Գործարարների ներգաղթը նաեւ՛ հայության ներգաղթ է նշանակում – Մեր հարկային կարծրատիպ օրենքներից օգտվելով՝ մեր գործարարներին իրենց կողմն են ձգում Վրաստանի իշխանությունները… Շուտով երեւի նաեւ Իրանի…

Ըստ որոշ տեղեկությունների, Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում լուրջ հույսեր է արթնացրել Հայաստանից հեռացած շատ գործարարների մոտ: Ոմանք արդեն մտորում են գալ Հայաստան եւ ինչ-որ բան ձեռնարկել: Ըստ ամենայնի, նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած՝ ամբողջ հայության ներուժն օգտագործելու գաղափարը կարող է կյանքի կոչվել, եթե իհարկե ամեն բան ընթանա ըստ օրենքների եւ առողջ տրամաբանության:

Հարկային նոր օրենքների ընդունումը Հայաստանում դեռ չի բերել ուղղակի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման: Միայն թվերով տնտեսական աճ նկարելով (թեեւ արդեն դա էլ անհնար է լինում), ոչինչ չի փոխվի՝ հարուստները կշարունակեն հարստանալ, աղքատները՝ աղքատանալ: Իսկ հարուստների շահույթը որպես տնտեսական աճ ցուցադրելով՝ մի օր երկիրը քայքայման առաջ կկանգնեցնենք:

«Ցանկացած հարկատուի ձեռնտու է, որ հարկերը ինչքան հնարավոր է՝ թեթեւ լինեն, հարկային բեռից ընդհանրապես ազատվի: Շարքային քաղաքացուն, եթե հարցնես՝ ինչպե՞ս կուզես լինի հարկային դաշտը, կասի՝ ընդհանրապես հարկ չվճարեմ, սակայն մենք ունենք բյուջեով խնդիր»,- այսպիսի տեսակետ էր հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարկային նոր օրենսգրքով, որը ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ, շատ հարկատեսակների եւ ապրանքատեսակների գծով նախատեսում է կրկնակի հարկում: ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցնում է, որ պատգամավորները հարյուրավոր առաջարկներ ունեն, անձամբ իր առաջարկություններից մեկը վերաբերում է եկամտահարկի փոփոխությանը. «Ես կողմնակից եմ, որ երկամտահարկն ու շահութահարկը լինեն համահունչ մեկը մյուսին. մեզ մոտ այդ կարգավիճակը խախտված է»:  

Փոփոխվող եկամտահարկով չնչին չափով նվազում է մինչեւ 120.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը՝ 24,4%-ից դառնալով 23%: Իսկ ահա 204,000-ից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողները կսկսեն 2-ից 7%-ով ավելի շատ հարկեր վճարել: «Վարձու աշխատողների հետ կապված, հիմնականում, ճնշող մեծամասնությունը ուղղակի աշխատավարձի իրական արժեքը չի ձեւակերպվում: Ես առաջարկել եմ ու առաջարկում եմ, որ եկամտահարկը դարձվի 20% եւ հավասարեցվի բոլորի համար»,- ասել է ԱԺ «Ազատ դեմոկրատներ»-ի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Մեր հարկային կարծրատիպ օրենքներից օգտվելով՝ մեր գործարարներին իրենց կողմն են ձգում Վրաստանի իշխանությունները: Վերջին ամիսներին նրանք հայտնվել են Վրաստանի իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում, անգամ հրավիրվում եւ բարձր ընդունելության են արժանանում, որպեսզի ներդրումներ անեն վրացական տնտեսության մեջ:

Վրաստան ապրանքներ արտահանող գործարարները, առավելապես՝ արտադրողները, սկսել են ամենանպաստավոր առաջարկները ստանալ։ Վրաստանի արդյունաբերության նախարարի կամ փոխնախարարի մակարդակով ոչ հրապարակային հանդիպումներ են կազմակերպվում, որի ժամանակ առաջարկում են իրենց արտադրությունը տեղափոխել Վրաստան։ Եթե գործարարները համաձայնեն, ապա նրանց խոստանում են իրենց արտադրանքի արտոնյալ եւ անարգել արտահանում Եվրամիության անդամ երկրներ։ Սկզբնական շրջանում խոստանում են նաեւ մի շարք հարկային արտոնություններ։

Այժմ զարգացման փուլ են մտնում հայ-իրանական հարաբերությունները եւ, վստահաբար, Իրանի իշխանությունները նույնպես կփորձեն «սեփականացնել» Հայաստանի գործարար ուժը: Իրանում դարեր շարունակ տեսել են հայ արհեստավորի ու արտադրողի կամ առեւտրականի մտքի ներուժը եւ վստահաբար հետ չեն մնա՝ Վրաստանի օրինակին հետեւելով…

Շատերի համոզմամբ՝ Հարկային օրենսգիրքը նախեւառաջ պետք է էական արտոնություններ նախատեսի օտարերկրյա ներդրողների համար, «մեր երկիրը տնտեսության առումով գտնվում է գերռիսկային վիճակում՝ օտարերկրյա ներդրողի համար շատ ռիսկային գոտի է: Եթե նրան նոր արտոնություններ չես տալիս, ապա ո՞րն է այն մոտիվացիան, որ օտարերկրյա ներդրողը ցանկություն կունենա գալ Հայաստան», ասել է պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: «Հարկային օրենսգրքի այս տեսքով կիրառումը խորտակում է մեր երկրի տնտեսական նավը»,- կարծում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ հուսահատ քայլեր են արվում, որ մի կերպ կարողանան լցնեն բյուջեն, մի կերպ սպասարկեն պետական պարտքը. «Բնականաբար, եւ ստվեր կլինի, եւ արտագաղթ կլինի, եւ կապիտալը կփախչի Հայաստանից. քանզի այսօր լուծում են ընդամենը օրվա խնդիրը»:

Այսօր Հայաստանում ձեւավորվել է մի տնտեսական կլան, որի դեմ միջին եւ մանր տնտեսական մակարդակներում գործող գործարարներն ի վիճակի չեն պայքարել, մրցակցել: Իսկ օտար ներդրողները, նաեւ սփյուռքահայ՝ պաշտպանված

չեն ոտնձգություններից: Եվ այլեւս զարմանալի չէ, որ ոչ միայն սփյուռքահայ, այլեւ՝ հայաստանահայ գործարարները այլ երկրներում են ծավալում իրենց գործունեությունը: Իհարկե, նաեւ միջազգային մակարդակով են խոչընդոտում Հայաստանում արդյունաբերական, արտադրական ձեռնարկությունների զարգացմանը, որպեսզի Հայաստանը մնա սպասարկող հերթական մի երկիր, բայց ազգային տնտեսական ծրագրի առկայության դեպքում պետությունը կարող է ձեւեր ու միջոցներ գտնել վիճակը շտկելու եւ Հայաստանի բնակչության սոցիալ-տնտեսական կյանքը բարելավելու համար:

Եվ շատ կարեւոր է, որ Հայաստան վերադառնան այն գործարարները, որոնք արդեն գործում են Վրաստանում կամ ծրագրել են գնալ Վրաստան, Իրան, անգամ՝ Թուրքիա… Եթե Իրանի հետ դեռ քննարկվում են տնտեսական ծրագրերի իրականացման ձեւերը, ապա հայ-վրացական տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը վաղուց քննարկվել են: Եվ մեր գործարարները պետք է ավելի շահավետ պայմաններով մնան Հայաստանում ու իրենց ապրանքը մեր երկրից առաքեն Վրաստան, Իրան կամ այլ երկրներ:

Պաշտոնական այցով Թբիլիսի մեկնած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Մեկ անգամ եւս քննարկվել են ոչ միայն տարածաշրջանային քաղաքական համագործակցության հնարավորությունները, այլեւ՝ երկկողմանի հարաբերությունների զարգացումը բոլոր հնարավոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական:

Իհարկե, Վրաստանն իր հարաբերությունները կարգավորում է նաեւ Ադրբեջանի հետ, ինչը չպետք է կաշկանդի մեզ, այլ պետք է մղի ավելի լայնածավալ հարաբերությունների հաստատման՝ ի վնաս թշնամու: Վրաստանն ու Ադրբեջանը անգամ անվտանգության ոլորտում են ամրապնդում իրենց համագործակցությունը: Չպետք է մոռանալ, որ Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա կապը նոր իրողություններ է ստեղծել տարածաշրջանում, սակայն Թբիլիսին դեռ պարուրված է Անկարայի ու Բաքվի հետ նախկինում ստեղծված «եղբայրական կապերով», ինչից վրացական կողմին ձերբազատելու համար Հայաստանն ու Իրանը պետք է արագ քայլերով շարժվեն ընդառաջ:

Արդեն ստորագրվել է իրանական բնական գազը Վրաստան տարանցելու վերաբերյալ կարճաժամկետ պայմանագիրը՝ փորձնական շրջանով (փորձարկումն էլ եղել է), որը գործելու է 4 ամիս:

Ընդհանուր առմամբ, Իրանից Վրաստան է մատակարարվելու 40 մլն. խմ գազ:

Պայմանագրի ժամկետի երկարաձգումն ու Վրաստան մեծ ծավալով գազամատակարարումները հնարավոր կդառնան միայն Հայաստանից համապատասխան թույլտվություններ ստանալուց հետո: GIEC ընկերությունը գործունեություն է ծավալում 2005թ., ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, գործում է արդյունաբերական ձեռնարկությունների համար գազի գնման, ինչպես նաեւ էներգակիրների փոխադրման ու արտադրության ոլորտներում:

Հավելենք, որ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Իրանից Հայաստանի տարածքով Վրաստան գազի տարանցման  ծրագրի իրագործումը խթան կդառնա իրանական գազը նաեւ Սեւ ծովով Եվրոպա արտահանելու համար: Իսկ դրա հաջող իրականացումը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի համար՝ որպես տարանցիկ երկիր նաեւ ավտոճանապարհային, երկաթուղային, էներգետիկ եւ այլ ենթակառուցվածքների զարգացման համար:

Հայաստանը վերջապես պիտի աշխատի հայության համար:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 30 (420), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։