Գեղեցկության մրցույթում հայուհին հաղթեց թրքուհուն – Երբ ժյուրիի կազմում նկարիչներ ու քանդակագործներ են… Ինչպես են 19-րդ դարում ընտրել աշխարհում ամենագեղեցիկին… Գեղեցկությունը՝ քաղաքականության մեջ (կանայք աշխարհի գրավման ճանապարհին)… Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի հայտնի ժպիտը տարբեր ազգերի պատկերացմամբ… Հայացք.- Ամենագեղեցիկ հայուհիները…

Գեղեցկության մրցույթում հայուհին հաղթեց թրքուհուն

Երբ ժյուրիի կազմում նկարիչներ ու քանդակագործներ են

Գերմանիայում օրերս կայացած Top Model of the World գեղեցկության մրցույթին Թուրքիան ներկայացնող բրիտանաբնակ մոդել Էջեմ Ուզգյորի տապալումը մեծ իրարանցում է առաջացրել իր երկրում. այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ»-ը:

Թուրքիայի բնակիչները դժգոհ են, որ իրենց երկիրը գեղեցկության այս մրցույթում ներկայացնում է հենց Էջեմը, ով, ըստ իրենց, արժանի չէ կրելու «Միսս Թուրքիա» տիտղոսը:

Համացանցում հայտնվել է լուսանկար, որում մրցույթի դեֆիլեի ընթացքում թուրք մոդելը քայլում է հայ գեղեցկուհի Մարիամ Դարձյանի կողքով: Ըստ թուրք օգտատերերի՝ հայ եւ թուրք մոդելների իրար կողք քայլելն է՛լ ավելի է խայտառակել իրենց՝ ի ցույց դնելով հայ գեղեցկուհու առավելությունը:

Top Model of the World մրցույթն անցկացվում է 1993թ.-ից, այս տարվա հաղթող է դարձել Բուլղարիայի ներկայացուցիչ Մարգո Քուփերը:

Ինչպես են 19-րդ դարում ընտրել աշխարհում ամենագեղեցիկին

Բելգիայի Սպա առողջարանային քաղաքում 1988թ. սեպտեմբերի 19-ին  պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել  գեղեցկության միջազգային մրցույթ: 19-րդ դարում գեղեցկության մասին պատկերացումները, ընտրության սկզբունքները, մրցույթի անցկացման կանոնները տարբերվում են այսօրվա չափանիշներից:  

kulturologia.ru կայքը գրում է, որ 1888թ. ամռանը թերթում հայտնվեց հայտարարություն գեղեցկության մրցույթի մասին: Այն աղջիկները, ովքեր կցանկանային մասնակցել մրցույթին, պետք է փոստով լուսանկար եւ իրենց մասին կարճ տեղեկության ուղարկեին: Ստացվել էր 350 հայտ՝ Ավստրիայից, Ամերիկայից, Ալժիրից, Հունգարիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Թունիսից, Թուրքիայից, Ֆրանսիայից եւ Շվեդիայից:

Նրանից ժյուրին ընտրել է 21-ին, ովքեր պետք է մասնակցեին մրցույթին: Մասնակիցներին չի թույլատրվել հայտնվել հանրությանը. նրանց տեղավորել են հյուրանոցի առանձին հարկում, այնտեղից միայն փակ կառքով տեղափոխվել են խաղատան սրահ, որտեղ տեղի է ունեցել մրցույթը:

Մինչեւ մրցանակի հանձնումը՝ որեւէ մեկն իրավունք չի ունեցել տեսնել մասնակցին: Աղջիկների տեղափոխման եւ կեցության բոլոր ծախսերն իր վրա վերցրել է խաղատունը: Մրցույթի կազմակերպիչն էր Էրվե դյու-Լորրենը: Ամենագեղեցիկ աղջկան ընտրել է ժյուրին, որը կազմված է եղել 8 տղամարդուց, նրանք եղել են նկարիչներ, քանդակագործեր եւ այլ մասնագիտությունների տեր մարդիկ: Մրցույթը շարունակվել է 12 օր: Ամեն օր եղել է ցուցադրություն: Աղջիկները միշտ երկար զգեստով են եղել, իսկ դահլիճում ներկա տղամարդիկ՝ ֆրակով: 12-րդ օրը հայտարարվել է մրցույթի հաղթողը: Մոլորակի ամենագեղեցիկ աղջիկն է ընտրվել Գվադելուպայից 18-ամյա Մարտա Սուկարեն: Նա ստացել է 5000 ֆրանկի չափով մրցանակ:

Մրցանակաբաշխությունից հետո խաղատան մասնակիցների, ժյուրիի անդամների, տեղական իշխանությունների եւ մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպվել է մեծ պարահանդես: Նույնիսկ պատմության մեջ առաջին մրցույթը չի անցել առանց վեճերի: Երբ ժյուրին հայտարարել է մրցույթում հաղթողի անունը, մասնակիցներից մեկը, զայրացած նման արդյունքից, մոտեցել է հաղթողին եւ … հարվածել նրա դեմքին: Մրցույթի հաղթող գեղեցկուհին ոչ միայն գումարային մրցանակ է ստացել, այլ նաեւ համաշխարհային ճանաչում: Նա մրցույթից հետո առաջին 3 օրվա ընթացքում ստացել է ամուսնության ավելի քան 100 առաջարկ: Բայց նա մերժել է բոլորին՝ հայտարարելով, որ ցանկանում է զբաղվել դերասանական կարիերայով: Նրա հետագա ճակատագրի մասին տեղեկություն չկա:

Գեղեցկության մրցույթի անհավանական հաջողությունները հանգեցրին այն բանին, որ 20-րդ դարի սկզբին նմանատիպ միջոցառումներ անցկացվել են նաեւ շատ երկրներում:

Գոհար Վանեսյան

Բոլոր ժամանակների «Միսս Հայաստանները»

2012թ. ի վեր՝ Հայաստանում չի անցկացվում «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը։ Արդեն 2 տարի շարունակ «Միսս Հայաստան-2012» մրցույթի հաղթող Աննա Առաքելյան շարունակում է կրել թագն ու տիտղոսը։ Նշենք, որ մրցույթն ամեն տարի չի անցկացվել, այլ ընդմիջումներով։ Ինչեւէ, այսօր որոշել ենք ներկայացնել տարբեր տարիներին մրցությում հաղթած մասնակիցներին։

«Միսս Հայաստան» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1996թ.։ Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկ է ճանաչվել Կարինա Խաչատրյանը։

«Միսս Հայաստան-1997» տիտղոսին արժանացել է Անգելինա Բաբաջանյանը։

«Միսս Հայաստան-1998» է դարձել Գոհար Հարությունյանը։

«Միսս Հայաստան-2000» է ճանաչվել Քրիստինա Բաբայանը, ում մասին որեւէ տեղեկություն կամ լուսանկար չգտանք։

«Միսս Հայաստան-2001» Իրինա Թովմասյան

«Միսս Հայաստան-2003»՝ Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան-2006»՝ Մարինա Վարդանյան

«Միսս Հայաստան-2007»՝ Մարգարիտա Սարուխանյան

«Միսս Հայաստան-2012»՝ Աննա Առաքելյան

http://style.news.am/arm/news/11747/bolor-zhamanakneri-miss-hayastannery.html – դիտել նկարները…

ԻՊ-ը պատրաստվում է հարձակում իրականացնել «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի ժամանակ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հանդես է եկել նոր կոչով՝ ուղղված իր գաղափարակիցներին: Իսլամիստները համացանցի միջոցով  կոչ են արել հարձակում իրականացնել եւ ձախողել 2017թ. հունվարին Ֆիլիպիններում կայանալիք «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը:

Նրանք իրենց կոչում մասնավորապես նշել են. «Բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեն, պետք է հարձակումներ գործեն գեղեցկության մրցույթի անցկացման ժամանակ»: Իսլամիստները նաև ուսուցողական տեսանյութեր են հրապարակել, որոնցում ներկայացվում են, թե ինչպես են պատրաստվում ինքնաշեն պայթուցիկներ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Հանուն գեղեցիկի.- «Միսս Հայք» գեղեցկության մրցույթը կարծրատիպեր է կոտրում – 2014թ. այս մասին ասել են հայ գեղեցկուհիները,,,

Womennet.am-ը գրում է. Ապրիլի 5-ին Երևանի Կոմիտասի անվան  կամերային երաժշտության տանը  կայացավ  «Միսս Հայք 2014» հաշմանդամ կանանց գեղեցկության 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը: Ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Քրիստինե Փիրուզյանը (լուսանկարում), «Միսս համակրանք» տիտղոսին արժանացել է Գոհար Նավասարդյանը:

Մրցույթն իրականացվում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Միսս Հայք»-ն իր նշանակությամբ ավելին է քան սովորական գեղեցկության մրցույթ. այն կոտրում է հանրության կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ, հորդորելով մեր հայրենակիցներին տեսնել հաշմանդամ կնոջ մեջ ոչ թե խնդիրները, այլ կանացիությունն եւ գեղեցկությունը: Մրցույթն ունի ևս մեկ նպատակ` հաշմանդամություն ունեցող կանանց մեջ սերմանել հասարակության լիիրավ անդամ լինելու գաղափարը, եւ խրախուսել նրանց ապրել ակտիվ, լիարժեք կյանքով»:  Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 16-18 տարեկան 58 գեղեցկուհիներ Երեւանից, ինչպես նաեւ Հայաստանի մարզերից: Ժյուրիի կազմում ընդգրկած էին հաղորդավար Հրաչ Մուրադյանը, դերասան Վարշամ Գեւորգյանը, քանդակագործ Դավիթ Մինասյանը, եւ լուսանկարիչ Վիգեն Մնոյանը:

Արմեն Ալավերդյանը  նշեց, որ մրցույթն այս տարի անցել է նոր ձեւաչափով: Եթե նախորդ տարիներին ժյուրին ընտրություն էր կատարում լուսանկարների հիման վրա, ապա այս տարի միայն 1-ին փուլի ընտրությունը կայացվեց լուսանկարներով, իսկ եզրափակիչ փուլում ժյուրին հնարավորություն ունեցավ գնահատել մասնակիցներին՝ տեսնելով նրանց բեմում:  Եզրափակիչ փուլ անցան 12 գեղեցկուհիներ, որոնք  պայքարում էին 4 գլխավոր անվանակարգերում՝ «Միսս Հայք», «Միսս Ունիսոն», «Վիցե-Միսս Հայք», «Միսս Համակրանք», ինչպես նաեւ խրախուսական 8 մրցանակների համար: Քվեարկությանը մասնակցեց նաև հանդիսատեսը:  ժյուրիի որոշմամբ «Միսս Հայք» 2014թ. հաղթող ճանաչված Քրիստինե Փիրուզյանը Լոռու մարզի Ախթալա գյուղից է: Աշխատում է Երեւանում՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Քրիստինեն լիակատար հիացմունքի ու սիրո անթաքուն պոռթկումով շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպիչներին, ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին: Եզրափակչում հայտված 12 գեզեցկուհիներից 3-ը արժանացան «Վիցե- միս Հայք», «Միս համակրանք», «Միս Ունիսոն» տիտղոսներին, իսկ մյուս 8 մասնակիցները  ստացան խրախուսական մրցանակներ։ Իրավմամբ, այս միջոցառումն իր յուրովի նշանակությունն ունի: Սա այն դեպքն է, երբ  կարևորը մասնակցությունն է եւ ոչ այնքան հաղթանակն է, այլ մասնակցությունը: Ավելին, մրցույթն արթնացնում է ոչ միայն  մասնակից այլ բոլոր հաշմանդամ կանանց եւ աղջիկների մեջ վստահություն սեփական անձի եւ հավատ հնարավորությունների նկատմամբ:

Լիանա Սարգսյան – http://blognews.am/arm/news/147338/miss-hayq-gexeckutyan-mrcuyty-kartsratiper-e-kotrum.html

«Միսիս Եվրոպա 2016»-ին Կովկասը կներկայացնի հայուհի

Հայտնի մոդել Աննա Դեմիրխանյանը «Միսիս Եվրոպա 2016» գեղեցկության միջազգային մրցույթում կներկայացնի ոչ միայն Հայաստանն, այլ նաեւ Կովկասը: Մրցույթը տեղի կունենա Սոչիում հոկտեմբերի 1-5-ը:

Մոդելի խոսքով, իր համար անակնկալ է եղել, որ ներկայացնելու է ոչ միայն իր հայրենիքն, այլ նաեւ Կովկասը: «Շատ հուզիչ է: Մի՞թե գնում եմ թագի հետևից: Պատկերացրեք, ինչ հիանալի է, որ ողջ Կովկասը ներկայացնում է հայուհի»,- ասել է Աննան Sputnik Արմենիային տված հարցազրույցում:

Գեղեցկությունը՝ քաղաքականության մեջ

Մարդկությանը հայտնի է  ամենատարբեր՝ քաղաքական եւ այլ ոլորտային հարցերում կանանց ներդրումը… Ամենահայտնի ու հաջողված փորձը կատարեցին հրեաները՝ «հրեաց փեսաների» ձեռքբերման աշխատանքներում, ինչը մեծացրեց հրեաների դերը համաշխարհային կառավարման գործում: Սա բացառապես քաղաքական, եթե չասենք ռազմա-քաղաքական նպատակ ուներ, տարբեր ազգերի հարուստ, պաշտոնյա, խելացի, հաջողակ եւ… շատ տղամարդիկ՝ իրենք էլ չգիտակցելով՝ դարձան գեղեցիկ հրեա աղջիկների կյանքի կեսը: Իսկ այդ աղջիկները կրում էին ոչ հրեական անուն-ազգանուններ եւ ավարտում էին Իսրայելի Հարսանյաց բարձրագույն կրթօջախը:

Հայտնի է եւ ռուս կանանց ներդրումը նման գործում: Հատկապես միջինասիական երկրները գրավելու ճամանակ կարճփեշ ռուս աղջիկները պարզապես իրենցով էին անում մինչեւ ոտքի մատների ծայրերը շորի մեջ փաթաթված կանանց ամուսիններին, ապա նրանց դարձնում հեղափոխականներ:

Այլ օրինակներ էլ կան իհարկե, իսկ այժմ, տղամարդկանց սակավության պատճառով Իսլանդիան ամսական 5000 դոլար կվճարի այն միգրանտներին, ովքեր կամուսնանան իսլանդուհիների հետ: Սա թերեւս քանակական խնդիր լուծելու նպատակ ունի: Դեռ…

Հայացք.- Ամենագեղեցիկ հայուհիները

19 Դեկտեմբերի 2012թ. – Top-antropos.com կայքը կազմել է ամենագեղեցիկ հայուհիների ցուցակը:

30-րդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում հայտնի երգչուհի Շերլին Սարգսյանը, ում ավելի շատ ճանաչում են Շեր բեմական անունով: Երգչուհու հայրը հայ է եղել, իսկ նա ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին, ԱՄՆ-ի Քալիֆորնիայի նահանգում։
29-րդ տեղում Թամար Կապրելյանն է: Նա ԱՄՆ-ում երգչուհի է: Ծնվել է 1986 թվականին ԱՄՆ-ում՝ հայկական ընտանիքում: Տանը երգչուհու հետ խոսել են հայերեն, իսկ անգլերեն սկսել է խոսել միայն 5 տարեկանում: Հպարտությամբ է հայտարարում, որ հայուհի է:
28-րդ տեղում 1988-ի հոկտեմբերի 23-ին ծնված երգչուհի Սիլվա Հակոբյանն է: Երգչուհին Լոնդոնում կայացած “Next Big Thing 2006″ մրցույթի հաղթողն է:
27-րդ տեղում Կանադայի մոդել Ստեֆանի Նազոյանն է: Նրա հայրը հայ է, իսկ մայրը` կանադուհի:
26-րդ տեղում մոդել Քրիստիան Ծատուրյանն է, 25-րդում` 38-ամյա Տատյանա Գևորգյանը։ Նա Ռուսաստանում հաղորդավարուհի է և դերասանուհի:
24-րդ հորիզոնականը զբաղեցնում է երգչուհի Ռիփփի Նավասարդյանը:
23-րդ տեղը հատկվացվել է “El-Style” ամսագրի գլխավոր խմբագրին` Մայա Պողոսյանին:
22-րդում երգչուհի Լանա Խաչատրյանն է:
Երգչուհի Արփինե Գաբրիելյանն էլ հայտնվել է 21-րդ տեղում։
Երգչուհի Անի Արզումանյանին հատկացվել է 20-րդ հորիզոնականը։
19-րդ տեղում 22-ամյա Ասյա Սահակյանն է: Նա Ուկրաինայում ընտրված 2010 թվականի ամենագեղեցիկ հայուհին է:
18-րդում 28-ամյա Էմմա Բեջանյանն է, ով ավելի շատ հայտնի է Էմմի բեմական անունով:
17-րդ հորիզոնականում Շահանե Շահվերդյանն է: Նա էլ 2011 թվականի Ուկրաինայի ամենագեղեցիկ հայուհին է:
16-րդ տեղում էլ 25-ամյա երգչուհի Սիրանուշ Հարությունյանն է, ով հայտի է Սիրուշո բեմական անունով։
21-ամյա Քրիստինե Ջավադյանին հատկացվել է 15-րդ տեղը։ Նա «Ղրիմի գեղեցկուհի» մրցույթի հաղթողն է:
Հայ հաղորդավարուհի եւ դերասանուհի Նարինե Սուլթանյանը հայտնվել է 14-րդ հորիզոնականում։
Նրան հաջորդում է հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը։
12–րդ տեղում հայտնվել է դերասանուհի եւ ռեժիսոր Աննա Կոնդոն (Աշդյան)։ Նա ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 25-ին` Երևանում: 2010 թվականին Esquire ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի ամենասեքսուալ կինը:
11-րդ հորիզոնականում Թենի Փանոսյանն է։ Նա ԱՄՆ-ում դերասանուհի է` հայկական արմատներով:
10-րդ տեղում Գոհար Հարությունյանն է՝ Միսս Հայաստան 1998, Միսս Համագործակցություն 1990, Միսս Երկրագունդ 2009:
9-րդում Նազենի Հովհաննիսյանն է։
8-րդ հորիզոնականում Նարինե Արուշանյանն է, ով Ռուսաստանում հագուստի դիզայներ է եւ նկարիչ, դիզայներների Միջազգային Միության անդամ, Ռուսաստանի Նկարիչների Միության անդամ:
Նրան հաջորդում է հայ մոդել Մանե Օհանյանը։
6-րդ տեղում 27-ամյա Կանադայի մոդել Ալիսա Փանիկյանն է։ Նա մոդել է դարձել Բուլղարիայում։ «Միսս տիեզերք 2006» մրցույթին Կանադայի ներկայացուցիչն է եղել: Ալիսայի հայրը հայ է, իսկ մայրը՝ բուլղարացի:
5-րդ հորիզոնականում հայտնվել է Սոֆիա Պետրոսյան-Լեկոն՝ հայազգի շախմատիստ և մարզիչ Արշակ Պետրոսյանի դուստր, հունգարացի շախմատիստ Պետեր Լեկայի կինը:
Ռուսասատնի դերասանուհի 25-ամյա Անժելիկա Ասլանյանն է: Նրա բեմական անունը Անժելիկա Կաշիրինան է։
Լավագույն եռյակը բացում է Կիմբերլի (Կիմ) Քարդաշյանը, ով ԱՄՆ-ում դերասանուհի է և մոդել: Նրա հայրը հայ է, իսկ մայրը շոտլանդական և հոլանդական արմատներ ունի:
2-րդ տեղում հաղորդավարուհի եւ դերասանուհի Մերի Մակարյանն է:
1-ին պատվավոր հորիզոնականում Դիանա Շնորհոկյանն է, ով հայտնի է որպես Diane Sands։ Նա Ֆրանսիայում դաշնակահարուհի է, դերասանուհի, հաղորդավարուհի եւ մոդել:

* * *

Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի հայտնի ժպիտը դեռ չլուծված առեղծված ունի եւ մարդկությունը այն ուժգնորեն փնտրում է՝ էլ ավելի խորհուրդ հաղորդելով նկարին:

Ռուսական մամուլում հայտնվել է այդ հայտնի նկարը, բայց… այն համայնապատկերում, թե որ ազգի ներկայացուցիչը ինչպես է պատկերացնում հայտնի կնոջ ժպիտի ու հագուկապի իր «ազգային» տարբերակը:

Տեքստի ներքեւի նասում, առանձին նկարով պատկերված է այսօրվա եվրոպացու, իսկ հաջորդ նկարներում՝ հայի, վրացու, չեչենի, ադրբեջանցու, իրաքցու (այս դեպքում՝ կարելի է ասել արաբի) եւ ռուսաստանցու պատկերացումները, թե ինչպես պետք է Լեոնարդո դա Վինչին նկարեր հայտնի կնոջ արտաքին տեսքն ու ժպիտը…

Իհարկե, այս ամենն արվել է հենց ժպտալու համար, սակայն զուրկ չէ իրականություն պարունակող տարրերից, ներկա պատկերացումներից:

(նկարները տեսնել «Լուսանցք»-ի այս թողարկման PDF տարբերակում)http://www.hayary.org/wph/wp-content/uploads/32-422.pdf  (7-րդ էջ):

«Լուսանցք» թիվ 32 (422), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։