Անկախությունն ու ազատությունը բնածին են – Մեր ու մեր երկրի անկախությունը 25 տարեկան չէ, պարզապես մենք վերահաստատել ենք այն՝ հարյուրամյակներ անց վերականգնած մեր հայրենի տարածքի մի հատվածում… Ուրեմն՝ 25 տարի առաջ վերականգնվե՛ց հայոց դարավոր պետականությունը…

…ինչպես հայ արիականներն են ասում, կարիք չկա, այն էլ պետականորեն, «փոքրանալ» այսօրվա ընդամենը մի քանի հարյուրամյակի կամ տասնամյակի պատմություն ունեցող անհայրենիք ազգերի ստեղծած արհեստական երկրների օրինակների առջեւ…

* * *

«Լուսանցք»-ը միշտ պաշտպանել է հայ ազգայնականների այն տեսակետը, որ մենք՝ հայերս, իրավունք չունենք խոսելու մեր անկախության ձեռքբերման մեկ կամ մի քանի տասնյակ տարիների մասին, քանզի առնվազն անհասկանալի է նման ձեւակերպումը՝ հազարամյակների պատմություն ունեցող ազգի համար: Երբ հայերն արարվեցին ու բնականորեն ապրեցին անկախ աստվածատուր երկրում՝ Հայք-Հայաստանում՝ Հայկական լեռնաշխարհում, ապրեցին որպես բնածին ազատ ազգ եւ ազատ մարդ էակներ, շատ քիչ ազգեր ու երկրներ կային այդ ժամանակ… Անգամ մի քանի հազարամյակ անց մատների վրա կարելի էր հաշվել ազգերն ու երկրները:

Իսկ այսօր մենք պետական ամենաբարձր մակարդակով խոսում ենք մեր 25-ամյա անկախության ձեռքբերմոն մասին: Նաեւ նախագահ Սերժ Սարգսյանն իր տոնական ելույթում նշեց, թե չնայած մենք 25-ամյա անկախ երկիր ենք, սակայն ունենք ձեռքբերումներ, անկախ այն հանգամանքից, որ որոշ առումներով դեռ հետ ենք մնում մի քանի հարյուրամյակի անկախության պատմություն ունեցող երկրներից… Դարձյալ հղում անելով հայ ազգայնականներին, նշենք. «Երբ Հայկ Նահապետն էր վերականգնում անկախությունը Հայքում եւ հայերի ազատությունը Տիտանյան Բելից, որտե՞ղ էին եվրա կամ ռուսա ժողովրդավարները: Երբ հազարամյակներ առաջ հայերը ժողովրդական ժողովներ էին անում եւ այդ «հանրաքվեն» հաստատում էր «ձայն բազմաց՝ ձայն աստծո» իրավունքը, հաստատ «ընտրատեղամասերում» չէին նկատվել այսօրվա եվրա կամ ռուսա ժողովրդավարները: Նրանք չկային նաեւ հայոց իշխանաց կամ ավագների ժողովներին, երբ պետական ու ազգային կարեւորագույն հայցեր էին լուծումներ ստանում, անգամ քաղաքային (ժամանակի տեղական ինքնակառավարման) իշխանությունների ձեւավորման ժամանակ չկային…  

Բայց, երբ այս խնդիրը դիտարկում են օրվա տեսանկյունից, թվում է ամեն բան ճիշտ է ասվում, սակայն այդ տրամաբանությամբ Հայաստանն ու հայությունը եւս պիտի 25 տարվա կյանքից խոսեն, իսկ մնացյալ հազարամյակները համարեն անցյալ եւ այն էլ անվերադարձ: Բայց չէ՞ որ մենք պայքարում ենք մեր բնատուր հայրենիքի վերատիրման համար (ոմանք արդեն այն պատմական են համարում՝ հենց վերոնշյալ տեսակետին հենվելով), մեր հայրենիքի ու ազգի անկախ ու ազատ բնական վիճակը վերականգնելու համար: Այսինքն՝ մենք պայքարում ենք մեր անկախության վերակերտման համար: Եվ մեր անկախությունը 25 տարեկան չէ, պարզապես մենք վերահաստատել ենք այն հարյուրամյակներ անց վերականգնած մեր հայրենի տարածքի մի հատվածում՝ Հայաստանի Հանրապետությունում:

Ուստի՝ ինչպես հայ արիականներն են ասում, կարիք չկա, այն էլ պետականորեն, «փոքրանալ» այսօրվա ընդամենը մի քանի հարյուրամյակի կամ տասնամյակի պատմություն ունեցող անհայրենիք ազգերի ստեղծած արհեստական երկրների օրինակների առջեւ: Հատկապես, որ այդ օրինակները, արժեքային համակարգերը չեն բխեցվում բնախոսական, ազգային ու համամարդկային իրական՝ արարչաբնույթ-աստվածային որակներից: Այս օրինակելի համարվող պետությունները կամ անծագում ազգերը ստեղծվում ու կործանվում են հենց մի քանի հարյուրամյակների (երբեմն հազարամյակի են ձգում, պարզապես անունները պահպանելով, երբ արհեստական լինելով հանդերձ նաեւ գենախեղվում են ու ձուլվում) ընթացքում, իսկ մենք պահպանում ենք մեր գենետիկ տեսակը, ուրեմնեւ՝ մեր անկախության ու ազատության հիմքերը: Հենց այդ հիմքերի վրա է, որ 25 տարի առաջ վերականգնվեց հայոց պետականությունը:

Եվ զարմանալի, բայց հաճելի էր, որ նման տեսակետ հայտնեց նաեւ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի օրը: Նա հայտարարեց, որ ոչ թե նշում ենք անկախության 25-րդ տարին, այլ՝ վերանկախացման 25-րդ տարին: Որպես պատմաբան ընդգծել է, որ սա շատերի մոտ մտայնություն է առաջ բերում, որ մենք վերջին 25 տարվա ընթացքում ենք անկախ եղել: «Անկախությունը մենք նորագույն ժամանակներում վերականգնել ենք 1918թ. մայիսի 28-ին եւ այդ անկախության խորհուրդը փոխանցվել է նույնիսկ Խորհրդային Հայաստանին, 2-րդ Հանրապետությանը, 3-րդ Հանրապետությունը հանդիսացել է 1-ինի եւ 2-րդի օրգանական շարունակությունը»,- ասել է պատմաբանը:

Մեզանում տխուր այլ դեպքեր էլ են արձանագրվել: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը անկախություն բառի ամեն արծարծման ժամանակ հիշեցնում է, որ այդ բառի գործածումը իր հեղինակային իրավունքն է:

Խորհրդային Միության տարիներին Հայաստանի անկախության համար հաստատ միակ պայքարողը եւ միակ քաղբանտարկյալը նա չի եղել, բայց չգիտես ինչու այս գործչի մոտ անկախություն եւ ազատություն երեւույթների նկատմամբ մթագնած սեփականատիրական նկրտումներ կան: Նույնը՝ մի քիչ այլ տարբերակով նախկին ՀՀՇ-ականների մոտ է, այն համոզմունքն ունեն, թե Հայաստանի 3-րդ Հանրապետության ստեղծումը իրենց կազմակերպության մենաշնորհն է…

Երեւի կարճ հիշողությունն է պատճառը, որ տասնյակ հազարավոր ոչ ՀՀՇ-ականներ, բայց իրապես հայերի վաստակը «ջուրն է տարել»: Մի նման տխուր երեւույթից կարծես թե փրկվեցինք, կարելի է անցյալ համարել: Երբ ՀՅԴ-ն դեռ միայն սփյուռքյան կազմակերպություն էր, հստակ դավանում էր մի տեսության, թե «ով դաշնակ չէ, նա հայ չէ»… Բայց հաստատվելով Հայաստանում, երեւի թե նկատեցին բազմաթիվ ոչ դաշնակցական հայերի ու թերեւս ավելի նվիրյալ:

Կարծում ենք՝ մեր երկրի նախագահից մինչեւ ամենապարզ քաղաքացին պիտի առաջնորդվեն ոչ միայն ներկայով, այլեւ մեր կողքից քայլող անցյալով ու դեպի ապագա գնացող նպատակներով: Հանրահայտ է՝ անքակտելի են անցյալը, ներկան ու ապագան: Եվ այն ազգը, որն անցյալ չունի, անապագա է, քանզի կորչելու է ներկայի մերթ նպաստավոր, մերթ սպառնացող հորձանուտներում, քանզի զուրկ է հիշողության զորավոր հենքից եւ արմատին կանգնած դեպի ապագա գնացող նպատակից:

Մեր անցյալը մեր փորձն է ու ներկայի ուղեցույցը: Իսկ մեր ապագան կախված է մեր ընտրությունից՝ ազգայի՛ն, թե ապազգայի՛ն…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 31 (421), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։