Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Երեւանի «Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի սուպերգավաթակիր… Հին մրցակիցների նոր մրցամարտը… Բարձրագույն խումբ.- ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հայաստանի ֆուտբոլի 1-ին խումբ… Ազգային հավաքականը պատրաստվում է… Շախմատային համայնապատկեր… Մարզական այլ լուրեր…

Երեւանի «Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի սուպերգավաթակիր

Երեւանի «Ալաշկերտ»-ը ֆուտբոլի 2016թ. չեմպիոնի կոչմանն ավելացրեց եւս մեկը: «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստանի սուպերգավաթի խաղում ալաշկերտցիները հանդիպեցին հանրապետության գավաթակիր Երեւանի «Բանանց»-ի հետ:

Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 Ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Աբրահամ Խաշմանյանի սաները՝ 2:1: Այդպիսով, «Ալաշկերտ»-ն առաջին իսկ փորձից նվաճեց Հայաստանի սուպերգավաթը, որը մինչեւ մյուս տարվա սեպտեմբերի 24-ը կպահպանվի ակումբի նստավայրում:

Հին մրցակիցների նոր մրցամարտը՝ «Կոտայք»-«Շիրակ»

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը գավաթի նոր խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում մրցեց 1-ին խմբում հանդես եկող «Կոտայք»-ի հետ: Աբովյանում կայացած հանդիպումն անակնկալ ավարտ ունեցավ: Ավելի բարձր կարգ ունեցող շիրակցիներն այդպես էլ չկարողացան գրավել այս տարի վերաբացված թիմի դարպասը: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, որը ձեռնտու է «Շիրակ»-ին, որը երկրորդ խաղն անցկացնելու է սեփական դաշտում: Այդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ տարիներին «Կոտայք»-ն ու «Շիրակ»-ը այդ երկրի ֆուտբոլի 1-ին լիգայի խմբերից մեկում էին հանդես գալիս եւ անհաշտ մրցակիցներ էին: Իհարկե այն տարիներին ավելի բարձր կարգ ուներ «Կոտայք»-ը. որը, մինչեւ ԽՍՀՄ փլուզումը մի քանի անգամ մոտ էր ԽՍՀՄ ֆուտբոլի բարձրագույն խումբ մտնելու եւ Երեւանի «Արարատ»-ին ընկերակցելու համար, սակայն մրցավարական միջամտությունները Հայաստանի 2-րդ թիմին այդպես էլ չթողեցին անցնել բարձրագույն խումբ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն էլ աբովյանցիների (նաեւ ԽՍՀՄ 1-ին լիգայի) լավագույն խաղացողներից մեկն էր այդ տարիներին:

Այդ տարիներից նաեւ տխուր մի հիշողություն է մնացել:

Աբովյանի ու Գյումրիի մարզասերները անչափ վատ էին պահում իրենց, եթե չասենք՝ երբեմն անմարդկային: Գյումրիից ծեծված աբովյանցի մարզասերներն էին գալիս տուն՝ ջարդված ավտոբուսով, Աբովյանից՝ Գյումրիի: Գյումրեցիների վատ օրինակը դարձավ փոխադարձ, ինչը շարունակվեց տարիներ շարունակ: Կուզենայինք վստահ լինել, որ այդ վատ հիշողությունը կմնա անցյալում, հատկապես, որ Հայաստանի առաջնություններում կարծես թե նման խոշոր միջադեպեր ու հաստատուն պարբերականությամբ տեղի չեն ունենում:

Հիշեցնենք նաեւ, որ հանրապետության գավաթի նոր խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի նախորդ արդյունքները հրապարակել ենք:

Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունում

Հանգստյան  օրերին տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ փուլի հանդիպումները, գրանցվեցին  հետեւյալ արդյունքները՝ «Արարատ»-«Բանանց» 0:2, «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» 0:2, «Փյունիկ»-«Շիրակ» 0:0:  

Այս փուլից հետո մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվել են հետեւյալ հերթականությամբ.

N Թիմեր                             Խ         Հ         Ո       Պ        ԽԳ       ԲԳ      Մ

  1. Շիրակ                             6          4          2        0          8           3        14
  2. Ալաշկերտ                       6          3          2        1         10           6        11
  3. Բանանց                          6          3          0        3           8           7         9
  4. Փյունիկ                           6           2          2        2          7            6         8
  5. Գանձասար-Կապան        6          1          1         4          3           10        4
  6. Արարատ                         6          1          1         4          3            7         4

Հ.Գ.-1 – «Բանանցը» հաղթեց «Շիրակին» եւ ամրապնդվեց 3-րդ տեղում – Տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ փուլի վերջին 2 հանդիպումները: Հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը սեփական դաշտում հյուրընկալեց «Փյունիկ»-ին: Թիմերն այդպես էլ չկարողացան գտնել դարպասների գրավման բանալին եւ բավարարվեցին գոլազուրկ ոչ-ոքիով: Մրցաշարի ներկայիս առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը իր հարկի տակ մրցեց Երեւանի «Բանանց»-ը հետ: Հյուրերն իսկական անակնկալ մատուցեցին դաշտի տերերին եւ անսպասելի հաղթեցին 1:0 հաշվով: Այդպիսով, 2-րդ տեղում ընթացող «Ալաշկերտ»-ը ձեռքից բաց թողեց առաջատարին հասնելու հնարավորությունը, իսկ «Բանանց»-ը ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում: Առաջնության հաջորդ, 8-րդ փուլը, կմեկնարկի հոկտեմբերի 1-ին: Այդ օրը «Բանանց»-ը կընդունի«Ալաշկերտ»-ին:

Հ.Գ.-2 – «Շիրակ»-ը հերթական հաղթանակը տարավ Հայաստանի առաջնությունում

Ֆուտբոլի Հայաստանի ընթացիք առաջնության առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը հերթական հաղթանակը տարավ մրցաշարում: 8-րդ փուլի խաղում շիրակցիները հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասան մրցաշարի ընդգծված հետնապահ «Արարատ»-ի նկատմամբէ վաստակելով 17 միավոր, ամրապնդվեցին առաջատարի դիրքում: Իսկ «Արարատ»-ը նույն 4 միավորով մնաց 6-րդ տեղում: «Գանձասար-Կապան» թիմը սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտության մատնեց «Փյունիկ»-ին: «Բանանց»-«Ալաշկերտ» խաղը տեղի կունենա վաղը, առաջինի դաշտում:

Առաջին խումբ. «Բանանց-2»-ը շարունակում է հաղթարշավը

Սեպտեմբերի 26-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ փուլի հետեւյալ հանդիպումները՝ «Էրեբունի»-«Արարատ-2»՝ 2:4, «Փյունիկ-2»-«Գանձասար-Կապան-2»՝ 4:1, «Կոտայք»-«Բանանց-2»՝ 2:3 եւ«Շիրակ-2»-«Ալաշկերտ-2»՝ 0:1:

Մրաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

N Թիմեր                                Խ      Հ       Ո       Պ        ԽԳ        ԲԳ         Մ

  1. Բանանց-2                         7       7        0        0        19           5           21
  2. Կոտայք                             7       5        1        1        14           6           16
  3. Արարատ-2                        7       4        1        2        16           8           13
  4. Փյունիկ-2                           7       3        1        3        13           9           10
  5. Գանձասար-Կապան-2        7       3        1        3         9           12          10
  6. Ալաշկերտ-2                       7       2        0        5         9            17          6
  7. Շիրակ-2                             7       2        0        5         5            12          6
  8. Էրեբունի                            7       0        0        7          6            22          0

«Արդար խաղի» աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտ»-ը

ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է 2016-2017թթ. Բարձրագույն խմբի առաջնության 1-ին շրջանի հանդիպումների արդյունքում «Fair Play» (Արդար խաղի) դասակարգման աղյուսակը:

Առաջատարը «Ալաշկերտ»-ն է՝ 7,94 միավորով, 2-րդ տեղում «Արարատ»-ն է՝ 7,93, 3-րդում՝ «Բանանց»-ը՝ 7,90:

Նրանց հաջորդում են «Շիրակ»-ը (7,88), «Փյունիկ»-ը (7,65), իսկ աղյուսակը եզրափակում է «Գանձասար – Կապան»-ը (7,55):

Վարուժան Սուքիասյանը հրավիրել է ընդամենը 2 հարձակվող – Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստներ

Հոկտեմբերի 8-ին եւ 11-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կանցկացնի աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները` համապատասխանաբար Ռումինիայի եւ Լեհաստանի հավաքականների հետ: Այդ հանդիպումներին պատրաստվելու համար մեր ազգային թիմը հոկտեմբերի 3-9-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանըր հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն այդ հավաքին: Դրանք թվով 23-ն են:

Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Անատոլի Այվազով («Շիրակ»), Գոռ Մանուկյան («Փյունիկ»):

Պաշտպաններ՝ Գաել Անդոնյան («Մարսել» Ֆրանսիա), Վարազդատ Հարոյան («Փադիդե» Իրան), Տարոն Ոսկանյան («Կարմիոտիսա» Կիպրոս), Լեւոն Հայրապետյան («Փայքան» Իրան), Հրայր Մկոյան («Էսթեղլալ» Իրան), Գեւորգ Հովհաննիսյան («Շիրակ»), Կամո Հովհաննիսյան, Արթուր Քարտաշյան («Փյունիկ»):

Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիա), Մարկոս Պիզզելլի («Ալ Ֆուջեյրա» ԱՄԷ), Արաս Օզբիլիս («Բեշիքթաշ» Թուրքիա), Գոռ Մալաքյան («Ստալ» Ուկրաինա), Դավիթ Մանոյան («Կարմիոտիսա» Կիպրոս), Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան («Ալաշկերտ»), Զավեն Բադոյան («Բանանց»), Դավիթ Հակոբյան («Շիրակ»):

Հարձակվողներ՝ Գեղամ Կադիմյան («Կարպատներ» Ուկրաինա), Վարդան Պողոսյան («Փյունիկ»):

Նշենք, որ նախապես հրավեր ստացած երկու ֆուտբոլիստներ՝ Տիգրան Բարսեղյանը եւ Հովհաննես Համբարձումյանը, վնասվածքների պատճառով չեն մասնակցի հավաքին:

5-րդ անընդմեջ հաղթանակը՝ աշխարհի առաջնությունում

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացել են 5-րդ փուլի խաղերը:

Մինչեւ 18 տարեկան տղաների ենթախմբում Մանուէլ Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը մրցեցին միմյանց դեմ: Ավելի ուժեղ գտնվեց Մանուէլը, ով այժմ 4,5 միավորով կիսում է 1-2-րդ հորիզոնականները, իսկ Արամն ընթանում է 5-րդ տեղում:

Մինչեւ 16 տարեկան տղաների մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը տոնեց 5-րդ հաղթանակը եւ 5 հնարավորից վաստակել է 5 միավոր ու միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Դավիթ Միրզոյանը ունի 2,5 միավոր եւ ընթանում է 20-րդ տեղում:

Մինչեւ 14 տարեկան տղաների առաջնությունում Արթուր Դավթյանը տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը եւ 4 միավորով կիսում է 4-7-րդ հորիզոնականները: Շանթ Սարգսյանը վաստակած 3 միավորով 23-րդ հորիզոնականում է:

Մինչեւ 18 տարեկան աղջիկների մրցաշարում Սիրանուշ Ղուկասյանը վաստակել է 4 միավոր՝ կիսում է 2-7-րդ հորիզոնականները:

Մինչեւ 16 տարեկան աղջիկների մրցաշարում Արփինե Գրիգորյանն ունի 3 միավոր՝ զբաղեցնում է 16-րդ տեղը:

Մինչեւ 14 տարեկան աղջիկների մրցաշարում Քրիստինե Սմբատյանը տոնեց 2-րդ անընդմեջ հաղթանակը եւ 2,5 միավորով ընթանում է 39-րդ հորիզոնականում:

Հ.Գ. - Հայաստանի շախմատիստները շարունակում են պայքարը մեդալների համար – Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացավ 9-րդ փուլը:  Մինչեւ 16 տարեկան շախմատիստների մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ մեր հայրենակից Հայկ Մարտիրոսյանը: Նա այսօր սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Տրիապիշկոյի հետ: Չնայած հերթական կես միավորի կորուստին, Հայկ Մարտիրոսյանը 8 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը` մեկով գերազանցելով իրեն հետապնդող 2 մրցակիցներին:  Պատանիների Մ-18 մրցաշարում հերթական հաղթանակը տոնեց մեր շախմատիստ Մանուել Պետրոսյանը: Նա այս տուրում սպիտակներով առավելության հասավ ֆրանսիացի Բիլել Բելաշենի նկատմամբ, վաստակեց 7 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի առաջատար Մաքսիմ Վավուլինին: Այժմ նրանց բաժանում է ընդամենը կես բալ: Իսկ ահա մեր երկրորդ մասնակիցը՝ Արամ Հակոբյանը, երրորդ անգամ պարտությունը կրեց առաջնությունում եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից:  Մինչեւ 18 տարեկան աղջիկների մրցաշարում հաջող հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը, ավաղ, այսօր ցավալի պարտություն կրեց իսրայելցի Միշալ Լահավի հետ պարտիայում եւ զիջեց դիրքերը: Այժմ մեր շախմատիստուհին 6 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար նա պետք է անպայման հաղթանակներ տանի վերջին երկու փուլերում:  Մ-14 պատանիների մրցաշարում Արթուր Դավթյանը չնայած ոչ-ոքի խաղաց իր մրցակցի հետ, սակայն 6,5 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար:

- Բաքվի համաշխարհային օլիմպիադայի մասնակից Աննա-Մայա Ղազարյանը եւս մասնակցում է աշխարհի պատանեկան առաջնությունում, նա Նիդերլանդների շախմատի կանանց ազգային հավաքականի անդամ է: Բաքվում բավականին հաջող մասնակցելով շախմատի համաշխարհային օլիմպիադային՝ կանանց մրցապայքարում 180 երկրների պայքարում գրավեց թիմային 36-րդ տեղը, Խանտի Մանսիյսկում ընթացող աշխարհի պատանեկան առաջնության 16 տարեկան աղջնակների մրցաշարում նույնպես լավ տպավորություն է թողնում:

Երեւանում առաջին անգամ կանցկացվի շախմատային օփեն

Այս տարվանից Երեւանը նույնպես կունենա իր շախմատային օփենը: Ինչպես հայտնեց Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, այդ մրցաշարը ընդգրկված է Էրեբունի-Երեւան տոնահանդեսի ծրագրում եւ այսուհետ ամենամյա բնույթ կկրի: «Նման օփեններ անցկացվում են տարբեր քաղաքներում, մասնավորապես՝ Բաքվում, որը վերջերս ավարտվեց: Ուրախալին այն է, որ մեր մոտ հանդես կգան ավելի մեծ թվով գրոսմայստերներ եւ բարձրակարգ շախմատիստներ, քան հարեւան երկրի մայրաքաղաքում էր»: Ըստ մասնագետի, այս մրցաշարն անչափ կարեւոր նշանակություն ունի հատկապես մեր շախմատիստների համար:

«Մենք ունենք մեծ թվով տաղանդավոր շախմատիստներ, որոնք միջազգային մրցաշարերին մասնակցելու փորձի պակաս են զգում, քանի որ իրենց համար շատ թանկ է արտասահման մեկնելը: Նրանք այս մրցաշարում լավ հնարավորություն կստանան խաղալու ուժեղ մրցակիցների հետ: Բացի այդ, հաջող ելույթ ունենալու դեպքում շատերը կարող են լրացնել միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմերը եւ արժանանալ այդ կոչումներին: Շախմատային օփենները նաեւ նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, քանի որ մեծ թվով մասնակիցներ եւ շախմատի սիրահարներ են ժամանում արտասահմանյան երկրներից»,- եզրակացրել է Նորայր Քալանթարյանը:

Նշենք, որ Երեւանի շախմատային օփենը տեղի կունենա հոկտեմբերի 1-8-ը եւ կանցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում: Այժմ արդեն հայտ են ներկայացրել մոտ 130 շախմատիստ, այդ թվում 23 գրոսմայստեր:

Լեւոն Արոնկանը՝ Միխաիլ Տալի մրցաշարում

Կայացան Տալի հուշամրցաշարի 2-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցում էր Եվգենի Տոմաշեւսկու դեմ: Մեր շախմատիստը սկզբնախաղում կարողացավ հավասարեցնել դիրքը, եւ կարճատև պայքարից հետո` խաղի 23-րդ քայլին, կողմերը համաձայնվեցին ոչ-ոքիի: 2 փուլից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 1,5-ական միավոր վաստակած Վիշվանաթան Անանդը, Յան Նեպոմնյաշչին եւ Անիշ Գիրին, իսկ Լեւոն Արոնյանը առաջատարներից ետ է մնում կես միավորով:

Հ.Գ.-1 – Լևոն Արոնյանը 4-րդ ոչ ոքին է խաղացելՄոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 4-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 4-րդ ոչ ոքին է խաղացել: Այս անգամ Արոնյանը սեւ խաղաքարերով միավորը կիսել է Ռուսաստանի ներկայացուցիչ  Յան Նեպոմնյաշչիի հետ, ով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս ոչ-ոքիից հետո մեր շախմատիստը վաստակել է 2 միավոր, իսկ ահա ռուսաստանցին ունի 3 միավոր: 5-րդ փուլում Լեւոն Արոնյանը կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ:

Հ.Գ.-2 – Լեւոն Արոնյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը – Մոսկվայում ընթացող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարում այսօր կայացավ 5-րդ փուլը: Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Թվում էր, որ մեր շախմատիստը առաջին հաղթանակը կտոնի մրցաշարում, սակայն վերջնախաղում նա հապաղեց, հակառակորդին հակագրոհ ձեռնարկելու հնարավորություն տեվց: Արդյունքում, 83-րդ քայլից հետո մեր շախմատիստը ստիպված խաղաղ դաշն կնքեց: Այդպիսով, Լեւոն Արոնյանը 5-րդ անընդմեջ ոչ-ոքի արեց մրցաշարում: Այժմ նա 2,5 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը: Հաջորդ, 6-րդ փուլում, Լեւոն Արոնյանը ուժերը կչափի մրցաշարի միանձնյա առաջատար, հոլանդացի Անիշ Գիրիի հետ, ով 5 հնարավորից վաստակել է 4 միավոր:

Հ.Գ.-3 – 6-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Խաղն անցավ անչափ դիտարժան պայքարում: Լեւոն Արոնյանը հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը, ապա բավական անակնկալ քայլերի օգնությամբ բարդ խնդիրներ առաջադրեց հոլանդացուն: Վերջնամասն ընդհանրապես գերազանց անցկացրեց մեր գրոսմայստերը եւ 34-րդ քայլին շատ տպավորիչ հաղթանակ տարավ: Լեւոն Արոնյանը վաստակեց 3,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ Անիշ Գիրիին, որը 4 միավորով դեռեւս գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ի դեպ, վերջինս այս տարվա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարից առաջ հայտարարել էր, որ հայ գրոսմայստերիփոխարեն, ով ընտրվել էր ՖԻԴԵ-ի կողմից, լավ կլիներ մասնակցեր ավելի երիտասարդ եւ հեռանկարային շախմատիստ:

Հուշամրցաշարում հանգստյան օրից հետո՝ հոկտեմբերի 4-ին, նախատեսված 7-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ:

Կարեն Գրիգորյանը 4 միավորով 5-րդ տեղում է

Սերբիայի շախմատի թիմային առաջնության շրջանակներում կայացել են 5-րդ փուլի հանդիպումները։ Ինչպես տեղեկացնում է chess.am-ը, Կարեն Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել, սակայն նրա թիմը` «Նավթագազը», պարտվել է 3,5-2,5 հաշվով։ Արդյունքում՝ «Նավթագազը» շարունակում է մնալ նախավերջին հորիզոնականում։ Մրցաշարային աղյուսակը նախկինի նման շարունակում է գլխավորել «Սվետի Նիկոլայ» ակումբը։

Լավագույն խաղացողների ցանկում Կարեն Գրիգորյանը 4 միավորով 5-րդ տեղում է։

Արթուր Ալեքսանյանին եւ Միհրան Հարությունյանին շնորհվելու է «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում

Երեւանի ավագանու հոկտեմբերի 5-ի արտահերթ նիստում քննարկմանն է ներկայացվում «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագծեր: Նախագծերից մեկով առաջարկվում է Երեւան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողություններիեւ տարած փայլուն հաղթանակների համար հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր եւ 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր  Ալեքսանյանին շնորհել «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Մեկ այլ նախագծով առաջարկվում է  Երեւան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների եւ տարած փայլուն հաղթանակների համար հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի եւ Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016թ. ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Հարությունյանին շնորհել «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Բուլղարիայում շարունակում են վստահել Արմեն Նազարյանին 

Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը կշարունակի գլխավորել հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականը: «Մենք 100 տոկոսով վստահում ենք նրան եւ հավատում ենք: Նա այն մարդն է, որը կարող է վստահություն հաղորդել մեր հունահռոմեական ըմբիշներին»,- հայտարարել է Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Գերգովը: Արմեն Նազարյանի թեկնածությունը պաշպանել են նաեւ ըմբիշները:

Իսկ ահա ազատ ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Վալենտին Ռայչեւը, հնարավոր է պաշտոնանկ արվի: Նրա հարցը քննարկվելու է հոկտեմբերին կայանալիք ֆեդերացիայի գործադիր կոմիտեում:

Անահիտ Արոյանն ու Անի Հովսեփյանը դուրս են մնացել քառորդ եզրափակչից

Թուրքիայի Օրդու քաղաքում ընթացող բռնցքամարտի աղջիկների Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են իրենց ելույթները: Քառորդ եզրափակչում 57 կգ քաշային Անահիտ Արոյանը պարտվել է Ուկրաինայի ներկայացուցչին, իսկ 60 կգ քաշային Անի Հովսեփյանը` ռուս մարզուհուն:

Աղջիկների երիտասարդների հավաքականը մրցավայր էր մեկնել ավագ մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ:

Մեծ անակնկալ հոկեյի աշխարհի գավաթի խաղարկությունում՝ «Եվրոպա»-ն եզրափակիչում է

Կանադայի Տորոնտո քաղաքում ընթացող տափօղակով հոկեյի «Աշխարհի գավաթի» խաղարկությունան կիսաեզրափակիչում արձանագրվել է մեծագույն անակնկալ. աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը՝ Շվեդիան, պարտվել է միայն այս մրցաշարի համար կազմավորված «Եվրոպա» թիմին: «Եվրոպա»-ն մրցաշարի մեկնարկից առաջ համարվում էր հետնապահ եւ նրա մասնակցությունը ուներ զուտ կոմերցիոն նպատակ՝ հեռուստալսարանի մեծացում: Բայց կանադացի մասնագետ Ռալֆ Կրյուգերի գլխավորությամբ Եվրոպական 12 երկրների ուժեղագույն հոկեյիստներից կազմված «Եվրոպա»-ն կարողացավ աներեւակայելի արդյունք ցուցադրել՝ հասավ եզրափակիչ:

Նշենք, որ Կրյուգերը վերջին 2 տարիներին հետացել էր հոկեյից եւ զբաղեցնում է ֆուտբոլի Անգլիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Սաութհեմթոն» ակումբի նախագահի պաշտոնը, բայց համաձայնվել է կարճ ժամկետով վերադառնալ հոկեյ՝ գլխավորել «Եվրոպան»: Շվեդիային հաղթելուց հետո Կրյուգերին հարցրել են՝ հնարավոր է՞ վերադառնաք հոկեյ: «Հիմա ամբողջապես նվիրված եմ «Սաութհեմթոն»-ին, բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք»,- հայտարարել է Կրյուգերը:

Մյուս կիսաեզրափակիչը ավարտվեց կանխատեսելի արդյունքով. Կանադան 5-3 հաշվով  հաղթեց Ռուսաստանին: ռուսական մամուլը նշում է, որ արձանագրված հաշիվը շատ խորհրդանշական է. արդեն 35 տարի Ռուսաստանի հավաքականը չի կարողանում հաղթել ուժեղագույն հոկեյիստներից կազմավորված Կանադայի հավաքականին: Ավելացնենք, որ մրցաշարի հաղթողը ի հայտ է գալու 3 խաղերից բաղկացած մրցաշարքում՝ մինչեւ թիմերից մեկը կարողանա տոնել 2 հաղթանակ:

Կորած փոքրիկին գտնելու համար Նադալն ընդհատել է հանդիպումը

Մալյորկայում կայացած ցուցադրական մրցելույթի ժամանակ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով Սիմոն Սոլբասի հետ զույգ էր կազմել և խաղում էր Կառլոս Մոյա-Ջոն Մակինրոյ զույգի դեմ, ընդհատել է հանդիպումը՝ տրիբունայում նկատելով որոշակի շարժ:

Ինչպես նշում է «Eurosport»-ը, պարզվել է, որ հանդիսականներից մեկը կորցրել է փոքրիկ աղջնակին: Ռաֆան չի շարունակել հանդիպումն այնքան ժամանակ, մինչև մայրը գտել է փոքրիկին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Նադալը կմասնակցի Պեկինում կայանալիք մրցաշարին:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 32 (422), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։