Հետահայաց.- Ձմերուկի համով գարեջրաբույր Երեւանս… Երեւանյան փառատոններ – Մենք միշտ էլ սիրում ենք այն, ինչ մերն է, հայկական ծագում ունի, հայկական կնիք ունի…

Զբոսաշրջությունը հենց այնպես մեկ օրում չի զարգանում: Զբոսաշրջությունը զարգանում է օրինակ, երբ միջոցառումների շարունակականություն է լինում: Ամռանը Երեւան եկող զբոսաշրջիկը հանգիստ կարող է մայրաքաղաքային անցուդարձին ծանոթանալ, քաղաքային կոլորիտը զգալ, մշակութային, մարզական միջոցառումների, բառիս բուն իմաստով գունագեղ փառատոների մասնակցել, ընդ որում՝ քաղաքի տարբեր վարչական շրջաններում, զբոսայգիներում, հանգստի գոտիներում: Այս առումով այս տարվա՝ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող  «Երեւանյան ամառ»-ը լիովին տվեց դրա հնարավորությունը:

Նկատենք, այդ հնարավորությունը մեր Երեւանի՝ տարբեր տարիքի ու տարբեր ճաշակների հյուրերի համար էր: Եվ՝ ոչ միայն հյուրերի:  

Ասենք, մեր փոքրիկներին «Երեւանյան ամառ»-ը տվեց կավճանկարչության, մանկական էլեկտրամոբիլների եւ հեծանվավազքի, անվճար զվարճախաղերի, զվարճալի համերգային ծրագրերի, մուլտհերոսների հետ հանդիպման,  կրկեսային ցուցադրությունների, տիկնիկների ցուցահանդեսի, հեքիաթների հերոսների շքերթի հաճույքը: Արվեստասեր հասարակությունը վայելեց գրական բոհեմ-համերգ երեկոն, քաղաքապետարանի երաժշտական եւ արվեստի դպրոցների 9-րդ փառատոնի համերգը, թարգմանչաց տոնը: «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնի ընտրված ֆիլմերի բացօթյա ցուցադրությանը ներկա եղավ, ըմբոշխնեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի երեւանյան ցուցադրությունը: Մարզասեր հանրությունը աշխուժացավ «Երեւանի թռչող գնդակից», «Կաշվե գնդակից» ու «Սրընթաց գնդակից», վոլեյբոլի ու բասկետբոլի, շախմատի ու շաշկու, աթլետիկայի բակային առաջնություններից: «Երեւանյան ամառ»-ից բաժին հասավ նաեւ նորաձեւության սիրահարներին՝ տարազի երեւանյան 2-րդ փառատոնի տեսքով:

Եվ այս ամենին հավելյալ՝ հայկական ուտեստների փառատոնը, Վարդավառի տոնը, ձմերուկի 4-րդ փառատոնը, գարեջրի փառատոնը: Սրանք տոներ էին, որոնց շնորհիվ երեւանցիներն ու հյուրերը կարող էին զգալ ոչ միայն Երեւանի համն ու հոտը: Հայկական ուտեստների փառատոնը մի ամբողջ ցուցադրություն-համտես էր հայ ազգային ու ծիսական ուտեստների: Վարդավառը ջրային Երեւանի գեղեցկության ցուցադրությունն էր՝ վաղ առավոտից սկսած: Ձմերուկի փառատոնն էլ հետաքրքրաշարժ էր ձեւավորման տեսանկյունից, երբ ձմերուկը աչքիդ առաջ դառնում է ավտոմեքենա, ժպտացող ու զայրացած բոքոնիկ, ծաղկեփունջ: Իսկ գարեջրի փառատոնը եկավ ապացուցելու, որ մենք միշտ էլ սիրում ենք այն, ինչ մերն է, հայկական ծագում ունի, հայկական կնիք ունի (ու, ի դեպ, այս շեշետը դեռ 2015թ. փառատոնին դրվեց): Կազմակերպիչներն էլ կարեւոր որոշում էին կայացրել. անվտանգության նկատառումներից ելնելով՝ գարեջուրը վաճառվում էր, հյուրասիրություն չէր, բայցեւ՝ անչափահասներին չէր վաճառվում ու նաեւ ապակե տարաներով չէր վաճառվում: Այնպես որ, անտեղի ոչինչ չեղավ: Ու փառատոնից հաճույք ստացան նաեւ նրանք, ովքեր գարեջուր չէին խմում: «Համով-հոտով Երեւան» եւ «Երեւան Տարազֆեստ» խոշոր փառատոներից հետո գարեջրի փառատոնը նույնպես սիրվեց: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը մեկ տեղում ծանոթացան հայկական գարեջրի առանձնահատկություններին՝ բոլորի արտադրանքը մեկ հարթակում տեսնելով: Բացի այդ՝ գարեջրասերները գարեջրի արտադրության բնագավառի նորամուծություններին, նոր տեսականուն ծանոթանալու ու, ընդհանրապես, գարեջրային միջավայրում հրաշալի ժամանակ անցկացնելու հնարավորություն ունեցան: Որպես իսկական հայ գարեջրասեր, տարատեսակ մրցույթներն ինձ էլ ավելի ուրախացրին՝ է՛լ արագ ըմպել, է՛լ ձողիկով ըմպել, է՛լ արագ գետնանուշ մաքրել, արագ խեցգետին ուտել:

Բայց կար ամենալավը. «հուրախություն» մեր թշնամիների, փառատոնին այս տարի մասնակցեց Արցախի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով‘ներկայացնելով արցախյան զբոսաշրջային ներուժը:

Այնպես որ, ամեն ինչ խոստանում է, որ «Երեւանյան ամառ 2017»-ը ավելի լավն է լինելու:

Անի Մարության

Հ.Գ.- Երբ «Երեւանյան ամռան» ամփոփումը տվեցի խմբագրին, ծիծաղեց. «Դու էլի ձմերուկը թողած՝ գարեջրից ես կպել»:

«Լուսանցք» թիվ 29 (419), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։