Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական… Մենք չենք վայելում մեր մշակույթը… Թվում էր՝ ապրիլյան դեպքերը պետք է զարթուցիչի դեր կատարեին… Օպերային թատրոնը մեկնարկում է նոր թատերաշրջանը… Կրթության մասին օրենքում փոփոխություններ են առաջարկվում… Այցելե՛ք www.hayary.org – Կարդացե՛ք «Լուսանցք»…

Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական

«Հաճախ անցնում ենք ընդվզումների, խոր հուզումների, երբեմն հիասթափությունների, երբեմն շատ լուրջ ցավերի միջոցով: Արդեն քանի ժամանակ է, ու ինչքան շատ են դրանք մեր շուրջը: Երբեմն դրա շուրջ, հետ, կողքին, արդյունքում գոյանում է չարություն, որը, իմ խորին համոզումով, հազիվ թե մեզ իսկապես առաջնորդող հանդիսանա, քանի որ մենք՝ հայերս, աստվածատուր ժողովուրդ ենք»,- Հայաստանի Կոմպոզիտորների միությունում «Հոգեւոր Հայաստան» հիմնադիր համաժողովի ժամանակ ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Նա ընդգծել է, որ հայերը պետք է իրար շատ սիրեն. «Ամեն տեղ ասում եմ՝ պետք է իրար շատ սիրենք, ամեն մեկս մի տեսակի կրողն ենք: Նույն տեսակի երեք հայ չկա, մի հատ է: Եթե մեկին վնասենք, տեսակն ենք վերացնում»: Մաեստրոյի խոսքով, հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական: «Դրա անհրաժեշտությունը մեծ է, որովհետեւ, իրապես, մենք մեր ներսում ունենք մեծ, զորավոր ցեց, իր ուղղությամբ տանող ցեց: Սրա դեմ կռիվը շատ լուրջ է, որովհետեւ տեր ունեն, հիմքեր ունեն, գիտեն իրենց հիմքերը ճիշտ գործածել, որ միայն իրենց ծառայի: Հանճարեղ մարդիկ ենք սրանք: Առաջին հերթին հոգեւորի  թշնամին են: Մեր մեջ են, ուղարկված, մեզանից ծնված, գնացող-եկող, ամեն տեսակ»,- ասել է Տիգրան Մանսուրյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ինչ էլ լինի Հայաստանի շուրջ՝ բարությունն է հաղթելու, հայ ժողովրդի՝ Աստծո զավակ լինելու գիտակցությունն է հաղթելու:

Արվեստաբան. Մենք չենք վայելում մեր մշակույթը

«Եթե մենք մտածում ենք ուժեղ Հայաստանի մասին, մեր զավակների ապագան կերտելու, լավ ապագա ստեղծելու մասին՝ մենք պետք է ունենանք շատ զորավոր քարոզչություն»,- Հայաստանի Կոմպոզիտորների միությունում «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության հիմնադիր համաժողովի ժամանակ ասաց արվեստաբան Լեւոն Չուգասզյանը:  

Նա նշեց, որ Հայաստանը, որն ունի նաեւ սփյուռք, պետք է քարոզչությունն անի ոչ միայն հայերեն, այլ բազմաթիվ լեզուներով. «Համացանցը տալիս է քարոզչության հնարավորություն, բայց թիրախը պետք է լինի ոչ միայն հայալեզու զանգվածը, այլ նաեւ սփյուռքը»: Արվեստաբանի խոսքով, այսօր կա արբայնակային հեռուստատեսություն, սակայն Հայաստանից աղբ է արտահանում: Նա կարեւորել է նաեւ ներքին մշակութային քարոզչությունը, որը նույնպես պետք է արվի հեռուստատեսությամբ:

«Մենք չենք վայելում մեր մշակույթը, մենք չենք ապրում մեր մշակույթով»,- ընդգծել է արվեստաբանը:

Թվում էր՝ ապրիլյան դեպքերը պետք է զարթուցիչի դեր կատարեին

Անցած 25 տարում մենք եղել են խորը թմբիրի մեջ, վատնել ենք այդ տարիները եւ կառավարման լծակները փրփուրներին հանձնելով՝ ամայացրել ենք մեր հայրենիքի այս փոքրիկ եւ վերջին հատվածը,- «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության հիմնադիր համագումարի ժամանակ տեսագրության միջոցով հնչեցրած իր խոսքում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:

Նշվեց, որ նա ցանկացել է ելույթ ունենալ այս հանդիպման ժամանակ, սակայն նախատեսվածից շուտ է  վերադարձել Հայաստանից, այդ իսկ պատճառով նրա ելույթը նախապես ձայնագրվել է: «Արտագաղթը, բնակլիմայական աղետալի վիճակը, որը նախ եւ առաջ պայմանավորված է վայրագ հանքարդյունաբերությամբ, ոչնչացված ու պրիմիտիվ մենաշնորհության վրա հիմնված տնտեսությունը, ձախողված եւ գոյություն չունեցող մշակութային քաղաքականությունը, ապաշնորհ արտաքին քաղաքականությունը, իհարկե, բանակում տեղ գտած չարաշահումները մեր երկրի եւ ժողովրդի գոյությունը դրել են հարցականի տակ: Այսօր մենք կանգնած ենք գոյութենական խնդրի առջեւ»,- ասել է երգչուհին:

Ըստ նրա համոզմունքի՝ թվում էր, թե ապրիլյան դեպքերը պետք է զարթուցիչի դեր կատարեին, բայց դրանք ավելի ցցուն դարձրեցին այն ախտերը, որոնք առկա են երկրում եւ հասարակության մեջ:

««Սասնա ծռերի» գործունեությունը եկավ առավել ընդգծելու դժգոհության այն լուրջ ալիքը, որն առկա է մեր երկրում: Այդ ալիքը նույնպես մեծ հաշվով չկարողացավ ոչինչ փոխել: Այսօր ժողովրդին համախմբում է անհրաժեշտ, համախմբում մեր եւ մեր մշակույթին արժանի ազգային պետություն ստեղծու համար, թշնամուն՝ իր կողմից ծրագրված ավելի մեծ հարձակման դեպքում վերջնականապես ջախջախելու համար, մեր հայրենիքի ոչ միայն ԼՂՀ հատվածը, այլ այսպես կոչված ազատագրված տարածքները չհանձելու եւ մեր հազարամյա գոյությունն արժանապատվորեն շարունակել կարողանալու համար»,- իր ելույթում նշել է Հասմիկ Պապյանը:

Նրա խոսքով, 2017թ.խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու հայ ժողովրդի համար: «Առկա իրադրությունում դրանց ելքը դժվար չէ կանխատեսելը: Մեկ այլ երկու եւ կես տասնամյակ նման կերպ գոյություն քարշ տալու հնարավորությունն այս երկիրն այլեւս չունի: Նման սցենարի պայմաններում այն պարզապես չի կարող գոյատեւել»,- ասել է մտավորականը՝ խնդրելով ժողովրդին գիտակցելու այս շրջանի  ողջ լրջությունը եւ, դրսեւորելով քաղաքացիական մոտեցում, ինքնակազմակերպվել, լսելի դարձնել անհատական ձայնը եւ ստիպել հաշվի նստել իր հետ:

Հասմիկ Պապյանի խոսքով, հայ ժողովուրդը պատմության մեջ մեկ անգամ չէ, որ ճակատագրական պահերին համախմբվել է, դիրքորոշում արտահայտել, հաղթել, վերապրել: Ժամանակն է ոչ միայն հաղթելու, վերապրելու, այլ իրեն սպառած այս համակարգը նոր, արժանապատիվ, ազգային պետությամբ փոխարինելու: Ճակատագրական ժամանակներ են, իսկ ճակատագրական ժամանակներում սխալվելու իրավունք չկա»,- իր ելույթի վերջում ասել է երգչուհին:

Օպերային թատրոնը մեկնարկում է նոր թատերաշրջանը

Աուրեն Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 83-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ցուցադրությամբ:

Օպերայի եւ բալետի թատրոնից հայտնել են, որ այդ օրը ներկայացմանը կնախորդեն մի շարք տոնական միջոցառումներ: Թատրոնի նախասրահում կկազմակերպվի ցուցադրություն:

Այս ամսվա ընթացքում ներկայացվելու են նաեւ Արամ Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ» բալետները, Բիզեի «Կարեմն» օպերան:

Կրթության մասին օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Սեպտեմբերի 7-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգում ընդգրկված էր ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ բակալավրի կրթական ծրագրով առկա եւ հեռակա ուսուցման համար ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման հավասար չափանիշների եւ պահանջների սահմանում` ապահովելով կրթության բնագավառի համար գերխնդրի՝ կրթության որակի բարձրացումը, միասնական համակարգի արդյունավետ գործունեությունը:

Ըստ նախարարի` փոփոխություններով պարտադիր է լինելու գոնե մեկ առարկայի համար միասնական քննությունը. իսկ դա կլինի հայոց լեզվի քննությունը: Քննարկվում է նաեւ առաջին հայտի գերակայության հարցը: Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

«Եվրատեսիլ-2017»-ը կարող է անցկացվել Ռուսաստանում՝ Ուկրաինայի փոխարեն

Ռուսաստանն ու Ավստրալիան կարող են ստանալ 2017թ.. «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպման իրավունք, եթե Ուկրաինայի իշխանությունները մինչև հոկտեմբեր որոշում չընդունեն, թե որ քաղաքը կհյուրընկալի մրցույթը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Եվրոպական հեռարձակող միությանը։ «Ուկրաինան հաղթել է 2016թ.. մրցույթում, դա նշանակում է, որ նրանք շահել են նաեւ այն իրենց երկրում մրցույթն ընդունելու իրավունքը։ Հաղթողի կարգավիճակը նրանցից ոչ ոք չի կարող վերցնել»,- հայտարարել են միությունում՝ նշելով, որ Ուկրաինան պետք է մրցույթի անցկացման մասին որոշում ընդունի հոկտեմբերի սկզբից ոչ ուշ։ Նշվում է, որ միջոցառան համակազմակերպող կդառնա Ավստրալիան, որը «Եվրատեսիլ-2016»-ում 2-րդ տեղն էր զբաղեցրել։ Սակայն Ավստրալիան մրցույթը չի կարող հյուրընկալել, քանի որ համաձայն կանոնների՝ հյուրընկալողը պետք է մտնի եվրոպական տարածաշրջանի մեջ։ 2017թ. «Եվրատեսիլ»-ի համակազմակերպող կարող է դառնալ Ռուսաստանը, քանի որ 3-րդ տեղն է զբաղեցրել։

Պարբերականի տվյալներով՝ մինչ օրս անհայտ է, թե ուկրաինական որ քաղաքը կհյուրընկալի միջազգային մրցույթը, ինչպես նաեւ, թե ինչ միջոցներով կկառուցվի անհրաժեշտ ենթակառուցվածքը։

Հիշեցնենք, որ դեռ եվրատեսիլյան հաղթանակից անմիջապես հետո Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի մյուս քաղաքները, բացի մայրաքաղաքից, չեն հասցնի պատշաճ կերպով պատրաստվել «Եվրատեսիլ-2017»-ին, իսկ իրենք կհասցնեն: «Մենք մի տարի ունենք, որպեսզի մրցույթն ընդունենք բարձր մակարդակով, եւ Կիեւն այսօր ունի լավագույն հնարավորությունները մի տարվա ընթացքում պատրաստվելու»,- ասել էր նա եւ վստահ էր, որ Կիեւը կկարողանա անցկացնել «Եվրատեսիլ»-ը բարձր մակարդակով, բայց նա ցավով նշել էր, որ ժամանակը քիչ է մյուս քաղաքներում պատրաստվելու համար…

Սակայն պարզվում է՝ Կիեւի համար եւս քիչ է ժամանակը:

Հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության համահայկական մարցույթը

Տեղեկացնենք, որ մայիս ամսին կայացած «Միսս Հայք 2016» հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության 8-րդ համահայկական մրցույթի եզրափակիչ փուլի հաղթող էր ճանաչվել Էլեն Խաչատրյանը՝ Երեւանից: Մրցույթի նպատակն էր ցույց տալ հասարակությանը, որ հաշմանդամություն ունեցող աղջիկներն առաջին հերթին գեղեցիկ են: «Սկզբում առկա էր կարծրատիպային վերաբերմունք, մարդիկ կարծում էին, որ  չհաղթելու դեպքում մասնակիցները ավելորդ սթրեսի կենթարկվեն, բայց մենք ուզում ենք ապացուցել, որ նրանք հասարակության մի մասն են եւ հավասար են»,- նշել է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն եւ Միսս Հայք հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության համահայկական մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արմեն Ալավերդյանը: Տնօրենը կարծում է, որ եթե մրցույթում ներգրավվեն նաեւ հաշմանդամություն չունեցող աղջիկներ, ապա կարող են ստեղծվել անհավասար պայմաններ: «Մի կողմից կարող են ավելի շահեկան դիրքում հայտնվել ոչ հաշմանդամները, մյուս կողմից‘ հնարավոր է ժյուրիի մոտ առաջանա ցանկություն խրախուսելու հենց հաշմանդամություն ունեցող աղջիկներին»,- ասել է մրցույթի նախագահը:

2004թ. մեկնարկած առաջին 3 մրցույթները տեղի են ունեցել յուրաքանչյուր տարի, իսկ 2008թ. սկսած հաստատվեց 2 տարին մեկ անգամ ժամանակային ընդմիջումը: Մրցույթը, որին կարող են մասնակցել 16 տարին լրացած եւ ավելի բարձր տարիքի կանայք, կրում է համահայկական մրցույթ. տարիների ընթացքում եղել են մասնակիցներ Արցախից, Ջավախքից, Ռուսաստանից: Մրցույթը նվիրված էր մայիսյան եռատոնին…

Սեփ. լրատվություն

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 29 (419), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։