Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Անկախության ու Նախնյաց տոները

 * Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը մեկ անգամ էլ կոչ են անում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների իշխանություններին՝ ավարտին հասցնել Արցախի՝ Մայր Հայաստանին վերամիավորվելու վաղուց կայացրած երկկողմանի որոշումները…

Եթե մայիսը հայության համար հաղթանակների ամիս է, ապա սեպտեմբերը՝ հայության անկախության եւ պետականաշինության ամիսն է: Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հոբելյանը: Հայկական երկու հանրապետությունների ծնունդն էլ նվիրական պայքարի, կամքի դրսեւորման ու հայ նահատակների անմահ գործը շարունակելու արդյունք են:

Ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց հետո, հայությունը 20-րդ դարում երեք Հանրապետություն կերտեց, չնայած անցավ ցեղասպաության, պատերազմների ու դաժան մաքառումների ճանապարհով…Ավելին՝ 20-րդ դարեվերջին հայկական երկու Հանրապետություն հռչակվեց տարածաշրջանում՝ Հայաստանի ու Արցախի, որոնց վերամիավորումը իրավական եւ փաստական կյանք ստացավ մեր կյանքում, չնայած միջազգային ձեւակերպումների ուժ չստացավ ցայսօր:

Բայց Հայաստանում եւ Սփյուռքում 21-րդ դարը դիտարկվում է որպես հայոց միասնության՝ միացյալ հայկական պետության վերակերտման հարյուրամյակ, ինչը պիտի ազդարարվի Արցախի՝ Հայաստանին վերամիավորվելու վերջնական ու համազգային որոշումով ու միջազգային տեղեկացմամբ: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները վերամիավորմամբ սկիզբ կդնեն հայոց հողահավաքի՝ ամբողջական Հայաստանի վերականգնմանը (Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի եւ Հայաստանի դեռ բռնազվթված արեւմտյան ու արեւելյան հատվածների վերամիավորմամբ):  

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ՝ առմիշտ մաղթելով Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի վերջնական ու լիակատար հաղթանակ:

Սեպտեմբերի 21-ին հայ արիականներրն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայաստանում եւ Սփյուռքում նշեցին նաեւ Նախնյաց օրը: Արեւածագին եղան մայրաքաղաք Երեւանի հնավայրերից մեկում՝ Կարմիր բլուրում եւ քրմական ծես կատարեցին ինչպես հայոց նախնյաց սրբազան հիշատակի, այնպես էլ Հայաստանի անկախության ու հայության զորության համար: Փառաբանեցին Հայոց Հայրենիքն ու Նախնյաց, Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին, որ նպաստեն հայի առաքելության վերաիմաստավորմանը ինչպես երկրում, այնպես էլ երկնքում…

Հայ արիական քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը, առանձնահատուկ հոգեզրույցի ծես կկատարեն Երեւանի հնավայրերից մեկում՝ Նախնյաց հիշատակի եւ հոգե-ոգեղեն հայկական տիեզերաաշխարհների հետ առնչվելու նպատակով:

Նախնյաց արիադավան-հեթանոսական սրբազան տոնն ամենեւին հուդա-քրիստոնեական մեռելոցը չէ, այլ հոգե-գենետիկ կանչ է ուղղված մեր փառահեղ նախմիներին: Հայ արիադավանները հիշում ու փառաբանում են բոլոր նախնիներին՝ գնալով մինչեւ ազգի արմատները, դրանով իրենց մեջ նորոգելով հավերժության ընթացքը, հայ տեսակի արարչական ծագումն ու առաքինությունը, ինքնությունն ու էությունը, առաքելությունն ու հավերժությունը հավաստելով:

Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

21.09.2016թ. – Երեւան, Կարմիր բլուր

Հ.Գ. - Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը մեկ անգամ էլ կոչ են անում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների իշխանություններին՝ ավարտին հասցնել Արցախի՝ Մայր Հայաստանին վերամիավորվելու վաղուց կայացրած երկկողմանի որոշումները…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։