Հայոց նորագույն պետականության 25-ամյակն ու զենքի ուժը – Դեռ զինվորական շքերթի փորձերին առաջին անգամ ցուցադրվեց հայտնի «Իսկանդեր»-ը, որից այդքան վախենում են Բաքվում եւ Անկարայում… Ադրբեջանի ցանկացած թիրախ ոչնչացման վտանգի տակ է…

Հայաստանի 3-րդ  Հանրապետության անկախության 25-ամյակն անցնում է նոր փորձություններով ու գրվում են նոր հերոսական էջեր: Հատկապես հիշարժան են ապրիլի քառօրյա պատերազմի օրերը, երբ հայ զինվորը վերստին հաստատեց իր նվիրվածությունը երկրին ու ազգին: Հայկական զինուժը կանգնեցրեց ադրբեջանական լայնածավալ, զորքով ու զինտեխնիկայով բազմազան հարձակումը Արցախի հետ սահմանների ամբողջ երկայնքով՝ տալով արժանի հակահարված եւ համարժեք պատասխան: Այն դեպքում, երբ թշնամին գերազանցում էր զորաքանակով եւ տեխնիկայի հագեցվածությամբ:

Այս էջերը միաժամանակ եւ՛ Հայաստանի եւ՛ Արցախի Հանրապետությունների անկախության սեփականությունն են, քանզի դեռ ԽՍՀՄ-ական տարիներին ինչպես ՀԽՍՀ-ն՝ Խորհրդային Հայաստանը, որպես միութենական 15 հանրապետություններից մեկը, այնպես էլ ԼՂԻՄ-ը՝ Ադրբեջանի ԽՍՀ կազմից անկախացած ինքնավար մարզերից մեկը, միաժամանակ բռնեցին անկախացման ճանապարհը: Ճիշտ է՝ մինչեւ Խորհրդային Միության կազմաքանդումը հայկական պետությունները նաեւ վերամիավորվելու խորհրդարանական որոշումներ կայացրեցին եւ փաստացի վերամիավորվեցին, սակայն իրավական տեսանկյունից, միջազգային ասպարեզում մնացին որպես առանձին պետություններ՝ ճանաչված եւ չճանաչված:

Այսօր էլ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները 25 տարեկան են, եւ փաստացի վերամիավորումը դեռ չեն հասցրել իրավական ավարտի:  

Այս տոնի առթիվ, մինչեւ սեպտեմբերի 21-ը, մայրաքաղաքի հրապարակում զորահանդեսի փորձեր եղան: Չնայած այդ փորձերի ժամանակ առաջացան նաեւ դժվարություններ, որոշ փողոցներ ժամերով փակվում էին (ի դեպ, նախապես զգուշացված էր), տրանսպորտային խցանումներ էին առաջանում ու նաեւ այդ պահին դժգոհություններ, բայց մարդիկ հենց նկատում էին զինվորներով լցված մեքենաները, զինտեխնիկան, գրեթե բոլորի դեմքին ժպիտ էր գալիս. ձեռքերով ու բացականչություններով ողջունում էին՝ մարդիկ իրենց ապահով ու պաշտպանված էին զգում…

Զինվորական շքերթի փորձերին արդեն իսկ ամենատարբեր զինտեխնիկայի կողքին առաջին անգամ ցուցադրվեց հայտնի «Իսկանդեր»-ը, որից այդքան վախենում են Բաքվում: «Իսկանդեր M»-ը այն զինատեսակն է, որը ցուցադրելն արդեն իսկ մեծ նշանակություն ունի, այս մասին խոսում էին ոչ միայն Հայաստանում, այն օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր է: Թեեւ մեր  պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին, հայաստանյան փորձագետները վստահեցնում են՝ այո, դա ճիշտ այն զինատեսակն է, որից ամբողջ աշխարհում Ռուսաստանից հետո ունի նաեւ Հայաստանը։ «Ես տեղյակ էի, որ արդեն բավականին երկար ժամանակ այդ եւ որոշ այլ նոր զինատեսակներ գտնվում են Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունում»,- «Ազատության» հետ զրույցում ասել է փորձագետ Սերգեյ Մինասյանը: Հայաստանի նման երկրի համար դա ռազմավարական նշանակության զինատեսակ է։ Դրանով հնարավոր է խոցել ռազմավարական մեծ նշանակություն ունեցող թիրախներ՝ սկսած հրամանատարականից, վերջացրած՝ էներգետիկ նշանակության։

Այս զինատեսակը ունի եւ՛ քաղաքական՝ որպես զսպման ռազմավարության իրականացման գործոն, եւ՛ հատուկ ռազմական, նշում են փորձագետները: Սա կարեւոր գործոն է, որը կարող է զսպել Ադրբեջանին ռազմավարական մակարդակով ինչ-որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումից: Հայաստանին «Իսկանդեր» տրամադրելու որոշումը ռուսական կողմն ընդունել էր՝ հաշվի առնելով ռազմական բալանսի պահպանումը։ Եվ եթե անգամ Ռուսաստանն Ադրբեջանին էլ նման զինտեխնիկա տրամադրի, դա կլինի միայն այն դեպքում, եթե հայ-ռուսական հարաբերություններում կտրուկ վատացում լինի։ Չնայած՝ Իրանին վաղուց տրամադրվելիք հակաօդային C-300 հայտնի զինտեխնիկան այդպես էլ չտրվեց, ինչը քայլ էր լինելու ընդդեմ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային քաղաքականության, սակայն ցայսօր մնում է միայն խաղաթուղթ՝ Մոսկվայի ձեռքին: Անգամ իրանական կողմը մտադիր էր միջազգային ատյաններում բողոքարկել այդ հարցով կնքած ռուս-իրանական պայմանագրի խախտումը: Սակայն, ռուսական կողմը կրկին համաձայնեց անդրադառնալ C-300 ՀՕՊ-ի վաճառքին, բայց դեռ հայտնի չէ՝ ինչ ավարտ կլինի:

Ըստ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ «Իսկանդեր M»-ը այն զինատեսակն է, որը ցուցադրելն անգամ իսկապես ազդեցիկ նշանակություն ունի: «Եթե հակառակորդը տեղեկանա այն մասին (արդեն տեղեկացված էր ու շատ զայրացած,-խմբ.), որ այդպիսի զինատեսակ կա Հայաստանում, ռազմական գործողությունների ժամանակ հարաբերություններն արդեն բոլորովին այլ կլինեն»,- ասել է նա:

Բաքուն իսկապես մտահոգված է, ադրբեջանական զլմ-ները եւս գրում են, որ Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում՝ Ռուսաստանից հետո, որ «Իսկանդեր» ունի: Միանշանակ է, որ հայկական զինված ուժերն այսօր առավել մարտունակ են եւ ամենահզորն են Այսրկովկասում: Այս փաստը լայնորեն քննարկվում է նաեւ արտերկրի մամուլում: Մասնավորապես, Regnum-ում հրապարակված«Հայաստանն «Իսկանդեր» ունի, Ադրբեջանը կարող է մոռանալ Ղարաբաղի մասին» վերտառությամբ հոդվածում նշված է. «Հայաստանը միակ երկիրն է, որին Ռուսաստանը համաձայնել է վաճառել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Օրինակ, Սաուդյան Արաբիան արդեն քանի տարի է, փորձում է այն ձեռք բերել, սակայն բազմիցս հնչել են հայտարարություններ, թե համալիրը չի արտահանվելու: Այս դեպքում, ամենամոտ դաշնակցի համար բացառություն է արվել»:

«Իսկանդեր»-ն, ըստ ամենայնի, Հայաստան  մատակարարվել է արտահանման համար նախատեսված տարբերակով, հրթիռի հեռահարությունը կրճատվել է 500 կմ-ից մինչեւ 280-300 կմ, քանի որ 300 կմ հեռավորությունից ավելի թռչող հրթիռների արտահանումն արգելված է միջազգային պայմանագրերով: Բայց, Հայաստանի դեպքում այս հանգամանքը այնքան էլ էական չէ, քանի որ 300 կմ հեռավորությունը լիովին բավարար է տարածքում հիմնական պոտենցիալ թշնամու՝ Ադրբեջանի ցանկացած թիրախ ոչնչացնելու համար: Գերբարձր ճշտությունը (շրջանաձեւ հավանական շեղումը 10-30 մ է) եւ հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգերից լիարժեք պաշտպանությունը թույլ է տալիս ոչնչացնել ցանկացած թիրախ: Սա չի կարող հանգիստ թողնել Ադրբեջանի ղեկավարությանը, եթե հանկարծ Արցախի ուղղությամբ՝ նոր լայնամասշտաբ պատերազմ ձեռնարկվի: Հատկապես, որ ինչպես Հայաստանի նախագահը, այնպես էլ Արցախի, հայտարարել են, որ մյուս անգամ պատասխանն այլ է լինելու եւ չի բացառվում, որ հայկական զինուժը անցնի պատասխան հարվածների: Բաքվում եւս խոսում են, որ այս դեպքում կոչնչնացվեն առանցքային շտաբներ, հնարավոր է նաեւ՝ կարեւորագույն ենթակառուցվածքներ, այդ թվում՝ նավթի, գազի, ինչը կարող է կասեցնել Ադրբեջանից Եվրոպա գնացող բոլոր նավթա-գազային արտահանումները:

Ընդ որում՝ հնարավոր կլինի հարվածել Ադրբեջանի ցանկացած կետի: Ադրբեջանական բանակի բարձրագույն հրամանատարությունը ապահովության զգացում չի կարող ունենալ եւ «Իսկանդեր»-ի մատակարարումը Հայաստանին ունի հատկապես խաղաղապահ գործառույթ, այն մեծապես նվազեցնում է պատերազմի վերսկսման հավանականությունը:

Եվ այսպես, Հայաստանի 3-րդ Հանրապետության 25-ամյակին նորագույն ռազմական տեխնիկայի ցուցադրումը տագնապ է առաջացրել Ադրբեջանում, Թուրքիայում: Ադրբեջանի զինուժի պաշտոնաթող գնդապետ Շաիր Ռամալդանովը հայտարարել է, թե Ադրբեջանը ռազմական տեխնիկայի ու սպառազինության որակի ու քանակի առումով զգալիորեն գերազանցում է Հայաստանին՝ փորձելով կանգնեցնել հետզհետե ուժգնացող խուճապը ադրբեջանական բանակում. «Նույնիսկ եթե ենթադրենք, որ Հայաստանն ունի «Իսկանդեր» հրթիռային համալիր, դա չի կարող խաթարել տարածաշրջանում Ադրբեջանի ռազմական գերակշռությունը»,- ասել է haqqin.az-ին:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 31 (421), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։