Շահեկան դիրքում՝ վրացական տարանցիկության եւ իրանական պաշարների – Հայաստան-Իրան առանցքը կարող է մրցակցային դառնալ Թուրքիա-Ադրբեջան բոլոր տարածաշրջանային նախաձեռնություններին…Եվրոպական միություն – Եվրասիական միություն՝ նոր հակամարտություն…

Վրաստանը կարողացավ գրավիչ երկիր դառնալ օտարերկրյա  ներդրողների համար, քանի որ մշտապես հայտնվում է տարանցիկ խաչմերուկում, որտեղ խաչվում են Եվրոպայի ու Ասիայի ճանապարհները: Անգամ հակամարտ կողմերի դեպքում՝ Վրաստանը կարողանում է պահպանել իր տարանցիկության հարցը, հենց միայն իր շահեկան աշխարհագրական դիրքի շնորհիվ:

Պաշտոնական Թբիլիսին կարողացել է ստեղծել նաեւ բաց շուկա եւ ազատ տնտեսություն, ինչը նույնպես շահեկան է դարձնում օտարերկրյա ներդրումները: Անգամ Հայաստանի գործարարներից շատերը իրենց գործունեությունը տեղափոխում եւ ծավալում են Վրաստանում՝ փախչելով Հայաստանի հարկային ծանր բեռից: Վերջերս հայ գործարարների հետ կրկին հանդիպում ունեցան վրաց բարձրաստիճան ղեկավարները:

Բեռլինի համաժողովի ժամանակ, բիզնես կոնֆերանսի շրջանակներում, «Տնտեսական եւ տրանսպորտային միջանցքների հետագա ռազմավարություն, քաղաքականություն եւ բիզնես մոդելներ» նիստի ընթացքում Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը կարողացավ կրկին շահագրգիռ մոտեցումներով հանդես գալ, ինչը մեծացրեց հետաքրքրությունը այդ երկրի նկատմամբ: Դրանք նաեւ ուղղված էին բարձրացնելու Վրաստանի դերը նոր նախագծի՝ Մետաքսի ճանապարհի զարգացման գործում:  

Վրացական կողմը հիմք ընդունելով տրանսպորտային եւ Վրաստանի տարանցիկ ներուժի լիարժեք իրականացումը իր աշխարհաքաղաքական դիրքի հիմամբ՝ նշել է, որ այս ոլորտում հատուկ նշանակություն է ստանում Չինաստանից դեպի Եվրոպա փոխադրվող ապրանքի ավելացումը: Առեւտուրը Չինաստանի ու Եվրամիության միջեւ ավելի քան 600 մլրդ. դոլար է, իսկ Մետաքսի ճանապարհի զարգացումը կարող է ներգրավել ապրանքի եւս նոր չափաքանակ:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երկաթուղային նախագծին, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն, ինչը մեծապես նվազեցնում  է այն ժամանակը, որը պահանջվում է Ասիայի ու Եվրոպայի միջեւ ապրանքների տեղափոխման  համար, դա Վրաստանի տարածքով լրացուցիչ բեռների հոսք ներգրավելու եւս մի նախապայման է:

Ահա, այստեղ է, որ մյուս բեւեռը՝ Իրան-Հայաստան-Վրաստան, ետ է մնում իր նախաձեռնություններով ու արագությամբ: Եթե Հայաստանն ու Վրաստանն արդեն կասկած չունեն համատեղ աշխատելու առումով, ապա Իրանը փորձում է նաեւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ուղղությունը զարգացնել, ինչը դանդաղեցնում է մեզ համար ընդունելի ուղղության զարգացումը: Իրանը դեռ փորձնական համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու մասին, ինչը հետագայում պիտի դառնա տարանցիկ գիծ՝ Եվրոպա հասնելու համար:

Մայիսին Կարսում գտնվող Կովկասի համալսարանում կայացավ «Նոր մոտեցումներ հայ-թուրքական հարաբերություններում» թեմայով համաժողով, որը նախագահում էր Կովկասի համալսարանի կրթության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Սելչուկ Ուրալը:

Սա թերեւս մի թույլ փորձ էր Հայաստանին տարածաշրջանային թուրքական ծրագրերին ծանոթացնելու եւ դրանց մեջ ներքաշելու նպատակով:

Կարծում ենք՝ պատճառը միայն քաղաքական չէր, դա քայլ էր, որպեսզի Հայաստանին կտրեն իրանական ուղղությունից, ինչը կարող է մրցակցային դառնալ թուրք-ադրբեջանական բոլոր նախաձեռնություններին:

Հատկապես, երբ Հայաստանի վարչապետը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ պայմանավորվածություն է ձեռք է բերել: «Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման գաղափարը եղել է վաղուց, սակայն այն արձանագրված չի եղել:

Վարչապետի վերջին այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ: Սա կարեւոր է, որովհետեւ այն հնարավորություն կտա ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման առումով լավ հարաբերություն ստեղծել, թե Իրան-ԵԱՏՄ, թե նաեւ այստեղ արտադրված ապրանքների արտահանման առումով տարբեր երկրներ՝ օգտվելով այն առեւտրային ռեժիմներից, որ Հայաստանն ունի Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ այլ երկրների հետ»,- ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ապա հավելել, որ այժմ Հայաստանի հիմնական խնդիրն օրենսդրական ապահովվածություն ունենալն է:

Առաջիկայում ավելի կդյուրացվեն թե ուղղությունները, թե նպատակադրումները:

Ըստ նախարարի, Հայաստանը կունենա հնարավորություն Ռուսաստանից անկախ ազատ առեւտրային գոտի ունենալ Իրանի հետ, քանի, որ այդ կարգավիճակն ի սկզբանե Հայաստանին տրվել է, հավելյալ նոր փաստաթղթի ստորագրում Իրանի ու ԵԱՏՄ-ի միջեւ չի նախատեսվում եւ դրա կարիքն էլ չկա:

Հիշեցնենք, որ Հայաստան-Իրան երկկողմանի ելումուտը եւս բարելավվել է ու գործելու է առանց արտոնագրի: Երեւանի եւ Թեհրանի միջեւ վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաեւ Հայաստանում Իրանի դեսպանատունը, որում մասնավորապես նշվում է. «Հայտնում ենք, որ ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը»: Այդ հուշագրով Հայաստանի ու Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու եւ գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից:

Արդեն ժամանակն է՝ մենք եւս վերանայենք մեր քաղաքականությունը հարեւան եւ բարեկամ համարվող երկրների…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 29 (419), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։