Մարզական աշխարհի խաչմերուկներում`մեկ հեւքով… Երեւանի քաղաքապետը հանդիպել է չեմպիոն եւ մրցանակակիր հայ օլիմպիականների հետ… Օլիմպիական անարգանքը կբողոքարկվի… Մեկնարկեցին Պարալիմպիկ խաղերը… Քոչվորների օլիմպիական խաղեր, որից պիտի շատ հեռու մնալ…

Օլիմպիական անարգանքը կբողոքարկվի

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Օլիմպիական խաղերից հետո անդրադառնալով Rio-2016 օլիմպիական խաղերի ընթացքում ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը բողոքարկելու գործընթացին՝ նշեց, որ այդ գոտեմարտը «լկտի», «անբարո» ձեւով իրականացավ: «Ինչ վերաբերում է հենց մենամարտի բողոքարկմանը, ապա մենք որոշակի խնդիրներ ունենք, թե ինչի համար ենք բողոքարկում: Մենք պետք է բողոքարկենք պասիվության համար, սակայն այն ինքն իրենով սուբյեկտիվ որոշում է»,- ասել էր նա:

Հրաչյա Ռոստոմյանը նշել էր, որ ՀԱՕԿ-ը համագործակցում է միջազգային իրավաբանների հետ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: «Երբ իրենք իրենց եզրակացությունը կտան, թե ինչ ձեւաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կլինի»,- ասել էր նա: Եվ ահա օրերս հայտնի դարձավ, որ ՀԱՕԿ-ը բողոքարկել է մրցավարների կամայական ու միտումնավոր որոշումը:

Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի սպորտդպրոցի պայմաններին, ապա ըստ ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի, այդ մարզադպրոցը տեղական ինքնակառավարման մարմիններին է պատկանում, տնօրենին իրենք են նշանակում, եւ իրենք էլ վերանորոգում, կամ չեն վերանորոգում: «Ազգային օլիմպիական կոմիտեն իր գործառույթներից ելնելով, մի բան էլ ավելի, շինարարություն է անում: Այս պահին նաեւ Գյումրիում կառուցվում է գերժամանակակից մարզկենտրոն  3000 քմ տարածքով եւ ֆինանսավորվում է Գագիկ Ծառուկյանի կողմից»,- ասել է նա ու հայտնել, որ շինարարության «սեւ» աշխատանքն արդեն կատարվել է:

Մեկնարկեցին Պարալիմպիկ խաղերը

Օլիմպիական խաղերն ավարտվեցին, սակայն Բրազիլիան մնաց օլիմպիական ասպարեզում, այս երկրի մայրաքաղաքում  տեղի է ունեցավ «Պարալիմպիկ խաղեր- 2016»-ի բացումը: Գեղեցիկ կազմակերպված միջոցառումից հետո հրապարակ են դուրս եկել  մասնակից երկրների մարզիկները:

Բելառուսի հավաքականն, ի նշան աջակցության, մարզադաշտ էր բերել նաեւ Ռուսաստանի դրոշը: Հիշեցնենք, որ Ռուսաստանին թույլ չտվեցին մասնակցել Պարալիմպիկ խաղերին: Հիշեցնենք նաեւ, որ Օլիմպիական խաղերին էլ չմասնակցեց մոտ 100 մարզիկ, ովքեր որակազրկվել էին: Ցավոք, Հայաստանը եւս ունեցավ որակազրկված մարզիկներ:  

Ինչեւէ. սեպտեմբերի 8-19-ը կայանալիք պարալիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացավ 2 մարզուհիներով՝ Գրետա Վարդանյան (անձնական մարզիչ՝ Արտակ Ներսիսյան), ով հանդես կգա ծանրամարտ մարզաձեւում  եւ Մարգարիտա Հովակիմյան (անձնական մարզիչ՝ Այծեմիկ Մինասյան)՝ լող մարզաձեւում: Խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը:

«Օլիմպիական խաղեր», որից պիտի շատ հեռու մնալ

Հայկական մամուլը վրդովված արձանագրեց մի փաստ, որը չի կարող չանհանգստացնել հայությանը. այդ ո՞վ է մեր երկրի քոչվորների պատասխանատուն, որ մարզիկներին ուղարկել է մասնակցելու «Քոչվորների համաշխարհային 2-րդ խաղերին.- գրում է մամուլը: Ղրղզստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Քոչվորների համաշխարհային 2-րդ խաղերին» մասնակցում է նաեւ Հայաստանի՝ 6 հոգանոց «պատվիրակությունը»: Եվ զարմանալն այստեղ քիչ է, պատժել է պետք նրանց, ովքեր համարձակվել են Հայկական լեռնաշխարհի միակ բնիկների՝ հայերի անունը խցկել քոչվորների ցանկի մեջ, որտեղ առավելապես մեր թշնամիներն են՝ թյուրքական ցեղախմբերի ներկայացուցիչները…

Այդ քոչվորները միջոցառման ժամանակ բարձրացրել էին հայկական եռագույնը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանն այդ միջոցառմանը չի մասնակցում: ՀՀ օլիմպիական կոմիտեից եւս հավաստիացրին, որ այդ միջոցառման մասնակցության մասին իրենց ոչինչ հայտնի չէ: Բայց փաստ է, որ այդ միջոցառման բացման արարողությանը քոչվոր ազգերի շարքում հայտնվել է նաեւ «Armenia» գրությամբ սպորտսմենների ինչ-որ խումբ՝ հայկական եռագույնով: Միջոցառման մասին պատմող լրահոսում (պաշտոնական, թե ոչ պաշտոնական) նշվել է այս մասին:

Թե ովքեր են խայտառակել մեր երկիրը, վիրավորել մեր ինքնությունն ու բնիկության իրավունքը՝ պետք է պատասխան տան եւ շատ խիստ: «Հայաստանը մասնակցում է «Քոչվորների համաշխարհային 2-րդ խաղերին» լրատվակաբ վերնագրերը չեն կարող անպատիժ թողնել մեղավորներին:

Հայաստանի նման միատարր երկրում, որտեղ բնակչության ավելի քան 98%-ը հայեր են, ո՞վ է կարողացել բանակցել քոչվորների հետ, ու՞մ մտքով է անցել մեզ քոչվորների շարքին դասել: Եվ վերջապես ո՞վ պիտի պատասխան տա ազգային անպատվություն հասցնելու համար…

Սպասելի էր, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը պաշտոնապես կհայտարարի, որ Հայաստանը չի մասնակցում «Քոչվորների համաշխարհային 2-րդ խաղեր» անվանումը կրող միջոցառմանը եւ Ղրղզստանին այդ առնչությամբ բողոքի նոտա կներկայացվի՝ մեր պետության անունը անհարկի շահարկելու համար: Կարծում ենք՝ ՀՀ իրավապահներն էլ շատ արագ կպարզեն, թե ովքեր են Հայաստանը քոչվոր երկրների շարքին դասել:

«Ղրղզստանում մեկնարկած Քոչվորների համաշխարհային խաղերին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացված չէ»,- հայտարարեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պաշտոնապես: Այս մասին նա տեղեկացրել է խաղերի քարտուղարության մարզական համակարգող Բելեկ Ուսենբեկովին:

Ըստ մեր նախարարի, «խաղերի կազմակերպիչները դիմել են նաեւ ՀՀ առանձին մարզական ֆեդերացիաներին, եւ որոշ մարզիկներ, որպես անհատներ, իրենց նախաձեռնությամբ եւ իրենց ֆինանսական միջոցներով մեկնել են մասնակցելու այդ խաղերին՝ չտեղեկացնելով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը»: Իսկ նախարարությունը պաշտոնապես հաղորդագրություն է տարածել, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը «շարունակելու է մարզաձեւերի ֆեդերացիաների լիցենզավորմանն ուղղված նախաձեռնությունը՝ դրան տալով օրենքի ուժ, ինչը հնարավորություն կտա բացառել նմանատիպ ինքնագործունեությունը մարզաձեւերի ֆեդերացիաների կողմից, եւ ինքնակոչ մարզիկները կզրկվեն միջազգային մրցահարթակներում՝ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հանդես գալու հնարավորությունից:

Հայաստանի հավաքականը պարտվեց մեկնարկում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում: Կոպենհագենում Դանիայի հետ կայացած հանդիպումն անցավ հորդառատ անձրեւի ներքո, եւ մեր ֆուտբոլիստները դեռ չէին հասցրել հարմարվել թաց խոտածածկին, երբ դանիացիները 17-րդ րոպեին արագ գրոհ կազմակերպեցին եւ բացեցին հաշիվը:

Հետագայում մեր ֆուտբոլիստները այդպես էլ չկարողացան գտնել իրենց խաղը, լավ դրսեւորեց իրեն միայն դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ով բազմիցս փրկեց թիմին վերահաս վտանգներից, անգամ ետ մղեց դարպասին նշանակված 11 մ հարվածը: Հանդիպման վերջում դանիացիներն իրենց կիսադաշտում կոպիտ սխալվեցին, եւ Մարկոս Պիզելին հայտնվեց դարպասապահի դեմ դիմաց, սակայն հապաղեց եւ կորցրեց հարմար պահը: Խաղն այդպես էլ ավարտվեց 0:1 հաշվով:

Մինչ այս Հայաստանի  ֆուտբոլի ազգային հավաքականը չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում ընկերական նախապատրաստական խաղում պարտվեց Չեխիայի ընտրանուն՝ 0:3 հաշվով: Չեխիայի հեռուստատեսային մեկնաբաններն արձանագրեցին, որ թեեւ ՀՀ-ի հավաքականն ըստ էության ներկայացնում են ամբողջ աշխարհը ներկայացնող հայ ֆուտբոլիստներ. անգամ «Մանչեսթր Յունայթիդ» ակումբում խաղացող Հենրիխ Մխիթարյանը, սակայն թիմը դեռ անելիքներ ունի եւ կարող է ապագայի թիմ դառնալ:

Հպարտանալու լիքը տեղ ունենք – Երեւանի քաղաքապետը հանդիպել է մրցանակակիր հայ օլիմպիականների հետ…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ օլիմպիական խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշների եւ մարզիչների հետ, շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

«Իմ եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից սրտանց շնորհավորում եմ թե՛ ձեզ եւ թե՛ մեզ բոլորիս: Համոզված եղեք, որ դուք իսկապես մեր ազգի պարծանքն եք: Այդ օրերին ազգովի հետեւում էինք ձեր մենամարտերին ու, վստահեցնում եմ, որ շատ մեծ ոգեւորություն էր տիրում ամենուր:

Շնորհակալ եմ, որ մեզ բոլորիս պարգեւեցիք հաղթանակների բերկրանքը, ինչով հպարտացավ ամբողջ ազգը: Նաեւ շնորհակալ եմ ձեր մարզիչներին, որ նման չեմպիոններ են դաստիարակում: Մեկ անգամ եւս շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ ու օլիմպիական բարձունքներ»,- ընդգծել է քաղաքապետը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը նկատել է, որ այդ հաղթանակների կերտման հարցում իսկապես անչափ կարեւոր եւ պարտավորեցնող է գնահատանքն ու հայ մարզասերների մշտական աջակցությունը. «Իսկապես ոգեւորիչ է, երբ գրանցած ձեռքբերումները գնահատականի են արժանանում: Այն էլ ավելի է ոգեւորում ու պարտավորեցնում շարժվել առաջ ու գրավել նորանոր բարձունքներ: Մեր կողմից էլ վստահեցնում եմ, որ կշարունակենք անել հնարավորը, որպեսզի մշտապես բարձր պահենք մեր երկրի պատիվը»:

ՀՀ վաստակավոր մարզիչ Գեւորգ Ալեքսանյանն էլ, ով օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչն է, առանձնակի կարեւորել է մայրաքաղաքում սպորտի զարգացմանն ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետեւողական քաղաքականությունը. «Ապագա չեմպիոններ ունենալու հարցում անչափ կարեւոր է անհրաժեշտ պայմանների ապահովումն ու մշտական աջակցությունը: Ու, օգտվելով առիթից, ուզում եմ նաեւ Ձեզ շնորհակալություն հայտնել, որ հատկապես վերջին տարիներին Ձեր մշտական ուշադրության կենտրոնում եք պահում Երեւանի մարզադպրոցների նորոգման ու արդիականացման խնդիրը:

Դրա ականատեսն ու գնահատողն ենք դառնում պարբերաբար Երեւանում տարբեր մրցաշարերի կամ հավաքների մասնակցելիս ու անկեղծորեն ուրախանում ենք, որ Հայաստանի մայրաքաղաքում այդպիսի հոգատար վերաբերմունք կա սպորտի նկատմամբ»:

Քաղաքապետը վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու հայ մարզիկներին՝ նորանոր հաջողություններ ապահովելու հաստատակամությամբ:

Հանդիպումից հետո Տարոն Մարգարյանը ֆ/բ էջում գրառում է արել. «Մեծ պատիվ է ընդունել Օլիմպիական խաղերում մեր երկիրը փայլուն ներկայացրած մարզիկներին: Տղաների հետ շփման ընթացքում համոզվեցի, որ նրանց կամքի, ուժի ու աշխատասիրության շնորհիվ մեր մարզիկներով հպարտանալու դեռ շատ առիթներ ենք ունենալու»:

Հաքերները հրապարակել են WADA-ի տվյալների բազայի 3-րդ մասը: 

«Fancy Bears» հաքերային խումբը հրապարակել է եւս 5 երկիր ներկայացնող  11 մարզիկների տվյալները, որոնցից 9-ը ոսկե մեդալ են նվաճել Ռիոյի Օլիմպիական խաղերում։

Մեծ Բրիտանիա– Նիկոլա Ադամս, Լորա Տրոտտ, Շիվոն-Մարի Օ’Կոննոր, Օլիվիա Քարնեգի-Բրաուն։
Դանիա– Ջանետ Օտտեսեն։
Ավստրալիա– Կիմ Բրեննան, Ալեքսանդր Բելոնոգով, Ջեկ Բոբրիջ։
Իսպանիա– Մարիա Բելմոնտե Գարսիա։
Գերմանիա– Յուլիան Յուստուս, Լաուրա Զիգեմունդ։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ բոլոր 11 մարզիկներն ունեցել են թերապևտիկ բացառություններ և արգելված խթանիչների օգտագործման թույլտվություն։ Այս մասին հայտնել է eurosport.ru-ն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Fancy Bears»-ը հրապարակել է WADA-ի տվյալների բազայի առաջին մասը, որում նշվում է, որ WADA-ն ամերիկացի օլիմպիական չեմպիոնուհիներ Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերին, մարմնամարզուհի Սիմոնա Բեյլսին ու բասկետբոլիստուհի Ելենա Դելլե Դոննին թույլատրել է արգելված խթանիչներ օգտագործել։

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 29 (419), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.