Աշխարհի մարզական հեւքից.– Մարզական աշխարհի ոլորաններում – Անարդարության դեմ պայքար՝ քրտնաջան աշխատանքով… Հաքերները հրապարակել են WADA-ի տվյալների բազայի 3-րդ մասը… Կայացան Հայաստանի ֆուտբոլի գավաթային առաջին խաղերը… Շախմատային խաչմերուկներում եւ մարզական այլ լուրեր…

Անարդարության դեմ պայքար՝ քրտնաջան աշխատանքով

Նախագահ Սերժ Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման եւ պարգեւատրման հանդիսավոր արարողությանը: Նա մեդալակիրներին հանձնել է պետական բարձր պարգեւները, շնորհավորել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել համաշխարհային սպորտի այդ մեծ ստուգատեսում, մեր երկրի պատիվը եւ դրոշը բարձր պահելու համար: «Շատ ուրախ ենք, որ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաեւ Արթուր Ալեքսանյանի մրցակիցները տեսան իրենց գերազանցող մարզիկին, ոչ միայն մրցակիցները, այլեւ մրցավարները եւ բոլոր երկրպագուները: Մենք Ռիո դե Ժանեյրոյում ականատես եղանք մեդալների, բայց մենք տեսանք նաեւ մեծ ներուժ, իսկ դա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ: Եվ շատ կարեւոր է, որ մեր ավանդական մարզաձեւերից, նկատի ունեմ՝ ըմբշամարտը, ծանրամարտը, այս մարզաձեւերից զատ, մենք տեսանք այլ մարզաձեւերում եւս շատ մեծ արդյունքների հասնելու հնարավորություններ, օրինակ, մարմնամարզության ոլորտում: Սա չափազանց կարեւոր է: Մեդալներից բացի, մենք տեսանք նաեւ ցավալի դիպվածներ, իհարկե, նաեւ անարդարություն»:

Ըստ նախագահի, ընդհանրապես աշխարհը եւ մասնավորապես, մարզաշխարհը զերծ չէ անարդարությունից: «Անարդարության դեմ պայքարելու միակ ձեւը քրտնաջան աշխատանքն է, հաստատակամությունն է եւ համոզմունքը, որ հետագա մրցություններում հասնելու ենք հաջողության: Եվ ես վստահ եմ, որ ոչ միայն գալիք առաջնություններում՝ Եվրոպայի եւ աշխարհի, Միհրան Հարությունյանը կարողանալու է հաջողության հասնել: Վստահ եմ, որ Տոկիոյում նա դառնալու է չեմպիոն, միայն թե պետք է շարունակել եւ ցույց տալ բոլորին, որ դու ունես կամային բարձր որակներ»,- նշել է Սերժ Սարգսյանն ու հավելել, որ չի ցանկանում մեկ առ մեկ թվարկել մեր օլիմպիականներին, որովհետեւ դահլիճում նստածները եւ, ընդհանրապես, մեր ժողովրդի մեծ մասը նրանց բոլորին անգիր գիտի:  

Երկրի ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, նաեւ մեր բոլոր մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահներին ու մարզիչներին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են սպորտին, ովքեր սեփական միջոցներից հնարավորություն են ընձեռում մեր մարզիկներին՝ ոչ միայն նորմալ մարզվել, այլ նաեւ արժանապատիվ ապրել: Չեն մոռացվել նաեւ մեր մարզիկների ծնողները, նրանց ընտանիքները, այն միջավայրը, որ ծնել ու դաստիարակել է հերոս մարզիկ-քաղաքացիներ:

ՀՀ նախագահը պարգեւատրել է ՀԱՕԿ նախագահին

Սերժ Սարգսյանի նախագահական հրամանագրերով մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ պարգեւատրվել են Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի եւ հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար:

Հրամանագրերից մեկով  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի համար Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Ալեքսանյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի ու երկարամյա արդյունավետ գործունեության համար հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը  պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Նույն մեդալով պարգեւատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի ու հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հաքերները հրապարակել են WADA-ի տվյալների բազայի 3-րդ մասը

Երեկ «Fancy Bears» հաքերային խումբը հրապարակել է 5 երկիր ներկայացնող եւս 11 մարզիկների տվյալները, որոնցից 9-ը ոսկե մեդալ են նվաճել Ռիոյի Օլիմպիական խաղերում։

Մեծ Բրիտանիա- Նիկոլա Ադամս, Լորա Տրոտտ, Շիվոն-Մարի Օ’Կոննոր, Օլիվիա Քարնեգի-Բրաուն։

Դանիա- Ջանետ Օտտեսեն։

Ավստրալիա- Կիմ Բրեննան, Ալեքսանդր Բելոնոգով, Ջեկ Բոբրիջ։

Իսպանիա- Մարիա Բելմոնտե Գարսիա։

Գերմանիա- Յուլիան Յուստուս, Լաուրա Զիգեմունդ։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ բոլոր 11 մարզիկներն ունեցել են թերապևտիկ բացառություններ եւ արգելված խթանիչների օգտագործման թույլտվություն։ Այս մասին հայտնել է eurosport.ru-ն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Fancy Bears»-ը հրապարակել է WADA-ի տվյալների բազայի առաջին մասը, որում նշվում է, որ WADA-ն ամերիկացի օլիմպիական չեմպիոնուհիներ Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերին, մարմնամարզուհի Սիմոնա Բեյլսին ու բասկետբոլիստուհի Ելենա Դելլե Դոննին թույլատրել է արգելված խթանիչներ օգտագործել։

«Հաքերների գործողությունները չեն կարող չհետաքրքրել մարզական հանրությանը»…

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի ընդունում հաքերների գործողությունները, բայց նաեւ կարծում է, որ բացահայտված տվյալները չեն կարող չհետաքրքրել մարզական հանրությանը։ Այս թեման նա շոշափել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների հետ զրույցում։

«Մենք չենք ընդունում այն, ինչ անում են հաքերները, բայց այն, ինչ նրանք կատարեցին, չի կարող հետաքրքիր չլինել միջազգային հանրության, առաջին հերթին՝ մարզական հանրության համար։ Շատ հարցեր են առաջանում,- Պուտինի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։- Կարծես թե առողջ մարզիկները լեգալ կերպով ընդունում են այնպիսի դեղորայք, որն արգելված է մյուսների համար, իսկ մարդիկ, ովքեր ակնհայտորեն տառապում են ծանր հիվանդություններից, ծանր հաշմանդամությունից, նույնիսկ ինչ-որ դեղամիջոցի օգտագործման կասկածով զրկվում են Պարալիմպիկ խաղերին մասնակցելու իրավունքից։ Դա ընդհանրապես չի տեղավորվում որևէ շրջանակի մեջ»։

Ավելացնենք, որ Ռուսաստանի հավաքականին՝ ամբողջ կազմով, արգելվել է մասնակցել Պարալիմպիկ խաղերին՝ Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավարության որոշմամբ։

Հ.Գ. - WADA-ն հաստատել է «Fancy Bears»-ի հրապարակած 5-րդ մասի իսկությունը – Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հաստատել է «Fansy Bears»-ի հրապարակած ցուցակի 5-րդ մասի իսկությունը։ Այս մասին հայտնում է sports-express.ru-ն։ Դրանում նշված է 13 երկրի 41 մարզիկի անուն։ Արգելված խթանիչներ օգտագործողների թվում են սերբ Միլոշ Թեոդոսիչը, շվեյցարացի օլիմպիական չեմպիոն Ֆաբիան Կանչելլարան, «Օլիմպիադա-2004»-ի արծաթե մեդալակիր բրիտանացի Սթիվեն Կամմինգսը, օլիմպիական չեմպիոն, ՀԱՀ-ի ներկայացուցիչ Կեմերոն վան դեր Բուրգը եւ ուրիշներ։

Ամենամյա մարզական փառատոնը հասել էր Սեւան

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում ավարտվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված ամենամյա մարզական փառատոնը: Մասնակցել են քաղաքի տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ:

Մասնակիցներն ուժերը չափել են վազք 100 մ, վազք 1000 մ, շախմատ, նարդի, մինի ֆուտբոլ, կշռաքարի բարձրացում, բազկամարտ եւ ազգային կոխ մարզաձեւերում: Միջոցառման հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվել են հավաստագրերով ու մարզահագուստներով:

Փառատոնը անցկացվում է արդեն 13-րդ անգամ եւ այս տարի տեղի ունեցավ ՀՀ մարզերի 48 համայնքներում եւ ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտում, կավարտվի սեպտեմբերի 26-ին:

Հայաստանի հավաքականը նահանջեց 10 հորիզոնականով

Սեպտեմբերի 15-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նահանջել է 10 տեղով եւ 317 միավորով զբաղեցնում է 112-րդ հորիզոնականը: Դասակարգման աղյուսակը 1646 միավորով գլխավորում է Արգենտինայի ազգային ընտրանին, Բելգիան 2-րդն է, իսկ Գերմանիայի հավաքականը եզրափակում է լավագույն եռյակը:

Սոչիում Օլիմպիական ժամանակացույցը փոխարինվեց

Ժամանակացույցը, որը հաշվում է ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության օրերը, ժամերն ու վայրկյանները, տեղադրվել է Սոչիում` փոխարինելով Օլիմպիական ժամանակացույցին: Այս մասին տեղեկացնում է «Sport Express»-ը:

Առաջին ժամանակացույցը, որն սկսել է հետհաշվարկը, տեղադրվել է Մոսկվայում: Ռուսաստանն անհամբերությամբ սպասում է ֆուտբոլային տոնին: Ամենասպասված ստուգատեսն այս երկիրը կհյուրընկալի առաջին անգամ:

Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդ<-ում իր խաղային դիրքից

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր խաղային դիրքից, գրում է The Sun-ը։ Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա հայ ֆոջտբոլիստը ցանկանում է խաղալ ենթահարձակվողի դիրքում, որում հանդես է գալիս անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին։ Սակայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի շտապում նման հնարավորություն տալ հայ կիսապաշտպանին։

«Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Անգլիայի առաջնության 4-րդ փուլի խաղում Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս աջ կիսապաշտպանի դիրքում եւ փոխարինվեց ընդմիջմանը՝ չտպավորելով Մոուրինյոյին։ Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Հենրիխի ազդրի վնասվածքը կրկնվել է եւ նա բաց կթողնի 10 օր։

- «Հենրիխ Մխիթարյանը փայլում էր «Բորուսիա»-ում - «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Պոլ Պարկերը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ինչպես նաև անդրադարձել է մանկունյանցիներիւ եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:

«16 տարի մարզչական աշխատանքի ընթացքում Մոուրինյոն այդպես էլ չսովորեց արժանիորեն ընդունել պարտությունը` միշտ ամբողջ մեղքը բարդելով մրցավարների ու ֆուտբոլիստների վրա: Անկեղծ ասած` շատ անհանգստացա, երբ նրան նշանակեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ: Մոուրինյուն կարծում, որ կարող է ասել այն ամենն ինչ ուզում է: Ալեքս Ֆերգյուսոնը, օրինակ, երբեք իրեն թույլ չէր տա` մամուլի առջեւ ֆուտբոլիստներին մեղադրել:

Շատ է խոսվում Հենրիխ Մխիթարյանի մասին: Նա փայլում էր «Բորուսիա»-ում: Մոուրինյոն որոշեց մանչեսթերյան դերբիում նրան մեկնարկային րոպեներից չխաղացնել իր հարազատ դիրքում, իսկ հետո նաեւ պատժեց՝ փոխարինելով ընդմիջմանը: Ես ապշում եմ, երբ նրա մակարդակի մարզիչը նման քայլեր է կատարում: Ուեյն Ռունին խաղում է, որովհետեւ նա Անգլիայի հավաքականի ավագն է: Յուրաքանչյուր երկրպագու ծիծաղում է այդ իրավիճակի վրա: Հենրիխ Մխիթարյանը երեւի մտածում է` Ռունին նույնիսկ արժանի չէ կապել իմ կոշիկները: Նա նույնիսկ չի կարողանում վազել»,- նշել է Պարկերը:

Կայացան ֆուտբոլի գավաթային առաջին խաղերը

Մեկնարկեց 2017թ. ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը:

Քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Փյունիկ»-ին:

Գործող գավաթակիր Երեւանի «Բանանց»-ը հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը՝ հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ Երեւանի «Արարատ»-ի ֆուտբոլիստների նկատմամբ:

«Գանձասար-Կապան» – «Էրեբունի» հանդիպումը հետաձգվել է, քանի որ այդ խաղը սպասարկող մրցավարական խումբն առավոտյան ավտովթարի էր ենթարկվել՝ Երեւան–Կապան ճանապարհին:

Ավտոմեքենայում գտնվող բոլոր երեք խաղավարներն էլ տեղափոխվել են Գորիսի քաղաքային հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Քառորդ եզրափակիչ փուլի չորրորդ հանդիպումը տեղի կունենա այսօր, սեպտեմբերի 22-ին: Առաջին խմբում հանդես եկող Աբովյանի «Կոտայք»-ը սեփական դաշտում կընդունի Գյումրիի «Շիրակ»-ին:

«Արարատ»-ը կանգնեցրեց Բելառուսի հավաքականի հաղթարշավը

Բելառուսի հոկեյի Բարձրագույն խմբի 2016/17 թթ. բաց առաջնության 2-րդ փուլի երկրորդ խաղում «Արարատ»-ը 4:3 հաշվով հաղթել է Բելառուսի մինչեւ 18 տարեկանների հավաքականին,- տեղեկացրել է hockey.by-ը:

Այս թիմերի միջեւ կայացած առաջին խաղում Բելառուսի հավաքականը հաղթել էր 3:2 հաշվով:

Այժմ «Արարատ»-ը վաստակած 9 միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը: Հաջորդ փուլում՝ Հայաստանի մեր թիմը 2 հանդիպում կանցկացնի «Վիտեբսկ-2»-ի հետ:

Շախմատի աշխարհի առաջնությունում կունենանք 9 մասնակից

Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկող շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 9 շախմատիստ-շախմատիստուհի:

Մինչեւ 14 տարեկանների պատանիների մրցաշարում հանդես կգան Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը, աղջիկներից՝ Քրիստինե Սմբատյանը: 16 տարեկանների մրցաշարում հայտավորվել են Դավիթ Միրզոյանը, Արամ Հակոբյանը, աղջիկներից՝ Արփինե Գրիգորյանը:

Ավագ տարիքային խմբում Մ-18 աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը Մանուել Պետրոսյանը: Աղջիկների մրցումներում հանդես կգա Սիրանուշ Ղուկասյանը:

Շախմատի պատանիների աշխարհի այս տարվա առաջնությանը կմասնակցեն 226 պատանի եւ 184 աղջիկ, որոնք ներկայացնում են 57 երկիր: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած կլինի 11 փուլից: Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 3-ին:

Հ.Գ. - Հայկ Մարտիրոսյանը 3-րդ հաղթանակը տարավ աշխարհի առաջնությունում – Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացան 3-րդ փուլի խաղերը: Հայաստանի շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս մինչեւ 16 տարեկանների մրցաշարում ելույթ ունեցող Հայկ Մարտիրոսյանը: Նա 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում եւ կրկին գլխավորեց աղյուսակը: Իսկ ահա մեր 18 տարեկան շախմատիստները՝ Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը, ովքեր հաղթանակով էին սկսել մրցաշարը, այս անգամ ոչ-ոքի ավարտեցին իրենց խաղերը եւ մի փոքր նահանջեցին: Նրանք այժմ 2,5-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը: Մեր մյուս պատանի շախմատիստները Դավիթ Միրզոյանը (Մ-16), Շանթ Սարգսյանը եւ Արթուր Դավթյանը (Մ-14) նույնպես հաղթանակներ տարան այս փուլում եւ բարելավեցին իրենց մրցաշարային գործերը:

Հոկտեմբերին կանցկացվի «Երեւան Օփեն» միջազգային մրցաշարը

Մայրաքաղաքում կանցկացվի «Երեւան Օփեն» շախմատային միջազգային մրցաշարը՝ հոկտեմբերի 1-11-ը, որը կազմակերպում է Երեւանի շախմատի ֆեդերացիան: Մրցաշարը բաղկացած կլինի 9 փուլերից եւ կանցկացվի շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 16.000 դոլար: Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ օրվանից սկսած շախմատիստները կպայքարեն մրցանակային տեղերի համար:

Մոնղոլ մարզիչները որակազրկվեցին 3 տարով

Միջադեպը գրանցվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտից հետո, որում մոնղոլ Մանդահնարան Գանզոռիգիյին հանդիպում էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Իխտիեր Նավրուզովի հետ։ Մարտի ավարտից հետո հաշիվը 7։6 էր՝ հօգուտ մոնղոլ մարզիկի, եւ թիմը տոնում էր հաղթանակը։ Սակայն ուզբեկական կողմի բողոքից հետո մրցավարները հաշիվը դարձրեցին հավասար՝ 7։7, որը բրոնզե մեդալ պարգեւեց Նավրուզովին, քանի որ վերջին արդյունավետ գործողությունը նա էր կատարել։

Մոնղոլ մարզիկի մարզիչները, որպես բողոքի նշան, հանել են մարզաշապիկները՝ դրանք նետելով մրցավարական սեղանի առջեւ։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան մարզիչներին որակազրկել է 3 տարով։ Բացի այդ, մոնղոլական ֆեդերացիան պետք է 45 հազար եվրո տուգանք վճարի։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։

Ադրբեջանցի 2 մրցավար ցմահ որակազրկվել են

Թենիսի միջազգային ֆեդերացիան խիստ պատիժ է սահմանել ադրբեջանցի 2 մրցավարների համար, ովքեր օգտվելով իրենց կարգավիճակից` գումարներ են շորթել: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Շերզոդ Հասանովն եւ Արխիպ Մոլոտյագինը հանդիպումների ընթացքում տրիբունայում ունեցել են համապատասխան մարդիկ, ովքեր ազդանշաններ ստանալով` խաղադրույքներ են կատարել եւ մեծ գումարներ աշխատել:

Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, ադրբեջանցի մրցավարները բազմաթիվ անգամներ նման քայլի են գնացել: Արդյունքն այն է, որ միջազգային ֆեդերացիան որոշել է նրանց ցմահ որակազրկել: Հասանովն ու Մոլոտյագինն այլեւս չեն կարող սպասարկել ցանկացած կարգի թենիսի մրցաշարի որեւէ հանդիպում:

Հայաստանի 6 ներկայացուցիչներ կպայքարեն մեդալների համար

Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում կայացավ բռնցքամարտի Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանի 6 ներկայացուցիչներ կպայքարեն մեդալների համար: Մմրցումային առաջին օրը մեր բռնցքամարտիկներից 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը, 69 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Գուրգեն Մադոյանը հաղթանակներ էին տոնել եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: Իր մրցամարտը հաղթանակով է ավարտել նաեւ 52 կգ քաշային կարգում հանդես եկող Ժիրայր Սարգսյանը, իսկ +91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պայքարն սկսելու է հենց քառորդ եզրափակչից:

Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին մասնակցում է 8 մարզիկով: Պարտություն են կրել միայն 56 կգ քաշային Վահե Բադալյանն ու 64 կգ Կորյուն Աստոյանը:

- Կարեն Մարգարյանը ռեկորդներով դարձավ Եվրոպայի չեմպիոն Լեհաստանի Նովի Տոմիշ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում քիչ առաջ հնչեց Հայաստանի օրհներգը: Մինչեւ 15 տարեկան տղաների առաջնությունում Կարեն Մարգարյանը հանդես գալով 77 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչմանը հավակնելու ոչ մի շանս չթողեց մրցակիցներից եւ ոչ մեկին: Մեր մարզիկը իր մոտեցումներով նորացրեց այս տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդները: Նա պոկումում գլխավերեւում պահեց 130 կիլոգրամը, հրումում՝ 150-ը եւ երկամարտի 280 կիլոգրամ արդյունքով բարձրացավ չեմպիոնական պատվանդան:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 31 (421), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։