Հայաստանը պիտի՛ դառնա տարանցիկ երկիր – Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, թե Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա… Պիտի գործել նաեւ ընդդեմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության…

Վերջերս Բաքվում տեղի ունեցած՝ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումն է կայացել: Բաքուն (նաեւ՝ Անկարան) եւ Մոսկվան իրապես անհանգստացած են Իրան-Հայաստան-Վրաստան տնտեսական կապի ծավալմամբ, հատկապես, որ այն տարածաշրջանային նշանակություն է ձեռք բերում եւ աջակցություն է ստանում Եվրոպական Միությունից ու Միացյալ Նահանգներից:

Նշյալ կողմերն ընդունել են հռչակագիր՝ եռակողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ, որում, մասնավորապես, նշվում է, որ հռչակագիրը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարի, տարածարջանային հակամարտությունների կարգավորման, Կասպից ծովում փոխգործակցության, էներգետիկայի բնագավառում կապերի զարգացման, տրանսպորտային եւ այլ ոլորտներին: Ինչպես հայտնել են Կրեմլից, կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբեր ստեղծել՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում համագործակցելու համար: Ավելի վաղ տեղի էին ունեցել Վլադիմիր Պուտինի երկկողմանի հանդիպումներն Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոհանիի հետ:

Այս ընթացքում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն էլ հայտնել է, որ իր երկիրը հետաքրքրություն է ներկայացնում Ադրբեջանի ու Իրանի համար՝ որպես ոչ թանկ եւ լավ զենքի մատակարար: Այս մասին նա հայտնել է Բաքվում տեղի ունեցած՝ նախագահների եռակողմ հանդիպումից հետո: Հայտնել է նաեւ, որ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական ՄՍ-21 ուղեւորատար ինքնաթիռներով եւ արդեն 2017թ. կարող է պայմանագիր ստորագրվել 10 այդպիսի ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ:  

Նշվել է, որ ադրբեջանական կողմը կարող է նաեւ բեռնատար «Ռուսլան» եւ ԱՆ-124 ինքնաթիռներ ձեռք բերել:

Հանդիպումների օրակարգում միայն զենքի վաճառքի հետ կապված նոր համաձայնագիրը չէր, որի մասին, հայտարարել էր Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը, Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի  եւ Իրանի նախագահները քննարկել են նաեւ արցախյան խնդիրը:

Քննարկվել  են նաեւ տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության այժմեական հարցերը, գործնական համագործակցության հաստատման հեռանկարներ: Նախագահները քննարկել են հատկապես էներգետիկայի եւ տրանսպորտային ոլորտներին առնչվող մի շարք լայնածավալ նախագծեր, օրինակ՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը: Ադրբեջանն ու Իրանը ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ, որի նպատակն է Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը։ Ծրագիրը գնահատվում է մեկ միլիարդ դոլար, հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինը։ Աշխատանքային խումբը առաջին նիստը գումարել է հենց հաջորդ շավաթ: Նախագծով արդեն հետաքրքրված են Ռուսաստանը, Չեխիան եւ Հունգարիան։ Ծրագրի նպատակն է՝ Պարսից ծոցը կապել Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի հետ։ Նախատեսվում է շինարարական աշխատանքները սկսել 3-4 ամսից։ Ադրբեջանական հատվածի կառուցումը կավարտվի արդեն այս տարի, իսկ Ռեշտ-Աստարա հատվածը կսկսի գործել 2018թ.։

Մենք պետք է զգուշանանք եւ հակընդդեմ քայլեր ձեռնարկենք, քանի որ Հյուսիս-Հարավ ծրագիրը ծավալուն տրանսպորտային նախագիծ է, հիշեցնենք՝ այն նախաձեռնել են Մոսկվան, Բաքուն եւ Թեհրանը։ Երկաթգծի երկարությունը 7000 կմ է, այս ծրագրի ամբողջական իրագործումը հնարավոր դարձավ միայն իրանական պատժամիջոցների վերացումից հետո։ Միջանցքը պետք է Հնդկաստանը եւ Իրանը կապի Ռուսաստանի ու Եվրոպայի հետ եւ, ինչպես փորձագետներն են ասում, կարող է նույնիսկ դառնալ Սուեզի ջրանցքի մրցակից։ Արդեն այս աշուն կվերագործարկվի իրանական Մեշխեթ քաղաքը Նախիջեւանի հետ կապող երկաթգիծը։ Ադրբեջանում Իրանի դեսպանի փոխանցմամբ, երկաթգծի վերաբացումը պետք է նպաստի Ադրբեջանի ու Իրանի միջեւ զբոսաշրջության զարգացմանը եւս։ Նշենք, որ ցամաքային սահման Նախիջեւանը Ադրբեջանի հետ չունի։

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը Ռուսաստանի ղեկավարը նախաձեռնեց այն փուլում, երբ շատ կարեւորվել էր Ղարաբաղի հարցը: Իլհամ Ալիեւը սպասում էր Վլադիմիր Պուտինի վճռական քայլին՝ հայկական կողմից զիջումներ կորզելու հարցում: Մինչ այս, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր խոստացել այցելել Բաքու՝ հայկական կողմից զիջումները կորզելուց հետո, սակայն չէր գնացել, ինչից էլ պարզ էր դարձել, որ ասելիք չունի:

Ու հետաքրքիր է, որ ռուս նախագահի այցը Բաքու նշանավորվեց կրկին զենքի վաճառքի շուրջ նոր համաձայնագրի քննարկմամբ: Ասել է թե՝ հայկական կողմին լրացուցիչ ճնշելու առիթը բաց չի թողնվել եւ այն կատարվել է ամենաբարձր մակարդակով: Այստեղ կարեւոր է նաեւ Իրանի պահվածքը: Թեհրանը մշտապես ցանկացել է խաղաղություն իր սահմաններին եւ դեռ ղարաբաղյան պատերազմի օրերին Իրանի այդ տարիների իշխանությունները միջնորդի դեր էին ստանձնել, պարբերաբար հանդես են եկել նման ցանկությամբ՝ մնալով չեզոք դիրքերում: Այժմ, երբ Իրանի նկատմամբ չեղարկվեցին միջազգային պատժամիջոցները, այս երկրի դերը տարածաշրջանում բավական մեծացավ: Բացի այդ, Թեհրանն այժմ Բաքվի ու Մոսկվայի հետ լուրջ ծրագրեր է քննարկում ու իրականացնում: Այդ համագործակցությունը, իհարկե կշիռ ու ազդեցություն ունի, բայց մյուս կողմից…

Ուստի՝ իրանական կողմի համար պարզ է, թե ինչ են ուզում Մոսկվան ու Բաքուն՝ Ղարաբաղի հարցում: Ռուսական խաղաղապահների առկայությանը Թեհրանը կտրականապես դեմ է, իսկ առանց դրա՝ Ռուսաստանին ղարաբաղյան լուծում իրականում պետք չէ… Հետեւաբար, Բաքվում՝ Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափում ղարաբաղյան խնդրի քննարկումը կարող է նոր նրբերանգներով քննարկվել: Չի բացառվում, որ այս եռյակին կցանկանա միանալ նաեւ Թուրքիան:

Վերջերս Վրաստանի տարածքով Ռուսաստանը եւ Հայաստանը միացնող գազատարի պայթյունի փորձի գործով մեղադրվողներից մեկը 50.000 դոլարի փոխանցման էր սպասում, ենթադրվում է, որ գումարը փոխանցվելու էր Թուրքիայից: Այս մասին հայտնել է «Քվիրիս պալիտրա» թերթը՝ վկայակոչելով Վրաստանի Պետանվտանգության ծառայությունում իր աղբյուրին: Խոսքը Բեքա Բեքաուրիի մասին է: Օգոստոսի 22-ին նշյալ ծառայությունը հաղորդել էր ահաբեկչության նախապատրաստման  գործի բացահայտման եւ 7 մարդու կալանավորման մասին, այդ թվում՝ պարեկային ոստիկանության աշխատակցի: Ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել այն գազատարը, որով Ռուսաստանից բնական գազ է մատակարարվում Հայաստան: Նրանք գտնվում են նախնական պահման խցերում: «Զրույցի ժամանակ ես նրան հարցրել եմ, թե ում հանձնարարությունն էր կատարում եւ ով է ֆինանսավորել: Բեքա Բեքաուրին այդ հարցին հոդաբաշխ պատասխան չի տվել, սակայն ասել է, որ արտասահմանից գումարի էր սպասում, իսկ հետո լեզվի սայթաքում թույլ տալով ասել է՝ ենթադրաբար Թուրքիայից: Թե ով էր պատվիրատուն, նա հստակ չի ասել»,- աղբյուրի խոսքն է մեջբերել թերթը:

Փաստորեն, Մոսկվա-Բաքու-Թեհրան կապի զարգացմանը մեծապես խոչընդոտում է Թեհրան-Երեւան-Թբիլիսի կապի ծավալումը եւ չի բացառվում, որ կշարունակվեն փորձերը հայ-վրացական եւ հայ-իրանական տարաձայնություններ առաջացնելու գործում:

Եվ իզուր չէ, որ Երեւանը նպատակայնորեն շարունակում է հարաբերությունների զարգացումը ինչպես իրանական, այնպես էլ վրացական կողմի հետ:

Հայաստանյան կառավարությունը օգոստոսի 4-ին մի որոշում կայացրեց, որը մեր ներքաղաքական թոհուբոհի մեջ չարծարծվեց, սակայն այն իր բնույթով դեռ մնում է անորոշ, բայց հեռանկարի իմաստով կարող է լինել վճռորոշ ու նույնիսկ պատմական թե՛ Հայաստանի, թե՛ ընդհանրապես տարածաշրջանի ու միջազգային զարգացումների տեսանկյունից: Կառավարությունը ստեղծեց «Էներգաիմպեքս» ընկերությունը, որը լինելու է պետական եւ գազ է գնելու Իրանից՝ այլ երկրներ արտահանելու համար: Այդ ընկերությունը ստեղծվել է Հայաստանի էներգետիկայի նախարարի՝ Իրան կատարած այցի արդյունքում: Տեղի է ունեցել մի քայլ, որի մասին բազմաթիվ փորձագետներ եւ այլ գործիչներ խոսում էին տարիներ շարունակ՝ Հայաստանը պետք է նախաձեռնող լինի իրանական գազն իր տարածքով դեպի Եվրոպա տարանցելու հարցում: Այդ կարծիքներն ու կոչերը հնչում էին նաեւ 2000-ականների առաջին կեսին, երբ կառուցվում էր Հայաստան-Իրան գազամուղը, սակայն դրանք չլսվեցին… իսկ Հայաստանի իշխանության համար լսելի եղավ այն՝ ինչ ասաց Ռուսաստանը՝ գազամուղը պետք է լինի նեղ, որպեսզի հնարավոր չլինի դրանով լուծել գազի տարանցման հարցեր, եւ պետք է պատկանի «Գազպրոմ»-ին»: Մեր իշխանությունը հենց այդպես էլ վարվեց՝ հայ-իրանական առաջին գազամուղը վերածելով երկաթե խողովակի՝ առանց աշխարհաքաղաքական էական նշանակության:

Հենց այս պայմաններում էլ դիտարկում ենք «Էներգաիմպեքս» ընկերության ստեղծումը, բայց չնայած հեռանկարներին՝ առաջանում են հարցեր՝ ինչպե՞ս է այդ ընկերությունը գազ գնելու Իրանից եւ արտահանելու այլ երկրներ, եթե չկա համապատասխան ենթակառուցվածք, իսկ եղած խողովակաշարն էլ պատկանում է «Գազպրոմ»-ին, որով, սակայն, անգամ տարանցում իրականացնել հնարավոր չէ: «Էներգաիմպեքսը» ստեղծվում է այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել է Վրաստանի հետ գազի համաձայնության պիլոտային ծրագրի մասին, որը լինելու է փոխանակում՝ Իրանը գազը տալիս է Հայաստանին, իսկ մեր երկիր գազ մատակարարող «Գազպրոմը» այդ ծավալի գազ տալիս է Վրաստանին: Հասկանալի է, որ սա ընդամենը տնտեսա-կոմերցիոն մի գործարք է, որը չունի ռազմավարական որեւէ հեռանկար:

Եթե Հայաստաը նոր պետական ընկերությունը ստեղծում է ընդամենը այդ գործարքից, այսպես ասած, իր բաժինը ստանալու համար, ապա կայացված որոշման պատմական լինելու հարցը հանվում է օրակարգից: Բայց եթե մենք ի զորու լինենք հանդես գալ նոր խողովակաշար կառուցելու նախաձեռնությամբ, ապա դա արդեն իսկապես կարող է պատմական դարձնել օգոստոսի 4-ի որոշումը: Այսինքն՝ Հայաստանը կատարում է ինքնիշխան քայլ եւ իր ձեռքն է վերցնում Իրանի հետ գազային հարաբերության խնդիրը՝ դուրս գալով «Գազպրոմ»-ի կախվածությունից: Հասկանալի է, որ Հայաստանն այդ նախաձեռնության մեջ պետք է փորձի ներգրավել Վրաստանին ու նաեւ գտնել աջակցություն եվրոպական երկրներում, քանի որ տարանցիկ գազամուղի ծրագիրը կարժենա միլիարդներ ու կլինի թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական լայն դաշինքի անհրաժեշտություն:

Իսկ կարո՞ղ է Հայաստանն այդպիսի համարձակ հայտ ներկայացնել, որն ըստ էության հայտ է Եվրոպայում ռուսական գազային գերակշռող դերակատարման դեմ: Իմիջիայլոց, դա հայտ է նաեւ Հայաստանում ռուսական տիրապետող դերի վերացման:

Ահա հենց այս համարձակ քայլը կանխելու միտում ունի Բաքվում կայացած եռակողմ հանդիպումը: Իհարկե, Իրանը շահագրգռված է իր գազը Եվրոպա արտահանելու համար, սակայն Կասպիցծովյան ավազանի տնտեսական զարգացումներից եւս չի ցանկանում ետ մնալ: Բայց մենք պիտի կարողանանք հասնել այն իրավիճակին, երբ Իրանը համատեղ ծրագրերում Հայաստանի ու Վրաստանի կողմից նկատի հետեւողականություն: Իրանին անհրաժեշտ է մուտք գործել Կովկաս, դառնալ տնտեսական խաղացող՝ քաղաքական հեռանկարներով, ինչը ստիպում է խաղալ երկու ճակատով, մինչեւ վերջնական հստակեցումը: Ցավոք, Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափը եւս  այդպիսին է, որ ապահովում է մուտքը Կովկաս: Սակայն, հստակ է, որ եթե Հայաստանը լինի նախաձեռնող եւ համարձակ, ապա Թեհրանը կմտորի Մոսկվայի ու Բաքվի հետ սերտանալու մասին: Հատկապես, որ Մոսկվան նույն խաղը խաղում է նաեւ Թուրքիայի հետ, իսկ Բաքուն համաթուրքական դաշինքի անդամ է եւ տարածքային պայանջներ ունի Իրանից: Այս ամենը նպատակայնորեն օգտագործելով՝ Հայաստանի դերը կդառնա անփոխարինելի, իսկ հայ-վրացական ուղղությունը՝ հույժ կարեւոր ոչ միայն Իրանի համար:

Օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Քննարկվել են հայ-վրացական օրակարգի հարցեր, նախանշվել են փոխգործակցության նոր հնարավորություններ, ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն բարեկամ պետություններ են, այլեւ ունեն բազմադարյա եղբայրական հարաբերություններ: Հայ-վրացական հարաբերությունները կարեւորվել են Հարավային Կովկասի կայունության տեսանկյունից: Այս համապատկերում Վրաստանի վարչապետը ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու ներուժը, հատկապես տարածաշրջանային նշանակության տնտեսական ծրագրերը, որոնց մեջ ներառված է Հայաստանը որպես գազամատակարարման տարանցիկ երկիր դարձնելու ծրագիրը:

Իմիջիայլոց, հայկական կողմի հետ աշխատելու շահագրգռվածություն կա նաեւ այլ ծրագրերում: «Մեր երկրում առկա են էներգետիկայի ոլորտում գործելու լայն հնարավորություններ»,- ասել է մեր երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության ՌԴ ու ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Վերջինս նշել է, որ ուսումնասիրել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները՝ ընդգծելով, որ առկա են էլեկտրաէներգիայի արտադրության բարենպաստ պայմաններ: Նա շեշտել է, որ նախատեսում են իրենց տեխնոլոգիական արտադրությունը տեղափոխել Հայաստան, կիրառել արտադրական նորագույն տեխնոլոգիաներ եւ բուհերի հետ համագործակցությամբ պատրաստել անհրաժեշտ կադրեր: Հիշեցնենք, որ Չինաստանը շահագրգռված է հին Մետաքսի ճանապարհը նորացնելու ընթացքում կրկին ներառել Հայաստանը, ինչը լայնածավալ՝ Եվրոպան Ասիային կապող տնտեսական ծրագիր է, որ խարսխված է ռազմա-քաղաքական հեռանկարների վրա:

Դժվարն առաջին քայլն է՝ Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու ճանապարհին: Իսկ դրա համար պետք է արվի ամեն բան՝ հնարավոր եւ անհնարին թվացող:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 29 (419), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։