Հայկական խոհանոց – Հայկական կանաչեղենով եւ չեչիլով աղցան… Արցախի գինու փառատոնին մասնակցել է նախագահ Բակո Սահակյանը… Շուշիում կայացավ «Արցախ ԷթնոՖեստ» 1-ին միջազգային փառատոնը… Մեկնարկում է «Սոսե» միջազգային 3-րդ կինոփառատոնը… Այլ մշակութային եւ բնապահպանական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Հայկական կանաչեղենով եւ չեչիլով աղցան

Բաղադրությունը – Համեմ – 30 գրամ, կոտեմ – 30 գրամ, թարխուն – 30 գրամ, չեչիլ պանիր – 100 գրամ, ծիրանաչիր (բնական, առանց քաղցրաջրի չորացրած) – 100 գրամ, կարագ – 10 գրամ, կոնյակ – 20 գրամ, չորացրած թարխուն – 1 պտղունց, չորացրած ծիտրոն – 1 պտղունց:

Պատրաստման եղանակը – Կանաչեղենը լվանալ, տերեւներն առանձնացնել, դրանք լցնել մեծ ափսեի կենտրոնում:

Թավայի մեջ կարագը մի փոքր հալեցնել, ծիրանաչիրը լցնել մեջը եւ աննշան տաքացնել: Ապա ավելացնել կոնյակն ու վերցնել կրակի վրայից: Ավելացնել չոր թարխունն ու ծիտրոնը:

Չեչիլը բաժանել բարակ թելիկների ու լցնել ափսեի մեջտեղի կանաչեղենի վրա: Հետո պանրի վրա էլ լցնել կանաչեղենի պարունակությունը: Աղցանը մատուցել սեւ չորահացով:

Արցախի գինու փառատոնին մասնակցել է նախագահ Բակո Սահակյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու 3-րդ փառատոնին:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ գինու փառատոնի անցկացումը դարձել է ավանդական եւ արդեն իսկ ակնհայտ դրական ազդեցություն ունի տեղական արտադրանքի խթանման վրա: Նշենք, որ փառատոնի կազմակերպման նախաձեռնությունը ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությանն է: Տնային տնտեսություններն ու արտադրողները ներկայացնում են իրենց պատրաստած գինին ու գյուղացիական այլ արտադրանքներ:

Շուշիում կայացավ «Արցախ ԷթնոՖեստ» 1-ին միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 15-17-ը Արցախում տեղի ունեցավ  «Արցախ ԷթնոՖեստ» առաջին միջազգային փառատոնը: Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մշակութային ինքնության պահպանման, ազգային եւ ավանդական արժեքների վերարտադրության ու հանրահռչակման,  ինչպես եւ  միջազգային համագործակցության խթանման քաղաքականության շրջանակներում սկսում է նոր՝ «Արցախ ԷթնոՖեստ» միջազգային  նախագիծը:  

«Արցախէթնոֆեստ»-ը միջազգային փառատոն է, որը նախատեսվում է իրականացնել տարին մեկ անգամ, Արցախում, տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Յուրաքանչյուր փառատոն կունենա իր խորագիրը եւ կներկայացնի ազգային մշակույթի մեկ ուղղություն: Այս փառատոնն ուներ «Երկրի համը» անվանումը եւ ներկայացնում էր տարբեր երկրների ազգային խոհանոցները: Մասնակցել են ինչպես հմուտ խոհարարներ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ Ֆրանսիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Հարավային Կորեայից, Սիրիայից, Վրաստանից եւ իհարկե, Հայաստանից ու Արցախից: Փառատոնային ծրագրի շրջանակներում նրանք պատրաստել են եւ  հյուրերին մատուցել իրենց ազգային ուտեստներն ու ճաշատեսակները:

Միջոցառումը կայացել է Շուշիի «Իսահակի աղբյուր» ռեստորանային համալիրում: Ներկայացվել են ֆրանսիական կրեպը, ռումինական մամալիգան, բրնձով պատրաստված կորեական ուտեստներ, սիրիական աղցաններ եւ արեւելյան քաղցրավենիք, վրացական սացիվին, ինչպեսեւ արցախյան խոհանոցի այցեքարտ ժենգյալով հացը, կուրկուտը, ավանդական խորովածը: Փառատոնի օտարերկրացի մասնակիցների համար կազմակերպվել է ժենգյալով հացի թխման վարպետության դաս ու մրցույթ: Միջոցառումը ուղեկցվել է հետաքրքիր համերգային ծրագրերով:

Հացի փառատոն՝ Գյումրիում

Սեպտեմբերի 25-ին Գյումրու Վարդանանց հրապարակին հարող Աբովյան փողոցում կանցկացվի «Հացի փառատոն»: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2013թ.թ.-ից մեկնարկած փառատոնն այս տարի կշարունակվի ուշագրավ ու ինքնատիպ դրսևորումներով: Կազմակերպիչն է Միքայել Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, իսկ աշխատանքներին համագործակցող կառույցները` ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, ՀՀ Շիրակի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը, Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը եւ Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնը:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են հացարարման գործընթացի ցուցադրություններ. հանրապետության տարբեր քաղաքների հրուշակարանների եւ հացի արտադրամասերի վարպետներն առանձին տաղավարներով կներկայացնեն իրենց պատրաստած հացատեսակները: Միջոցառման շրջանակում հանդես կգան նաեւ թատերական եւ պարային խմբեր: Այս տարի հացի տոնը կտեղափոխվի փողոց, կներկայացվեն գյումրեցու ավանդական կենցաղը, արհեստներն ու արհեստավորական ավանդույթները, Ալեքսանդրապոլ-Գյումրու՝ հին քաղաքի երեւելիների թատերականացված կերպարները (Ձիթողցյաններ, Ծաղիկյաններ, Քյանդարովենք, Խոյեցոնք, Քեշիշյաններ, Դրամփյաններ, Սանոյաններ, Կարայաններ, Սելյանովներ)՝ կենսապատումներով եւ պատվանուն տոհմածառերով:

Հացի փառատոնը, հատկապես, արժեւորվում է նրանով, որ «Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» մշակութային տարրը 2014թ. ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Փառատոնի նպատակն է նպաստել հացարարման առանձնահատուկ նշանակություն ունեցող ժողովրդական սովորության պահպանմանն ու տարածմանը, տեղեկություններ հաղորդել հացի ստեղծման պատմության, ժողովրդի սովորութամշակութային կենցաղում մշտապես գոյություն ունեցող հացի պաշտամունքի ու հավատալիքների վերաբերյալ: Միաժամանակ կարեւորվում են մարզի մշակութային կյանքի աշխուժացումը, ավանդական մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցումը:

Երեւանում բացվել է գյուղական կյանքին և ավանդույթներին նվիրված բերքի 3-րդ փառատոնը

Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն արդեն 3-րդ տարին անընդմեջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացնում է «Գյուղական կյանքի եւ ավանդույթների ամենամյա փառատոնը»: Միջոցառման պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայրաքաղաքի Անգլիական այգում: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության եւ համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, դիվանագիտական այլ կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր: Դավիթ Օհանյանն ու Մարիա Բարաղամյանը նախ շրջեցին տաղավարներում, ծանոթացան գյուղմթերքի տեսականուն, ինչպես նաեւ համտեսեցին դրանք: Նշենք, որ փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ արտադրողներն ու գնորդները, վերամշակողները, տարբեր կազմակերպություններ եւ հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել, փոխանակել փորձն ու գտնել նոր շուկաներ եւ համագործակցության եզրեր: Այս նախաձեռնությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ն նպատակ է հետապնդում նպաստելու կայուն գյուղատնտեսության, ինչպես նաև գյուղական համայնքների զարգացմանը:

Փառատոնի մասնակիցները ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը: Նրանց թվում են ֆերմերային տնտեսություններ, գյուղմթերք արտադրող կազմակերպություններ, անհատներ՝ Հայաստանից ու Վրաստանից: Լեռնային շուրջ 100 տաղավարներում, բացի գյուղմթերքից, ներկայացվել էին նաեւ ձեռագործ աշխատանքներ, ավանդական տնական խորտիկներ: Երեւանի բնակիչները, ինչպես նաեւ հյուրերը հրաշալի հնարավորություն ունեին գտնելու գյուղատնտեսական արտադրանքի լայն տեսականի՝ սեփական արտադրության ձիթապտուղ, հյութեր, գինի, պանրի տեսականի, չիր, մեղր, հապալաս, ստեվիա (մեղրախոտ), խոտաբույսեր, էկոլոգիապես մաքուր օճառներ եւ գյուղական արտադրանքի այլ տեսականի:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Դավիթ Օհանյանն իր խոսքում ընդգծեց, որ 3-րդ տարին անընդմեջ կազմակերպվող այս փառատոնի մասնակիցների թիվը գնալով մեծանում է՝ ներառելով նորանոր տնտեսություններ: «Երեւանի քաղաքապետարանն այսուհետ եւս իր պատրաստակամությունն է ցուցաբերում հնարավորին աջակցելու նման միջոցառումների կայացմանը: Սա եւս մեկ առիթ է գյուղացիների ու գյուղմթերք արտադրողների համար սեփական արտադրանքը մատուցելու նաեւ մայրաքաղաքի սպառողներին ու այդպիսով ավելի ճանաչելի դառնալու: Մենք բարձր ենք գնահատում նաև բոլոր այն մարդկանց ավանդը, ովքեր ամեն ինչ արել են այս հրաշալի գաղափարը կյանքի կոչելու համար: Որքան արտադրությունն ընդլայնվի, այդքան ավելի մեծ թվով աշխատատեղեր կստեղծվեն, դա էլ իր հերթին կնպաստի հայրենական արտադրանքի տարածմանն ու արտահանմանը և, ընդհանուր առմամբ, նաեւ գյուղատնտեսության զարգացմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել գյուղատնտեսության նախարարությանը, որի հետ մենք համագործակցելու տարիների հաջողված փորձ ունենք»,- նշել է Դավիթ Օհանյանը: Հավելենք, որ փառատոնն ուղեկցվեց ազգագրական երգ ու պարի համույթների կատարումներով, իսկ փոքրիկ այցելուները դիտեցին նաեւ տիկնիկային ներկայացում։

Քննարկվել է բեզոարյան այծի եւ ազնվացեղ եղջերուի փոխանակման հարցը

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին: Արամայիս Գրիգորյանը ողջունել եւ շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ նշելով, որ բնապահպանության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի համագործակցությունն ամուր եւ կայուն հիմքերի վրա է, ինչը լավագույն նախապայման է հետագա շարունակական սերտ համագործակցության եւ համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու համար: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել,  որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում հայ-վրացական հարաբերությունները բնապահպանության ոլորտում առավել ակտիվ եւ սերտ կլինեն:

Դեսպան Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի առավելագույնը հայ-վրացական բարեկամական հարաբերություններն առավել սերտացնելու եւ համատեղ նոր բնապահպանական ծրագրեր նախաձեռնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու Վրաստանի հանրապետությունների կողﬕց վավերացված բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված համատեղ ծրագրերը, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում անդրսահմանային համագործակցության ամրապնդման հարցերը: ասնավորապես անդրադարձ է եղել  Հարավային Կովկասի տարածաշրջանում անհետացման եզրին գտնվող երկու կենդանատեսակների՝ բեզոարյան այծի եւ կովկասյան ազնվացեղ եղջերուի փոխանակման ծրագրով նախատեսված պարտավորություններին:

Ծրագրի առաջին փուլով ՀՀ-ն կատարել է իր պարտավորությունները՝ Վրաստանին փոխանցելով բեզոարյան այծի 9 առանձնյակ, իսկ երկրորդ փուլով  նախատեսվում է մինչ տարեվերջ կովկասյան ազնվացեղ եղջերուների տեղափոխումը Հայաստան: Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ «Դիլիջան» ազգային պարկում արդեն իսկ պատրաստ են եղջերուների համար նախատեսված ազատավանդակները եւ անհրաժեշտ բոլոր պայմանները:

Մեկնարկում է «Սոսե» միջազգային 3-րդ կինոփառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ «Զիս» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 23-30-ը կանցկացվի «Սոսե» միջազգային 3-րդ կինոփառատոնը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, այս տարի մրցութային ծրագրում ընդգրկվել է 104 ֆիլմ` 38 երկրից: Մրցութային ծրագրում ներառված ֆիլմերի հեղինակները կխոսեն կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների եւ առհասարակ ընտանիքում եւ հասարակության մեջ նրա դերակատարման մասին:

Լիամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում են կինոգետ Անետա Երզնկյանը /Հայաստան/, ռեժիսոր Մայա Վապցարովան /Բուլղարիա/, դերասան Փոլ Քերի Ջոնսը /Մեծ Բրիտանիա/: Կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում են դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը /Հայաստան/, ռեժիսոր Անատոլ Դուրբալան /Մոլդովա/, ռեժիսոր Ֆարիդ Դմս Դեբան /Ֆրանսիա/: Վավերագրական ֆիլմերի ժյուրիի կազմում են դերասան Դավիթ Հակոբյանը /Հայաստան/, Զիվադ Դոլիձեն /Վրաստան/, բեմադրիչ Արթուր Էլբակյանը /ԱՄՆ/:

Փառատոնին մասնակցող ֆիլմերը ներկայացված են «Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագրում, իսկ «Հատուկ» եւ «Ուսանողական» մրցութային ծրագրերի նպատակը տարածաշրջանում ֆիլմարտադրության զարգացումն է: «Հատուկ» մրցութային ծրագրով ամեն տարի վեր է հանվում տվյալ պահին արդիական որևէ թեմա: Այս ծրագրում կարեւորվում է յուրաքանչյուր ստեղծագործողի անհատական մոտեցումը եւ արվեստի միջոցով այդ թեմայի մասին խոսելու ունակությունը: Այս տարի «Հատուկ» ծրագրի թեմաները երկուսն են՝ «Անկախություն»՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, եւ «H2O»` նվիրված ջրին: «Ուսանողական» մրցութային ծրագրում ներկայացվում են կինեմատոգրաֆիայում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը: Որպես խրախուսական մրցանակ՝ «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգում հաղթող եւ Հայաստանում սովորող ուսանող-ռեժիսորի 1 տարվա ուսման վարձը կհովանավորի կինոփառատոնը, իսկ արտերկրում սովորող ուսանող–ռեժիսորին կտրվի պատվոգիր:

«Սոսե» միջազգային կինոփառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ «Կիսվի՛ր մտահղացմամբ» ծրագիրն է: Կստեղծվի ցանց, որին կարող են միանալ ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչները: Ծրագիրը փորձարարական բնույթ է կրում եւ կիրականացվի ամբողջ տարվա ընթացքում: Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը կցուցադրվեն Երեւանի տարբեր կինոսրահներում եւ մշակութային կենտրոններում: Ցուցադրություններ են նախատեսվում նաեւ Գյումրիում: Ֆիլմերի դիտումներին զուգահեռ, կկազմակերպվեն վարպետության դասեր, «Ֆիլմ-ակումբ» ձեւաչափով քննարկումներ՝ ժյուրիի անդամների եւ հյուրերի մասնակցությամբ: Քննարկումները բաց են նաեւ ֆիլմարտադրության ոլորտի մասնագետների եւ պարզապես կինոսերների համար:

Մեկնարկում է «Կոմիտասը եւ միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը

Մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ ս. թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացնի «Կոմիտասը եւ միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Գիտաժողով-փառատոնն աննախադեպ իրադարձություն է կոմիտասագիտության եւ հայկական երաժշտության ուսումնասիրության պատմության մեջ՝ ծրագրային հագեցվածության, զեկույցների եւ միջազգային հեղինակավոր գիտնականների ներգրավվածության առումով:

«Կոմիտասը եւ միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողովի շրջանակում՝ սեպտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ծրագրի փառատոնային հատվածի բացումը: Համերգային ծրագրերով հանդես կգան երաժիշտ-կատարողներ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից: Հայաստանից հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. եւ դիրիժոր Ս. Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. եւ դիրիժոր Ռ. Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. եւ դիրիժոր Հ. Թոփիկյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. եւ դիրիժոր Հ. Չեքիջյան), Անահիտ Պապայանը (սոպրանո), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Իրինա Զաքյանը (սոպրանո):
«Կոմիտասը եւ միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողովիբացումը կկայանա սեպտեմբերի 27-ին:

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգային շրջագայությունը Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում եւ Բելգիայում…

Սեպտեմբերի 17-ին մեկնարկեց Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի` ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգային շրջագայությունը Դանիայում, Գերմանիայում,  Հոլանդիայում եւ Բելգիայում: Երգչախումբն արդեն եկույթներով հանդես էր եկել Կոպենհագենի Աստվածամոր տաճարում, Հերնինգի եւ Հասլեվի եկեղեցիներում: Հյուրընկալվեցին Հերնինգի քաղաքապետարանում, այցելեցին Մեծ Եղեռնի ժամանակ հազարավոր հայ որբերի ու կանանց փրկած Կարեն Յեպպեի ծննդավայր, հարգանքի տուրք մատուցեցին ու երգեցին նրա պատվին տեղադրված հուշաքարի մոտ, եղան նրան նվիրված թանգարանում: Հուզիչ հանդիպում ունեցան և միասին «Էրեբունի-Երեւան» երգեցին արդեն բարեկամ դարձած դանիական «Միդվեսթ» երգչախմբի անդամների հետ, ովքեր 1 տարի առաջ Հայաստանում փոքրիկ երգիչների հյուրն էին:

Դանիայում հայկական երգչախմբի համերգները կազմակերպվել էին Դանիայում ՀՀ դեսպանության կողմից:

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի ելույթներից հետո հանդիսատեսի արձագանքը հիացական էր. «Շնորհակալ ենք այս հիանալի համերգի համար: Դա միայն երաժշտություն չէր, դուք այս երեկո պատմեցիք մեզ մի երկար եւ շատ կարեւոր պատմություն Հայաստանի մասին»:

Փիթեր Արենդտ (խմբավար, երգեհոնահար)

«Ես երբեւէ նման մաքուր եւ գեղեցիկ կատարում չէի լսել: Դուք ստիպեցիք ինձ առնվազն 50 րոպե արտասվել»:

Մարտին Օրսեն («Միդվեսթ» աղջիկների երգչախմբի տնօրեն)

Առջևում կարեւորագույն համերգն է Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգներում սեպտեմբերի 22-ին: Հրավիրված են պետական բարձրաստիճան այրեր, միջազգային պատվիրակություններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, արվեստագետներ: Այունհետեւ Տիգրան Հեքեքյանին եւ իր սաներին սպասում են գերմանական եւս երկու քաղաքներում` Կարլսռուհե, Հալլե, ապա` Հոլանդիայում եւ Բելգիայում:

Գարի Քյոսայանն ԱՄՆ-ում հանդես է եկել «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագրով համերգով

Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար եւ երգեհոնահար Գարի Քյոսայանն ԱՄՆ-ում ճանաչված երաժիշտների հետ հանդես է եկել «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագրով համերգով: Սեպտեմբերի սկզբին Լոս Անջելեսում կայացած երեկոյի ընթացքում Քյոսայանի հետ մեկ բեմում ելույթ են ունեցել երգչուհի Ալլա Սահակյանը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, թմբկահար Մարվին Սմիթի Սմիթը, կոնտրաբասահար Հենրի Ֆրանկլինը, ինչպես նաեւ ֆլեյտահար Սիմոն Մակինաջյանը:

Համերգի ընթացքում հնչել են Քյոսայանի սիրված եւ նոր ստեղծագործությունները: Մասնավորապես, ամերիկաբնակ հանդիսատեսն առաջին անգամ ունկնդրել է կոմպոզիտորի «Morning», «Waltz for Maria», «Night in Gethsemane», «Mirror» գործերը: Հատկանշական է, որ այս համերգի ընթացքում ամերիկացի հայտնի ջազ երաժիշտները, որոնք կատարել են համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններ, նվագել են հայ կոմպոզիտորի գործերը, ինչը մեծ բավականություն եւ նոր բացահայտում է եղել նրանց համար: Երաժիշտները մեծարանքի խոսքեր են հնչեցրել Քյոսայանի ստեղծագործությունների վերաբերյալ: Հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող համերգի մասնակիցներին: Ունկնդիրը նաեւ «պահանջել» է լրացուցիչ համարներ: Հավելենք, որ համերգային երեկոն կազմակերպել էր Լոս Անջելեսի հայկական միությունը (Armenian Society of Los Angeles): Երաժիշտները համերգից առաջ ելույթ են ունեցել նաեւ կազմակերպության 60-ամյակին նվիրված հանդիսությանը, որի ընթացքում հատուկ շեշտվել է, որ Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն այս տարի առաջին անգամ հնչել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում:

« «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագրի ներքո առաջին անգամ համերգով հանդես եմ եկել Երեւանում, նախորդ տարի հոկտեմբերին: Կարծում եմ, որ արվեստ, ջազ սիրող մարդիկ ցեղասպանության ունակ չեն: Նպատակ ունենք այդ խորագրի ներքո համերգներ ունենալ աշխարհի տարբեր երկրներում: Այս պահին բանակցություններ են ընթանում Ֆրանսիայում, Բեյրութում եւ այլ վայրերում հանդես գալու վերաբերյալ»,- տեղեկացրեց Գարի Քյոսայանը: Կոմպոզիտորը վերջին տարիներին աշխատում է իր նոր` «Ծիր Կաթին» ձայնասկավառակի վրա, եւ 2017-ին պատրաստվում է այն ունկնդիրների դատին հանձնել:

Գարի Քյոսայանի մասին – Կոմպոզիտոր, բենդ-առաջնորդ, ջազային դաշնակահար եւ երգեհոնահար Գարի Քյոսայանը ծնվել է Երեւանում։ Ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` նա լայն ճանաչում է ձեռք բերում իբրև ջազային երաժիշտ 1980թ. Մոսկվայում Համաշխարհային երիտասարդական ֆորումի փառատոնային ծրագրում ելույթ ունենալուց հետո: 1988-2003թթ. երաժիշտը բնակվում եւ ստեղծագործում է Լոս Անջելեսում (ԱՄՆ): ԱՄՆ-ում ապրած տարիներին ղեկավարել է մի շարք ջազ ակումբներ: 1990թ. իր հիմնադրած համույթը` Gary Kesayan Jazz Quartet-ը դառնում է «Ֆլոր դը Վին» (Փասադենա) անվանի ջազ-ակումբի առաջատար նվագախումբը եւ համերգներ է ունենում տարբեր երկրներում: 1997թ. Լոս Անջելեսում տեղի է ունենում Գարի Քյոսայանի անդրանիկ` For you ձայներիզի շնորհանդեսը, որը 1998 թվականին ստանում է Armenian Music Awards ազգային մրցանակաբաշխության Best Jazz Musician of the Year by AMA in 1998 մրցանակը: 1998թ. Գարին եւ նրա քառյակը երգչուհի Մարթին Իլոնի հետ առաջին անգամ համերգներով այցելեցին Երեւան: 2005թ. կոմպոզիտորը կրկին Երևան է հրավիրում քառյակի երաժիշտներին` Իլեն Գիբսի հետ, եւ ներկայացնում է հիանալի շոու, որին ներկա էր լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը։ Վերջին 8 տարիների ընթացքում Գարի Քյոսայանը բնակվում է Հայաստանում:

Նա այն եզակի կոմպոզիտորներից է, որոնք ստեղծագործում են ջազային և դասական ժանրերում: Հեղինակել է նաեւ կինոերաժշտություն («Արահետ», «Լռության սիմֆոնիա»): 2010թ. գրել է Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» թատերական ներկայացման երաժշտությունը: Նրա` 100-ից ավելի ջազային ստեղծագործություններն ու  դասական ժանրում գրված գործերն ինքնատիպ են ու յուրահատուկ:
Los Angeles Times-ի բնորոշմամբ` Գարի Քյոսայանի երաժշտության մեջ հայ մարդու հոգևոր շունչն է: Պարբերականը Քյոսայանի երաժշտությունը համարում է «նոր քայլ` ջազում»: Նա օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ, ձեւեր եւ նորարակական մեթոդներ: Կոմպոզիտորի երաժշտությունն ունկնդրին ուղեկցում է դեպի գեղեցկությունը եւ բոլոր ժամանակներում արդիական է:

«Եվրոպական ժառան­գության օրեր»՝ Հայաստանում ու Արցախում

Սեպտեմբերի 24-25-ը Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կանցկացվի «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը` «Ժառանգությունը եւ համայնքները» խորագրի ներքո:

Ծրագրի շրջանակում կիրականացվեն բազմաթիվ եւ բազմաբնույթ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր եւ այլն: Այս տարի «Եվրոպական ժառան­գության օրեր» ծրագիրը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Եվրոպական ժառանգության օրերն անց են կացվում յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954թ.) միացած եվրոպական 50 երկրում: Ծրագիրը մտահղացել են 1984թ. Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագ րի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը Եվրոպայի խորհուրդը պաշտոնապես հաստատել է 1991թ., իսկ 1999թ. միացել է նաեւ Եվրամիությունը, եւ նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000թ.:

«Թվապատում»-ն ունեցավ իր հաղթողները

«Թվապատում 2016» լրագրողական աշխատանքների մրցույթի հաղթողները հայտնի են։ 2 օր Մատենադարանում անցկացված մեդիակոնֆերանսներից հետո «Լօֆթ»-ում մրցանակներ ստացան հաղթած աշխատանքները։ «Թվապատում 2016»  մրցույթին ներկայացվել է 131 պատմություն՝ 35 լրատվամիջոցի 75 լրագրողի կողմից։

Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառում անվանակարգում հաղթող ճանաչվեց Գրիշա Բալասանյանի «Պատգամավորների թանկարժեք նվերները» մուլտիմեդիա նյութը, որը հրապարակվել է «Հետք» պարբերականում։ Ռեինֆորմացիա. Բարեփոխումների լավագույն լուսաբանում  անվանակարգում հաղթեց ԱՐ հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդաշարի համար պատրաստած «Գյուղացիական կոոպերատիվներ. Ում է պետք ֆերմերների միավորումը» տեսանյութը։ Հաղթողին տրվեց 250.000 դրամ մրցանակ։ Դիտակ. Հետաքննական լրագրություն անվանակարգի մրցանակը եւ սահմանված  250.000դրամ պարգևը կիսեցին «Հետք» պարբերականի 2 հրապարակում. «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները եւ հաշիվները շվեյցարական բանկերում» եւ «Ինչպես խաբել հասարակությանը՝ կառավարության որոշումների մշակութային վերնագիր դնելով. «Գրքի աշխարհ»։ Գործող անձ անվանակարգում հաղթեց «Կանաչների հեղափոխություն» տեսանյութը՝ Շիրակի մարզի Բասեն համայնքի ղեկավարի կատարած աշխատանքի մասին։ Հերոսի կերպարը բացահայտելու համար հատուկ մրցանակի արժանացավ Հանրային հեռուստատեսության լրագրող Լիլիթ Բարսեղյանը՝ «Հաղթահարելով քաղցկեղ» տեսանյութի համար։ Խրախուսական մրցանակներ ստացան «Ա1+»-ի «Մանկատան այլընտրանքը նյութի լրագրող Ռոբերտ Անանյանը եւ panorama.am-ի «Բարի մաման» հոդվածի հեղինակ Լալա Տեր-Ղազարյանը։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 31 (421), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։