Պարալիմպիկ խաղերն էլ ավարտվեցին
Օլիմպիական խաղերից հետո բրազիլական Ռիո դե Ժանեյրոն ընդունեց 15-րդ Պարալիմպիկ խաղերի մասնակիցներին: Հայաստանից հանդես եկան 2 ներկայացուցիչ: Ծանրորդ Գրետա Վարդանյանը պաուերլիֆթինգի (հրում պառկած դիրքից) մրցումների 55 կգ քաշային կարգում հաջողությամբ կատարեց բոլոր 3 մոտեցումները եւ ցույց տվեց 96 կգ արդյունք: Նա 9 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5-րդ տեղը: Այս քաշային կարգում պարալիմպիկ խաղերի չեմպիոն հռչակվեց մեքսիկացի Ամալյա Պերեսը, ով սահմանեց աշխարհի նոր ռեկորդ՝ 130 կգ:
Հայաստանը ներկայացնող լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը մասնակցեց կանանց 50 մ ազատ ոճ լողի մրցումներին եւ ցույց տվեց 46,82 վրկ արդյունք՝ գրավելով 20-րդ տեղը:
Հաքերները հրապարակել են WADA-ի տվյալների բազայի 3-րդ մասը
Երեկ «Fancy Bears» հաքերային խումբը հրապարակել է 5 երկիր ներկայացնող ևս 11 մարզիկների տվյալները, որոնցից 9-ը ոսկե մեդալ են նվաճել Ռիոյի Օլիմպիական խաղերում։
Մեծ Բրիտանիա– Նիկոլա Ադամս, Լորա Տրոտտ, Շիվոն-Մարի Օ’Կոննոր, Օլիվիա Քարնեգի-Բրաուն։
Դանիա– Ջանետ Օտտեսեն։
Ավստրալիա– Կիմ Բրեննան, Ալեքսանդր Բելոնոգով, Ջեկ Բոբրիջ։
Իսպանիա– Մարիա Բելմոնտե Գարսիա։
Գերմանիա– Յուլիան Յուստուս, Լաուրա Զիգեմունդ։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ բոլոր 11 մարզիկներն ունեցել են թերապևտիկ բացառություններ եւ արգելված խթանիչների օգտագործման թույլտվություն։ Այս մասին հայտնել է eurosport.ru-ն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Fancy Bears»-ը հրապարակել է WADA-ի տվյալների բազայի առաջին մասը, որում նշվում է, որ WADA-ն ամերիկացի օլիմպիական չեմպիոնուհիներ Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերին, մարմնամարզուհի Սիմոնա Բեյլսին ու բասկետբոլիստուհի Ելենա Դելլե Դոննին թույլատրել է արգելված խթանիչներ օգտագործել։
«Հաքերների գործողությունները չեն կարող չհետաքրքրել մարզական հանրությանը»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի ընդունում հաքերների գործողությունները, բայց նաեւ կարծում է, որ բացահայտված տվյալները չեն կարող չհետաքրքրել մարզական հանրությանը։ Այս թեման նա շոշափել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների հետ զրույցում։
«Մենք չենք ընդունում այն, ինչ անում են հաքերները, բայց այն, ինչ նրանք կատարեցին, չի կարող հետաքրքիր չլինել միջազգային հանրության, առաջին հերթին՝ մարզական հանրության համար։ Շատ հարցեր են առաջանում,- Պուտինի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։- Կարծես թե առողջ մարզիկները լեգալ կերպով ընդունում են այնպիսի դեղորայք, որն արգելված է մյուսների համար, իսկ մարդիկ, ովքեր ակնհայտորեն տառապում են ծանր հիվանդություններից, ծանր հաշմանդամությունից, նույնիսկ ինչ-որ դեղամիջոցի օգտագործման կասկածով զրկվում են Պարալիմպիկ խաղերին մասնակցելու իրավունքից։ Դա ընդհանրապես չի տեղավորվում որևէ շրջանակի մեջ»։
Ավելացնենք, որ Ռուսաստանի հավաքականին՝ ամբողջ կազմով, արգելվել է մասնակցել Պարալիմպիկ խաղերին՝ Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավարության որոշմամբ։
Քոչվորների օլիմպիական խաղերը բնիկների համար չեն
«Լուսանցք»-ն արդեն գրել է, որ Հայաստանի որոշ մարզիկներ ինքնակամ մասնակցել են Ղրղըզստանում կայացած «Քոչվորների համաշխարհային 2-րդ խաղեր»-ին, չնայած ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը հրաժարվել էր մասնակցությունից: Ինչպես նախորդ թողարկումում էինք գրել՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները՝ հայերը, այս անպատասխանատու քայլով հավասարվել էին Հայկական լեռնաշխարհ ներխուժած քոչվորների՝ թյուրքական ցեղախմբերի հետ:
Պահանջում ենք, որ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը պատասխանատվության ենթարկի 6 մասնակիցներին, ովքեր հանդես են եկել Հայաստանի պետական դրոշի ներքո: Դեռ պարծեցել են, թե նվաճել են 3 մեդալ: Նշվել է, որ մաս-ռեստլինգի մրցումներում Հովհաննես Հովհաննիսյանը եւ Կարեն Մարտիրոսյանը 2-րդ տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար 70 եւ 80 կգ քաշային կարգերում, իսկ 60 կգ քաշային Նարեկ Թադեւոսյանը 3-րդ տեղն է գրավել: 56 երկրների մեջ, որոնք իրենց բնակչությանը քոչվոր են համարել, ցավոք, հնչել է նաեւ Հայաստանի անունը, որ իբր մեր երկիրը մեդալների հաշվարկով զբաղեցրել է 20-րդ տեղը՝ մեկով առաջ անցնելով ԱՄՆ թիմից:
Հիշեցնենք, որ նախարարությունը քննադատել էր սեփական որոշմամբ մեկնած մարզիկների արարքը, իսկ նախարար Գաբրիել Ղազարյանը հայտարարել էր, որ այդ խաղերում հանդես եկած մարզիկները կպատժվեն: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը նույնպես հայտարարություն է տարածել այն մասին, որ ոչ մի կապ չունի խաղերին մասնակցած հայ մարզիկների հետ:
Ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհում կրկին 102-րդն է
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման օգոստոսյան ցուցակը: Հայաստանի ընտրանին տեղաշարժ չի գրանցել եւ պահպանել է նախորդ ամսվա 102-րդ տեղը՝ ունենալով վարկանիշային 348 միավոր: Ընդհանրապես, հաշվետու ժամանակահատվածը լեցուն չի եղել պաշտոնական կամ ընկերական հանդիպումներով, ինչի հետեւանքով շատ հավաքականներ պահպանել են հուլիսյան դիրքերը: Մասնավորապես, փոփոխություն չի եղել համաշխարհային ցուցակի առաջին 20 հորիզոնականներում: Աշխարհի առաջատարը շարունակում է մնալ Արգենտինան, որին հաջորդում են Բելգիան, Կոլումբիան, Գերմանիան, Չիլին, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Բրազիլիան, Իտալիան: 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը կրկին 16-րդն է, Ռումինիան մեկ տեղով նահանջել է 25-րդ հորիզոնական, Դանիան, որի հետ մեր թիմը հանդիպեց սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում, մնացել է 44-րդ տեղում, Մոնտենեգրոն նույնպես պահպանել է իր 95-րդ հորիզոնականը, իսկ Ղազախստանը մեկ տեղով առաջ է գնացել եւ հիմա Գաբոնի հետ կիսում է 96-րդ տեղը: Փաստորեն, Հայաստանի հավաքականը շարունակում է վարկանիշով զիջել իր գալիք մրցակիցներին, չնայած, իհարկե ամեն ինչ որոշվում է խաղադաշտում:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Ուկրաինան է, որը 30-րդն է, հաջորդում են Ռուսաստանը (38), Ուզբեկստանը (55), Բելառուսը (70), Ղազախստանը: Մյուս երկրները զիջում են Հայաստանին: Մեր հարեւաններից լավագույն արդյունքն ունի Թուրքիան (19), ապա՝ Իրանը (39): Վրաստանը 118-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 136-րդը:
* * *
Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական – Օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց 2 հանդիպում՝ Չեխիայի ու Դանիայի հավաքականների հետ եւ, ցավոք պարտվեց ինչպես ընկերական հանդիպումը, այնպե էլ 2018թ. աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա), Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Վարազդատ Հարոյան, «Փադիդեհ», Իրան, Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս, Լեւոն Հայրապետյան, «Փայքան», Իրան, Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան, Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրահ» (ԱՄԷ), Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա), Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա), Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան), Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս), Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան), Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա), Դավիթ Արշակյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ), Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան), Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի առանձին:
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2017թ երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում հանդիպեց Բուլղարիայի այդ տարիքային ընտրանու հետ: Մեր ֆուտբոլիստները պարտվեցին՝ 0:1: հաշվով: «Այս պարտության մեջ երեւի ես եմ մեղավոր, որովհետեւ այն փոփոխությունները, որ կատարեցի խաղը ուժեղացնելու համար՝ չարդարացրեցին իրենց: Մեր խաղի տեմպը եւ որակը ընկավ: Դրա համար պարտության պատասխանատվությունը ստանձնում եմ ես: Բայց վստահ եմ եւ համոզած, որ ճիշտ ճանապարհի վրա ենք եւ ընտրական մյուս փուլում շատ ավելի ուժեղ թիմ կունենանք ու կպայքարենք բարձր տեղերի համար»,- խաղից հետո հայտարարել է մեր թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը:
– Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը 5-րդ փուլից հետո հետեւյալ տեսքն ունի.
……………………………… Խ Հ Ո Պ Գ Մ
- Շիրակ 5 4 1 0 8-3 13
- Ալաշկերտ 5 2 2 1 8-6 8
- Փյունիկ 5 2 1 2 7-6 7
- Բանանց 5 2 0 3 6-7 6
- Արարատ 5 1 1 3 3-5 4
- Գանձասար-Կապան 5 1 1 3 3-8 4
Հայ լրագրողների թիմը՝ 3-րդ մրցանակակիր
Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացավ ֆուտբոլային միջազգային մրցաշար, որին մասնակցեց լրագրողական 10 թիմ՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Հունգարիայից, Ռուսաստանից, Եգիպտոսից եւ Չեխիայից։ Հայաստանի լրագրողների հավաքականն այս ավանդական դարձած մրցաշարում հանդես եկավ առաջին անգամ ու դարձավ մեդալակիր:
Հանդիպումները կայացել են մեկ օրում, 1 խաղը տեւել է 12 րոպե եւ 9 խաղում հայ լրագրողները տարել են 4 հաղթանակ (Լեհաստան՝ 2:1, Ուկրաինա՝ 2:1, Բելառուս՝ 1:0, Եգիպտոս՝ 2:1), կրել 1 պարտություն (Ռուսաստան՝ 0:1) եւ 4 անգամ էլ խաղացել ոչ- ոքի (Լիտվա՝ 0:0, Լատվիա՝ 1:1, Հունգարիա՝ 1:1, Չեխիա՝ 0:0):
Հայ լրագրողները վաստակել են 16 միավոր ու ելույթն ավարտել 3-րդ տեղում, իսկ Վահրամ Մկրտչյանն էլ ճանաչվել է մրցաշարի լավագույն դարպասապահ։ Ճիշտ է Բոլառուսը եւս հավաքել է նույնքան միավոր, բայց քանի որ Հայաստանն այս թիմի հետ խաղում հաղթել է, 3-րդ մրցանակը հանձնվել է հայ լրագրողների թիմին (մեր գործընկեր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից խաղում էին Էմիլ Սարգսյանը եւ Էդուարդ Հայրապետյանը):
Իսկ մրցաշարի հաղթող է դարձել Չեխիայի լրագրողների թիմը, 2-րդ տեղում է՝ Լատվիան։ Հայաստանի թիմը ներկայացվել է 12 անդամով: Մարզիչը՝ 1-ին ալիքի մարզական հաղորդումների տնօրեն, հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանն է, ավագը՝ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։ Հանդիպումներին ներկա են եղել Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը եւ հյուպատոս Վահե Առաքելյանը:
Կարեն Գրիգորյանն 1-ինն է, Կարեն Մովսիսյանը՝ 3-րդը
Հայաստանի շախմատիստները հաջող հանդես եկան Իսպանիայում ավարտված «Սաբադել-2016» միջազգային մրցաշարում: Մեր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 9 փուլից հետո վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ կուբացի գրոսմայստեր Լազարո Ագուերոն, սակայն լրացուցիչ գործակիցներով 1-ին տեղը զբաղեցրեց մեր շախմատիստը: Հայաստանի մյուս ներկայացուցիչն այդ մրցումներում գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն էր, ով վաստակեց 6,5 միավոր եւ գրավեց մրցանակային 3-րդ տեղը:
Ոսկե մեդալներ՝ շախմատային Եվրոպայում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում հայ շախմատիստների նվաճեցին 2 ոսկե մեդալ, որոնցից մեկը ուղեւորվեց Արցախ:
Մինչեւ 12 տարեկան տարիքային խմբում Մամիկոն Ղարիբյանը 9 հնարավորից 8 միավորով եւ մինչեւ 18 տարեկանների խմբում Մանուէլ Պետրոսյանը 7,5 միավորով հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ: Հաջող արդյունքներ ցույց տվեցին նաեւ մեր մյուս մասնակիցները, ովքեր մնացին առանց մեդալի, բայց մոտ էին մրցանակային տեղեր զբաղեցնելուն:
Մինչեւ 8 տարեկանների խմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակած 7 միավորով կիսեց 2-7-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով նրան բաժին հասավ 7-րդ հորիզոնականը։
Արամ Հակոբյանը նույնքան միավորով մինչեւ 16 տարեկանների խմբում կիսեց 3-5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով գրավեց 5-րդ հորիզոնականը։
7 միավոր վաստակեց նաեւ մինչեւ 18 տարեկանների խմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը, ով կիսեց 2-5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներվբ դարձավ 5-րդը։
Աղջիկների մրցաշարում հաջող հանդես եկավ մինչեւ 12 տարեկանների խմբում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը, ով 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ մինչեւ 16 տարեկանների խմբում հանդես եկող Մարիամ Ավետիսյանը նույնքան միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։
Լեւոն Արոնյանը 5-րդն է՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 1-ի դրությամբ զբաղեցնում է 5-րդ տեղը: Անցած ամսվա համեմատ նա իր միավորների քանակն ավելացրել է 3 կետով եւ հասցրել 2795-ի: Հիշեցնենք, որ անցած ամիս մեր շախմատիստը մասնակցել է Սինգֆիլդի գավաթի խաղարկությանը եւ զբաղեցրել մրցանակային 3-րդ տեղը:
Լեւոն Արոնյանը առայժմ հետ է մնում այն շախմատիստներից, ովքեր ունեն սուպերգրոսմայստերական, այսինքն՝ 2800-ից բարձր արդյունք: Դրանք են աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը (2857), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2813), ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (երկուսն էլ՝ 2808):
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին հարյուրյակում են գտնվում Հայաստանի եւս 4 շախմատիստ: Սերգեյ Մովսիսյանը 59-րդն է (վարկանիշը՝ 2677), Վլադիմիր Հակոբյանը՝ 62-րդը (2675): Նրանց հաջորդում են Հրանտ Մելքումյանը (70-րդ, 2678) եւ Գաբրիել Սարգսյանը (75-րդ, 2670):
Կանանց դասակարգման աղյուսակում մեր էլինա Դանիելյանը 2444 վարկանիշով 36-րդ տեղում է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 38-րդն է (2439): Կանանց ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը՝ 2658 միավոր:
Եվգենի Պլյուշչենկո. «Որոշում կկայացնեմ Օլիմպիական խաղերից առաջ»
Հայաստանցի մարզասերներին քաջածանոթ օլիմպիական կրկնակի չեմպիոն, ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է, որ այս տարի ևս մրցելույթներ չի ունենա, քանզի նպատակահարմար չի համարում շտապեցնել մեկնարկը: «Այս մրցաշրջանում չեմ մարզվի և մրցելույթներ չեմ ունենա: Որոշում եմ կայացրել չշտապել մեկնարկի հարցում, քանի որ նպատակահարմար չեմ համարում ու գտնում եմ, որ դա ճիշտ չի լինի: Եթե հաջորդ մրցաշրջանում որոշեմ սահել, ապա բուժզննում կանցնեմ, բայց դա հետագայի հարց է: Օլիմպիական խաղերից առաջ որոշում կկայացնեմ: Հիմա միայն ցուցադրական ելույթներ եմ ունենում: Փառք Աստծո, առողջական վիճակս լավ է և ինձ ոչինչ չի անհանգստացնում»,- ասել է Պյլուշչենկոն:
Հիշեցնենք, որ գեղասահորդը վերջին անգամ մրցումների է մասնակցել 2014 թ. փետրվարին: Սոչիի Օլիմպիական խաղերում այդ ժամանակ նա թիմային մրցաշարում դարձել է ոսկե մեդալակիր, սակայն անհատական մենասահքից հրաժարվել է` մեջքի հատվածում ունեցած ցավերի պատճառով:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 30 (420), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



