Բաքուն Վատիկանին դեռ համոզում է, բայց Հռոմի պապը հաստատուն է – Պապը չի այցելի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձան եւ չի օգտվի ադրբեջանական խոհանոցից… Ռուսաստանի կովկասյան զորավարժությունները – Ռուսական զինուժը պիտի պարտրաստ լինի չեզոքացնել հնարավոր վտանգները…

Բաքուն Վատիկանին դեռ համոզում է, բայց Հռոմի պապը հաստատուն է

Հոկտեմբերի 2-ի առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Կովկաս՝ իր երկրորդ հովվապետական այցի շրջանակներում Թբիլիսիից կժամանի Բաքու: Ինքնաթիռը վայրէջք կկատարի ժամը 9.30-ին, եւ Պապն անմիջապես կուղեւորվի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի:

Ծիսական մի շարք արարողությունները կտեւեն շուրջ 6 ժամ, այդ ընթացքում կտրվի ճաշ, բայց առանց ադրբեջանցիների մասնակցության, կլինեն միայն եկեղեցու կաթոլիկ համայնքի ներկայացուցիչները:

Այդ այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իլհամ Ալիեւի հետ կհանդիպի 45 րոպեով, իսկ Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլաշուքյուր Փաշազադեի հետ՝ 15 րոպեով:

Այս մասին արդեն 2 ամիս է, ինչ խոսում են Բաքվում: Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի փոխեն Հռոմի պապի այցելության գրաֆիկը, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել: Ադրբեջանի նախագահի բոլոր փորձերը տապալվեցին. նա չկարողացավ Վատիկանին համոզել, որ Պապն այցելի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձան:

Վատիկանը հրաժարվել է նաեւ ադրբեջանական խոհանոցի բարիքներից՝ պատճառաբանելով, թե Ֆրանցիսկոսը տարեց մարդ է եւ ամեն ինչ չի ուտում: 

Բաքվում մտադիր են փորձել Հռոմի պապի հետ արծարծել Լեռնային Ղարաբաղի թեման, սակայն, ըստ նախնական տվյալների, Հռոմի պապը Ադրբեջանի նախագահի հետ չի քննարկելու նաեւ այդ հարցը:

Թերեւս կանի խաղաղասիրական հայտարարություններ, ինչքան էլ ադրբեջանական իշխանությունները փորձեն հակահայկական որեւէ ձեւակերպում «պոկել» այդ հանդիպումից: Կարծում ենք՝ Բաքվում չեն մոռանա նաեւ եղբայր թուրքերին որոշ մտահոգող հարցեր արծարծել, ինչը եւս կձախողվի հաստատապես:

Ադրբեջանում Հռոմի պապի անվտանգությունը կապահովեն Վատիկանի անվտանգության մարմինները:

Ռուսաստանի կովկասյան զորավարժությունները

Հետաքրքիր է, որ հայ-ադրբեջանական ռազմա-քաղաքական ծավալումների համապատկերին Ռուսաստանի հարավում օրերս մեկնարկեցին «Կովկաս-2016» լայնամասշտաբ զորավարժությունները: Երկրի Հարավային եւ հյուսիսկովկասյան դաշնային շրջաններում իրականացվող մանեւրներին մասնակցում է մոտ 12,5 հազար զինծառայող: Ավելի վաղ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, թե ներկայումս առկա բավական բարդ միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում կարեւոր է զորավարժությունների ժամանակ գնահատել հարավ արեւմտյան ռազմավարական ուղղության վրա «ազգային շահերը պաշտպանելու հնարավորությունները»:

Ռազմական վերլուծաբան Վիկտոր Լիտովկինի կարծիքով՝ զորավարժությունների հիմնական նպատակը զինված ուժերի տարբեր տեսակների համագործակցության ստուգում է՝ անկախ այն հանգամանքից, թե ով կարող է լինել «հավանական թշնամին»: «Այստեղից հեռու չեն Սիրիան եւ «Իսլամական պետության» զինյալները, Թուրքիան Քրդական աշխատավորական կուսակցության եւ «Իսլամական պետության» զինյալների դեմ իր պայքարով: Այստեղ է նաեւ Իրաքը, որտեղ չեն դադարում ահաբեկչական գործողությունները եւ շիաների ու սուննիների միջեւ ռազմական գործողությունները: Այստեղ է նաեւ Ուկրաինան՝ երկրի արեւելքում իր հիմնախնդիրներով: Այստեղ են եւ ՆԱՏՕ-ական նավերը իրենց «Տոմգավկներով» ու ՀՕՊ համակարգերով, որոնք անընդհատ մուտք են գործում Սեւ ծով եւ շրջում են մեր պետական ջրային տարածքների մոտակայքում: Այստեղ  նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ԻՊ-ի հետ կապված տարբեր հանցագործների՝ Հյուսիսային Կովկասում եւ Դաղստանում խաղաղությունը խաթարելու փորձերը»,- նշել է Վիկտոր Լիտովկինը: Նրա կարծիքով՝ ՌԴ զինված ուժերը պետք է պարտրաստ լինեն չոզոքացնել հնարավոր վտանգները եւ կանխարգելել լայնամասշտաբ հակամարտությունների ծագումը:

«Լուսանցք» թիվ 31 (421), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։