Ինչի՞ կբերի համարձակությունը – Ամեն թանկացումից հետո ինչու էին հավաստիացնում, թե դա էր իրական սակագինը:… Շաբաթվա գոհարը.- Հազիվ նորմալ մարդ են ճարել – Սարոյանի գրողը Ուորլիքի ջանին կպնի – Բոլորից ցցունը Գալուստն է որ կա…

Ինչի՞ կբերի համարձակությունը

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Կարեն Կարապետյանը երեկ առաջին անգամ վարեց կառավարության նիստը եւ տվեց առաջին հանձնարարականները:

«Առաջինը. շատ է խոսվում հանրությանը բավական հետաքրքրող թեմայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մենք աշխատում ենք, ստեղծում ենք համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնենք դա: Բայց այս պահին ուզում եմ Պետական եկամուտների կոմիտեին տալ հանձնարարական. առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց գործառույթները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ եւ արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների եւ ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։ Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր եւ միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում եւ գործունեության թափանցիկության ապահովում: Աշխատակազմին՝ նախապատրաստել ավելի մանրամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարո՛ն Հովսեփյան, Դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու։ Որեւիցե ձեւակերպում, որեւիցե ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը:  

Երկրորդը՝ սոցիալական մասով. առաջարկում եմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ Խոսքն ինչի՞ն է վերաբերում. մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության եւ վերամշակող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձեւակերպվի, ժամկետները կսահմանվեն։

Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են»:

Նախ՝ ուշադրություն դարձնենք երկրորդ հանձնարարականին. սոցիալապես անապահով խավերի համար նշված ծառայությունների սակագները առավելագույնը նվազեցնելը համարձակ որոշում է, քանզի վարչապետն ընդգծեց, որ դա պետք է արվի ոչ բյուջեի հաշվին, այլ՝ այդ ծառայությունները մատուցող տնտեսվարող սուբյեկտների: Կհամաձայնե՞ն վերջիններս: Իհարկե՝ այո: Մնում է բացատրեն, թե ամեն թանկացումից հետո ինչու էին հավաստիացումներ շռայլում, թե դա էր իրական սակագինը:

Համարձակ որոշում էր նաեւ այն առումով, որ հիմա նախկին բոլոր վարչապետները պիտի փորձեն պարզաբանել, թե եթե սակագնի նվազեցման տեղ կար, ապա ինչու՞ չէին իրենք նախաձեռնում այդ քայլը: Ավելին՝ սակագնի հետեւանքների մեղմացման գումարները տրվել են բյուջեից, այլ կերպ՝ զանազան «փարոսներում» չգրանցված, բայց դարձյալ ոչ լավ ապրող ու բարեխիղճ հարկատուների հաշվին նաեւ:

Գանք առաջին հանձնարարականին: Գալուստ Սահակյանի ասած՝ սա այնքան էլ «ցցուն հայտարարություն» չէր, թեկուզ հենց այն իմաստով, որ յուրաքանչյուր վարչապետ սկզբնական շրջանում անդրադառնում է պետական եկամուտների ոլորտում վարչարարությանը, բիզնեսին չխոչընդոտելուն, կարգապահությանը: Հենց ժամանակն անցնում է, մոռացվում  են թե՛ հանձնարարականները, թե՛ դրանց կատարումները: Տեսնենք՝ այս պարագայում ինչ կլինի:

Կրկին գանք երկրորդ հանձնարարականին: Վարչապետը երեկ ժամանակ չկորցրեց եւ գործադիրի նիստից անմիջապես հետո իր մոտ քննարկում հրավիրեց:

Քննարկումից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Լեւոն Յոլյանը հույս հայտնեց, որ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագինը կնվազի: «Հուսով եմ, որ սակագինը կիջեցվի»:

Կրկին հարց է ծագում՝ եթե դա հնարավոր էր, ապա ինչու՞ նախկինում կառավարությունում չէին մտածում այդ մասին:

Ի պատասխան էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը նեղսրտեց. «Բայց դուք գիտեք, որ ընդամենը մեկ ամիս առաջ սակագինը վերանայվել է: Հիմա մենք զարգացումների մեջ ենք»:

Կարեն Կարապետյանը նշանակումից հետո մի համարձակ հայտարարություն էլ արեց՝ ասելով, թե մեր տնտեսության վիճակը «չափազանց ծանր է»: Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, «իրավիճակի բարդությունը պահանջում է բոլորիցս ռեալ քայլեր անել»:

«Ռեալ քայլը» առաջին հերթին տնտեսության վիճակին ճիշտ գնահատական տալն էր. լուծման ուղիները՝ միայն խնդրի արձանագրումից հետո: Թե չէ Պուտինի ասած՝ Հայաստանի տնտեսության 10%-անոց աճը շատերիս մոտ արդեն շիզոֆրենիայի էր հանգեցնում: Հասկացանք, որ այդ 10-ը միանգամից մեր գրպանում չէինք զգալու, բայց գոնե 1%-ը պետք է զգայինք, չէ՞…

Արդեն ասել ենք, որ բնույթով Կարեն Կարապետյանը տեխնոկրատ է, տնտեսության մարդ, բայց վարչապետ դառնալով, նա մտավ նաեւ քաղաքական կերպարի ձեւաչափ: Մեր իրականությունում ինչպե՞ս է կարողանալու համատեղել քաղաքական եւ տնտեսական կերպարները, որպեսզի կարողանա ոտքի հանել երկրի տնտեսությունը: Որ օլիգարխին փորձի ստվերից հանել, հայտնվելու են «օլիգարխի» քաղաքական տանիքները:

Բավականաչափ կամք ունենալու՞ է դիմակայելու: Չնայած կյանքը ցույց է տալիս, որ կամք ունեցողին, ի վերջո, միշտ էլ հարգում են:

Եվ մեկ ուրիշ հարց էլ կա. արդյո՞ք անխոցելի է՝ այդ կամքը դրսեւորելու համար…

Աստղինե Քարամյան

Շաբաթվա գոհարը.-

Հազիվ նորմալ մարդ են ճարել

ԱԺ  պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը խորհրդարանում լրագրողներին ասաց, որ շատ լուրջ է վերաբերվում ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին. «Շատ լավ եմ վերաբերվում նրան, շատ բարձր: Կարեն Կարապետյանը լուրջ մարդ ա, նրան օգնել ա պետք: Դա ձեզ էլ ա վերաբերում, որ չթողեք ամեն մեկն ամբախ-զամբախ ինչ ասես խոսա, ցեխ շպրտի նրա վրա: Կարեն Կարապետյանը լուրջ մարդ ա, հազիվ մի նորմալ մարդ ա ընգել ձեռներս… Սաղս պետք ա պադերժկա լինենք, որ էդ մարդն աշխատի: Կյանք էր, ժամանակ էր, գործ էր, էն ժամանակ գնաց, էկավ էլի: Ինքը Հայաստանի հետ միշտ էլ կապը պահել ա, այնպես ա, որ Կարեն Կարապետյանը Հայաստանից երբեք չի գնացել»:

Փաստորեն, Սեյրան Սարոյանի խոսքերից ելնելով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյաը լուրջ մարդ չէր, դրա համար էլ նրան չօգնեցին, «պադերժկա» չեղան:

Կամ՝ ինչ է նշանակում՝ «հազիվ նորմալ մարդա ընգել ձեռներս»: Մինչ այս բոլոր վարչապետներն աննորմա՞լ էին:

Սարոյանի գրողը Ուորլիքի ջանին կպնի

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը  խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհը որոշակի շրջանների հանձնմամբ է հնարավոր, ասաց. «Ուրեմս, Ջեյմս Բոնդ չլինի, ով ուզում ա լինի, Ղարաբաղի հարցը ոչ մեկ չի կարա լուծի, Ղարաբաղը մերն ա, ով ինչ ուզում ա, թող խոսա»:

Ըստ նրա, եթե Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, նոր հնարավոր կլինի խոսել այդ մասին: «Ոչ մի գրող էլ չենք տա դրանց արեւին»,- հավելեց Սարոյանը:

Բոլորից ցցունը Գալուստն է որ կա

ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանին երբ քվեարկության դրվեց մի շարք օրինագծերի քննարկումը հետաձգելու հարցը, վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւ առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունները քննարկելու համար: «Այդ ժամանակ հանրապետությունը ցնցվեց, իսկ մենք դա չքննարկեցինք»,- ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Շատ ցցուն հայտարարություն եք անում»:

Որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, դա հաստատ է, բայցեւ՝ հաստատ է, որ մեր ԱԺ-ն կրկեսի է վերածվել վաղուց: «Արդարացումն» էլ՝ թե տեսեք ուրիշ երկրների խորհրդարաններում ինչե՜ր են կատարվում:

Ասա՝ ինձ ի՞նչ ուրիշի տան բեմը, երբ իմ տանիքն է քանդվում:

Գոհարաքաղը՝ Անի Մարությանի

«Լուսանցք» թիվ 30 (420), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։