Պետք է թա՛փ տալ բանակը – Հայ զորականը պիտի լինի ազգամետ ու հայրենակենտրոն, ում միակ գաղափարախոսությունը պիտի լինի Հայի զենքն ու Հայի աստվածը…

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի բոլոր զորամասերում գնդերեցներ են գործում, որոնք ստիպում են զինվորներին ամեն ուտելուց առաջ արտասանել. «Խաղաղությամբ ճաշակենք այն ամենը, ինչ պատրաստված է աստծո կողմից, օրհնյալ է տերն իր բարիքներով: Ամեն»:

Ավելի ստույգ՝ գնդերեցները ներկա չեն լինում, այդ «հոգու զրուցակիցները» աշխարհիկ աշխատավարձով կցված են բանակին: Նրանց «հորդորով» մեր հրամանատարներն են ստիպում զինվորին աղոթել:

Ու, կրկնում եմ, զինվորը դա կատարում է օրվա մեջ ամեն ուտելուց առաջ՝ ստիպողաբար: Լինում են եկեղեցու «հորդորին» ընդդիմացող հրամանատարներ:

Ու երբ մի հրամանատար էլ զինվորին չի ստիպում աղոթել՝ վերադասը նկատողություն է անում:  

Այս չստիպող հրամանատարներից մեկը, մեզ հետ զրույցում պատմեց,

որ հերթական նկատողության ժամանակ բարձրաձայնել է.

«Ինչի՞, աստծուն դիմելը կամ աղոթքը ստիպողաբա՞ր է, այն էլ հացի ժամանակ»:

Կամ՝ աղոթքից զատ, ով ասես մտնում է որեւէ զորամաս՝ իբր բարեգործություն է անում, ով ասես՝ մտնում երգում է, երբեմն էլ հանդես գալիս իբր նախկին ազատամարտիկ, երբ իրականում ճոռոմաբանել է միայն արցախյան պատերազմի տարիներին ու հիմա պարզապես «հայրենասիրություն» է խաղում՝ օրվա հացը տարբեր տեղերում ուրիշների հաշվին ուտելով: Ու էլի նման բաներ…

Բանակը պիտի կուռ, ամուր կառույց լինի, այս իմաստով՝ փակ, որ նախկին «ասֆալտի ֆիդայիները» այսօր հռետորներ ու արտիստներ չաշխատեն, որ նրանց՝ ժամանակի կեղծիքն ու գորշությունը այսօրվա նվիրյալ տղերքից հեռու մնան: Եթե հայրենաիրական երգ երգողը մտնում է զորամաս, Մասիսի ցավը տանողը մտնում է զորամաս, դա դեռ չի նշանակում, որ երգողն ու հայրենիքի ցավը տանող բարեգործություն անողը հետո կամա թե ակամա, խոսքով, զրույցով կամ հիմար մի ինքնանկարով չի վնասի պաշտպանական ինչ-որ մի գործի: Իսկ հայրենասիրությունը շոու դարձնողը հաստատ մի սխալ կգործի՝ ինքնաբավության սպառման պահին:

Չնայած, դառնալով աղոթքի հարցին, ասենք, որ ոչ հայի աստծուն նվիրված պարտադիր աղոթքի կողքին Մասիսի ցավը «տանողները» մի ուրիշ ձեւի տանելի են:

Շատ զարմանալի, բայցեւ ուրախալի էր, երբ առիթով կարդացի Կիլիկիո թեմի կաթողիկոս Արամ Ա-ի հարցազրույցը:

Այստեղ մի կարեւոր միտք կար, որը շարադրում եմ ոչ բառացի: Նա Հայաստանյայց առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ շրջելով Արցախում, լինելով նաեւ առաջապահ դիրքերում՝ ասել է, ի՞նչ կարիք կա առաջնագծում մատուռների պես կառույցներ սարքել ու խաչեր տեղադրել, նախ՝ դա թշնամու ուշադրությունն է հրավիրում այդ դիրքի վրա, ապա՝ նաեւ զինվորի ուշադրությունն է շեղում: Մարտի դաշտում զինվորը պիտի ոչ թե մոմ վառի, այլ՝ զենքով իր գործն անի: Մոմը հետո կվառի՝ երբ զինվորական պարտքը կատարած կամ մարտում հաղթած վերադառնա դիրքերից… Մի՞թե Անթիլիասի ու Էջմիածնի միջեւ այսքա՜ն տարբերություն կա…

Ի՞նչ է, մեր պաշտպանության նախարարի համար բա՞րդ է այդքան ըմբռնելը, որ բանակը քաղաքական ու հանրային, առավելեւս կրոնական ոլորտ չէ, որ ով ու ինչ ու ինչպես ասես ելումուտ անի:

Պետք է թա՛փ տալ բանակը, հայ զորականը պետք է լինի ազգամետ ու հայրենակենտրոն, ում միակ գաղափարախոսությունը պիտի լինի Հայի զենքն ու Հայի աստվածը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 30 (420), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։