Անիրատեսական բյուջեն՝ ռումբ երկրի տակ – Դեռ պարզ չէ հնարավո՞ր է բյուջեի կրճատում լինի, սակայն առաջիկայում շատ ծախսերի կրճատում հաստատ կլինի… Տեսնես՝ ու՞մ հաշվին – Գազի եւ էլէներգիայի սակագների վերանայման մասին…

Անիրատեսական բյուջեն՝ ռումբ երկրի տակ

Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը գործադիրի երեկվա նիստից հետո լրագրողներին խնդրեց իրեն ժամանակ տալ «խորանալու իրեն վստահված ոլորտում» եւ խոստացավ այսօր եւեթ հանձնարարել, որպեսզի գերատեսչությունն ունենա լրատվական աշխարհի եւ հանրության հետ հաղորդակցության ձեւաչափ:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որով վարչապետը հորդորեց վերացնել «պրիմիտիվ գողությունը», նախարարն ասաց. «Վարչապետի նմանատիպ հորդորը նաեւ հանձնարարական էր ֆինանսների նախարարությանը: Թույլ տվեք ես մտնեմ իմ աշխատանքի մեջ, ես ձեզ խոստանում եմ՝ մենք կունենանք շփվելու ընդհանուր հարթակ եւ դա լինելու է կանոնակարգված»:

Սա հասկանալի կլիներ, եթե Վարդան Արամյանը նոր, իմա՝ ոչ քաջածանոթ մարդ լիներ ոլորտում, բայց նա այս ոլորտում փոխնախարար է եղել եւ նաեւ ֆինանսերի գծով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Այս տարիների ընթացքում  չի՞ իմացել, որ գողություն է եղել:

Այս հարցին ի պատասխան նկատեց. «Ոչ, չեմ իմացել, ի՞նչ եք դուք կարծում: Աշխարհում նմանատիպ խնդիրներ կամ խեղումներ միշտ էլ համակարգերն ունենում են: Դա նաեւ դրոշակ է բարձրացնում, որպեսզի մենք անմիջապես ձեռնամուխ լինենք, համակարգը գցենք ավելի նորմալ վիճակի մեջ»:  

Ֆինանսների նորանշանակ նախարարին հարցեր ուղղվեցին ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշների հետ կապված: Վարդան Արամյանը պարզաբանեց, թե կառավարությունն ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները քննարկում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: «Կան տնտեսական աճի տարբեր գնահատականներ՝ 2.2-ից մինչեւ 3,5 տոկոսի սահմաններում, բայց կան հանգամանքներ, որոնց հետ պետք է հաշվի նստենք: Դրանք երկուսն են, որոնք տեղի են ունեցել 2013-ից: Առաջին ցնցումը, որը եղել է տարբեր երկրներում, հետեւյալն է. 2013-ից նկատվեց, որ միջոցները հակառակ ուղղությամբ սկսեցին շարժվել՝ արեւմուտքից արեւելքը դարձավ արեւելքից արեւմուտք: Դա իհարկե, առաջացրեց փոխարժեքի ճնշումներ: Դա բերում է հիմնական ապրանքների շուկաների ճշգրտման: Մենք էլ գլոբուսի վրա ենք ապրում, լուսնի վրա չենք, բնականաբար, մեզ վրա էլ է ազդել»: Երկրորդ գործոնը, նախարարի խոսքով, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն են, որոնք ազդում են Հայաստանի վրա, քանի որ այս երկրները գտնվում են միեւնույն ինտեգրացիոն միավորման մեջ:

Ի դեպ, համապատկերում բանախոսը հրաժարվեց գնահատել նախորդ կառավարության գործունեությունը՝ հավելելով, որ այդպիսով շեղվում են հիմնական գործից, ընկնում են բամբասանքների հետեւից: «Ավելի ճիշտ է իդենտիֆիկացնել խնդիրը, գործիքները եւ մտածել, թե ինչ գործիք է առկա, եւ ինչպես ենք հասնելու խնդիրների լուծմանը»:

Ինչպիսի՞ն պետք է լինի գալիք տարվա պետբյուջեն: «Հայաստանի գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը կազմվելու է այնպես, որպեսզի հարկատուների գումարները խնայողաբար եւ նպատակային օգտագործվեն»,- շեշտեց նախարարը: Նա միաժամանակ հավելեց, թե բյուջեն սովորաբար կառուցվում է՝ ելնելով տնտեսական իրավիճակից, քանի որ բյուջեի մասին օրենքը ոչ միայն ֆինանսական փաստաթուղթ է, «այլեւ դրանով կարողանում ես եղած տնտեսական միջավայրում ազդակներ հաղորդել: Դա պետք է լինի իրատեսական: Եթե քո տնտեսական միջավայրը ներկա պահին բավականին խնդրահարույց է տնտեսական պոտենցիալի տեսանկյունից, եւ դու կառուցում ես բյուջե, որն անիրատեսական է, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ քո երկրի տակ իրականում թաքնված ռումբ դնելը: Դա խիստ վտանգավոր է: Ավելի լավ է հանրությանը բացատրել, թե ինչ կարելի է անել՝ ինչու ենք այս ծախսում պահպանողական, ինչու ենք աննպատակահարմար գտնում այս ծախսը: Սա է լինելու իմ աշխատանքը»,- ամփոփեց Վարդան Արամյանը:

Հնարավո՞ր է, բյուջեի կրճատում լինի: Առայժմ պարզ չէ, բայց որ առաջիկայում շատ ծախսերի կրճատում կլինի, պարզ է: Իմ կարծիքով՝ եթե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշի ամբոխահաճ (պոպուլիստ) չլինել, կարող է շատ հանգիստ կրճատել սոցիալական լիքը ծախսեր: Կասեք՝ թող աշխատատեղ ստեղծեն, ծախսերն էլ կրճատեն: Միանգամից կանխեմ, ճիշտ եք, բայց խոսքս այդ մասին չէ: Խոսքս վերաբերում է հասցեականությանը: Շատ գյուղերում ասենք կով, ոչխարներ, հորթեր, գառներ, հավեր ունեցողը  նպաստ է ստանում իբրեւ սոցիալապես անապահով ընտանիք: Եվ այս կարգի այլ դեպքեր եւս… Այնպես որ՝ հաջող մեկնարկը կարող է հաջող էլ ընթացք ունենալ: Խնդիրը ժողովրդին դուր գալու-չգալու հարցի մեջ է:

Նարե Մշեցյան

Տեսնես՝ ու՞մ հաշվին

Գործադիրի նախորդ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել ու առաջարկություն ներկայացնել գազի եւ էլէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։

Խոսքը վերաբերում էր սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը առավելագույնը նվազեցնելուն (ճիշտ կլինի մտածել այն մասին, որ օրնիբուն աշխատող միջին խավը, որ անապահով չի կոչվում քանզի հպարտությունը թույլ չի տալիս, իրապես ծայրաստիճան անապահով չդառնա,-խմբ.):

Երեկ լրագրողների հետ զրույցում էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը պարզաբանեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նոր մեթոդաբանությունը պետք է ապահովի որոշակի սոցիալական խնդիրների լուծում եւ նաեւ խթանի գործարարությունը:

«Մեթոդաբանությունը, որն այսօր գործում է, -ասաց նախարարը,-հաստատվեց այն ժամանակ, երբ մենք երկրում՝ էներգետիկայի համակարգում, ունեինք լրջագույն խնդիրներ, չվճարումները հասնում էին տասնյակ տոկոսների: Նոր մեթոդաբանությունը, որը պետք է ընտրենք, պետք է ապահովի համակարգի անխափան աշխատանքը, անվտանգությունը, ինչպես նաեւ որոշակի սոցիալական խնդիրներ ու խթանի գործարարությունը»:

Աշոտ Մանուկյանը, սակայն, դժվարացավ հստակ ժամկետ նշել, թե երբ կընդունվի նոր մեթոդաբանությունը:

Նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ ոլորտի զարգացման համար նախանշել է երեք ռազմավարական խնդիր, որոնք պետք է իրականացնի գործունեության ընթացքում: Առաջին ռազմավարական խնդիրն իր համար ատոմակայանի արդիականացման ծրագիրն է, որը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին:

Երկրորդ խնդիրը վերաբերում է ընդերքի համալիր հետազոտությանը:

Երրորդ խնդիրն առնչվում է ավելի արդիական եւ ժամանակակից արտադրող հզորությունների գործարկմանը:

Սեփ, լրատվություն

«Լուսանցք» թիվ 31 (421), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։