Օլիմպիադա. մարզական աշխարհի խաչմերուկում` մեկ հեւքով.- Ռիո-2016. Հայաստանը 42-րդն է մեդալներով… Հայաստանում պանծանքով դիմավորեցին մեր օլիմպիականներին… Ռիոյում՝ երկրի նախագահի մակարդակով… Օլիմպիական ոսկի՝ 20 տարվա դադարից հետո… Ռուսաստանի մատը՝ Միհրան Հարությունյանի գործում, ով մնաց որպես իրակա՛ն չեմպիոն…

Ռիո-2016. Հայաստանը 42-րդն է մեդալներով

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկով զբաղեցրեց 42-րդ տեղը 88 երկրների մեջ: Այդ հաշվարկով առաջինն ԱՄՆ- էր, որի հավաքականը թերեւս մրցակցությունից դուրս էր՝ ընդհանուր առմամբ շահելով 121 մեդալ, այդ թվում՝ 46 ոսկի: Ի դեպ. 2016թ. օգոստոսի 5-21-ը Ռիո Դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում 33 մարզաձեւերում խաղարկվել է մեդալների 301 հավաքածու:

Հայաստանի մարզիկներից առավել հաջող հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Արթուր Ալեքսանյանը զբաղեցրեց 1-ին տեղը եւ հռչակվեց օլիմպիական չեմպիոն, իսկ Միհրան Հարությունյանը հասավ եզրափակիչ եւ միայն մրցավարների անհիմն (ասենք՝ միտումնավոր) որոշումների պատճառով զրկվեց ոսկե մեդալից: Մարզաձեւում, այնուամենայնիվ, գրանցվեց լուրջ ձախողում, քանի որ 2015թ. աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց արդեն առաջին մրցափուլում եւ դուրս մնաց պայքարից:

Հաջող հանդես եկան նաեւ մեր ծանրորդները: Նրանցից 2-ը՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը, իրենց քաշային կարգում գրավեցին 2-րդ տեղը եւ արժանացան արծաթե մեդալի: Այստեղ նույնպես լուրջ ձախողումներ ունեցանք: Անդրանիկ Կարապետյանը, ով պոկում վարժությունից հետո վստահ զբաղեցնում էր 2-րդ տեղը, հրում վարժության ժամանակ լուրջ վնասվածք ստացավ (ձեռքը դուրս ընկավ) եւ մրցանակային տեղից զրկվեց: Մրցումները չկարողացավ ավարտել նաեւ Առաքել Միրզոյանը, ով ոտքը վնասեց արդեն առաջին վարժության ժամանակ: Անհաջող հանդես չեկան նաեւ Նազիկ Ավդալյանը (5-րդ տեղ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (4-րդ տեղ), ով հնարավորություն ուներ բրոնզե մեդալ նվաճելու:

Բրոնզե մեդալին մոտ էր նաեւ մեր ազատ ոճային ըմբիշ Լեւան Բերիանիձեն, ում բախտը չբերեց այնքանով, որ կիսաեզրափակիչում հանդիպեց օլիմպիական խաղերի ապագա չեմպիոնի հետ եւ պարտվեց: 3-րդ տեղի համար մրցամարտի վերջում շատ կարեւոր 2 միավոր կորցրեց, մրցակցին թույլ տվեց հավասարեցնել հաշիվը եւ դառնալ մեդալակիր: Իսկ ահա մեր մյուս ազատ ոճայինները պարզապես հիասթափեցրին իրենց ելույթներով:

Ռիո-2016-ից Հայաստանի համար մեդալ կարող էր բերել նաեւ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, ով հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլը, սակայն եզրափակիչ մրցումներում իր հնարավորություններից ցածր հանդես եկավ եւ ի վերջո զբաղեցրեց նախավերջին 7-րդ տեղը:

Մեր բռնցքամարտիկները լիովին ձախողվեցին օլիմպիական խաղերում, թեեւ որոշակի սպասելիքներ կար նրանցից: Նրանք չկարողանալով հաղթահարել որակավորման փուլը՝ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Ի դեպ, մերոնց մրցակիցներից ոչ մեկին չի հաջողվել հասնել եզրափակիչ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդներն այնքան էլ բարձր կարգի չէին:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանը եւս դժգոհ է մնացել մեր աթլետների ելույթներից: Ավելին, հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը չի ներկայացել մրցմանը, եւ այդ մասին ոչինչ չի հայտնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը (ըստ որոշ աղբյուրների, նա Ռիոյում առողջական խնդիրներ է ունեցել եւ չի հայտավորվել մրցմանը): Բրազիլիայում վնասվածք ստանալու պատճառով մրցուղի չի կարողացել դուրս գալ նաեւ մեր լողորդուհի Մոնիկա Վասիլյանը:

Ամփոփելով 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեր մարզիկների ելույթները՝ կարելի է նշել, որ այն որոշակիորեն ստացված էր մեզ համար, սակայն չսպասված անհաջողություններն ավելի շատ էին:  

Ստացվեց, քանի որ այս անգամ ավելի շատ ազնիվ մետաղի մեդալներ նվաճեցինք, քան նախորդ օլիմպիական խաղերում, այդ թվում՝ ոսկի, որին սպասում էինք շուրջ 20 տարի: Չստացվեց, որովհետեւ ունեցանք բազում ձախողումներ, վնասվածքներ, վրիպումներ եւ չկարողացանք պայքար մղել անգամ համեմատաբար թույլ մրցակիցների դեմ: Մեր մարզիկները ցույց չտվեցին այն արդյունքերը, որոնք արձանագրել էինք մինչեւ օլիմպիական խաղերը:

Ինչեւէ, Հայաստանի հավաքականը 1 ոսկե եւ 3 արծաթե մեդալներով իր լավագույն ցուցանիշը ցույց տվեց մեր հավաքականի օլիմպիական պատմության մեջ՝ մեդալային հաշվարկում: Օլիմպիական խաղերից 1 տարի առաջ ամերիկյան «Infostrada Sports» կազմակերպությունը հրապարակել է իր կանխատեսումները, համաձայն որի Հայաստանը Ռիոյում նվաճելու է 2 ոսկե մեդալ (Միհրան Հարությունյանի մեդալը հաստատ 2-րդն էր): «Infostrada Sports»-ը մարզական վերլուծական գործակալություն է, որը մեծ մրցաշարերից առաջ ներկայացնում է իր ուսումնասիրություններն ու կանխատեսումներ հրապարակում:

Հաջող կարելի է համարել նաեւ տանտերերի արդյունքները՝ բրազիլացիները 15 մեդալ նվաճեցին, հավասարապես 5-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճելով: Իսկ առաջին տասնյակը այսպիսի տեսք ունի՝ 1. ԱՄՆ՝ 46-37-38/121, 2. Մեծ Բրիտանիա՝ 27-23-17/67, 3. Չինաստան՝ 26-18-26/70, 4. Ռուսաստան՝ 19-18-19/56, 5. Գերմանիա՝ 17-10-15/42, 6. Ճապոնիա՝ 12-8-21/41, 7. Ֆրանսիա՝ 10-18-14/42, 8. Հրվ. Կորեա՝ 9-3-9/21, 9. Իտալիա՝ 9-12-8/29, 10. Ավստրալիա՝ 8-11-10;/29:

Օլիմպիական խաղերում 1-ին ոսկե մեդալը վաստակած 9 երկրները

Այս Օլիմպիական խաղերը մի շարք երկրների մարզասերների համար բերկրալի էին 1-ին ոսկե մեդալը նվաճելու առումով: 9 երկրներ եւ Փախստականների հավաքականն իրենց պատմության ընթացքում առաջին ոսկե մեդալին արժանացան:

Դրանք են՝ Ֆիջի – Ռեգբիի հավաքականը դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Հորդանան – Թաեքվանդոյի 68 կգ քաշային կարգում ուժեղագույնը Ահմադ Աբուգհաուշն էր: Բահրեյն – 19-ամյա Ռութ Ջեբեդը Բահրեյնին առաջին Օլիմպիական ոսկին պարգեւեց՝ լավագույն արդյունքը ցույց տալով 3000 մ վազքում: Սինգապուր – Լեգենդար Մայքլ Ֆելփսից առաջ անցնելով՝ լողորդ Ժոզեֆ Շուլինգը հաղթեց 100 մ բաթերֆլայի մրցմանը: Կոսովո – Ձյուդոիստ Մայլենդա Կելմինդին (52 կգ) ոսկե մեդալ նվաճեց: Վիետնամ – Օդամղիչ հրացանով 10 մ կրակահերթում ամենադիպուկը Հոանգ Խուան Վինն էր: Տաջիկստան – Գնդանետորդ Դիլշոդ Նազարովը Տաջիկստանին անկախությունից ի վեր առաջին ոսկե մեդալը պարգեւեց: Պուերտո Ռիկո – 35-ամյա Մոնիկա Պուիգը թենիսի մրցաշարում հաղթեց Անժելիկա Կերբերին՝ դառնալով երկրի անկախացումից հետո 1-ին Օլիմպիական չեմպիոնը: Կոտդ՛Իվուար – առաջին ոսկե մեդալը նվաճեց Չեիկ Սալահ Սիսեն (թաեքվանդո. 80 կգ): Օլիմպիական խաղերին մասնակցող փախստականների հավաքականի ծագումով քուվեյթցի, 52-ամյա Ֆեհայֆ Ալ-Դեհանին հաղթեց հրացանի (100 մ) կրակահերթում:

Հայաստանում պանծանքով դիմավորեցին մեր օլիմպիականներին

Ռիո-2016-ում Հայաստանի օլիմպիական թիմի հիմնական մասը հայրենիք ժամանեց օգոստոսի 27-ին՝ Ռիո դե Ժանեյրո-Դոհա-Երեւան չվերթով:

Վերադարձողների կազմում էին ծանրորդները, բռնցքամարտիկները, լողորդները, աթլետները, մարմնամարզիկները:

Ծանրամարտի կանանց օլիմպիական թիմից հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ Հայաստան վերադարձան Ռիո-2016-ում 5-րդ տեղ զբաղեցրած Նազիկ Ավդալյանը եւ 10-րդ տեղ զբաղեցրած Սոնա Պողոսյանը: Տղամարդկանց թիմից մարզիչ Վիգեն Խաչատրյանի հետ ժամանեցին ձեռքի վնասվածքի պատճառով պայքարից դուրս մնացած Անդրանիկ Կարապետյանը, գերծանրքաշայինների պայքարում 4-րդ տեղ զբաղեցրած Ռուբեն Ալեքսանյանը:

Մարմնամարզիկների մարզիչներ Հակոբ Սերոբյանի եւ Սոս Սարգսյանի հետ ժամանեցին Ռիո-2016-ում եզրափակիչում 7-րդ տեղ զբաղեցրած Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը, որը եզրափակիչ դուրս չէր եկել:

Սպասասրահում իր մարզիկներին՝ լողորդներ Վահան Մխիթարյանին եւ Մոնիկա Վասիլյանին դիմավորեց լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ուղեկցությամբ Հայաստան վերադարձան Վլադիմիր Մարգարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը:

Իսկ օլիմպիական աթլետները՝ Լեւոն Աղասյանը, Ամալյա Շառոյանը, Լիլիթ Հարությունյանը, Դիանա Խուբեսերյանը, Գոռ Ներկարարյան եւ Գայանե Չիլոյանը Երեւան ժամանեցին Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ:

Հայ օլիմպիականներին օդանավակայանում դիմավորելու էին եկել մարզիկների ծնողները, հարազատները, ընկերները: Օլիմպիականների ժամանման հետ համընկած այլ չվերթով ժամանողների դիմավորողները եւս սպասում էին հայ մարզիկների դուրս գալուն:

Այդ օրը Ռիո դե Ժանեյրոյում էին մնացել Հայաստանի մեդալակիրները, ովքեր ժամանեցին հաջորդ օրը՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական ոսկին անարդար մրցավարության պատճառով կորցրած Միհրան Հարությունյանը, օլիմպիական փոխչեմպիոններ Գոռ Մինասյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը եւ նրանց մարզչական խումբը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել էր Ռիոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի անդամներին: «Կառավարության ղեկավարը ջերմորեն շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիրներ ըմբիշ Միհրան Հարությունյանին, ծանրամարտիկներ Սիմոն Մարտիորսյանին ու Գոռ Մինասյանին եւ շնորհակալություն հայտնել նրանց՝ Ռիո-2016-ում Հայաստանի եւ հայ ժողովրդի պատիվը բարձր պահելու համար»,- նշվում էր կառավարության հաղորդագրության մեջ: Հայաստանի վարչապետը մեր մարզիկներին մաղթել է նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Հայ օլիմպիականներին դիմավորելու էին եկել հազարավոր երկրպագուներ ոչ միայն մայրաքաղաքից, այլեւ Հայաստանի տարբեր մարզերից: Գյումրին իր մեդալակիրներին նույնպես դիմավորեց ցնծությամբ:

Մեր օլիմպիականների դիմավորման արարողությունը պետական եւ ժողովրդական էր ու վերածվել էր տոնախմբության Հայաստանի գլխավոր հրապարակում: Այն եզրափակվեց գեղեցիկ հրավառությամբ:

Ռիոյում՝ երկրի նախագահի մակարդակով

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Բրազիլիա: Նա պաշտոնական հանդիպումներ ունեցավ Բրազիլիայի ղեկավարության հետ, միաժամանակ սատարեց Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին: Հայաստանի նախագահը այցի ընթացքում ներկա գտնվեց մայրաքաղաք Բրազիլիայում մեր երկրի դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը:

Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերի հետ եւ շնորհավորել Օլիմպիական խաղերը Բրազիլիայում հյուրընկալելու կապակցությամբ: Նաեւ իր երախտագիտություն է հայտնել հայ օլիմպիականների անունից՝ մարզիկների համար Ռիո դե Ժանեյրոյում ստեղծված անհրաժեշտ բոլոր պայմանների եւ հոգատար վերաբերմունքի համար: Մաղթել է բարի ու անվտանգ երթ համաշխարհային հանրությանը համախմբող տոնական մարզական միջոցառմանը՝ 31-րդ ամառային օլիմպիական խաղերին: Օլիմպիական խաղերը, մեր նախագահի համոզմամբ, բացի սպորտային մեծ տոն լինելուց, նաեւ խաղաղության ուղերձ են հղում ամբողջ աշխարհին: Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ Բրազիլիայում խաղերը կվերահաստատեն ամբողջ մարդկության համար կարեւոր այդ գաղափարները եւ կնպաստեն միջազգային մթնոլորտի բարելավմանն ու առողջացմանը, ինչի կարիքը, ըստ նրա, աշխարհը զգում է հատկապես վերջին ժամանակաշրջանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ օգոստոսի 13-ին, Ռիո դե Ժանեյրո քաղաքի օլիմպիական ավանում հանդիպում է ունեցել 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ:

Մեր երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հայ մարզիկները ունենալու են հաջողություններ եւ հիշեցրել, որ այդ հաջողությունները նաեւ մեր ժողովրդին ավելի ճանաչելի են դարձնում:

Շեշտել է, որ հայ մարզիկները մրցելու են այլ՝ ավելի մեծաթիվ ազգերի ընտրյալների հետ, ովքեր իրենց սեփական երկրներում հազարավոր մրցակիցներ ունեն, եւ այդ հանգամանքից ելնելով է, որ հայ մարզիկի ձեռքբերումը ավելի է արժեւորվելու:

«Ձեր երկրպագուները շատ են, բայց ձեր առաջին երկրպագուները, առաջին սատարողները Հայաստանի քաղաքացիներն են, ձեր մարզիչներն են, Օլիմպիական կոմիտեն է: Դուք ինձնից շատ լավ գիտեք՝ լարվել պետք չէ: Սպորտը այնպիսի բան է, որ միշտ կարող է լինել հաջողություն եւ անհաջողություն՝  կարեւորը, որ դուք կարողանաք ամբողջովին դրսեւորվել: Վերջին տարիներին բավականաչափ աճել է մրցանակների թիվը: Նորից եմ կրկնում, ամենակարեւորը այն է, որ դուք կարողանաք ամբողջովին դրսեւորվել»,- հանդիպման ընթացքում ասել էր Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այց է կատարել նաեւ Ռուսաստանի Դաշնություն՝ հանդիպել է այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նշել է, որ խաղաղության եւ համերաշխության թեմաները հատկապես արդիական են օլիմպիական խաղերի օրերին:

Մեկ անգամ եւս հաջողություններ էր մաղթել Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականներին եւ ցանկացել, որ միասին ուրախանան մեր երկրների մարզիկների նվաճած հաջողություններով: «Մենք շատ հպարտանում ենք, որ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկները հասել են շատ լավ արդյունքների: Մի քանի ամիս առաջ Երեւանում բացվել է համաշխարհային գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինայի անվան դպրոց: Ես համոզված եմ, որ համատեղ սպորտային հաղթանակները եւ նվաճումները լիովին արտացոլում են մեր ժողովուրդների փոխադարձ զգացմունքները: Ինչպես ասվում է՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի»,- ասել էր Սերժ Սարգյանը:

* * *

Օլիմպիական ոսկի՝ 20 տարվա դադարից հետո

Սպիտակ արջը Ռիոյում բարձրացրեց Հայաստանի դրոշը:

Արթուր Ալեքսանյանը (ում վաղուց «Սպիտակ արջ» են կոչել) արդարացրեց հայության սպասելիքները եւ արժանիորեն դարձավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում: Մեր չեմպիոնն իր ոսկե մեդալը՝ հաղթանակը նվիրեց սահմանին կանգնած զինվորներին եւ ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին:

«Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարեւորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել եւ դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Արթուրը կրում էր շապիկ, որին դաջված էր քառօրյա պատերազմի լուսահոգի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը:

Անդրադառնալով  Միհրան Հարությունյանին, չեմպիոնը նշեց. «Նա ինձ համար օլիմպիական չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք 2 ոսկի»:

Հայաստանի մարզիկները ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում նվաճել են 4 մեդալ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալից բացի, մրցավարների կողմնակալ որոշման հետեւանքով ոսկուց զրկվել եւ փոխչեմպիոն է դարձել նույն ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, փոխչեմպիոններ են դարձել նաեւ ծանրորդներ Սիմոն Մարտիոսյանն ու Գոռ Մինասյանը: Վերջինիս քաշային կարգում հանդես էր գալիս նաեւ Ռուբեն Ալեքսանյանը, ով շատ մոտ էր բրոնզե մեդալին, բայց վերջին մոտեցումը չհաջողեց ու մնաց 4-րդ տեղում:

Օլիմպիական մրցավարների մանրախնդրության հետեւանքը

Հզոր քայլ՝ պատասխան ադրբեջանցուն, եւ աշխարհի մարզասերների համար նա մնաց որպես չեմպիոն:

Հիշեցնենք, որ 2014թ. ադրբեջանցի Ռասուլ Չունաեւը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում էր հայ մարզիկ Վարշամ Բորանյանի հետ: Վարշամը կիսաեզրափակչում կտրել էր ոտքի մկանը, եւ ի զորու չէր պայքարել, բայց չվախենալով՝ դուրս եկավ մրցագորգ: 23 վայրկյանում ադրբեջանցին կարողացավ հաղթել հայ ըմբիշին, ապա զինվորական քայլքով անցավ մրցագորգի վրա ու զինվորական պատվի առավ: Այնուհետեւ հարցազրույցում հայտարարեց, որ «եթսե քո մրցակիցը հայ է, ապա նրա հանդեպ միայն ատելություն ու չարություն ես զգում»:…

Միհրան Հարությունյանն օգոստոսի 16-ին արժանի եւ պատվախնդիր պատասխան վերադարձրեց ադրբեջանցի Ռասուլ Չունաեւին՝ հասկանալով, որ կարող է վտանգել իր հաղթանակը, նվաճած ոսկե մեդալը, բայց գնաց այդ քայլին… Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակչում Միհրան Հարությունյանը հանդիպել էր Ռասուլ Չունաեւին եւ հաղթել 4։1 հաշվով: Մեր ըմբիշի հաղթական գոտեմարտի տեսագրությունը ներկայացված էր համացանցում, որտեղ գրառումներում ընդգծվում էր. «…Եթե ուշադիր նայեք, Միհրանի հետ կադրերից մեկում այդ լամուկի դեմքին էլի չարությունն է իշխում՝ ատելությունը»:…

Պատմական մի հիշեցում անենք. 8-րդ դարի սկզբին՝ 705 կամ 707 թվականին, արաբական խալիֆաթության հանձնարարությամբ, արաբ ոստիկան Մուհամմեդ իբն-Օկբան, հայ ազնվականությունը ոչնչացնելու մտադրությամբ, խաբեությամբ իր մոտ է հրավիրում մի քանի հարյուր հայ նախարարների, զորականների ու սեպուհների, որոնց ուխտադրժորեն լցնում են Նախիջեւանի (մոտ՝ 800 հոգու) եւ Խրամ գյուղի (մոտ՝ 400 հոգու) եկեղեցիներն ու ողջ-ողջ այրում:

Կեսհազարամյակ հետո՝ 1209 թվականին, հայոց իշխանապետ, սպարապետ Զաքարե Զաքարյանը, գրավելով Արդաբիլը, Նախնյաց Սրբազան Վրեժն առնելու նպատակով, հրամայեց այրել այն մզկիթը, ուր պատսպարվել էին քաղաքի մեծամեծերը, ասելով. «Իշխանք՝ փոխանակ իշխանացն հայոց, զոր այրեցին այլազգիք ի Նախճուանի»:

Այն փաստը, որ հայ ըմբիշի հաղթանակը մնացել է որպես իրողություն, հաստատեց նաեւ Vivaro-ն, որը հաղթած է ճանաչել Միհրան Հարությունյանի հաղթանակի վրա արված խաղադրույքները: Vivaro բուքմեյքերական ընկերությունը հայտնել է, որ Ռիոյում ըմբշամարտի 66 կիլոգրամ քաշային կարգում հայաստանցի մարզիկ Միհրան Հարությունյանի ելույթը հաշվելու է որպես հաղթանակ եւ վճարելու է համապատասխան խաղադրույքների համար: «Ռիոյի Օլիմպիական խաղերում բոլորս ականատես եղանք, թե ինչպես մրցավարական կողմնակալության պատճառով ըմբշամարտի մինչեւ 66 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթանակը շնորհվեց սերբ Դավոր Շտեֆանեկին, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը ստացավ միայն արծաթե մեդալ: Վիվառո ընկերությունը, ողջ հայ ազգի նման Միհրան Հարությունյանին համարելով այդ գոտեմարտի իրական հաղթող եւ Օլիմպիական չեմպիոն, հաղթած է համարում նաեւ բոլոր այն խաղադրույքները, որոնք կատարվել էին հայ ըմբիշի՝ չեմպիոն դառնալու վրա: Ուստի, Միհրանի հաղթանակի վրա խաղադրույք կատարած մեր մի քանի հազար օգտատերերը կստանան իրենց շահումները՝ թե՛ օրդինար, թե՛ էքսպրես տեսակի տոմսերում: Վիվառոն արդար խաղի կողմնակից է»,- մասնավորապես ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Այսպես՝ 2 տարի հետո Միհրան Հարությունյանը լուծում է Վարշամ Բորանյանի վրեժը եւ դա անում է ի տես ադրբեջանցի Ռասուլ Չունաեւի:

Ռուսաստանի մատը՝ Միհրանի գործում

«Քանի ես կամ, դու չես հաղթելու». սրանք էին Միխայիլ Մամիաշվիլու խոսքերը՝ ուղղված հայ մարզիկին:

«Համեստություն չեմ ուզում անել, այս ամենը աղբ է: Չեմ ուզում այստեղ լինել, ուզում եմ հեռու գնալ: Ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում՝ ո՛չ սպորտը, ո՛չ Օլիմպիական մեդալը: Նորից եմ կրկնում՝ այս ամենը աղբ է»… Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի արծաթե մեդալը ստանալուց հետո հայտարարել է մեր Միհրան Հարությունյանը: Մարզիկի համար գերագույն նպատակներից մեկը Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է, եւ անգամ արծաթե մեդալի դեպքում անսահման է լինում ուրախությունը, բայց Միհրանի խոսքերը, արցունքները՝ պարգեւատրման արարողության ժամանակ թերեւս վեր են զուտ սպորտային արդյունքներից եւ արտահայտում են մեկ մարդու անձնական ողբերգությունը:

Էջմիածնում ծնված Միհրանը 4 տարեկան հասակում՝ 1993թ. ընտանիքի հետ տեղափոխվում է Մոսկվա: Հետագայում նա սկսում է մարզվել ըմբշամարտով՝ հայ մարզիչ Ռուբեն Թաթուլյանի գլխավորությամբ: Պատանեկան տարիքից սկսած Միհրանը Ռուսաստանում առաջատար էր իր քաշային կարգում: Մասնակցում էր պատանեկան, ապա երիտասարդական մրցաշարերի, հաղթում եւ արդեն համարվում էր Ռուսաստանի ապագա հույսերից մեկը:

2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի նախաշեմին, սակայն, Ռուսաստանի ըմբշամարտի միության նախագահ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին սկսում է ամեն կերպ խոչընդոտել 23-ամյա Միհրանի հաջողություններին. պատճառի մասին գիտեին բոլորը:

Բանն այն է, որ աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Ռուսաստան մրցամարտի ժամանակ Միհրանը պարտվում է հայ ըմբիշին, եւ Մամիաշվիլին մեղադրանքներ է հնչեցնում Միհրանի հասցեին, համարելով, որ «պարտությունը դիտավորյալ էր»: Իր քաշում Ռուսաստանում ուժեղագույնը համարվող, արտակարգ տեխնիկա ունեցող, բազմազան հնարքների տիրապետող Հարությունյանը զրկվում է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին մասնակցելու իրավունքից:

Ռուսական ըմբշամարտում ընդհանրապես բոլոր որոշումները ընդունում է Միխայիլ Մամիաշվիլին, եւ այն պարտադիր է բոլորի համար: Քիչ թե շատ հակադարձնողները, առավել եւս անհատականությունները իսկույն դառնում են ամենաիսկական մաֆիայի վերածված ըմբշամարտի ֆեդերացիայի եւ այդ կառույցի ամենակարող նախագահի «թշնամի» (երեւի ստալինիզմը դեռ նստած է Մամիաշվիլու մեջ…) եւ ուղղակիորեն զրկվում անգամ մարզվելու տարրական պայմաններից: Հենց նման վիճակում է հայտնվում Միհրանը:

«Քանի ես կամ, դու չես հաղթելու». սա սույն վրացառուսի խոսքն է՝ ուղղված հային, որից հետո Միհրան Հարությունյանի դեմ փակվում են բոլոր մարզադահլիճների դռները: Անգամ նրա մարզչին՝ Ռուբեն Թաթուլյանին են արգելում մարզումներ անցկացնել: Այդ ժամանակ լինում է հրավեր Հայաստանից, ինչին անմիջապես համաձայնում է Միհրանը. «Ըմբշամարտը իմ կյանքն է: Բայց այդ ժամանակ ինձ կարծես զրկել էին ապրելուց: Ինձնից երես էին թեքել բոլորը, բացի հարազատներիցս եւ մարզիչ Ռուբեն Թաթուլյանից: Այնպիսի տպավորություն էր, կարծես մահացել էի: Ես հավատում եմ Աստծուն, եւ նա միշտ օգնել է: Իմ գործը աղոթելը, աշխատելը եւ նպատակիս հասնելն էր: Եվ ես հարություն առա: Կյանքը կանգ չի առնում, եւ ամեն ինչ դեռ առջեւում է: Հպարտ էի, որ հանդես եմ գալու Հայաստանի կազմում»:

Իմիջիայլոց, այս վրացառուսը խնդիրներ ունեցավ նաեւ Ռուսաստանի հավաքականի ըմբիշների հետ: Ռուսաստանի ըմբշամարտի կանանց օլիմպիական հավաքականի անդամ Իննա Տրաժուկովան հայտարարել է, որ չի ընդունում ՌԴ մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար Միխայիլ Մամիաշվիլու հրապարակային ներողությունը, քանզի նա անձամբ իրենից ներողություն չի խնդրել Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած սկանդալային միջադեպի համար։

«ԶԼՄ-ներում կարդացել եմ, որ Մամիաշվիլին հրապարակային ներողություն է խնդրել Ռիոյում իր պահվածքի համար, բայց ոչ այն բանի, որ հարվածել է ինձ ու մեղադրել հայրենիքին դավաճանության մեջ։ Բացի այդ, Մամիաշվիլին ու ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիան անձամբ ինձանից ներողություն չեն խնդրել։ Քանի դեռ ֆեդերացիայի նախագահը ներողություն չի խնդրել որոշակի գործողությունների համար, ներողությունը չի ընդունվի։ Մամուլի ասուլիսում Մամիաշվիլին ասել է, որ ես ու ինքը դեռ 1000 անգամ կգրկախառնվենք, բայց նրա քայլից հետո չեմ պատրաստվում դա անել։ Հանդիպել ենք սպորտի նախարար Վիտալի Մուտկոյին։ Պատմեցի այն ամենը, ինչ եղել է։ Վիտալի Լեոնտեւիչը նշեց, որ կփորձի լուծել խնդիրը։ Սպորտի նախարարն իմ կողքին է»,- ռուս մարզուհու խոսքերը մեջբերել է sovsport.ru-ն։

Իսկ ՌԴ մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը պատրաստ է ներողություն խնդրել Իննա Տրաժուկովայից ու Ռուսաստանի կանանց ըմբշամարտի ողջ հավաքականից։ Հիշեցնենք, ըստ Տրաժուկովայի հայտարարության, Մամիաշվիլին վկաների ներկայությամբ հարվածել է իրեն, երբ ինքը պարտություն է կրել 3-րդ տեղի համար գոտեմարտում։ Ապա մեղադրել է հայրենիքին դավաճանության մեջ։

«Ամեն ինչ այդպես է եղել, սակայն մի քիլ էլ՝ ոչ այդպես։ Ես դա բախում չէի համարի։ 1000 անգամ կարող եմ ներողություն խնդրել եւ Իննայից, եւ բոլոր աղջիկներից։ Բայց ուզում եմ հարց տալ. ինչպե՞ս կարելի է հաղթել՝ չառաջնորդվելով բարձրագույն չափանիշներով։ Մենք հիմա հատուկ պայմաններում ենք եւ սխալներ գործելու իրավունք չունենք, միայն բարձրագույն չափանիշներ, միայն պայքար մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ»,- Մամիաշվիլու հոխորտանքը մեջբերել է sovsport.ru-ն։

Դառնալով Միհրան Հարությունյանի նկատմամբ ցուցաբերած միտումնավոր վերաբերմունքին՝ նշենք, որ Ռուսաստանում բոլորը չէ որ համաձայն են հայ ըմբիշին պարտություն գրանցելուն: Դաղստանցի մարզական մեկնաբան Արիպ Իբրահիմովը Միհրան Հարությունյանի պարտությունը մրցավարական անարդարություն հետեւանք է որակել: Ֆ/բ-ում գրառման մեջ նա ասել է. «Նույնիսկ չեմ կարողանում բառերով արտահայտել, թե ինչպես վարվեցին այդ տղայի հետ, անմարդկային է, եւ սա արդեն 3-րդ անգամ (Եվրոպայի խաղեր, աշխարհի առաջնություն): Աստված կպատժի այդ մրցավարական անօրինությունը թույլ տված մարդկանց: Մարդիկ տասնյակ տարիներով պատրաստվում են ոսկուն, իսկ ինչ-որ տականք, ով իրեն օլիմպիական կարգի մրցավար է կոչում, ձեռքի թեթեւ շարժումով խաչ է քաշում բոլոր տարիների արյուն-քրտինքի վրա»:Դաղստանցի մեկնաբանը շարունակել է. «Միհրան, սպորտում ազգություններ եւ կրոններ չկան, կա հաղթող եւ պարտվող: Այսօր դու ես իրական չեմպիոնը»: Որպես հետգրություն նա հավելել է, որ «Հարությունյանի մրցակից Ստեֆանեկի դեմ ոչինչ չունի. Այդ տղան նույնպես մեդալի էր արժանի, նա մեղավոր չէ մրցավարական անարդարության համար»:

«Միհրանի նկատմամբ իրագործված դատաստանը, պարզվում է, երկար պատմության շղթայի մեկ օղակն է միայն»,- ասել էր ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆ/բ-ում. «Մեր տղայի բոլոր առումներով վաստակած չեմպիոնությունն արդեն որերորդ անգամ գողանում են իրենից: Պատճառը՝ սեփական ԵՍ-ի, արժանապատվության բարձր զգացումն է, անհնազանդությունն իրենց միջազգային սպորտի «արքա» հռչակած սափրագլուխներին, նաեւ՝ որոշումը Հայաստան տեղափոխվելու եւ մեր եռագույնի տակ իր սպորտային կյանքը շարունակելու: Մեր սպորտի պատասխանատուները ուղղակի պարտավոր են այս դեպքի կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացնել, միջազգային հետաքննություն պահանջել եւ սպորտային դատավարության ամենաբարձր ատյաններում վերականգնել արդարությունը: Ազգովի պիտի բարձրացնենք նման տղաներին պատվանդան»:

Այո, չենք կարող չհամաձայնել, մեր սպորտի պատասխանատուները պարտավոր են աղմուկ բարձրացնել եւ միջազգային հետաքննություն պահանջել: Համացանցում մեծ եռանդով գործի դրվեց. «Շնորհեք Միհրանին օլիմպիական ոսկին» գլխագրով. ստորագրահավաք նախաձեռնվեց: Ավելի քան 10 հազար քաղաքացի Change.org կայքի միջոցով պահանջում են վերականգնել սպորտային արդարությունը եւ Ռիո-2016-ի օլիմպիական ոսկե մեդալը շնորհել ըմբիշ Միհրան Հարությունյանին։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, ստորագրահավաքը կաշխատի այն դեպքում, եթե շատ ձայն հավաքվի։ Այսինքն՝ եթե ստորագրահավաքին առնվազն 50 հազար մարդ մասնակցի, ապա այն կարող է հայտնվել միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Հատկապես որ վերջին շրջանում Միջազգային օլիմպիական կոմիտեն պարբերաբար հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կիզակետում։ «Լուսանցք» շաբաթաթերթը (նաեւ՝ www.hayary.org կայքը)՝ գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի ստորագրությամբ եւս միացել էր ստորագրահավաքին:

Միհրան Հարությունյանը բոլորի համար իրակա՛ն չեմպիոնն է

Այս խոսքերով Հայաստանի ԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Միհրանի պարանոցից հանեց արծաթե մեդալը եւ կախեց ոսկե մեդալ: Սա այն ժամանակ կատարվեց, երբ հայրենիք էին վերադարձել Ռիոյի օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկները: ՀԱՕԿ նախագահը կախելով ոսկե մեդալ՝ դրանով եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Միհրան Հարությունյանը բոլորի համար իրական չեմպիոնն է:

Բազմամարդ «Զվարթնոց» օդանավակայանում կանգնելու տեղ չկար: Հայ օլիմպիականներին դրսում մեծ հրավառություն էր սպասվում, որից հետո նստեցին իրենց համար նախատեսված ավտոբուսը եւ ուղեւորվեցին Հանրապետության հրապարակ: Հազարավոր երկրպագուներ վանկարկում էին Միհիան Հարությունյանի անունը, ինչը շատ հուզեց վերջինիս եւ արցունքներն աչքերին խոստացավ, որ նման ուրախություն իր ազգին նորից է ցանկանում պարգեւել:

Սերը մեծ ուժ է, եւ երկրպագուները Միհրան Հարությունյանին ստիպեցին փոխել իր որոշումը, որ կայացրել էր սպորտից ընդհանրապես հեռանալու մասով:

Հայ մարզիկն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այս ամենը տեսնելով, ես հենց այնպես չեմ հեռանա սպորտից: Ես իմ ազգին այսպիսի ուրախություն էլի կնվիրեմ: Ես շնորհակալ եմ բոլորին: Հուզված եմ: Անչափ շնորհակալ եմ: Զգում եմ անսահման սեր իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավն ու ամենահաճելին է: Սա կյանք է… Հույզեր ու զգացողություններ… Այս ամենն անհավանական է: Չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս»:

Օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը, երբ մեր օլիմպիական պատվիրակությունը վերադարձավ Երեւան, «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ցնծությամբ, հայ երկրպագուները  հատկապես ոգեւորոււմ էր Միհրան Հարությունյանին: Ամեն կողմից շնորհավորում էին, գրկախառնվում, ինքնագիր խնդրում, լուսանկարվում: Երկրպագուները «Միհրան՝ չեմպիոն» հայտարարություններով պարզապես արձանագրեցին, որ նա արդեն ոսկե մեդալ է բերել իրենց ու երկրին, եւ այդ վերաբերմունքը չէր կարող չհուզել հայ մարզիկին։ Եվ ոչ միայն նրան:

Ֆեյսբուքի օգտատերերից Էդգար Էլբակյանը այս պայքարի բովում մի տխուր իրավիճակի է անդրադարձել, որը չենք կարող չնշել, չնայած նմանները քիչ են մեզանում, բայց կան, եւ նրանց ուղղված Էդգարի խոսքը դիպուկ է: «Երբ Հայաստանը հաղթեց ապրիլյան պատերազմում, մեր ներսում առանձին շրջանակներ սկսեցին բղավել՝ «այ ցավներդ տանեմ, մենք կրվել ենք, սաղ ծախած էր, սերժիկենք էրեխեքի գլուխը կերան»։

Ոմանց մոլորեցնել հաջողվեց։ Երբ Հայաստանի մարզիկը նվաճեց օլիմպիական ոսկի, մեր ներսում առանձին շրջանակներ սկսեցին բղավել՝ «այ ցավներդ տանեմ, ի՜նչ հաղթանակ, հլը Գյումրու մարզադպրոցի պայմաններին նայեք, հլը օլիմպիական փոխչեմպիոնի տան պայմաններին նայեք»։

Ոմանց մոլորեցնել հաջողվեց։

Տխուրն էն ա, որ ես հայ եմ ու ադրբեջանցիների «վրա» աշխատելիս գիտեմ՝ որ ճամբարից եմ, իսկ մեր ներքին «բղավողները» ադրբեջանցի չեն, հայ են՝ մեր կողքին, մեզ հետ ապրող մեր հայերը, ում հետ դեռ կարող ա՝ մի խրամատում հայտնվես պատերազմի օրով»։

Ինչեւէ, այդ օրը բոլորս միասին նշեցինք մեր հաղթանակը, եւ այդօրվանից սկսվել է նախապատրաստությունը «Տոկիո-2020»-ին։

Օլիմպիական խաղերի միջադեպի մասին ՀԱՕԿն իր խոսքը կասի

«Դա օլիմպիական կոմիտեի միջոցառումն էր, բայց որպես գերատեսչություն մենք միասին լուծումը պետք է գտնենք»,- կառավարության նիստից հետո հայտարարեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ անդրադառնալով  Օլիմպիական խաղերի ժամանակ Միհրան Հարությունյանի հետ կապված միջադեպին. «Երբ, որ որոշումը կայացվի, դուք կիմանանք: ՀԱՕԿ-ի որոշումը երբ լինի՝ կիմանանք»: Իր անձնական տեսակետը ներկացնելով նա միայն ասաց՝ բացասական է:

Խոսելով մարզադպրոցների անմխիթար վիճակի մասին՝ նա ասաց. «9 մարզադպրոց  արդեն վերանորոգվում եւ հիմնանորոգվում է: Դուք երեւի տեղյակ չեք, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը ցուցակով 2017թ. վերանորոգման ծրագրում է»:

Արսեն Պետրոսյան, Կարեն Բալյան եւ Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 28 (418), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.