Կառավարությունը կազմաքանդվեց. արդյո՞ք կնորանա կազմն ու գործելաոճը – Փաստացի, Սերժ Սարգսյանն է Կարեն Կարապետյանի միջոցով գնում բարեփոխումների եւ կառավարության ներսում իրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհով…

Ըստ քաղաքական ուժերի տեսակետների, որը հիմնականում դրական է, ընդգծվում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի արհեստավարժ լինելը, նրա աշխատանքային արդյունավետ փորձը եւ հնարավորությունները Հայաստանում վստահելի պաշտոնյա դառնալու:

Մեր քաղաքացիները, եթե անգամ ծանոթ չէին նորանշանակ վարչապետի կյանքին ու գործունեությանը, այնուամենայնիվ, փոփոխության կողմնակից էին, մեր թղթակիցների հետ զրույցներում նրանք նշում էին, որ միակ ցանկությունն այն է, որպեսզի լինի աշխատանք եւ սոցիալական արդարություն, այլապես արտագաղթը չի կանգնեցնի ուժգնացող ընթացքը: Ոմանք էլ ձեռքներն էին թափ տալիս, թե ժամանակը ցույց կտա:

Ըստ որոշ տեղեկությունների, Կարեն Կարապետյանի նշանակումը լուրջ հույսեր է արթնացրել նաեւ Հայաստանից հեռացած շատ գործարարների մոտ: Ոմանք արդեն մտորում են գալ Հայաստան եւ ինչ-որ բան ձեռնարկել: Ըստ ամենայնի, նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած՝ ամբողջ հայության ներուժն օգտագործելու գաղափարը կարող է կյանքի կոչվել, եթե իհարկե ամեն բան ընթանա ըստ օրենքների, նաեւ տրված խոստումների առողջ տրամաբանության: Գուցե այս համապատկերում էր Կարեն Կարապետյանը խոստանում, թե բիզնես չի խլվի…

Օրերս Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը կառավարության օգնությանն էր դիմել, որպեսզի նպաստեն  իր աշխատանքների կարգավորմանը, որի չլինելու դեպքում նա կարտագաղթի Հայաստանից։ Նա մեկ շաբաթ էր տվել Կարեն Կարապետյանին, որից հետո իրեն անգամ տնտեսական ընդդիմություն պիտի հռչակեր ու հեռանար: Նշված գործարանը 3 տարում 6,5 միլիոն դոլարի պարտք է փակել Առքեսիմբանկում ու այլեւս չի կարողանում պարտավորությունները կատարել։ 450 աշխատողից գործարանում այժմ 5 հոգի է մնացել։ «Հին վարչապետն ընդունել է 3 անգամ, մեկ էլ այս նոր էկոնոմիկայի նախարարն ընդունեց, բայց այնպիսի տպավորություն է, որ իրենց ձեռքը ոչինչ չկա, գնում՝ փակուղու են հանդիպում»,- ասել է Արմենակ Խաչատրյանը, ով հույս ունի, որ նոր կառավարությունը կօգնի իրեն՝ փրկելու գործարանը։  

Վարչապետը դեռ պետք է գործով ապացուցի երկրի ներքաղաքական կյանքի վրա իր ազդեցության աստիճանը. կարծում են վերլուծաբանները: Նրանց կարծիքով, միեւնույն ժամանակ, եթե Կարեն Կարապետյանին չհաջողվի հաջորդ ամիսների ընթացքում ինքնուրույն քաղաքական գործոն դառնալ, ապա խորհրդարանական ընտրություններից հետո նա կարող է փոխարինվել վարչապետի պաշտոնում: Իսկ 2017թ. ընտրություններից հետո վարչապետը կդառնա երկրի թիվ մեկ դեմքը:

Հիմնականում այն կարծիքն է իշխում, որ նորանշանակ վարչապետը նշանակվել է, որպեսզի նորարարություններով ու կադրային փոփոխություններով նպաստի խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացմանը: Չնայած նա բարեփոխումներ իրականացնողը չէ իրականում, բայց ունի աջակցություն եւ այն ստացել է երկրի նախագահից: Փաստացի, Սերժ Սարգսյանն է Կարեն Կարապետյանի միջոցով գնում բարեփոխումների եւ կառավարության ներսում իրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհով:

Այսինքն՝ վարչապետի նշանակումը նախընտրական շրջանի համապատկերում է դիտարկվում, որ նա սկզբնական շրջանում արագ կբարձրացնի կառավարության վարկանիշը, քանզի տարբերվում է նախկինից՝ իրապես կրթություն ունի, կարողանում է գրագետ արտահայտվել, լավ կեցվածք ունի եւ չունի վատ համբավ: Իզուր չէ, որ անգամ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնում դեռ չի քննարկվում Հովիկ Աբրահամյանի նշանակման հարցը, ինչը նախորդ ընտրությունների ժամանակ գրեթե անքննելի էր: Հովիկ Աբրահամյանին անգամ հասկացրել են, որ բարձր պաշտոնի հավակնություններ չունենա:

Այնուամենայնիվ, երկրի ներսում էական փոփոխությունների հասնել հնարավոր է, կարծում են նաեւ մեր քաղաքացիները: Սակայն ոչ թե նոր նշանակումների միջոցով, ինչը նույնպես կարեւոր է, այլ՝  ազատ եւ արդար ընտրությունների, ինչը կարող է միավորել բոլոր հայերին, նաեւ սփյուռքի: Իսկ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կարծես  փորձում է գնալ այս ճանապարհով եւ խորհրդարանական ընտրություններից հետո, գոնե որոշակի բարեփոխված ու հավատ ներշնչող Հայաստանում ստանձնելով վարչապետի պաշտոնը (կամ՝ դա թողնելով վստահելի մի անձի):

Բայց մինչ այս, նորանշանակ վարչապետն ասել էր, որ իր կառավարությունը կսկսի ձեւավորել նշանակումից մեկ շաբաթ հետո, ինչն առնչվում էր մի հարսանիքի հետ, որին մասնակցելու էր իշխանական ամբողջ վերնախավը, նաեւ նախարարներն ու պատգամավորները: Այսինքն՝ կառավարության ձեւավորումը փաստորեն սկսվեց Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքից հետո, որպեսզի մասնակիցները դեռ լավ տրամադրության մեջ լինեն, թե դեռ կարող են վերանշանակվել, այդ թվում՝ Գագիկ Բեգլարյանը: Թեեւ նա արդեն գիտեր, որ չի վերանշանակվելու, դրա համար էլ այնպես էր արել, որ վարչապետը մյուսների պես հերթում սպասի՝ արտահերթ չմտնելով հարսանիքի: Վարչապետը սպասեց՝ դրանով ավելի վատ վիճակի մեջ գցելով կառավարության անդամներին՝ ցույց տալով այս կարգի հարցերում իր բարդույթավորված չլինելը: Հետո ասաց իր ասելիքը (տե՛ս ստորեւ):

Նախ՝ կվերացվի «պրիմիտիվ գողությունը»: Կառավարության երեկվա նիստում երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցում էր ավիատոմսերի գնման ոլորտում հիմնարար փոփոխությունների ու կարգավորումների մասին, որոնք կբացառեն կոռուպցիոն ռիսկերն այդ ոլորտում, վարչապետը այսպիսի մի դիտողություն է արել. «Հանձնարարական՝ մենք բավական բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պարզունակ գողությունը վերացնենք: Ձեր համակարգերում այդ ամենը պիտի կարգի բերեք: Տոմսի վրայի գողությունը… ինձ որ պատմում են՝ ինչ ձեւեր են գործածվում, ուղղակի ֆանտաստիկ է: Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ արդյունքը շատ ավելի լավը կլիներ»:

Շատ ավելի լավ լինելու համար վարչապետը կառուցվածքային փոփոխություններ է նախաձեռնել: Դեմ չենք, արդյունավետ փոփոխություններն ընդհանրապես նպաստում են արդյունավետ աշխատանքին, բայց եթե պատասխանատուները լավ չաշխատեցին, կստացվի՝ փոփոխություններն ինքնանպատակ են:

Ինչեւէ,«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հավանության արժանացավ, որ կքննարկվի սեպտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստում:

Այսպիսով, քաղաքաշինության նախարարությունը կվերանա եւ կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե, իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվեցին:

Ներկայացնենք նոր անվանումները:

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,

2) առողջապահության նախարարություն,

3) արդարադատության նախարարություն,

4) արտաքին գործերի նախարարություն,

5) արտակարգ իրավիճակների նախարարություն,

6) բնապահպանության նախարարություն,

7) գյուղատնտեսության նախարարություն,

8) ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, (էկոնոմիկայի նախարարության փոխարեն)

9) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար (էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության փոխարեն).

10) կրթության եւ գիտության նախարարություն,

11) մշակույթի նախարարություն,

12) պաշտպանության նախարարություն,

13) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն,

14) սփյուռքի նախարարություն,

15) տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն,

16) տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն,

17) ֆինանսների նախարարություն,

18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար,

19) միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:

Տեսակետ կա, որ կառավարությունում կադրային փոփոխությունների հաջորդ քայլն ավելի ուժգին է լինելու, որ այն հասնելու է նաեւ մարզեր ու որոշ մարզպետներ եւս հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: Հիշեցնենք, որ կառավարության ձեւավորումից հետո, օրենքով սահմանված կարգով, 20-օրյա ժամկետում պետք է Աժ ներկայացվի կառավարության ծրագիրը, ինչը եւս կարժանանա հատուկ ուշադրության:

Վարչապետը նորանշանակ նախարարներից ակնկալում է իրական, շատ համարձակ, «ագրեսիվ» քայլեր:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 31 (421), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։