Այս օրերին (ապրիլյան քառօրյա պատերազմի եւ նոր սպասվող բախումների) խիստ կարեւոր է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անկախության տոնակատարությունների անցկացումը եւ մեր հերոսների, այսօր էլ անկախության ու ազատության գործի նվիրյալների, միացյալ Հայաստանին ձգտողների փառաբանումը:
* * *
Երեւանը պատրաստվում է ՀՀ անկախության 25-ամյակին
Վերջերս աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի, հանրակրթության վարչություններին եւ 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ ու կազմել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի միջոցառումների ծրագիր:
Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն էլ տրվել է հանձնարարական՝ ստեղծել աշխատանքային խումբ եւ կազմել այն ընտանիքների ցանկը, ովքեր, ձեւավորված ավանդույթի համաձայն, այս տարի կընդգրկվեն «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում սոցիալական բաղադրիչով նախատեսված աջակցության ծրագրում եւ կստանան անհրաժեշտ կենցաղային տեխնիկա:
Արցախի Հանրապետությունը 25 տարեկան է
ԼՂՀ ԱԺ-ն ներկայացրել է սեպտեմբերի առաջին օրերին Արցախում կայանալիք տոնական միջոցառումների ցանկը։
Սեպտեմբերի 1.
10.00 – «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է» թեմայով դաս Արցախի բոլոր կրթօջախներում:
12.00 – Սպորտային եւ մշակութային միջոցառումներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:
20.00 – Զինվորական նվագախմբի համերգը Ստեփանակերտի կենտրոնական պուրակում:
Սեպտեմբերի 2.
10.30 – Երթ Վերածննդի հրապարակից դեպի հուշահամալիր:
11.00 – Ծաղկեպսակադրություն Ստեփանակերտի հուշահամալիրում:
12.00 – Բացօթյա տոնական միջոցառումներ Ստեփանակերտում (Ստ. Շահումյանի անվան պուրակ, Շ. Ազնավուրի անվան կենտրոն, Մարշալ Բաղրամյանի հուշարձանի մոտ, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դիմաց, սբ. Հակոբ Եկեղեցու հարեւանությամբ):
14.00 – Ցուցահանդես՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության պալատ:
17.00 – Շուշիի հանրակացարանային համալիրի բացում:
20.00 – Տոնական համերգ:
22.00 – Հրավառություն Վերածննդի հրապարակում:
Սեպտեմբերի 3.
11.00 – Նոր թաղամասի բացում Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում:
* * *
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է հայկական 2-րդ հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության եւ արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին: ՀՀ նախագահը Արցախյան ազատամարտում զոհվածների պանթեոնում ծաղիկներ է դրել ազատամարտի նահատակների եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:
Տոնական միջոցառումներն Արցախում շարունակվում են:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ, որում մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ: 1991թ. սեպտեմբերի 2-ը հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է: Քառորդ դար առաջ արցախահայությունը կատարեց իր անբեկանելի ընտրությունը: Այդ բախտորոշ քայլը գիտակցված էր եւ իմաստավորված: Այդ ընտրությամբ, այդ կամքով ու վճռականությամբ ստույգ մահվան անդունդի եզրից դեպի կյանք եւ դեպի ազատություն վերադարձավ հայության ամենավտանգված հատվածը՝ արցախահայությունը:
…Դուք ավերակներից բարձրացրիք մի երկրամաս, որ երբեւէ այսքան խնամված ու գեղեցիկ չի եղել: Դուք ապացուցեցիք ինքներդ ձեզ, ողջ հայությանը եւ աշխարհին, որ ազատ Արցախը ոչ միայն կենսունակ է, այլեւ ունի բազմակողմանի զարգացման մեծ ներուժ: Իհարկե, այդ ներուժը դեռ ամբողջությամբ չի իրացվել: Իհարկե, դեռ շատ անելիքներ ունենք եւ՛ Արցախում, եւ՛ Հայաստանում: Եվ իհարկե, անելու ենք մեր անելիքը: Անելու ենք համայն հայության ջանքերով: Անելու ենք ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ մարտահրավերների:
Անցած ապրիլի ռազմական գործողությունները եւս մեկ անգամ, կարելի է ասել՝ մի ավելորդ անգամ, ապացուցեցին, որ թշնամին մեծ կորուստներով հետ է շպրտվելու, եթե փորձի ռազմական ճանապարհով հարց լուծել: Ապացուցեցին, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծող ուժ աշխարհում գոյություն չունի: Գոյություն չունի, որովհետև դուք կաք, որովհետեւ դուք հավատարիմ եք 25 տարի առաջ կատարած ձեր ընտրությանը: Չկա՛ ռազմական ճանապարհ: Կա քաղաքակա՛ն ճանապարհ:
Այսօր՝ այս նվիրական օրը, կրկին ասում եմ ձեզ. ինչպես երեկ, ինչպես այսօր, այնպես էլ վաղը դու՛ք եք որոշում ձեր ճակատագիրը: Արցախի լուսավոր ապագայի նկատմամբ մենք կասկածներ չունենք: Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը: Կեցցե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Փոխզիջումը հող հանձնելը չէ՞
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասել է, որ դրա ապասրացումը կշարունակվի դեռ որոշակի ժամանակ. «Հունիսին այդ ակտիվությունը մեծ էր, հուլիսին այն նվազեց, եւ հիմա տեսնում ենք, որ համանախագահները, հատկապես՝ Ռուսաստանը, աշխատում են դեէսկալացիայի ուղղությամբ, որպեսզի կրակոցները նվազեն։
Այսօր ընդհանուր մթնոլորտը ավելի դրական է, քան ապրիլից առաջ էր։ Կարծում եմ, որ սրացումներ, այնուամենայնիվ, կլինեն։ Շատ բան կախված է նավթի գներից, Ադրբեջանում տիրող վիճակից։ Դեռ հաջողվում է պահպանել ապասրացման վիճակը, սակայն չգիտեմ՝ որքան ժամանակով»։
Ինչ վերաբերում է տարածքներ զիջելուն, ապա պատգամավոր Շիրակ Թորոսյանը կարծում է, որ Հայաստանում չի գտնվի մեկը, ով հող կհանձնի, բացի նրանցից, ովքեր խոսում են այդ մասին։ Ինչ վերաբերում է փոխզիջումներին, ապա, ըստ նրա, պետք չէ նկատի ունենալ միայն հող հանձնելը «Փոխզիջումները դիտարկել անպայման հողերի հանձնումով, ճիշտ չէ։
Փոխզիջման տարբերակը կարող է առնչվել բազմաթիվ խնդիրների։ Հիշենք, որ 90-ականների պատերազմին եւս կորուստներ ենք ունեցել՝ Գետաշեն, Մարտունաշեն, Արծվաշեն։ Բազմաթիվ հայկական գյուղեր են տարհանվել, փոխզիջումներ ասելով մենք դեռ շատ խնդիրների պետք է անդրադառնանք»:
Ի դեպ, այս տարբերակի մասին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն արդեն խոսել էր:
Նախագահները դեռ չեն հանդիպի
«Այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաստատված օրով եւ ժամով հանդիպում նախատեսված չէ»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առաջիկայում նախատեսված է երկու երկրի նախագահների հանդիպում:
«Հայկական կողմերը՝ ԼՂՀ-ն եւ ՀՀ-ն, մշտապես կողմակից են եղել բանակցություններին, որ խնդիրը բացառապես լուծվի խաղաղ ճանապարհով« բայց բանակցությունները կարող են նոր թափով վերսկսվել, եթե կողմերը 1994-1995թթ. զինադադարի պայմաններն ամբողջությամբ կիրառեն, ինչպես նաեւ իրականացվեն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հետաքննության վստահության մեխանիզմների ներդրում, ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի լիազորությունների, աշխատակազմի ընդլայնում: Քանի դեռ կողմերը դա չեն ավարտել, կարծում եմ, մշուշոտ է պատկերացնել« որ բանակցային գործընթացում մեծ թափ« նոր առաջընթաց կլինի»,- հավելել է ՀՀԿ մամուլի խոսնակը:
ՀՀԿ նիստի ընթացքում ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտասահմանյան վերջին այցերի՝ ՌԴ եւ Բրազիլա՝ արդյունքները: Ապա մեր նախագահը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ընդհանուր առմամբ, դրական, արդյունավետ են գնահատվել երկու նախագահների հանդիպումը թե հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով, թե ձեռք բերված պայմանավորվածությունների:
Էդուարդ Շարմազանովը չի մոռացել շնորհավորել նաեւ հայ օլիպիականներին, նշելով, որ Հայաստանն ունի 2 ոսկե մեդալակիր՝ Արթուր Ալեքսանյան եւ Միհրան Հարությունյան: Եթե չլիներ մրցավարական կոպիտ սխալը… չնայած ամբողջ մարզական աշխարհը դա գիտի, որ Միհրան Հարությունյանն է հաղթել: Եթե հաշվի առնենք, որ ունենք 2 ոսկե մեդալ՝ նշանակում է, մենք առաջ ենք Թուրքիայից եւ Ադրբեջանից»,- նշել է նա:
Քաշաթաղի շրջանում՝ նոր բնակելի թաղամաս՝ Արիավան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին մասնակցել է Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արիավան նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Արի» հիմնադրամին` ծրագրի իրականացման մեջ ունեցած գործուն մասնակցության համար եւ ընդգծել, որ գյուղական բնակավայրերի շենացումը եղել է ու կմնա հանրապետության ռազմավարական խնդիրների առաջնահերթություններից՝ արժեւորելով այն ժողովրդագրական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական տեսանկյուններից:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Լուսանցք» թիվ 28 (418), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



