ունեցել: Վստահ եմ դեռ երկար կհիշեմ այնտեղ անցկացրած յուրաքանչյուր պահը»,- նշում է Միշան: «Արցախի ձայներ» նախագծի հիմադիր-ղեկավար, պրոդյուսեր Լիրա Քոչարյանի խոսքով` Միշան իրեն լավագույնս է դրսեւորել մրցույթի շրջանակում: «Նա բոլորի ուշադրության կենտրոնում էր, նրանով հիանում էին, զարմանում, երբ իմանում էին, որ նա մասնակիցներից ամենափոքրն է: Բացի մրցանակային հորիզոնական գրավելուց, մի շարք հրավերներ եւ համագործակցության առաջարկներ ենք ստացել, որոնց մասին այժմ դեռ վաղ է բարձրաձայնելը: Թե դրանք ինչ ընթացք կունենան, ժամանակը ցույց կտա»,- նշել է Լիրա Քոչարյանը:

Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Նոր ալիք-2016»-ի պաշտոնական հեռարձակողն է: Կանոնների համաձայն, մրցույթի հեռուստատեսային տարբերակը ներկայացվել է մրցույթից օրեր անց միայն:

Ընտրվել է երեւակայական կիթառի առաջնության հաղթողը

Երեւակայական կիթառի միջազգային առաջնությունում հաղթել է ամերիկացի Մեթ Բերնսը: Առաջնության եզրափակիչը տեղի է ունեցել նախօրեին Ֆինլանդիայի Օուլու քաղաքում: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը: Նա  արդեն մի քանի անգամ մասնակցել է մրցույթին, զբաղեցրել 2-րդ տեղը:

Մրցույթի  կազմակերպման հիմնական նպատակը կազմակերպիչները համարում են՝  խաղաղության եւ մոլորակում կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարի նշան: Որպես մրցանակ՝ հաղթողին տրվում է իսկական կիթառ: Մրցույթի ժամանակ մասնակցիներն այնպիսի շարժումներ են անում, ինչպես սովորաբար անում են իսկական էլեկտրական կիթառ նվագելիս: Երեւակայական կիթառ նվագելու առաջին առաջնությունը կայացել է 1996թ.:

«Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը

Հայկական ազգային կինոակադեմիայի նիստում կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում որոշվեց, որ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանկարգում ներկայացվելու է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը: Ակադեմիայի՝ քվեարկելու իրավունք ունեցող 26 անդամից ներկա էին 24-ը:
Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան ստացել է 3 ֆիլմի հայտ՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» եւ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»: Բոլոր 3 ֆիլմն էլ ունեն հավաստագիր, որ հայկական արտադրանք են: Ընտրությունը կատարվեց 2 փուլով: 1-ին փուլում «Վերջին բնակիչը» ֆիլմը ստացավ 7 ձայն, «Երկրաշարժ»-ը՝ 5, «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»՝ 3 ձայն: Բոլոր ֆիլմերին դեմ էր քվեարկել 8 հոգի, 1 քվեաթերթիկ անվավեր էր: Քվեարկությանը մասնակցած անդամները նախապես որոշել էին, որ կընտրվի այն ֆիլմը, որը հավաքի 30%:  Առաջին փուլի արդյունքում այդ 30%-ը չապահովվեց, այդ իսկ պատճառով անցկացվեց 2-րդ փուլ: Այս փուլի համար ընտրվեց պարզ մեծամանություն սկզբունքը: «Վերջին բնակիչը» ստացավ  6 ձայն, «Երկրաշարժ»-ը՝ 9 ձայն, 9 հոգի քվեարկել էր՝ ոչ ոքի:
«Պետք է գոնե մեկ ֆիլմ ընտրենք, որ գոնե մասնակից դառնանք ինչ-որ պրոցեսների»,- ասել է կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը:  Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ‪Սարիկ Անդրեասյանի «‎Երկրաշարժ» ֆիլմի  պրեդյուսերն է «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը: Ֆիլմը պատմում է 1988թ. դեկտեմբերի 7-ին  Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասի: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսները` 28-ամյա հայ Ռոբերտ Մելքոնյանն ու 50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյն են:

Հայտնի է աշխարհի ամենաերիտասարդ ռեկորդակիր ճանապարհորդը

Ավստրալիական Քվինսլենդի բնակիչներից Լէկլեն Սմարտը դարձել է ամենաերիտասարդ մարդը, ով շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել միայնակ միաշարժիչ օդանավով: 18-ամյա երիտասարդը վայրէջք է կատարել Սանշայն-Կոստ օդանավակայանում, որտեղից էլ մեկնել էր ճանապարհորդության հուլիսի 4-ին:

Russia Today-ի փոխանցմամբ, Սմարտը իր ճանապարհորդության ժամանակ վայրէջք է կատարել աշխարհի 15 տարբեր երկրների 24 կետում: Նրա համար հիմնական խնդիրները եղել են՝ եղանակային պայմանները, օտարերկրյա ավիադիսպետչերների հետ շփումը լեզվական խնդիրների պատճառով եւ այլ անձանց կողմից օգնության բացակայությունը: Այդպիսով ավստրալացին սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ անցնելով ամերիկացի Մէթ Գութմիլերին(Matt Guthmiller), ով ռեկորդակիր է եղել 19 տարեկանում:

«Մեղրի եւ հատապտուղների փառատոնը»՝ Բերդում

Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամը եւ Տավուշի մարզի Բերդի քաղաքապետարանը  օգոստոսի 21-ին կազմակերպել են 5-րդ ամենամյա «Մեղրի եւ հատապտուղների փառատոնը» Բերդ քաղաքում։ Փառատոնի նպատակն է նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը՝ խթանելով տեղական ապրանքատեսակների արտադրությունը, դիրքավորելով տարածաշրջանը որոշակի արտադրական բաղադրիչներով, նպաստելով բիզնես շփումներին, ձեւավորելով բարենպաստ զբոսաշրջային միջավայր։

Փառատոնից տեղեկացրել էին, որ այցելուները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները եւ ավանդական խոհանոցի ուտեստները, ծանոթանալ ավանդական արհեստագործական մշակույթին, վայելել ավանդական երգն ու պարը։ «Մեղրի եւ հատապտուղների փառատոնը» տարածաշրջանի ամենախոշոր միջոցառումն է, ու փառատոնին մասնակցությունը սահմանամերձ տարածաշրջանի բնակչությանը զորակից լինելու յուրովի միջոց է։ Բերդ քաղաքը՝ շրջակա 16 գյուղերի հետ հանդիսանում է Հայաստանի հյուսիս-արեւելյան դարբասը եւ ունի 185 կմ սահման Ադրբեջանի հետ։

Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան Հայաստանի պետական ջազային նվագախմբի եւ Նարեկացի նվագախմբի բարեգործական համերգները։ Փառատոնը կազմակերպվում է Վերածննդի երիտասարդներ հիմնադրամի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի փակումը

Օգոստոսի 19-ին, Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ Սիլվա Յուզբաշյանն ու Մուրադ Մալխասյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Ողջունելով արիտունցիներին՝ Սփյուռքի նախարարը նշեց. «Սիրելի՛ արիտունցիներ, կարծում եմ, որ այս 14 օրերը ձեզ համար դարձան ամենահիշարժանն ու անմոռանալին, դուք այցելեցիք Հայաստանի ամենագեղեցիկ պատմամշակութային վայրերը, ծանոթացաք հայ ժողովրդի հարուստ պատմությանն ու մշակույթին: Վստահ եմ նաեւ, որ շատ լավ օրեր եք անցկացրել հյուրընկալ ընտանիքներում, ձեռք եք բերել նոր ընկերներ, բարեկամներ, որոնց հետ կապը, վստահ եմ, շարունակական է լինելու: Սիրելի՛ երիտասարդներ, նոր ուսումնական տարվան հաշված օրեր են մնացել, եւ ես հորդորում եմ, որ լավ սովորեք, լինեք լավագույնը ձեր ընտրած մասնագիտության մեջ: Ցանկանում եմ, որ ոչ մի դեպքում չմոռանաք մեր ոսկեղենիկ մայրենին, հայերեն խոսեք, որովհետեւ հայերենը մեր անհայրենիք հայերի Հայրենիքն է, եւ մենք պետք է պահպանենք այն՝ հաջորդ սերունդներին փոխանցելու պայմանով: Սիրելի պատանիներ ու աղջիներ ուր էլ, որ գնաք միշտ հպարտ եղեք, որ դուք հայ եք, հավատարիմ եղեք ձեր արմատներին, պատմությանն ու մշակույթին: Բարով եք եկել Հայրենիք»:

Արիտունցիներին ողջունեց նաեւ ՀՀ մշակույթի վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը: Նա կարեւորեց «Արի տուն» ծրագիրը համարելով այն 25 ամյա անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից, որը թույլ է տալիս ծրագրի մասնակիցներին վերադառնալ արմտաներին, ակունքներին՝ տանելով իրենց հետ իրենց հոգու Հայաստանը: Դիմելով երեխաներին՝ նա համոզմունք հայտնեց.«Մի օր դուք վերադառնալու եք Հայրենիք եւ ի վերջո ձեր վերջին հանգրվանը լինելու է Հայաստանը»:

Սիլվա Յուզբաշյանը ներկայացրեց Վիլյամ Սարոյանի ՛«Հայը եւ հայը»՛ պատմվածքից մի հատված: Ներկաներին իր կատարումներով ողջունեց ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Մալխասյանը: Այնուհետև արիտունցիները հանդես եկան ազգային, հայրենասիրական երգերի եւ պարերի կատարումներով, ներկայացրին փոքրիկ բեմականացում Հայկի ու Հայոց այբուբենի մասին: Ավանդական խարույկի շուրջ երիտասարդների հրաժեշտի պարով ազդարարվեց ծրագրի 7-րդ փուլի ավարտը:

Նշենք, որ ծրագրի 7-րդ փուլին մասնակցում էր 63 պատանի ու աղջիկ  աշխարհի 12 երկրից՝ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Իսրայելից, Գերմանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից եւ Սիրիայից:

Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը մասնակցել են մրցույթի եզրափակիչ փուլին

Սեպտեմբերի 3-ին ԶՈւ զորամասերից մեկում անցկացվել է «Դյուցազուն» որակավորման կարգ շնորհելու ամենամյա համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ:

«Դյուցազուն» համաբանակային մրցույթը զինված ուժերի տարբեր զորամիավորումների ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին եւ սպաներին իրենց հմտությունները բացահայտելու, մարտավարամասնագիտական ունակություններն ամրապնդելու, մարզումների, ֆիզիկական ու հոգեբանական զանազան արգելքների ու փորձությունների հաղթահարման միջոցով կամային հատկանիշները զարգացնելու եւ մարտունակություն բարձրացնելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում:

Օգոստոսի 20-ին մեկնարկած ստուգատեսի ընթացքում անցկացվել են մրցույթի փուլերով նախատեսված ստուգողական վարժանքներ, ֆիզիկական եւ կրակային պատրաստության մրցույթներ, օդադեսանտային պատրաստության վերգետնյա պարապմունքները, պարաշյուտային թռիչքներ ու տարբեր արգելագոտիների հաղթահարման փորձություններ:

Եզրափակիչ փուլ անցած զինծառայողներն ուժերն են չափել ուսումնական ձեռնամարտում: «Դյուցազուն» որակավորման մրցույթի եզրափակիչ փուլի ավարտին լավագույն մասնակիցներին խորհրդանշական սեւ բերետները հանձնել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը։ Դյուցազունները սեւ բերետները կրելու իրավունք կունենան մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ մյուս ստուգատեսը:

ՀՀ նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին

Նախագահ Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով մեկնել էր Գեղարքունիքի մարզ: Հանրապետության նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական եւ հանգստի «Երկրապահ» համալիրում եւ «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում:

Երկրապահի 3 սերնդի՝ պատանի, երիտասարդ եւ ավագ երկրապահների համար 2015թ-ից ի վեր գործող ուսումնամարզական եւ հանգստի համալիր այցի ժամանակ Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային ու պայմաններին: Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ: Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո, Սերժ Սարգսյանը ծանոթացել է ճամբարի տարածքում կատարված աշխատանքներին ու դասընթացներին: Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ մայիսի 30-ից «Երկրապահ» համալիրում մեկնարկած ուսումնամարզական հավաքն ընդունել է 13 հերթափոխ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևան քաղաքից, Արցախի բոլոր վարչական շրջաններից եւ սփյուռքից: Ճամբարն ընդունել է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է «Սեւան» ազգային պարկի տարածքում կազմակերպված «Սեւան Ստարտափ» երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Օգոստոսի 18-28-ը «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից անցկացվող հավաքին այս տարի մասնակցում է 350 երիտասարդ՝ Երեւանից, Հանրապետության մարզերից ու սփյուռքից: Նախագահը ծանոթացել է ճամբարականների պայմաններին, անցկացված տարաբնույթ միջոցառումներին, համաժողովի մրցույթի հաղթող մասնակիցների ստարտափ նախագծերին, դիտել համաժողովի մասին պատմող տեսանյութը:

ՀՀ նախագահ.- Բռնությունը երբեք չի բերել լավ արդյունքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր նաեւ Կոտայքի մարզ, այցելել «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: Oգոստոսի 22-28-ը անցկացված հավաքին մասնակցում էր շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից ու սփյուռքից: Նախագահը ծանոթացել է «Բազե-2016» հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, հավաքի մասնակիցների կազմակերպած՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ֆլեշմոբը, սպորտային միջոցառումներն ու ցուցահանդեսը: Բազեականների հետ հանդիպումից եւ նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո, Նախագահ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել հավաքի մասնակիցներին, համոզվածություն է հայտնել, որ «Բազեի» այս տարվա հավաքի մասնակիցները հետաքրքիր օրեր են անցկացրել եւ այդ կարճ ժամանակահատվածում կարողացել են գտնել նոր ընկերներ, հաստատել նոր կապեր, նոր ծանոթություններ: Կարեւոր է համարել, որ ընդհանուր հետաքրքրություն ունեցող մարդիկ ու առաջին հերթին երիտասարդները, կարողանան գտնել իրար: Այդ առումով, «Բազեն», ըստ նախագահի, շատ կարեւոր հարթակ է: Նոր ընկերներից, ծանոթությունից, կապերից զատ, Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է նոր գաղափարները, նոր մտահղացումները, նշելով, թե վստահ է` այս օրերի ընթացքում բազեականներն ունեցել են նոր մտահղացումներ, հետաքրքիր քննարկումներ, որոնք շարունակելու են նաև տուն վերադառնալուց հետո:

«Մեկ անգամ եւս պետք է խոստովանեմ, որ ես շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին: Գաղտնիք չէ, որ շատ պարագաներում ու տարբեր միջավայրերում դժգոհություն են արտահայտում մեր երիտասարդներից, նոր սերնդից, ասելով, որ նոր սերունդը քիչ է ընթերցում, պասիվ է, ապաքաղաքականացված է, որ մեր շատ ազգային ավանդույթներից հրաժարվում է, որ օտար սովորույթներ է փորձում ներմուծել մեր հասարակության մեջ և այլն: Կրկնում եմ` ես համաձայն չեմ այդ մտքի հետ եւ չեմ համարում, որ մեր երիտասարդությունը վերադաստիարակման կամ հայրենասիրական քարոզների կարիք ունի, որովհետեւ մեր երկրի համար եղել են ճակատագրական պահեր, եւ մեր երիտասարդներն իրենց դրսևորել են շատ փայլուն ձեւով: Ակնհայտ է, որ հասարակության տարբեր խավեր, այդ թվում նաեւ երիտասարդության տարբեր շերտեր որեւէ երեւույթի նկատմամբ ունենում են տարբեր կարծիքներ, եւ սա շատ բնական է ու օրինաչափ, որովհետեւ հասարակության զարգացման առաջին երաշխիքը սա է: Ուղղակի անընդունելին այն է, երբ քաղաքական պայքարի կամ այդպիսի վեճերի ընթացքում փորձում են հարցերը լուծել բռնությամբ կամ վատթարագույնը՝ զենքով: Սա է անթույլատրելի»,- ասել է նախագահը և ընդգծել, որ բռնությունը երբեք չի բերել լավ արդյունքներ: Ընդհակառակը՝ բռնությունը վտանգ է եւ՛ մարդկանց, եւ՛ երկրի համար: Նախագահ Սարգսյանի համոզմամբ, բռնությունը որեւէ մեկին չի ուժեղացնում, այն միայն ու միայն թուլացնում է: «Սա ասում եմ նաև նրա համար, որովհետեւ, այսպես ասած, հեղափոխական տրամադրությունները շատ պարագաներում բնորոշ են նաեւ երիտասարդներին, որովհետև այդ ռոմանտիզմը գալիս է նաեւ անփորձությունից: Սա միշտ պետք է հաշվի առնել: Քաղաքական պայքարը շատ նորմալ է, եւ մեր երիտասարդները մեկ անգամ չէ, որ իրենց իրավունքների, հասարակության իրավունքների պաշտպանության համար դուրս են եկել քաղաքական պայքարի, այդ թվում նաեւ փողոցային: Նորից եմ կրկնում՝ սա նորմալ է: Աննորմալ է, երբ մարդիկ կամ կազմակերպություններ ու ծառայություններ փորձում են պղտորել մարդկանց գիտակցությունը, միտքը՝ ելնելով իրենց սեփական շահերից»,- նշել է Հանրապետության նախագահը եւ հավելել, թե որեւէ մեկը չի կարող ասել իրավիճակը պղտորող այդ մարդիկ ընդհանրապես ու՞մ են ծառայում, քանի որ այսօր աշխարհում պայքարի ձեւերը բավականաչափ փոխվել են` կիրառելով տարբեր հնարքներ, եւ պետք է կարողանալ անպայման զատել թացը չորից:

Անդրադառնալով երիտասարդության խնդիրներին` նա կարծիք է հայտնել, որ այսօր նրանց պակասում է արեւմտյան մոդելի կրթությունը, սակայն դա երիտասարդների մեղքը չէ: Այդպիսի մրցունակ համակարգ ունենալու համար տեւական ժամանակ է անհրաժեշտ, որին որեւէ երկիր չի կարողացել կարճ ժամանակահատվածում հասնել: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ առաջ ընթանալու համար աշխատանք է տարվելու: «Այսօր մեր երկրում երիտասարդներն ունեն ազատություններ, ունեն բավականաչափ լավ հնարավորություններ՝ լինի դա խոսքի ազատություն, քաղաքացիական ազատություններ, թե կրթություն ու գիտելիք ստանալու հնարավորություններ: Ես կցանկանայի, որպեսզի դուք լիարժեք օգտվեիք այս հնարավորություններից: Ձեզ հաջողություն մաղթելով՝ մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել՝ անհրաժեշտ է ձեռք բերել գիտելիք, պետք է բարձրացնել ունակությունները, հնարավորությունները»,- դիմելով հավաքի մասնակից երիտասարդներին` ասել է երկրի ղեկավարը եւ վստահեցրել, որ հաջորդ տարի երիտասարդական հավաքները կկազմակերպվեն ավելի տեւական ժամանակով:

Հանդիպման ավարտին նախագահը բազեականների ճամբարում դիտել է հավաքի առիթով կազմակերպված գալա համերգը:

«Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագիրը մեկնարկեց

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության եւ ՌԴ մշակույթի նախարարության 2016-2018 թթ. համագործակցության ծրագրի հիման վրա՝ օգոստոսի 20-ից սեպտեմբերի 18-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր: Մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակում ելույթներով հանդես կգան Մարիինյան թատրոնի մենակատարները, Սանկտ Պետերբուրգի հոգեւորականների եւ «Օտրադա» մանկական երգչախմբերը, կգործեն լուսանկարչական եւ մանկական նկարների ցուցահանդեսներ: Ծրագիրը կներառի նաեւ «Ռուսական կինոյի օրեր», կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի կինոակումբը, կանցկացվեն թատերարվեստի եւ կինոյի ոլորտի վարպետության դասեր:

Ծրագրի պաշտոնական բացումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ հանդիսավոր գալա-համերգով, որին կմասնացեն «Օտրադա» մանկական երգչախումբը, Մարիինյան թատրոնի մենակատարները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և պատանի երաժիշտ-կատարողներ  Ռուսաստանից: Համերգին զուգընթաց կգործի «Ռուսաստանի ոգին» խորագրով մանկական նկարների ցուցահանդեսը:

«Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ օգոստոսի 20-ին, Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում մատուցվել է հանդիսավոր պատարագ, տեղի կունենա ծաղկեպսակի խոնարհման արարողություն, այնուհետեւ, Հայորդաց տան դահլիճում բացվել է «Եկեղեցական ճարտարապետություն» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, եւ ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի հոգևորականների երգչախումբը:

Օգոստոսի 21-ին երգչախումբը հանդես եկավ Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում, որտեղ նաեւ կբացվի «Ռուս ուղղափառ եկեղեցին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Ծրագիրը կշարունակվի սեպտեմբերի 2-ին Եղեգնաձորի մշակույթի տանը, ելույթ ունեցավ մանկական երգչախումբը, իսկ Երեւանում՝ «Բիս Կվիտ» համույթը:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի Ռուսաստանի ազգագրության թանգարանի լուսանկարների հավաքածուից կազմված «Ընտանիքը Եվրասիայի ժողովուրդների կյանքում. ΧΧ դար» խորագրով ցուցահանդեսը:

Սեպտեմբերի 4-ին եւ 5-ին Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կկայանան «Բալթյան տուն» թատերական փառատոնի ղեկավար, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Շուբի եւ այլ թատերական գործիչների վարպետության դասընթացները: Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում սեպտեմբերի 4-6-ը, կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի կինոակումբը, վարպետության դասընթացներ կանցկացնեն նույն ինստիտուտի դասախոսները: Սեպտեմբերի 6-ին, Մոսկվայի տանը կկայանա ՌԴ ժովրդական արտիստ Ալեքսանդր Միխայլովի ստեղծագործական երեկոն: Անվանի դերասանը կհանդիպի նաև Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներին, որոնց համար կանցկացնի վարպետության դասեր:

Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերը կեզրափակվեն սեպտեմբերի 14-18-ը՝ Ռուսական կինոյի օրերով. Երևանում, Գյումրիում եւ Աբովյանում կցուցադրվեն վերջին տարիների ռուսական լավագույն խաղարկային ֆիլմերը:

Մարիինյան թատրոնի մենակատարները՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագրի պաշտոնական բացումը հանդիսավոր գալա-համերգով: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, համերգին հանդես եկան Մարիինյան թատրոնի մենակատարներ, «Օտրադա» մանկական երգչախումբը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգին զուգընթաց՝ նախասրահում ներկայացվեց «Ռուսաստանի ոգին» խորագրով մանկական նկարների ցուցահանդեսը:ս

Համերգին հնչել են Մ.Գլինկայի, Պ.Չայկովսկու, Ֆ.Շոպենի, Ս.Ռախմանինովի, Ջ.Պուչինիի եւ այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հանդես են եկել միջազգային մրցույթների դափնեկիրներ  դաշնակահարներ  Օլեգ Վայնշտեյնը, Դարյա Մուժեցկայան եւ այլ երաժիշտներ, Պետական ակադեմիական Մարիինյան թատրոնից սոպրանո Իրինա Մատաևան, մեձո սոպրանո Եկատերինա Սերգեևան, տենոր  Եվգենի Ակիմովը, բարիտոն Սերգեյ Ռոմանովը

«Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագիրն իրականացվում է հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ եւ ՌԴ մշակույթի նախարարությունների 2016-2018 թթ. համագործակցության ծրագրի հիման վրա օգոստոսի 20-ից սեպտեմբերի 18-ը։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 26 (418), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։