Երեւանը չպետք է աշխատի որպես Մոսկվա – Հայաստանը իր խաղը պիտի տանի տարածաշրջանում՝ քանզի կարող է միջանցք լինել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ… Կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի արտադրական հզորությունները…

Երեւանը չպետք է աշխատի որպես Մոսկվա

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կանդրադառնա հարեւանների, այդ թվում, Հայաստանի հետ հարաբերությունների վրա. այս մասին ասել էր Հայաստանում Իրանի դեսպանը: Նրա խոսքով, Հայաստանը կարող է միջանցք լինել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ:

Իսկ արդյո՞ք Հայաստանը կարող է Իրանը կապել Եվրասիական միությանը:

Այս հարցին ի պատասխան Իրանի դեսպանը հայտնել է, որ իր երկրի հետ հարաբերություններում եվրասիական խաղերն առաջ տանողներին մեղմորեն ցույց է տվել իրականությունը:

Դիվանագետը հիշեցրել է, որ ԵԱՏՄ մի շարք երկրների հետ Իրանն ընդհանուր ցամաքային ու ծովային սահմաններ ունի, եւ եթե Թեհրանը ԵԱՏՄ հետ կարողանա արտոնյալ սակագների մասին համաձայնության գալ, դա կարող է կարեւոր նշանակություն ունենալ հարաբերությունների համար:

Հիմա, ըստ դեսպանի, մեկ այլ խաղ է սկսվել՝ թե Հայաստանը կարող է Իրանը կապել Եվրասիական միությանը: Առաջին հերթին, Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ հետ, երկրորդ, ինչպես դեսպանն է ասում, եթե Իրանը ցանկանա կապվել, ապա դա կանի Կասպից ծովով, որով սահմանակից է Ռուսաստանին ու Ղազախստանին:

Սա, համենայնդեպս որոշակի զգուշացում է, որ Երեւանը իր խաղը տանի տարածաշրջանում եւ պարզապես չերկրորդի Մոսկվայի ցանկությունները:

Այնուամենայնիվ, իրանական կողմը եկել է համաձայնության՝ Հայաստանով Վրաստան գազ արտահանելու առումով:  

Փոխվել է կազմակերպությունը, որը Հայաստանում Իրանից գազ է գնելու։

Նախկինում դա Երեւանի ՋԷԿ-ն էր, իսկ հիմա կլինի այլ կազմակերպություն։ Սա էլ կհամակարգի գազի ուղիղ մատակարարումները եւ նրա տեղափոխումը Հայաստանի սահմաններից դուրս այլ տարածքներ։

«Հայաստանը փոքր սպառող է, սակայն կարող է կարեւոր ուղի բացել իրանական գազը արտահանելու համար։ Այդ ոլորտում կողմերի միջեւ համաձայնություն կա»,- նշել են իրանական կողմից:

Այստեղ կարեւորվել է, որ Հայաստանը մեծացրել է իրանական գազի գնման պահանջարկը եւ 2018-ի վերջին կցանկանար Իրանից օրական 3 մլն. խմ ծավալով գազ ներմուծել:

Համեմատության համար նշենք, որ ներկայիս ցուցանիշը 1 մլն է:

Մի փոքր փոխվել է նաեւ Իրանի եւ Հայաստանի միջեւ գազ-էլեկտրաէներգիա բարտերի գործակիցը։ Նախկինում Իրանը ստանում էր 3կՎտ/ժ էլեկտրաէներգիա յուրաքանչյուր խմ գազի համար, իսկ հիմա կստանա 3,2։

Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան գազատարի հզորությունը կազմում է տարեկան 2,3 մլրդ խմ։

Համապատկերում հավելենք, որ հայ-իրանական գործակցությունը պետք է մնա բացառապես երկկողմանի՝ առանց որեւէ այլ երկրի միջամտության, մանավանդ, որ այդ միջամտությունը անում են սեփական շահերից ելնելով:

Առավել եւս, որ Հայաստանն ու Իրանը ունեն նաեւ ցուցադրական բարեկամ երկրներ:

Արտակ Հայոցյան

«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսին կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի արտադրական հզորությունները

Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի կունենա «Արտադրված է Հայաստանում-2016» («Made in Armenia-2016») ցուցահանդեսը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչյանը, ցուցահանդեսին Հայաստանից եւ Արցախից կմասնակցի ավելի քան 320 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթեւ արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության եւ ՏՏ ոլորտներից։

«Մենք հասել ենք հաջողության այն առումով, որ բավականին մեծ մասնակցություն ենք եւ հետաքրքրություն ենք ստեղծել ցուցահանդեսի նկատմամբ: Նաեւ ունենք մեծ հետաքրքրություն արտերկրից, ցուցահանդեսին մասնակցությունը հաստատել են Հայաստանի համար մեծ կարեւորություն ունեցող շուկաներից, բացի այդ, գործարարներ, պատվիրակություններ են գալու այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, արաբական մի շարք երկրներ»,- ասաց Կարեն Մկրտիչյանը:

Նրա խոսքերով՝ այս ցուցահանդեսը վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի արտադրության արդյունքների ու ներուժի յուրօրինակ հաշվետվություն է: «Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը։ Ցուցահանդեսը շատ լավ հարթակ է նաեւ գործարար կապերի հաստատման, ներդրումային ծրագրեր կազմելու, համատեղ ընկերությունների ստեղծման, տեղական արտադրողների ու օտարերկրյա ներդրողների, դիստրիբյուտորների միջեւ համագործակցություն սկսելու համար»,- ասել է նա:

Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է նաեւ «Հայաստանը, որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» տնտեսական համաժողովը, որտեղ կքննարկվեն ներդրումային ծրագրեր տրանսպորտի, դեղագործության, գյուղատնտեսության ոլորտներից։ Համաժողովին կմասնակցեն պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ Հայաստանից, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից եւ Իրանից։ Համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության առկա ներուժը, գործարարությամբ զբաղվելու առավելությունները եւ խթանել ներդրումները։

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 29 (419), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։