Արդյո՞ք Իրանը կաջակցի Հայաստանը մեկուսացնող ծրագրերին – Իրանական մտորումներ Կասպիցծովյան ավազանում… Աշխարհի վերաբաժանման նոր փուլում պիտի առանձին խաղացող դառնա…

Երբ Բաքվում կայացավ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումը եւ ընդունվեց համատեղ հռչակագիր, լուրջ մտահոգություն առաջացավ, որ Թեհրանը կարող է Կասպիցծովյան համագործակցության շրջանակներում կուլ գնալ ռուս-ադրբեջանական հայավնաս ծրագրերին: Իրանական կողմը ցանկություն էր հայտնել համագործակցել նաեւ ԵԱՏՄ  տնտեսական ծրագրերի իրականացմանը, ինչը ավելի էր խորացրել մտահոգությունները այս եռյակի հարցում: Հստակ է, որ եռյակի քայլերին է սպասում նաեւ Թուրքիան, որը հետագայում կմիանա, եթե Իրանը իսկապես գնա այդ ուղղությամբ: 

Չի բացառվում, որ Իրանին կփորձեն ոգեւորել ոչ միայն Կասպիցծովյան ու ԵԱՏՄ-ական տնտեսական ծրագրերով, այլեւ՝ Թուրքիայի միանալով՝ նաեւ Սեւծովյան տնտեսական զարգացումների հեռանկարով:

Ռուսաստանը ամեն քայլի դիմում է, որպեսզի Եվրասիական միությունը կայանա եւ դերակատարում ստանձնի, որ իրապես դիմակայի Եվրոպական միությանը: Դրա համար ոչ միայն Իրանի հետ է փորձում հարաբերությունները կայունացնել, ինչը նաեւ Կովկասյան տարածաշրջանում մնալու եւ դիրքերն ամրացնելու լուրջ պայմաններ կստեղծի, այլեւ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ ասիական այլ տնտեասապես կայուն երկրների հետ: Իր՝ համաշխարհային 2-րդ բեւեռը դառնալու ծրագրերի համապատկերում Մոսկվան մեկ անգամ չէ, որ անտեսել է բարեկամ ու ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերը եւ մտածում էր այս անգամ էլ Հայաստանի որոշ շահեր փուռը տալով՝ կկարողանա սերտ կապեր ստեղծել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:  

Սակայն, Երեւանն այլեւս չէր կարող հանդուրժել բարեկամ կոչվող երկրի չարագործությունները հայության նկատմամբ իրականացվող, չէր կարող լռել մեր թշնամի եւ մեզ հետ պատերազմի մեջ գտնվող երկիր Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենքեր վաճառելու ռուսական ցինիկությունը… Հայկական շահերի ստորադասումը Հայաստանում այլեւս կործանարար կլինի… Կարեւոր չէ՝ Ռուսաստանի՞, թե՞ Արեւմուտքի առումով, կամ՝ մեկ այլ:

Այս իրողությունները չեն կարող չազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ու մեկ անգամ եւս պիտի նշենք, որ մեր երկրի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը շատ հարմար էր այս կամ այն կողմի վտանգներից խուսափելու եւ կուլ չգնալու համար:

Եվ այստեղ շատ կարեւոր է, կմասնակցի՞ արդյոք Իրանը Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի ծրագրերին կամ՝ հետագայում ինչպես կզարգանան Իրանի ու Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունները: Հատկապես Իրան-Հայաստան-Վրաստան՝ դեպի Եվրոպա գազատարի կառուցման հարցը կախված է այս զարգացումներից:

Իրանի նախագահ՝ Հասան Ռոուհանին հենց իր երդման արարողության ժամանակ, 2013թ. հայտարարեց, որ մերձակա հարեւանների հետ հարաբերությունների վերանայումն իր կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկն է լինելու: Դա հատկապես վերաբերում էր Ադրբեջանին, որի հետ Իրանի հարաբերությունները երկար ժամանակ լարված էին: Այդ լարվածությունն իր գագաթնակետին հասավ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք, երբ հաճախակի էր սրվում իրավիճակը իրանական Ադրբեջաններում՝ կախված Բաքվի՝ «Մեծ Ադրբեջան» ստեղծելու մարմաջի հետ… Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները շատ էին սրվել 2000-ական թթ. կեսերից, քանզի ազդեց նաեւ Արեւմուտք-Իրան հարաբերությունների վատթարացումը: Եթե սրան հավելենք նաեւ Անկարայի կողմից պարբերաբար ձեռնարկվող հակաիրանական ու հակահայկական քայլերը Ադրբեջանում, ապա հասկանալի է, որ հարաբերությունները  շատ վտանգավոր իրավիճակների էին հասել:

Արեւմուտքի եւ Թուրքիայի պատվերով Բաքուն, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ դարձել էր հակաիրանական պետություն, ու նաեւ ռազմական համագործակցություն էր սկսել Իսրայելի հետ, փորձում էր հարաբերություններ ստեղծել արաբական այնպիսի երկրների հետ, որ ունեն հակաիրանական կեցվածք, ինչպես՝ Սաուդյան Արաբիան: Այս բոլորն էլ իրենց հերթին փորձել են Ադրբեջանը դարձնել Իրանի դեմ պայքարի հարթակ, ինչին դեմ չէր Բաքուն, սակայն դա անում էր այն հույսով, որ փոխարենը Արեւմուտքը եւ այլ երկրներ կօգնեն Ղարաբաղը կրկին զավթելու հարցում: Անգամ «Իսլամական պետության» հետ համագործակցեցին, ահաբեկիչներ մատակարարեցին, որոնց մեծ մասը ոչնչացան Սիրիայի դեմ կռիվներում:

Բայց Ադրբեջանում հասկացան, որ Արեւմուտքի հետ սերտացումը  չի օգնելու գրավել Ղարաբաղը, իսկ հայերն էլ իրենց կամքով դա չեն անելու, եթե անգամ որոշակի ճնշումներ կիրառվի Արեւմուտքի կողմից: Իսկ Ռուսաստանի կողմից կիրառվող ճնշումները հակառակ գործն արեցին՝ մեծացան հակառուսական տրամադրությունները Հայաստանում եւ Արցախում:

2010թ. սկսած ոչ միայն Իրանը, այլեւ Ռուսաստանը փորձեցին  ջերմացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Եթե իրանական կողմը դա անում է դանդաղ ու հավասարակշռված քայլերով, ապա ռուսական կողմը ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացումը սկսեց զենքի վաճառքից: Բաքուն մի քանի տարվա ընթացքում ավելի քան 5 մլրդ. դոլարի զենք գնեց Մոսկվայից, ինչպես նաեւ կնքեց մի շարք կարեւոր, ռազմավարական նշանակության պայմանագրեր: Ադրբեջանը նաեւ Իսրայելի հետ կնքեց ռազմական համագործակցության պայմանագրեր: Սակայն, Իլհամ Ալիեւը սկսեց փոխել իր մարտավարությունը եւ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների բարելավմանը զուգահեռ քայլեր ձեռնարկեց ադրբեջանա-իրանական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Բաքուն կարծում է, թե Հայաստանին բարեկամ երկիր համարող Ռուսաստանին եւ Իրանին Հայաստանի դեմ հանելով, ինքը Թուրքիայի հետ կկարողանա լուծել Հայաստանի հարցերը… Սա ունի իր տրամաբանությունը, սակայն ադրբեջանական կողմը հաշվի չէր առել, որ այս դեպքում էլ Հայաստանը կփոխի իր մարտավարությունը, եւ կարող է Եվրոպական ու ամերիկյան ուղղությունների հետ Թուրքիային ու Ադրբեջանին եղբայրացած Վրաստանին զատել այդ եռյակից՝ դառնալով լուրջ գործընկեր: Իսկ պատժամիջոցներից հետո Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավման տանող Իրանի հետ էլ ավելի կսերտացնի քաղաքական ու տնտեսական կապերը:

Բայց Բաքուն կանգ չի առնում, Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները խորացնելով՝ Ադրբեջանը ձգտում է ստեղծել Ռուսաստան-Ադրբեջան-Իրան աշխարհաքաղաքական եռանկյուն, որի նպատակը նախ կլինի Հայաստանի մեկուսացումը: Բաքուն հույս ունի, որ Վրաստանին դեռ կվերադարձնի Թուրքիայի հետ կազմած մեկ այլ եռանկյուն՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եւ Հայաստանը պարզապես շրջապատված կլինի՝ Արցախի հետ շնչահեղձ լինելով:

Այսպես է կարծում Բաքուն: Եվ գուցե ոչ միայն Բաքուն:

Բայց, եթե Ադրբեջանում փոքր ինչ հետ նայեն՝ թերթեն նորօրյա պատմության էջերը, ապա կտեսնեն, որ այդպես արդեն եղել է, պարզապես Իրանը միացած չէր վերոնշյալ եռյակին, բայց շրջափակված եւ չեզոք երկիր էր, իսկ Ռուսաստանն էլ երկկողմանի խաղերի մեջ էր եւ Հայաստանին բարեկամ համարելը միայն բառախաղ էր…

Բայց մենք հաղթեցինք արցախյան պատերազմում, անգամ այն դեպքում, որ ադրբեջանական կողմից կռվում էին նաեւ թուրքական գորշգայլեր, չեչենական գրոհայիններ, աֆղանական մոջահեդներ, արաբական վահաբականներ, ուկրաինական օդաչուներ, մերձբալթյան դիպուկահարներ եւ այլք… Անգամ՝ ահավոր երկրաշարժից հետո, երբ ավերվել կամ վնասվել էր մեր երկրի գրեթե 1/3-ը:

Եվ հիմա Երեւանն ու Ստեփանակերտը պետք է ոչ միայն հզորացնեն հայկական բանակը, այլ ձեւավորեն համահայկական բանակ: Պիտի ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ բոլոր ատյաններում հատակեցնեն դիրքորոշումները Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ: Հստակ պիտի լինի ամեն բան: Ռուսաստանն ու Իրանը որպես շատ կարեւոր  ռազմավարական դաշնակիցներ պիտի հասկանալի լինեն մեզ համար: Հարեւանների հետ հարաբերությունների լավացումը չպիտի լինի ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի հաշվին: Հայաստանի միջազգային մեկուսացումն ավելի մեծացնելու համար Ադրբեջանը Վիեննայում միջուկային հարցերով «Վեցնյակի» եւ Իրանի համաձայնության գալուց հետո սկսեց գործուն քայլեր ձեռնարկել նաեւ վերջինիս իր կողմը քաշելու համար: Եվ մեզ համար նկատելի էր, որ վերջին քառօրյա պատերազմում Ռուսաստանն ու Իրանը չեզոք դիրք գրավեցին ռազմական գործողությունների ժամանակ՝ աջակցություն չցուցաբերելով Հայաստանին, ի տարբերություն Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի, որը բացահայտ պաշտպանում էր Բաքվի գործողությունները: Այստեղ լրջագույն հստակեցումներ են անհրաժեշտ, ինչը պիտի Հայաստանի անվտանգության հայեցակարգում ամրագրի մեզ բարեկամ ու չարակամ երկրների ցանկը:

Բաքուն կրկին փորձում է Թեհրանի հետ մի շարք ռազմավարական նշանակության ծրագրեր իրականացնել, որով առավել կխորանան հարաբերությունները: Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նաեւ իրանական նավթը Եվրոպա տեղափոխելու համար Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը տրամադրելու հարցում, ինչպեսեւ մի քանի անգամ Իրանին առաջարկել է միանալ Անդրանատոլիական գազամուղին (TANAP): Բայց ամենամեծ նախագիծը, որն Ադրբեջանը ցանկանում է իրականացնել, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն իր երկրով անցկացնելն է, որով Ռուսաստանն ու Իրանն Ադրբեջանի միջոցով կապվում են իրար: Ադրբեջանին սա ձեռնտու է եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական առումով: Այսպես Հայաստանը դուրս է մղվում եւս մեկ տարածաշրջանային խոշոր ծրագրից, իսկ Ադրբեջանը մեծացնում է իր նշանակությունը Ռուսաստանի եւ Իրանի համար: Սա նաեւ տնտեսապես է շահավետ Ադրբեջանի համար, քանի որ հնարավորություն է ստանում իր ապրանքներն արտահանել Իրան ու Պարսից Ծոցի երկրներ: Վերջին տարիներին իրանական կողմը կառուցել է Ղազվին-Ռեշթ 205 կմ-ոց հատվածը, որը պատրաստ է 93%-ով: Այն շահագործման կհանձնվի արդեն 2017թ.։ Նախնական հաշվարկներով՝ երկաթգիծը սկզբնական շրջանում տարեկան կկարողանա փոխադրել 1,4 մլն. ուղեւոր եւ 5-7 մլն տոննա բեռ, իսկ հետագայում դրանով կարող է փոխադրվել մինչեւ 20 մլն տոննա բեռ: Երկաթգծի ամբողջ տարածության վրա կկառուցվի 22 թունել եւ 15 կամուրջ: Երթուղու մյուս՝ Ռեշթ-Աստարա հատվածի կառուցման համար իրանական կողմն այս տարվա ընթացքում դիմեց Ադրբեջանին՝ վարկ ստանալու համար. Բաքուն համաձայնվել է Թեհրանին 500 մլն. դոլարի չափով վարկ տրամադրել: Միաժամանակ, ընթացիկ տարվա մարտ ամսին սկսվել է եւ մինչեւ տարեվերջ կավարտվի ադրբեջանական Աստարայից դեպի Իրանի սահման 8,3 կմ երկարությամբ երկաթուղային հատվածի կառուցումը, իսկ ապրիլին ադրբեջանական Աստարա քաղաքում կայացավ Ադրբեջանն Իրանի հետ կապող կամրջի խորհրդանշական հիմնարկեքի արարողությունը:

Նախագիծը ձեռնտու է նաեւ Ռուսաստանին եւ Իրանին, որոնց համար տնտեսական կապերն առավել խորացնելու եւ նոր շուկաներ գրավելու նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Մինչ այժմ Ռուսաստանը եւ Իրանը միմյանց հետ առեւտուր են կատարում առավելապես ծովային ճանապարհով՝ Կասպից ծովի միջոցով, սակայն ցամաքային տրանսպորտն ավելի էժան է ծովայինից: Այդ իսկ պատճառով այս նախագծին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ Ռուսաստանը, որը նույնպես պատրաստ է մեծ գումարներ ներդնել «Հյուսիս-Հարավ»-ի իրականացման համար: Իրականացնելով այս նախագիծը՝ Ադրբեջանն էլ ավելի կմեծացնի իր ազդեցությունը տարածաշրջանում: Այս ուղղությամբ քայլեր սկսվել են դեռեւս 2005թ-ից, սակայն այն մեծ թափ ստացավ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հանումից հետո: Հիմնական աշխատանքները պետք է տարվեն Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղուն իրանական երկաթուղին միացնող Ղազվին-Ռեշթ-Աստարա 375 կմ-ոց հատվածի կառուցման ուղղությամբ:

Ահա հենց այստեղ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն հանդուրժում Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով՝ Եվրոպա մեծ նշանակության գազատարի տնտեսական ծրագիրը, որը վերեւում Ադրբեջանի օգտին թվարկած բոլոր դրական ծավալումները բերում է դեպի Հայաստան, քանի որ գազատարին կհաջորդեն ավտոճանապարհն ու երկաթգիծը եւ այլն: Եվ մեկուսացող կողմը Ադրբեջանն է լինում այս դեպքում: Այսպես մեկուսանում է նաեւ Թուրքիան, եթե Սեւ ծովն է օգտագործվում դեպի Եվրոպա ճանապարհին: Սրանից բխող մյուս զարգացումների մասին արդեն խոսել ենք վերեւում: Իսկ դրանք իրական հիմք ունեն, քանի որ քաղաքական առումով եւս շահեկան են տարածաշրջանի տնտեսական հարցերում շահագրգիռ Իրանի, Չինաստանի, Ճապոնիայի ու Եվրոպայի երկրների, նաեւ Միջերկրական ծովով դեպի Եվրոպա տանող որոշ արաբական երկրների համար:

Հիշեցնենք, որ Իրանին հանգիստ չեն տալիս Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունները եւ մերթ ընդ մերթ Բաքվից Թեհրանի նկատմամբ հնչող տարածքային պահանջները: Իրանին մտահոգում են երկրում արգելված «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք» շարժման եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ եղած սերտ կապերը: Այդ կազմակերպությունը պայքարում է «Միավորված ադրբեջանական պետություն» ստեղծելու համար, որի մեջ կընդգրկվի Հյուսիսային Ադրբեջանը (ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը) եւ, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանը (Իրանի Ատրպատական նահանգը): Ինչ մնում է Ռուսաստանի հետ ադրբեջանական, նաեւ թուրքական ջերմացմանը, ապա ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները արդեն մի շարք դեղին ու կարմիր քարտեր են ցույց տվել Բաքվին ու Անկարային: Եվ չպետք է բացառել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի մասնատման ծրագրերը՝ աշխարհի վերաբաժանման այս փուլում: Իմիջիայլոց, Ռուսաստանը նույնպես ունի «անկախական» կետեր եւ չի բացառվում, որ դրանք աշխատեն Արեւմուտք-Ռուսաստան նոր առճակատման ժամանակ…

Արամ Ավետյան

Հ.Գ. – Եթե Իրանը հասկանում է, որ Հայաստանի հետ կարելի է կառուցել հարաբերություններ, որն ակնհայտ է իր օգտակարությամբ  տնտեսական տեսանկյունից եւ նաեւ շահեկան է ռազմա-քաղաքական առումներով, ապա Ռուսաստանն ապրելով վելիկոռուսական տվայտանքներով՝ չի հասկանում, որ համաթուրքական վտանգը առաջին թշնամին է ռուսական պետության:

ԽՍՀՄ-ի կամ Ռուսական կայսրության վերականգնման որեւէ փորձ եւս կհանգնեցնի այս երկրի փլուզմանը:

«Լուսանցք» թիվ 29 (419), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։