Նախարարները գնացին, կեցցե՛ն նախարարները – Ներկայացվեցին առաջին նորանշանակ նախարարները… Հանկարծ հիշեց ազգայինի մասին – Մշակութային արժեքների պահպանման լիազորությունը վերցվեց ցայսօր (հակա)մշակույթի նախարարությունից,…

Նախարարները գնացին, կեցցե՛ն նախարարները

Վարչապետը երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների, գյուղատնտեսության, ֆինանսների, տրանսպորտի եւ կապի նախարարությունների աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Լեւոն Յոլյանին կփոխարինի Աշոտ Մանուկյանը: Կոպիտ ասած՝ սովորաբար «ընդունում-հանձնումը» լինում է նույն բառապաշարի շրջանակում. հինը լավն էր, հուսով ենք՝ կշարունակի իր փորձով օգնել ոլորտին, նորը լավն է, իր փորձը կներդնի եւն:

Փորձեմ ինքս հակիրճ «ընդունում-հանձնում» անել:

Էներգետիկայի նորանշանակին չեմ ճանաչում (գործունեության որոշիչ լինելու առումով), իսկ Լ. Յոլյանը պետք է հեռանար թեկուզ հենց այն վերաբերմունքի համար, որ ցույց էր տվել «Նաիրիտ»-ի վերագործարկման հետ կապված:

Գյուղատնտեսության նորանշանակ նախարարն է Իգնատի Առաքելյանը, փոխարինում է Սերգո Կարապետյանին: Անկեղծ ասած՝ Սերգո Կարապետյանի գործունեության սկզբնական շրջանը չէի հավանում, ավելի ստույգ՝ չէի հասցնում նրա գործունեությունը գնահատել, որովհետեւ նախարարի ու լրագրողների շփումը մի տեսակ չէր ստացվում: Սակայն, հետո այդ ամենը արագ փոխվեց: Թե՛ շփումը ստացվեց, թե՛ ճիշտ աշխատանքը, ինչը բերեց երկու կողմերի արագ ու արդյունավետ փոխգործակցությանը: Ու պարզվեց, որ նախարարը քաջատեղյակ է գյուղատնտեսության խնդիրներին, լուծման ուղիներին, պատասխանատվությամբ առաջադրեց դրանք եւ, որ ամենակարեւորն է, պատասխանատվություն զգաց գյուղի ու գյուղացու հանդեպ: Եվ այո, սա այն դեպքն է, երբ նախարարին ճանապարհելիս խոսքերը հենց այնպես, արարողակարգային չեն հնչում:  

Իսկ նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանի աշխատանքը կգնահատենք ժամանակի ընթացքում:

Ֆինանսների նորանշանակ նախարարն է Վարդան Արամյանը: Նորանշանակ է, բայց նոր չէ, եղել է ֆինանսների փոխնախարար, Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ֆինանսների գծով: Իսկ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը... բնավ պետք չէ, որ իր փորձով օգտակար լինի ոլորտին:

Նույնը մյուս Գագիկի՝ Գագիկ Բեգլարյանի մասով կասեմ: Նա արդեն տրանսպորտի եւ կապի նախկին նախարարն է, ում փոխարինելու է գալիս Վահան Մարտիրոսյանը: Երկու Գագիկները՝ Խաչատրյան եւ Բեգլարյան, ինչքան իրենց փորձով հեռու մեր երկրի համար կարեւորագույն երկու ոլորտներից, այնքան լավ՝ երկրի համար:

Ասում են՝ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմներից է: Անձամբ ինձ համար սա խնդիր չէ, եթե պաշտոնի նշանակվածը մասնագետ է եւ սրտացավ:

Այնքան սրտացավ կլինի՞, որ, օրինակ, հասկանա, թե ինչ կատարվեց Հյուսիս-Հարավ մայրուղու հետ. ի վերջո, ինչքա՞ն գումար մտավ Հայաստան եւ ինչքա՞ն ճանապարհ շինվեց կամ՝ ճանապարհի ո՞ր հատվածները «լվացվեցին»՝ գումարների հետ միասին: Կուսումնասիրի՞, կխոսի՞, այդ դեպքում՝ ում մտերիմն ուզում է լինի, չի՞ խոսի, ուրեմն հասկանալի կլինի նշանակման պատճառը եւ՝ վերջ:

Աստղինե Քարամյան

Հ.Գ. – Չի բացառվում, որ աողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնի Լեւոն Ալթունյանը։ Նա ներկայումս «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր  տնօրենն է: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի հետ արդեն հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին: Լեւոն Ալթունյանը վարչապետ Կարեն Կարապետյանը մանկության ընկերն է եւ մեծ վստահություն ունի նրա մոտ։

Արմեն Ամիրյանին արդեն շնորհավորում են՝ նախարարի պաշտոնն ստանձնելու առթիվ – Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը չեն դադարում սփռվել Որպես Մշակույթի նոր նախարարի պաշտոնի հավանական թեկնածու շրջանառվում է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանի անունը: Պաշտոնական հրամանագիր դեռեւս չկա, բայց սոցիալական ցանցերում արդեն շնորհավորանքներ կան՝ ուղղված Արմեն Ամիրյանին։

Շուշան Սարդարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական – ՀՀ վարչապետի որոշմամբ Շուշան Սարդարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Շուշան Սարդարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:

Հանկարծ հիշեց ազգայինի մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստում ներկայացրեց կառավարության կառուցվածքային մասով առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը:

Ըստ նրա՝ Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է այն օղակը, որն օգնելու է գործարարներին, քննարկելու է նրանց կողմից բարձրացված հարցերը, առարկությունները, առաջարկությունները, նպաստելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը: Վարչապետի խոսքով՝ «էկոնոմիկա» բառը նախարարության անվանումից հանելը, չի նշանակում, որ այդ գործառույթը չի իրականացվելու:

Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս քննարկվում է Գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող Ջրային տնտեսության պետական կոմիտեն Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության համակարգում ներառելու հարցը:

Անդրադառնալով ՏՏ ոլորտին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ոլորտն ունի իր առանձնահատկությունները եւ տրամաբանական է, որ ՏՏ-ին առնչվող հարցերով զբաղվի Տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Բացի այդ, քննարկվում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Տրանսպորտի եւ կապի նախարարությանը միացնելու, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտն Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնելու եւ առանձին կոմիտե ստեղծելու հարցերը:

Ինչ վերաբերում է Քաղաքաշինության նախարարությանը, ապա ըստ կառավարության ղեկավարի, նպատակահարմար է ստեղծել Ճարտարապետության եւ մշակութային արժեքների պահպանման կոմիտե: Կարեն Կարապետյանը հայտնեց նաեւ, որ վերոնշյալ հարցերին, անհրաժեշտության դեպքում, կանդրադառնան կառավարության նոր ծրագիրը ներկայացնելուց հետո:

Երբ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե քաղաքաշինության նախարարությունը վերացվում է եւ ստեղծվում է ճարտարապետության եւ մշակութային արժեքների պահպանման կոմիտե, ընդ որում՝ մշակութային արժեքների պահպանման լիազորությունը վերցվում է մշակույթի նախարարությունից, նախարարը փոթորկվեց: Եվ, ո՜վ զարմանք, խոսեց ազգային մշակույթի շահերից:

«Քաղաքաշինության խնդիրները դնել մի կառույցի մեջ  պատմամշակութային հուշարձանների հետ՝ նշանակում է, որ մենք լուրջ վտանգելու ենք պատմամշակութային ժառանգության պահպանությունը: Ես խնդրում եմ հաշվի առնել իմ ահազանգը՝ մեր ազգային մշակույթի շահերից ելնելով, խնդրում եմ, որ այս հարցը լրջագույնս քննարկվի»:

Սա էր մեր «մշակութային» տիկնոջ խոսքը: Ուզում եմ հարցնել (սպասեք լամ, հետո խնդամ), տիկի՛ն, այդ երբվանի՞ց է ձեզ մտահոգել մշակույթը, այն էլ՝ ազգային մշակույթը: Երբ Զվարթնոցում նախկին վարչապետերից Տիգրան Սարգսյանը կորպորատիվ միջոցառումներ էր կազմակերպում, քարերի հերն անիծում էին, ձեզ փաստեր ու լուսանկարներ էինք ուղարկում, այդ ե՞րբ անհանգստացաք, ցավացիք, ահազանգեցիք, որ հիմա եք ահազանգում: Հնարավո՞ր է Զվարթնոցը ազգային մշակույթի մաս չի եղել, չգիտեմ:

Այդ ե՞րբ եք այնպիսի քայլ արել, որ մշակույթի մարդիկ զգան, որ ոլորտում ազգային քաղաքականություն է տարվում եւ իրենց մասին մտահոգ պատկան մարմին կա:

Վրաստանում հայկական եկեղեցիներն ավերում էին, ահազանգում էինք, որ, որպես նախարար, ձայն բարձրացնենք, ասում էիք՝ գնացել եմ-եկել, այդպիսի բան չկա: Իհարկե, չէր լինի, որովհետեւ ձեզ այդպես էր ձեռնտու, ձեզ ավելորդ գլխացավանք պետք չէր: Հետո մամուլն էր բարկացած գրում, ասում էիք՝ վրացական կողմից ձեզ վստահեցրել են, որ… Եվ այդպես շարունակ:

Այսքան տարվա մշակույթի նախարար եք, այդպես էլ չհասկացանք՝ ինչ եք ուզում, ինչ ուղղով եք տանում, զարգացման ինչ ճանապարհ եք բռնել: Ոչինչ չեք արել միջազգային հարթակում  ազգային քաղաքականությունը հստակ ամրապնդելու ուղղությամբ: Ձեր շուրջբոլորը ոլորտի կարկառունները չեն հավաքվել, դրա համար էլ մենակ եք մնացել՝ ձեր պաշտոնական աթոռին ու գրասեղանի առջեւ՝ թղթերի կույտի մեջ: Հոգի չեք դրել, ջանք չեք թափել, իսկ այսօր… ազգայինից եք խոսում:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 31 (421), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։