Նուդիստները մերկ խաղեր են կազմակերպել Ռիո Դե Ժանեյրոյի լողափին… Շվարցենեգերն առողջ ապրելակերպի կոչ է արել… Գինեսի ռեկորդ՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին… Գեբեշյանի անունով կկոչվի զուգափայտերի նոր հնարքը… 2 ոսկե մեդալ՝ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունից… Ֆուտբոլ եւ ֆուտզալ… «Ուրարտու»-ն, «Արարատ»-ը եւ Գյումրիի բլոտի մրցաշարը…

Նուդիստները մերկ խաղեր են կազմակերպել Ռիո Դե Ժանեյրոյի լողափին

Ռիոյի լողափերից մեկում նուդիստների մի խումբ սեփական Օլիմպիական խաղերն է անցկացրել: Նրանք ֆուտբոլի, լողափի վոլեյբոլի, լողի եւ վազքի մրցույթներ են անցկացրել: Մերկ մարդիկ մրցել են նաեւ ճոպանի քաշման եւ սյորֆինգի մեջ:

Նուդիստ-սպորտսմենների խաղերի տեսագրությունը հայտնվել է համացանցում եւ մեծ թափով դիտումներ է հավաքում: Մի շարք օգտատերեր աշխարհի տարբեր ծայրերից այդ խաղերին մասնակցելու ցանկություն են հայտնել: Կազմակերպիչները դեմ չեն մասնակիցների համալրմանը:

Շվարցենեգերն առողջ ապրելակերպի կոչ է արել

Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը երազում է առավել առողջ ու մարզական աշխարհի մասին: Նա ժամանել էր Հոնկոնգ՝ մասնակցելու՝ մարզական փառատոնին, որն ի պատիվ իրեն կոչվել է՝ Arnold Classic Asia Multi-Sport Festival: Փառատոնը մինչեւ օգոստոսի 21-ը տեւեց:

Ծրագրում ներառված էին յոգա, ձեռքի գնդակ, ծանրամարտ, շախմատ եւ այլ սպորտաձեւեր, ինչպես նաեւ Ռուբիկի խորանարդի հավաքմանը նվիրված միջոցառումներ:

«Ինձ համար կարեւոր է ոչ միայն աշխարհի չեմպիոն լինելը, ֆիլմերում նկարահանվելը եւ նահանգապետ լինելը, այլեւ օգտագործել իմ ազդեցությունն ամբողջ աշխարհում առողջ ապրելակերպի առաջխաղացման համար»,- ասել է Առնոլդ Շվարցենեգերը:

Թիմ Դանկանը հրաժարվել է Օբամայի հետ նույն ինքնաթիռով մեկնել Բրազիլիա

Այս մասին պատմել է «Սան Անտոնիո» բասկետբոլային ակումբում Դանկանի թիմակից Բրյուս Բոուենը: «Թիմը երբեք չի սիրել լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում, երբեք չի ուզել այն, ինչի համար մյուսներն են անհանգստացած: Նման մարդկանց հաճախ չես հանդիպի:

Նրան առաջարկեցին ԱՄՆ-ի նախագահի հետ նույն ինքնաթիռով մեկնել Ռիո: Նա դա քննարկեց ինձ հետ: Ես ասացի. «Դե, դու, իհարկե, կհամաձայնվես»: Իսկ Թիմը պատասխանեց. «Գիտես, ես նման բաների սիրահար չեմ»: Զարմանալի է, քանի որ ճնշող մեծամասնությունն ուրախությամբ կընդուներ այդպիսի առաջարկը, սակայն նման բաները Դանկանին չեն հետաքրքրում»,- Բոուենի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն: Ավելացնենք, որ Դանկանը հուլիսին հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու մասին:

Օլիմպիական խաղերում ռուս բոլոր մրցանակակիրները սպիտակ BMW կստանան

Ռուսաստանի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի հաղթողներն ու մրցանակակիրները ոչ միայն դրամական պարգևատրում կստանան, որի մասին արդեն հաղորդվել է: Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրես»-ը, բոլոր մեդալակիրներին նաև սպիտակ BMW կհատկացվի:

Հիշեցնենք, որ ընդհանուր թիմային հաշվարկում Ռուսաստանի ընտրանին գրավել է 4-րդ տեղը՝ նվաճելով 56 մեդալ, որից 19-ը՝ ոսկե, 18-ը՝ արծաթե, 19-ը՝ բրոնզե:

Գեբեշյանի անունով կկոչվի զուգափայտերի նոր հնարքը

Totoexpert-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանը ներկայացնող միակ մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանն ասաց, որ Ռիոյում ամեն ինչ շատ լավ է, ինքը  հիանալի ժամանակ է  անցկացնում։ «Անչափ ոգեւորված եւ հպարտ եմ ներկայացնել Հայաստանը Օլիմպիական խաղերում»։

Հուրին հավելեց, որ գոհ է  իր արդյունքներից, կարողացավ իրագործել իր ծրագրածը բոլոր վարժություններում։ «Կատարեցի նոր հնարք զուգափայտերի վրա, որը կանվանվի Գեբեշյան։ Շատ էի անհանգստանում հնարքը կատարելիս, քանի որ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ենք մշակել, բայց համոզված էի, որ կհաջողեմ»,- ասել է  նա։

Այն հարցին թե ինչու է համբուրում գործիքները ելույթների ավարտից հետո Հուրին պատասխանեց, որ սա իր վերջին մրցումներն են։ «Մարմնամարզությունն ինձ շատ բան է տվել, ես իմ ողջ կյանում զբաղվել եմ այս մարզաձևով։ Ուզում էի շնորհակալություն հայտնել այս մարզաձևին և միակ զգացմունքների արտահայտման միջոցը մնում էր գործիքներին գրկելն ու համբուրելը»։  

Միխայիլ Բոյարսկի. «Ես ու Յանա Եգորյանը հարազատներ ենք, ես Դ’Արտանյանն եմ, նա՝ Եգորյանը»

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Միխայիլ Բոյարսկին «Սպորտ Էքսպրես»-ին տված հարցազրույցում նշել է, որ սուսերամարտի օլիմպիական մրցաշարում ավելի շատ ցավել է ռուս Սոֆյա Վելիկայայի համար: Նրա խոսքերով՝ երկուսն էլ ապրեն: Հիշեցնենք, որ Յանա Եգորյանը եզրափակչում հաղթել է Վելիկայային 15:14 հաշվով:

– Դուք, հավանաբար, ուշադիր հետեւում եք սուսերամարտին:

– Ինչ թաքցնեմ, անտարբեր չեմ այդ մարզաձևի հանդեպ: Չեմ սիրում, երբ մեր մարզուհիները հանդիպում են եզրափակչում: Երկուսն էլ ապրեն, արժանի են բարձր պարգեւի: Մի խոսքով՝ հաղթեց բարեկամությունը:

– Եզրափակչում ո՞ւմ էիք երկրպագում՝ Եգորյանի՞ն, թե Վելիկայային:

– Ավելի շատ՝ Վելիկայային: Ինձ թվում էր, որ այստեղ ավելի երիտասարդը տեղը պետք է զիջի փորձառուին: Եգորյանի համար ամեն ինչ առջևում է, դեռ շատ բան կնվաճի…

– Կվախենայի՞ք Յանա Եգորյանին հրավիրել մենամարտի:

– Ինչ եք ասում: Մենք հարազատներ ենք:

-՞:

– Ես Դ’Արտանյանն եմ, նա՝ Եգորյանը: Այնպես որ, դժվար թե ես ու նա վիճենք: Եվ հետո՝ ես կանանց հետ չեմ մենամարտում:

Հնդկաստանը շռայլ պարգեւատրում է նախատեսում իր միակ մեդալակրի համար

Հնդիկ մարզուհի Սակշի Մալիկը շռայլորեն կպարգեւատրվի իր երկրի կողմից օլիմպիական բրոնզե մեդալի համար: Սակշին բրոնզե մեդալ է նվաճել կանանց ըմբշամարտի մինչեւ 58 կգ քաշային կարգում: Այդ մրցանակը նրա երկրի համար առաջինն էր Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերում, ինչպես նաեւ հնդկական կանանց ըմբշամարտի պատմության մեջ:

Իր մեդալի համար Սակշին 375 հազար դոլարով կպարգեւատրվի Խարյան նահանգի իշխանությունների կողմից: Բացի այդ, նրան պետական ծառայողի աշխատանք կառաջարկվի: Մարզուհու հաղթանակին շատ բուռն է արձագանքել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով թվիթթերյան իր էջը հեղեղել է ուրախ հաղորդագրություններով: «Սակշի Մալիկը պատմություն է կերտում: Շնորհավորում ենք նրան բրոնզե մեդալի նվաճման առթիվ: Ողջ ժողովուրդն է տոնում: Այդ մեդալը մեզ ստիպում է հպարտանալ Հնդկաստանի դուստրով: Սակշին առաջիկա տարիներին կոգեւորի մեր մարզիկներին»,- գրել է Նարենդրա Մոդին:

Գինեսի ռեկորդ՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Գինեսի գրքում Հայաստանից  եւս մեկ  ռեկորդ կգրանցվի: Մարզիկ Մանվել Մամոյանն այսօր սահմանեց իր՝ թվով երկրորդ ռեկորդը՝ մեկ րոպեում 86 անգամ կատարելով հենում-ծալում վարժությունը: Իր նոր ձեռքբերումը մարզիկը նվիրեց քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին.

«Ռեկորդներ անելով՝ ցանկանում եմ նաեւ անդրադառնալ այն հարցերին, որոնք փորձում են օտար երկրները շրջանցել: Օրինակ՝ քառօրյա պատերազմում հակառակորդի կողմից ոտնձգությունները մեր ժողովրդի նկատմամբ, պետության նկատմամբ, որի պատճառով զոհվեցին 100-ից ավել մարդիկ»:

Պայքարի մեջ են մտնում երիտասարդ ազատ ոճայինները

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայի Մակոն քաղաքում մեդալների համար պայքարը կսկսեն ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցները: 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի 98 ըմբիշներ կխաղարկեն ստուգատեսի 16 պարգևները:
Նրանց մրցապայքարին մարզաձևի ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի եւ նրա օգնական Արմեն Մալխասյանիղեկավարությամբ կմասնակցեն նաեւ Հայաստանի 4 պատվիրակներ:
Տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով մրցումային առաջին օրվա մասնակիցներն իմացել են իրենց մրցակիցներին: Հայաստանի ներկայացուցիչներին առաջին գոտեմարտերում այսպիսի մրցակիցներ են բաժին հասել. 50 կգ, 22 մասնակից՝ 1/8-րդ փուլ, C մրցագորգ՝ Արման Անտոնյան-Ռոբերտի Դինգաշվիլի (Վրաստան): 60 կգ, 24 մասնակից, 1/16-րդ փուլ,  A մրցագորգ՝ Հարություն Բարսեղյան-Նուրջան Սեյթջան (Ղազախստան): 74 կգ, 27 մասնակից, 1/16-րդ փուլ, B մրցագորգ՝ Տիգրան Մնացականյան-Մուրադ Սուլեյմանով (Ադրբեջան):
96 կգ, 25 մասնակից, 1/16-րդ փուլ, B մրցագորգ՝ Սարգիս Հովսեփյան-Ֆեյզուլա Ակթուրք (Թուրքիա):
Ավետիք Վարդանյանի սաներին անցյալ տարի օգոստոսի 11-16-ը Բրազիլիայի Սալվադոր Դե Բայա քաղաքում կայացած 2015 թ. աշխարհի երիտասարդական առաջնությունում չի հաջողվել մեդալ նվաճել, իսկ ահա այս տարի հունիսի 21-26-ը Բուխարեստում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ՀՀ պատվիրակներից Տիգրան Մնացականյանը (74 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (84 կգ) արժանացել են բրոնզե պարգեւի, իսկ Մխիթար Գրիգորյանը (55կգ) գրավել է 5-րդ տեղը: Սարգիս Հովսեփյանն այսօր Մակոնում առաջին անգամ ուժերը փորձելու է իր համար նոր՝ 96 կգ քաշային կարգում եւ հենց առաջին գոտեմարտում նրան բավական լուրջ մրցակից է սպասում ՝ 96 կգ քաշային կարգի երիտասարդների 2016թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, թուրք ըմբիշ Ֆեյիզուլահ Ակթուրքը:

2 ոսկե մեդալ՝ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունից

Պրահայում ավարտվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանն ունի 2 ոսկե մեդալ։ Մինչեւ 12 տարեկան տարիքային խմբում Մամիկոն Ղարիբյանը 9 հնարավորից 8 միավորով եւ մինչեւ 18 տարեկանների խմբում Մանուէլ Պետրոսյանը 7,5 միավորով հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ:

Հաջող արդյունքներ ցույց տվեցին նաև մեր մյուս մասնակիցները, ովքեր մնացին առանց մեդալի։ Մինչեւ 8 տարեկանների խմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակած 7 միավորով կիսեց 2-7-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով նրան բաժին հասավ 7-րդ հորիզոնականը։ Արամ Հակոբյանը նույնքան միավորով մինչև 16 տարեկանների խմբում կիսեց 3-5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով գրավեց 5-րդ հորիզոնականը։ 7 միավոր վաստակեց նաեւ մինչեւ 18 տարեկանների խմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը, ով կիսեց 2-5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներվ դարձավ 5-րդը։

Աղջիկների մրցաշարում հաջող հանդես եկավ մինչեւ 12 տարեկանների խմբում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը, ով 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ մինչեւ 16 տարեկանների խմբում հանդես եկող Մարիամ Ավետիսյանը նույնքան միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

Գաբուզյանն ու Հայրապետյանը լավագույն եռյակում են

Իրանում ավարտվել է շախմատի «Ավիչեննա» մրցաշարը, որի միանձնյա հաղթող է դարձել Ալեքսեյ Շիրովը՝ վաստակած 7 միավորով:

Հայաստանը ներկայացնող Հովհաննես Գաբուզյանը եւ Հովիկ Հայրապետյանը վաստակել են 6,5-ական միավոր ու կիսել են 2-7-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հովհաննես Գաբուզյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Հովիկ Հայրապետյանը՝ 3-րդ հորիզոնականը: Մեր մյուս շախմատիստը՝ Դավիթ Պետրոսյանը չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել:

Հայ շախմատիստները հաջող հանդես չեկան «Աբու-Դաբիի» մրցաշարում

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվել է «Աբու-Դաբի» միջազգային շախմատային փառատոնը: Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինը, ով 9-ը հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Հայաստանը ներկայացնող Զավեն Անդրիասյանը վաստակել է 6 միավոր եւ կիսել 10-22-րդ հորիզոնականները: Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 5-ական միավոր: Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն ուներ 5,5 միավոր:

Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի մրցաշարում գրավեց 3-րդ տեղը – Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած «Աբու-Դաբի» միջազգային շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվել է  կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցում էին 196 շախմատիստներ, այդ թվում` 17 գրոսմայստեր: Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարի հաղթող է դարձել Եգիպտոսը ներկայացնող Ադլի Ահմեդը: Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 11 հնարավորից վաստակել է 9-ը միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցող Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը վաստակել են 8-ական միավոր եւ գրավել համապատասխանաբար 7-րդ, 8-րդ ու 10-րդ հորիզոնականները:

Հայաստանի հավաքականը՝ Բոտվիննիկի մրցաշարում

Այսօր Մոսկվայում մեկնարկում է աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է 10 հավաքական՝ Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը: Թիմերը բաղկացած են 4 երիտասարդ շախմատիստներից եւ թիմի ավագից: Համաձայն մրցաշարի կանոնադրության՝ յուրաքանչյուր թիմի ավագ միաժամանակյա խաղի սեանս է անցկացնելու հակառակորդ թիմի երիտասարդ շախմատիստների հետ: Հայաստանի ազգային թիմի ավագն է գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, իսկ հավաքականի կազմում ընդգրկված են Արմեն Բարսեղյանը, Ալեքս Մանուկյանը, Տիգրան Ռ. Սարգսյանը եւ Արա Երոյանը:

Բոտվիննիկի հուշամրցաշարի շրջանակներում ընթացած կայծակնային մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ 1-2-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Եվգենի Ալեքսեեւի հետ (Ռուսաստան): Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանին շնորհվեց 2-րդ մրցանակը: Զավեն Անդրիասյանը վաստակեց 8, Ավետիք Գրիգորյանը, Վահե Բաղդասարյանը` 7-ական միավոր: Մրցաշարին մասնակցում էին 130 շախմատիստներ, այդ թվում` 35 գրոսմայստերներ:

«Ուրարտու»-ն պայմանագիր կկքնի 10 բասկետբոլիստի հետ

Երեւանի «Որարտու» բասկետբոլի թիմը, որն աշնանը հանդես կգա Ռուսաստանի առաջին դիվիզիոնում, համաձայնեցրել է պայմանագրերը 10 բասկետբոլիստների հետ: Թիմը կհամալրեն պաշտպաններ Ամիրան Ամիրխանովը, Արթուր Խաչատրյանը, Վիկտոր Ուսկովը, Սերգեյ Պոլուխինը, Էդգար Բաբայանը, հարձակվողներ` Միքայել Պողոսյանը, Վիկտոր Հովսեփյանը, Անդրեյ Կոնստանտինովը, Նիկիտա Զախարովը, կենտրոնականներ` Մարսել Հովսեփյանը: Համալրման գործընթացը շարունակվում է եւ կավարտվի սեպտեմբերի սկզբին:

Բասկետբոլային ակումբը պայմանագիր է կնքել նաեւ ամերիկացի բասկետբոլիստ Տերի Սմիթի հետ:Թիմի կազմում նա կմասնակցի 2016-2017 թթ. մրցաշրջանի Ռուսաստանի առաջնությանը: Ավելի վաղ Տերի Սմիթը հանդես է եկել ֆրանսիական «Ասվել» եւ թուրքական «Սակարյա» ակումբներում:

«Արարատ»-ը կմասնակցի Բելառուսի Բաց առաջնությանը

Բելառուսի հոկեյի ֆեդերացիան հաստատել է տափօղակով հոկեյի Բաց առաջնության ժամանակացույցը: Մրցաշարի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 10-ին: Մասնակիցների մեծ մասը ներկայացնում են Բելառուսը եւ մեկ մասնակից ընդգրկված է Լիտվայից:

Առաջնության կմասնակցի նաեւ Երևանի «Արարատ»-ը, որի մարզաբազան կտեղակայվի Վիտեբսկում: Տնային հանդիպումները թիմը կանցկացնի Օրշայում: Թիմի համար մի փոքր բարդ կլինի, բայց հայ տղաները մարտական են տրամադրված: Հասկանալի է, որ երիտասարդական լիգայից մեծահասակների հոկեյ տեղափոխվելը դժվար է, սակայն թիմն ընկերական հանդիպումներ է անցկացնում եւ կկարողանա հարմարվել»,- ասել է Բելառուսի հոկեյի ֆեդերացիայի մարզական տնօրեն Ալեքսանդր Խրոմիլեւը:

Հայ վոլեյբոլիստներն անհաջող են հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում

Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկել է լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունը: Մրցաշարին առաջին անգամ մասնակցում են ՀՀ լողափնյա վոլեյբոլի տղաների եւ աղջիկների թիմերը: Մեր հավաքականը ներկայացնում են Աշոտ Բալաբեկյան-Ռազմիկ Հակոբյան եւ Անի Հովսեփյան-Վերոնիկա Կոշկարյան զույգերը:

Աղջիկների առաջնությունում մեր թիմն ընդգրկվել է F ենթախմբում եւ մրցում է Ռուսաստանի, Իտալիայի ու Սերբիայի թիմերի հետ: Առաջին խաղային օրը մեր զույգերը պարտվել են Ռուսաստանի եւ Իտալիայի թիմերին` միեւնույն` 2:0 հաշվով: Վերջին խաղում մեր աղջիկները կմրցեն Սերբիայի թիմի հետ:

Տղաները ընդգրկվել են A ենթախմբում` Լատվիայի, Բելառուսի եւ Հունաստանի թիմերի հետ: Առաջին հանդիպումը նրանք անցկացրել են Հունաստանի թիմի հետ ու պարտվել 2:0 հաշվով: Ապա նոյն հաշվով Բալաբեկյան-Հակոբյան զույգը պարտվել է Բելառուսին: Մեր տղաները ենթախմբում իրենց վերջին հանդիպումը կանցկացնեն Լատվիայի թիմի հետ:

«Yerevan Open 2016»-ի մեկնարկը տրված է

Կայացել է լողափնյա վոլեյբոլի «Yerevan Open 2016» միջազգային մրցաշարի վիճակահանությունը եւ մասնակից թիմերի վերջին մարզումները: Մրցաշարին մասնակցում են 8 տղամարդկանց եւ 8 կանանց թիմեր։
Մրցաշարը կմեկնարկի տղամարդկանց հանդիպումներով` ՖԻՄԱ-ՖԻՄԱ-2,Պատանեկան հավաքական-Արաբկիր, Վրաստանի հավաքական-Վանաձոր. Գյումրի-ԲԿՄԱ։ Կանայք՝ Վրաստանի հավաքական-1–Վան, Սյունիք-Վրաստանի հավաքական-2, ԽՄՕՄՄ–ԵՊԼՀ, Արթիկ-Նժդեհ։

Հայաստանն առաջին անգամ հյուրընկալեց ՈւԵՖԱ-ի գավաթի ֆուտզալի խաղարկությունը

ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 թթ. խաղարկության նախնական փուլի մրցաշարն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում: Օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կայացան մրցաշարի «A» խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը ներկայացնում էր Հայաստանի ֆուտզալի կրկնակի չեմպիոնը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը:

Մրցակիցներն էին Կիպրոսը ներկայացնող «Հապոել»-ը, Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ Մանիակս» եւ Դանիան ներկայացնող «Գենտոֆտե» թիմերը: Մասնակիցներից յուրաքանչյուրն իր երկրի գործող չեմպիոնն է եւ բավական բարձր դիրք ունի ֆուտզալի համաշխարհային վարկանշային սանդղակում: Վերջին հանդիպումը հայ-կիպրական էր եւ ավարտվեց 7:7 հաշվով, ինչը ընդհանուր արդյունքներով հաղթելու հնարավորությույ տվեց Կիպրոսի թիմին: Այս խաղից հետո ,«Հապոել»-ը վաստակած 7 միավորով խմբում զբաղեցրեց 1-ին տեղը եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Նորվեգական «Գենտոֆտե»-ն 6 միավորով դարձավ 2-րդը, ՀՊՏՀ-ն՝ 4 միավորով 3-րդը, իսկ շվեյցարական «Ֆուտզալ Մանիակս»-ը միավորներ չի վաստակել եւ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր եղավ ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանն աջակցում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:

Կիպրոսցի մարզիկները այցելել են նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին: «Շատ էինք ուզում այցելել Հայոց ցեղասպանության թանգարան: Մեր երկու ժողովուրդները նույն պատմությունն են ունեցել, եւ այդ պատճառով չեինք կարող բաց թողնել այս պահը և գալով Երեւան չայցելել այստեղ»,- նշել է «Ապոել» թիմի ղեկավար Իոանիս Կուննասը:

Գերմանիան կաջակցի Ալեքսանդր Չեֆերինին

Գերմանիայի ֆուտբոլային միությունը կաջակցի սլովեն Ալեքսանդր Չեֆերինին ՈՒԵՖԱ-ի նախագահի՝ սեպտեմբերի 14-ին Աթենքում կայանալիք ընտրություններում։ Չեֆերինը 3 թեկնածուներից մեկն է, ովքեր կարող են պայքարել եվրոպական ֆուտբոլային միության ղեկավարի պաշտոնի համար։ ՖԻՖԱ-ն գրանցել է նաեւ հոլանդացի Միխայել վան Պրաագի և իսպանացի Անխել դի Մարիայի թեկնածությունները։ Չեֆերինին աջակցություն է հայտնել նաեւ ֆրանսիական ֆեդերացիան, եւ ներկա պահին նա ֆավորիտ է համարվում։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհում կրկին 102-րդն է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման օգոստոսյան ցուցակը: Հայաստանի ընտրանին տեղաշարժ չի գրանցել եւ պահպանել է նախորդ ամսվա 102-րդ տեղը՝ ունենալով վարկանիշային 348 միավոր: Ընդհանրապես, հաշվետու ժամանակահատվածը ակտիվ չի եղել պաշտոնական կամ ընկերական հանդիպումներով, ինչի հետեւանքով շատ հավաքականներ պահպանել են հուլիսյան դիրքերը: Մասնավորապես, փոփոխություն չի եղել համաշխարհային ցուցակի առաջին 20 հորիզոնականներում:

Աշխարհի առաջատարը շարունակում է մնալ Արգենտինան, որին հաջորդում են Բելգիան, Կոլումբիան, Գերմանիան, Չիլին, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Բրազիլիան, Իտալիան: 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը կրկին 16-րդն է, Ռումինիան մեկ տեղով նահանջել է 25-րդ հորիզոնական, Դանիան, որի հետ մեր թիմը հանդիպելու է սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում, մնացել է 44-րդ տեղում, Մոնտենեգրոն նույնպես պահպանել է իր 95-րդ հորիզոնականը, իսկ Ղազախստանը մեկ տեղով առաջ է գնացել եւ հիմա Գաբոնի հետ կիսում է 96-րդ տեղը: Փաստորեն, Հայաստանի հավաքականը շարունակում է վարկանիշով զիջել իր գալիք մրցակիցներին, չնայած ամեն ինչ որոշվում է խաղադաշտում:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Ուկրաինան է, որը 30-րդն է, հաջորդում են Ռուսաստանը (38), Ուզբեկստանը (55), Բելառուսը (70), Ղազախստանը: Մյուս երկրները զիջում են Հայաստանին: Մեր հարեւաններից լավագույն արդյունքն ունի Թուրքիան (19), ապա՝ Իրանը (39): Վրաստանը 118-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 136-րդը:

Առաջիկա հանդիպումը մեր թիմը անցկացրեց Չեխիայի հետ ամսի 31-ին մրցակցի հարկի տակ եւ պարտվեց: Ընկերական այդ հանդիպումը վերջին ստուգատեսը կլինի ԱԱ-2018-ից առաջ: Չեխերը հիմա 34-րդն են աշխարհում: ՖԻՖԱ-ն հաջորդ աղյուսակը կհրապարակի սեպտեմբերի 15-ին:

Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 հանդիպում: Օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքում կկայանա Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը (որը ցավոք, ավարտվեց մեր հավաքականի պարտությամբ), իսկ սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում՝ 2018թ. Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա), Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Վարազդատ Հարոյան, «Փադիդեհ», Իրան, Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս, Լեւոն Հայրապետյան, «Փայքան», Իրան, Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան, Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրահ» (ԱՄԷ), Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա), Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա), Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան), Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս), Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան), Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա), Դավիթ Արշակյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ), Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան), Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի հաջորդ շաբաթ:

Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում: Կոպենհագենում Դանիայի հետ կայացած հանդիպումն անցավ հորդառատ անձրեւի ներքո: Մեր ֆուտբոլիստները դեռ չէին հասցրել հարմարվել թաց խոտածածկին, երբ դաշտի տերերը 17-րդ րոպեին արագ գրոհ կազմակերպեցին եւ Քրիստիան Էրիկսենը հաշվենկատ հարվածով բացեց հաշիվը:

Հետագայում մերոնցից ֆուտբոլ էր խաղում միայն դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ով բազմիցս փրկեց իր թմին վերահաս վտանգներից, անգամ ետ մղեց դարպասին նշանակված 11մ հարվածը: Իսկ ահա մյուս գծերի ֆուտբոլիստները բոլորովին չէին հասկանում միմյանց, անընդհատ սխալներ էին թույլ տալիս, ուշանում էին մրցակիցներից, շատ դանդաղ էին գործում: Ճիշտ է, հանդիպման վերջում դանիացիներն իրենց կիսադաշտում կոպիտ սխալվեցին եւ Մարկոս Պիզելին հայտնվեց դարպասապահի դեմ դիմաց, սակայն հապաղեց եւ կորցրեց հարմար պահը: Այդպիսով, աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Դանիայի ազգային թիմին: Մեր ընտրանին միանգամից դարձավ խմբի հետնապահը, քանի որ զուգահեռ ընթացող Ղազախաստան-Լեհաստան խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Մինչ այս Հայաստանի  ֆուտբոլի ազգային հավաքականը չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում ընկերական խաղում հանդիպեց Չեխիայի  ազգային ընտրանու հետ եւ պարտվեց 0:3 հաշվով: Խաղի առաջին իսկ րոպեներից չեխերը նախաձեռնությունների իրավունքը վերցրին իրենց ձեռը եւ պահեցին մինչեւ վերջ։ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով 30 րոպե անց լքեց խաղադաշատը։ Իսկ  չեխերից աչքի ընկան Լադիսլավ Կրեյչին եւ Վացլավ Կադլեցը: Գոլերի հեղինակներ դարձան. 1-0` Լադիսլավ Կրեյչի, 4-րդ րոպեին, 2-0` Վացլավ Կադլեց, 34-րդ, 3-0` Յան Կոպիկ, 87-րդ։ Չեխիայի հեռուստատեսային մեկնաբանները նույնպես արձանագրեցին, որ թեեւ Հայաստանի հավաքականն ըստ էության ներկայացնում է ողջ աշխարհը եւ ֆուտբոլիստներ են ընդգրկված տարբեր մայրցամաքներից, սակայն այս խաղում առավելությունը չեխերի կողմն էր։ Իհարկե, նշվեց նաեւ, որ Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ հաջողության հասած ֆուտբոլիստն է, եւ այժմ խաղում է անգլիական «Մանչեսթր Յունայթիդ» ակումբում։ Հատկանշական է նաեւ որ խաղի սկզբում չեխ աղջիկների խումբը հայերենով կատարեց Հայաստանի օրհներգը։

Մարատ Բուտուեւը պայմանագիր ստորագրեց Հայաստանի չեմպիոնի հետ

Ծագումով ղազախ, Ռուսաստանի քաղաքացի 24-ամյա պաշտպան Մարատ Բուտուևը մեկամյա պայմանագիր է ստորագրել Երեւանի «Ալաշկերտ»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բուտուեւն «Ալաշկերտ»-ում փորձաշրջան էր անցնում եւ թիմի կազմում մասնակցել է Իրաքի «Զախո» թիմի հետ միջազգային ընկերական խաղին: Իր մարզական կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել Ռուսաստանի «Սպարտակ» (Վլադիկավկազ), «Ալանիա», Ղազախստանի «Ատիրաու» թիմերում: Իսկ նրա վերջին ակումբը եղել է Վրաստանի «Ցխինվալի»-ն:

Յուրա Մովսիսյանը՝ ՄԼՍ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

«Ռեալ Սոլթ Լեյք»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խորհրդանշական հավաքականում: Այս մասին հայտնում է «Sport-Express»-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյք»-ը սեփական հարկի տակ խաղում 2։1 հաշվով առավելության էր հասել «Կոլորադո»-ի նկատմամբ։ Դաշտի տերերին հաղթանակ էր պարգևել Յուրա Մովսիսյանը՝ 2 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Հավելենք, որ հայ ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են Մոսկվայի «Սպարտակ»-ին։ «Ռեալ Սոլթ Լեյք»-ում նա հանդես է գալիս վարձավճարի հիմունքներով։

Հայ ֆուտբոլիստը` դուբլի հեղինակ – MLS-ի հերթական խաղափուլում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը տնային ծաղում 2:1 հաշվով առավելության է հասել «Կոլորադո Ռեփիդզ»-ի նկատմամբ: Հանդիպմանը դուբլ է հեղինակել Յուրա Մովսիսյանը: Նշենք, որ «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հարձակվողը 57-րդ րոպեին վրիպել է 11-մետրանոց հարվածից:

Մխիթարյանը մեր հայ կիսապաշտպանն է.երկրպագուները փոխել են Սթինգի երգի բառերը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները Հենրիխ Մխիթարյանի պատվին փոխել են  Սթինգի «Englishman In New York» երգի բառերը: Ֆաները երգում են «Whoa, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian!» (Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է):

Հենրիխ Մխիթարյան. «Հոգով ու սրտով կլինեմ ազգային հավաքականի կողքին»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ոգեշնչելով մեր ընտրանու ֆուտբոլիստներին, ովքեր աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում ուժերը կչափեն Դանիայի հավաքականի հետ:

«Սիրելի երկրպագուներ, շնորհակալ եմ Ձեր աջակցության համար: Շատ եմ գնահատում ձեր անհանգստությունը: Այժմ վերադառնում եմ Մանչեսթեր՝ բուժզննման և հուսով եմ շատ շուտ կվերադառնամ: Հայաստանի հավաքականի թիմակիցներիս հաջողություն եմ մաղթում՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիայի ընտրանու հետ կայանալիք խաղում:
Որպես ազգային հավաքականի ավագ՝ ակնկալում եմ տեսնել մարտական ոգի եւ վճռականություն: Հոգով ու սրտով կլինեմ ազգային հավաքականի կողքին»,- գրել է Մխիթարյանը:

Կարեն Խաչանովը դուրս է եկել «US Open»-ի երկրորդ շրջան

«US Open»-ի որակավորման առաջին փուլում Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարոն Խաչանովը 6։4, 6։4 հաշվով հաղթել է բոսնիացի Միրզա Բասիչին։ Հանդիպումը տեւել է 1 ժամ 9 րոպե։ Որակավորման եզրափակիչ մտնելու համար Խաչանովը կմրցի Ասլան Կարացեւ-Ադրիան Մենենդես զույգի հաղթողի հետ (հաղթեց վերջինը):

US Open-ի որակավորման երկրորդ փուլում ուժերը կփորձի նաեւ ԱՄՆ-ը ներկայացնող 26-ամյա Ալեքսանդր Սարկիսյանը, ով կմրցի ֆրանսիացի Կվենտին Հալիսի հետ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորում է Երեւանի առագաստային ակումբին

ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ օգոստոսի 13-ից 20-ը Սեւանա լճում անցկացվում է վինդսերֆինգի Հայաստանի առաջնությունը: Մրցույթին մասնակցում են ավելի քան 20 վինդսերֆերներ: Մրցաշարի կազմակերպիչները նախատեսել էին 8 մրցանակային տեղ:

Երեւանյան առագաստային ակումբը հիմնվել է 10 տարի առաջ: Ակումբը Երեւանում ունի մշտական բազա, իսկ Սեւանա լճի ափին տեղակայված է բարեկարգված հիմնական բազան, որտեղ մարզվում են ոչ միայն ակումբի անդամ-սպորտսմենները, այլեւ հյուրեր` արտասահմանյան երկրներից: Ամեն տարի ակումբին անդամագրվում է մինչեւ 100 երեխա: Ակումբի մարզիկների թվում են մանկական Օլիմպիական խաղերի, Աշխարհի առաջնության, Աշխարհի գավաթի եւ Ռուսաստանի առաջնության մրցանակակիրներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է տարածել առողջ ապրելակերպը երեխաների եւ երիտասարդության մեջ` աջակցելով ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մարզիկներին:: Բանկը շնորհավորում է մրցաշարի բոլոր մասնակիցներին, մաղթում է հաղթանակներ ինչպես՛ տեղական, այնպես էլ՛ միջազգային մրցույթներում»,- ասված է հաղորդագրությունում:

Գյումրիում անցկացվեց բլոտի միջմարզային առաջնությունը

«Վիվառո» ընկերությունը Բլոտի սիրահարների համար կազմակերպել էր մրցաշարեր՝ նպատակ ունենալով առավելագույնս ընդգրկել մարզերի ներկայացուցիչներին: Թիմային կարգով օնլայն անցկացվող մրցաշարերի հաղթողները իրավունք էին ստացել մասնակցել Բլոտի միջմարզային առաջնության եզրափակիչ փուլին: Նշենք, որ Վիվառոն Միջմարզային մրցաշարերի համար սահմանած 9 միլիոն դրամ մրցանակային ֆոնդից 3 միլիոն դրամը հատկացրել էր Բլոտին, որը բաշխվեց բոլոր մասնակիցների միջեւ՝ ըստ գրաված տեղի: Նշենք նաեւ, որ թե՛ նախընտրական, թե՛ եզրափակիչ մրցաշարերն անցկացվել են առանց որեւէ մուտքավճարների, քանի որ միջմարզային առաջնության ընտրական փուլին ամենաշատը գյումրեցիներն են մասնակցել, ուստի Վիվառո ընկերությունը որպես Բլոտի եզրափակիչ փուլն անցկացնելու վայր է ընտրել հենց Գյումրի քաղաքը:

Եվ այսպես, օգոստոսի 13-ին Գյումրու «Օազիս» ռեստորանային համալիր էին ժամանել միջմարզային առաջնության օնլայն մրցաշարի հաղթողները, որպեսզի արդեն դեմ առ դեմ խաղալով որոշեին ուժեղագույններին:  Բացի թիմային մրցաշարից, որին մասնակցում էին տարբեր մարզերից 6 թիմ, անցկացվեց նաև անհատական մրցաշար 32 մասնակիցների միջեւ: Հետաքրքիր եւ լարված հանդիպումների արդյունքում պարզվեց, թե Հայաստանի որ մարզն է ուժեղագույնը: Եվ այսպես թիմային մրցաշարի հաղթող դարձավ Գեղարքունիքի թիմը (450,000 դրամ), 2-րդ տեղը (300,000 դրամ) գրավեց Կոտայքի թիմը, իսկ Արմավիրի ու Սյունիքի մարզերը զբաղեցրեցին համապատասխանաբար 3-րդ (240,000 դրամ) եւ 4-րդ (120,000 դրամ) տեղերը:

Լարված ու թեժ մրցակցություն էր նաեւ անհատական մրցաշարում: Այստեղ իրեն հավասարը չունեցավ Հայկազ Ումիտյանը (500,000 դրամ): Կառլեն Ավագյանը գրավեց 2-րդ (200,000 դրամ), Արթուր Ռաֆայելյանը՝ 3-րդ (140,000 դրամ), իսկ Հովհաննես Վարժապետյանը (80,000 դրամ)՝ 4-րդ տեղը:

Բացի դրամական մրցանակներից, թե՛ թիմային եւ թե՛ անհատական առաջնության հաղթողները պարգեւատրվեցին նաեւ հատուկ գավաթներով ու պատվոգրերով: Մրցանակներ ստացան նաև բոնուսային մրցաշարի հաղթողներ՝ Արմեն Միրզոյանը, Արսեն Եդիգարյանը եւ Արտյոմ Մովսիսյանը:

«Օազիս» համալիրում ընթացող միջոցառումն ուղեկցվում էր հյուրասիրությամբ ու հաճելի երաժշտությամբ: Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին, ովքեր ապացուցեցին, որ Բլոտ խաղում են ոչ միայն հաճույքի համար:

«Լուսանցք» թիվ 28 (418), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։