Հայաստանի ազգային փոքրամասնությունները եւ նրանց մայրենի լեզուն՝ դպրոցներում – ԿԳ նախարարն ընդառաջել է ՀՀ եզդիների միության առաջարկությանը… Պետության հզորացման եւ ապագա սերնդի դաստիարակման անհրաժեշտ բաղադրիչներ են նաեւ մշակույթի ու կրթության ոլորտները…

Հայաստանի ազգային փոքրամասնությունները եւ նրանց մայրենի լեզուն՝ դպրոցում

Մեր երկրում ազգային փոքրամասնությունները ազգային հողի վրա խնդիրներ երբեք չեն ունենում: Իսկ այն խնդիրները, որ սոցիալական կամ կենցաղային բնույթի են, դրանք առնչվում են բոլոր բնակիչներին, այդ թվում՝ հայերին: ՀՀ եզդիական համայնքի ներկայացուցիչները կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին են  ներկայացրեցրել իրենց համայնքի մտահոգություններն ու առաջարկները՝ ազգային փոքրամասնություններ ունեցող ՀՀ դպրոցներում եզդիերենի ուսուցման եւ մայրենի լեզվի դասագրքերի հրատարակման վերաբերյալ: Նախարարը խոստացել է բարձրացված բոլոր հարցերը քննարկել ու տալ համաձայնեցված լուծումներ: «Մենք Հայաստանում ապրող  եզդիներին չենք դիտարկում սոսկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, մենք եզդի ժողովրդի հետ քայլել ենք պատմության նույն ճանապարհով, եւ այդ երթը շարունակվում է»,- ասել է Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում մայրենի լեզու սովորել:

Ընդառաջելով ՀՀ եզդիների միության առաջարկությանը՝ ԿԳ նախարարը խոստացել է համայնքի ներկայացուցչին ընդգրկել ՀՀ ԿԳ նախարարին կից հանրային խորհրդի կազմում: Նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել նախարարի, նախարարության մասնագետների եւ եզդի ուսուցիչների հետ՝ քննարկելու կրթության բովանդակային խնդիրները:

Դուդուկի եւ հայկական այլ նվագարանների փառատոն՝ հայ եւ օտարազգի երաժիշտների մասնակցությամբ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Գավառի մշակույթի տանը տեղի է ունեցել Դուդուկի եւ հայկական այլ նվագարանների փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: 2016թ. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո ու նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: 2012թ., Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ավանդական դարձած Դուդուկի փառատոնն իր ազդեցությունն է ունեցել հայկական ծիրանափողն ավելի հանրահռչակելու գործում, նաեւ հնարավորություն է ստեղծվել Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող ու ստեղծագործող հայ դուդուկահարներին և օտար կատարողներին իրենց արվեստով ներկայանալ Հայաստանում:  

Միջոցառումը մեկնարկել է Հայկական ազգային նվագարանների պետական նվագախմբի ելույթով: Ելույթ են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանի անունը կրող դպրոցի սաները, Դուդուկահարների մանկական եռյակը՝ «Ժողովրդական երգերի շարան»-ով: Կանադայից ժամանած մեր հայրենակիցներ Էդուարդ Ջերջիյանի եւ Մադիանա Թորոսյանի կատարմամբ հնչել են «Տրապիզոնյան պար« եւ «Մշո աղջիկ» ստեղծագործությունները: Ռոբերտ Պետրոսյանի «Հավատի երգը» Հայկական ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի) կատարել է սիրված երգիչ Հայկ Եսայանը:

Ելույթ է ունեցել նաեւ Սանկտ Պետերբուրգից ժամանած, ազգությամբ կորեացի Վալերի Նամը, Թբիլիսիից՝ Իվանե Մկրտչյանը: Թեհրանի «Խոյագարան Մեհր» կանանց անսամբլը հայկական ստեղծագործությունները կատարել է իրանական ավանդական գործիքներով: ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանի նվագակցությամբ եւ երգիչ Գուրգեն Դաբաղյանի կատարմամբ հնչել է «Ղարաբաղի հորովել» ստեղծագործությունը: Արցախցի դուդուկահարներ Նորայր Սահակյանը, Սեդրակ Ավագյանը եւ Համլետ Դաշյանը կատարել են Արամ Խաչատրյանի «Պեպոյի երգը»:

Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքից ժամանած Համամիութենական 9 մրցանակների դափնեկիր Յուրա Սարգսյանը ներկայացրել է «Հայկական պարերի շարք»: Հալեպահայ Ճորճ Վանեսյանի կատարմամբ հնչել է «Ժողովրդական պար-Բինգյոլ» ստեղծագործությունը: Համերգը եզրափակվել է Գերմանիայից ժամանած երաժիշտների ելույթով: Բեռլինից Գրեգոր Շուլենբերգը կատարել է Կոմիտասի «Խնկի ծառ» ստեղծագործությունը: Գերմանացի դուդուկահար Սյորեն Բիրկեին նվագակցել են  Ուվե Ֆիշերը, Աքսել Լորենցը և կոմպոզիտոր Դիրկ Միքայելիսը: Հնչել են Դիրկ Միքայելիսի ստեղծագործությունները:

Փառատոնի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար ՀրանուշՀակոբյանի անունից ողջունել է եւ բարի երթ մաղթել նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: Նա փառատոնի մասնակիցներին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերն ու հավաստագրերը:

Դուդուկահար Գռւորգ Դաբաղյանի եւ գերմանացի շրթհարմոնահար Սորեն Բիրքենի համատեղ համերգը՝ Երեւանում

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում սեպտեմբերի 28-ին համատեղ համերգով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը եւ գերմանացի շրթհարմոնահար Սորեն Բիրքենը: Երաժիշտների կատարմամբ հնչել են հայ եւ արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ: Գեւորգ Դաբաղյանը դուդուկի միջոցով ներկայացրել է հայ միջնադարյան, գուսանական ու հոգեւոր երաժշտությունը՝ Հայաստանում եւ արտերկրում: Նա մասնակցել է բազմաթիվ փառատոների, համերգների եւ մրցույթների՝ արժանանալով բարձր մրցանակների: Նրա կատարումները հնչել են Ատոմ Էգոյանի «Արարատ», իտալացի Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» եւ այլ կինոնկարներում: Նա 1988թ.-ից դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

Սորեն Բիրքեն 2006թ. դուդուկի դասեր է անցել նշանավոր դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի եւ Գեւորգ Դաբաղյանի դասարաններում: Շրթհարմոն սկսել է նվագել ինքնուրույն: Այնուհետեւ, հանդես է եկել որպես ռոք երաժիշտ: Նա եւս մասնակցել է բազմաթիվ մրցույթների, փառատոների ու համերգների՝ Հայաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Լեհաստանում: 2007թ. մինչ օրս Բեռլինի երաժշտական հանձնաժողովի խորհրդի անդամ է: Երաժիշտը նաեւ այս տարի ստեղծված «CIB–Creativ Industries Berlin» ընկերության համահիմնադիրն է:

Գյումրին հյուրընկալում է հայաստանյան եւ միջազգային շուրջ տասնյակ հեղինակավոր ռոք խմբերի

Գյումրիում կայացավ «Գյումրի ՌոքՖեստ-2016» խորագրով միջազգային ռոք-փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Ծրագիրը երաժշտական, թատերական միջոցառումների, կինոնախագծերի, ցուցահանդեսների եւ այլ մշակութային ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված նախագծերից է: Ռոք-փառատոնը, որն իրականացվեց «Գյումրու օր» ծրագրի շրջանակում, աննախադեպ իրադարձություն էր հանրապետության երկրորդ քաղաքի մշակութային տարեգրության մեջ. առաջին անգամ Գյումրին հյուրընկալեց հայաստանյան ու միջազգային շուրջ տասնյակ հեղինակավոր ռոք խմբերի:

Փառատոնի «Գալա» համերգը կայացավ սեպտեմբերի 25-ին, Գյումրու «Սեւ Բերդ» ամրոցում: Համերգին նախորդեցին բազմապիսի միջոցառումներ. փառատոնի մասնակից խմբերը հանդես եկան քաղաքի տարբեր հատվածներում:

Էջմիածնում մրցանակներ են հանձնվել «Լավագույն ուսուցիչներին» (առանց մեկնաբանությունների՝ բացառապես կարեւորելով գիտա-կրթական զարգացումները)…

Լավագույն արդյունքների համար 23 մասնակիցներ արժանացել են տարբեր կարգի մրցանակների: 37 մանկավարժներ  ստացել են  մասնակցության վկայականներ:

Սեպտեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ ու ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Լեւոն Մկրտչյանի մասնակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների սրահում, տեղի ունեցավ «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների ու դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2016թ. հանդիսավոր մրցանակաբաշխությունը:

Բացման խոսք ասաց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: ‹‹Ուսուցչի եւ իր առաքելության, ծառայության գնահատումը մշտապես եղել եւ մնալու է Հայ Եկեղեցու ու նրա առաջնորդի՝ Ամենայն Հայոց Հայրապետի ուշադրության կենտրոնում: Այս մրցույթը այն բազմաթիվ ծրագրերից, միջոցառումներից մեկն է, որի նպատակն է ազգային դպրոցում ուսուցչին ոգեւորել, արժեւորել նրա կատարած աշխատանքը, գնահատել որպես այդ տարվա մեջ լավագույնը եւ խթանել, որպեսզի այս գնահատանքը, հմտությունն ու մարդակերտման կարողությունը տարածվի նաեւ մյուս մանկավարժների վրա: Ուսուցիչը ոչ միայն գիտելիք պետք է փոխանցի աշակերտին, այլեւ կյանքուսույց դերակատարություն պետք է ունենա. նա պետք է լինի այն կարեւոր օղակը, որ պետք է հստակ զատում դնի ժամանակավորի եւ հավիտենականի մջջեւ››,- ասել է Վարդան Սրբազանը:

Մրցանակաբաշխությանը ելույթ ունեցավ ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Լեւոն Մկրտչյանը: Նա չափազանց հուզիչ նկատեց այն հանգամանքը, որ միջոցառումը տեղի է ունենում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի ժամանակաշրջանում: ‹‹Երբ մենք փորձենք գնահատել անկախությունը եւ հասկանալ արժեքները, որոնք բերեց իր հետ մեր կյանքի այս նոր ձեւաչափը, թերեւս 2 կարեւորագույն փաստ կշեշտադրվի: 1-ինը՝ մեր անկախության շքերթի ժամանակ հոգևոր գնդի շարահյուսային քայլն է, երբ այն կարողացավ մեր գնդերի հետ միասին հպարտորեն քայլել, եւ սրանով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին փաստեց, որ ինքը ամբողջական ներկայություն է մեր ոչ միայն հոգեւոր կայնքում, այլեւ հոգեւոր-ֆիզիկական անվտանգության համակարգում: 2-րդը, որն ավելի հզոր ու կարեւոր փաստ է, դա մեր կրթական ծրագրերում Հայ Եկեղեցու` արդեն մնայուն ու լայնածավալ ներկայությունն է: Եթե մենք խոսում ենք ազգային կրթակարգից, պետք է նշենք, որ հայ տեսակը առանց Հայ Եկեղեցու չկա. այն այս տեսակի անքակտելի մասն է, նրա միսն ու արյունն է եւ հոգեւոր ներկայությունը»,- ասել է ԿԳ նախարարը` ընդգծելով, որ դպրոցներում հայագիտական առարկաների ուսուցիչները մեծ առաքելություն են իրականացնում, տալիս են տեսակի շարունակության բանալին:

Մրցանակաբաշության մասնակիցներին ողջունեց նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը` իր հերթին անդրադառնալով կրթության ոլորտում Հայ Եկեղեցու ստանձնած վիթխարի առաքելությանը, ինչպես նաեւ աշակերտի վարքագծի կերտման տեսանկյունից ուսուցչի դերակատարությանը, քրիստոնեական դաստիարակության եւ կրթության ոլորտում արձանագրվող կարեւոր ձեռքբերումներին:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ԿԳ նախարարի կողմից հաղթող ուսուցիչներին հանձնվեցին մրցույթի մասնակցության վկայականներ, հոգեւոր գրականություն ու դրամական պարգեւներ: Առաջին մրցանակը շնորհվեց «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Անուշ Խաչիկյանին (Երեւանի Ա. Երզնկյանի անվան թ. 118 ավագ դպրոց): Երկրորդ մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Հայկանուշ Գրիգորյանը (Արագածոտն, Ոսկեվազի միջն. դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը (Սյունիք, Սիսիանի ավագ դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Անահիտ Թեւոսյանը (Արարատ, Վեդու թ.2 հիմնական դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Լիանա Մատինյանը (Լոռի, Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թ. 10 ավագ դպրոց), «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի ուսուցչուհի Տիրուհի Ասատրյանը (Գեղարքունիք, Կարմիրգյուղի թ.2 միջն. դպրոց), «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի ուսուցչուհի Արփինե Սարգսյանը (Շիրակ, Վահրամաբերդի միջն. դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մարիա Գրիգորյանը (Լոռի, Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թ. 10 ավագ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Նինել Մկրտչյանը (Վայոց Ձոր, Վայքի քաղաքային վարժարան), դասվար Ռուզաննա Վարդանյանը (Երևանի թ. 116 հիմնական դպրոց): Երրորդ մրցանակը փոխանցվեց «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Վարդան Աշչյանին (Երեւան, Գ. Էմինի անվան թ. 182 ավագ դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Աննա Բաղդասարյանին (Կոտայք, Լեռնանիստի միջնակարգ դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Ալվինա Մկրտումյանին (Արմավիր, Թաիրովի միջն. դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ Գագիկ Վարդանյանին (Գեղարքունիք, Ներքին Գետաշենի թ. 1 միջն. դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Նարինե Վարդանյանին (Լոռի, Վանաձորի, թ. 28 հիմնական դպրոց), «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի ուսուցչուհի Նաիրա Զեյնալյանին (Արարատ, Սուրենավանի միջն. դպրոց), «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի ուսուցչուհի Անի Վանցյանին (Լոռի, Ստեփանավանի ավագ դպրոց), «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի ուսուցչուհի Քրիստինե Ավետիսյանին (Կոտայք, Լեռնանիստի միջնակարգ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Անուշ Մանուկյանին (Գեղարքունիք գավառի թ. 3 հիմնական դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Վարդուհի Ծատրյանին (Արմավիր, Թաիրովի միջն. դպրոց), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Սվետլանա Սարգսյանին (Սյունիք, Սիսիանի ավագ դպրոց), դասվար Սոնիկ Բադալյանին (Արմավիր, Էօռնեկեան հանրակրթական դպրոց), դասվար Մերի Թոռունյանին (Երևան, Վարդանանք կրթահամալիր):

Շնորհաբաշխությունից հետո խոսքով հանդես եկավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցանակաբաշխության բարերար Սիլվա Տեր-Ստեփանյանը (ԱՄՆ): Ըստ նրա. «Մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղավ եւ է Հայր Աստծու մեծագույն պարգեւը ողջ հայության: Այն շարունակելու է մնալ ոչ միայն մեր հայ հավատքի ուղեցույցը, այլ նաեւ մեր սուրբ աղբյուրը»,- իր խոսքում նշեց օր. Տեր-Ստեփանյանը` մաղթելով, որ մշտապես պանծացվի հայերի հույսի, լույսի եւ հավատքի սուրբ կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածինը: Շնորհակալական խոսք ասաց նաեւ առաջին մրցանակին արժանացած ուսուցչուհի Անուշ Խաչիկյանը: Ցերեկույթի ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկավ նաև «Նոր անուններ» համույթը` ղեկավարությամբ Սիլվա Մեքինյանի: Մրցանակաբաշխության արարողությունը եզրափակվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը, ողջունելով ներկաներին, իր գնահատանքը փոխանցեց լավագույն ուսուցչի պատվին արժանացած ուսուցիչներին` շնորհակալություն հայտնելով իրենց մատուցած բարի եւ ազնիվ ծառայության համար: Նորին Սրբությունն ուսուցիչներին համեմատեց ավետարանական բարի սերմնացանի կերպարի հետ, ովքեր հայորդիների հոգիներն ու միտքը հերկում են եւ սերմանում բարի հունդեր, ապա հոգ տանում ու խնամում, որ այդ հունդերը ծիլ տան եւ բարի արդյունք բերեն հայ ժողովրդին ու Հայրենիքին: «Փառք ենք տալիս Աստծուն, որ այդ աշխատանքը իրականացվում է սիրով ու նախանձախնդրությամբ: Դրա վկայությունը տեսանք նաեւ վերջերս, երբ այցելեցինք Լեռնային Ղարաբաղ, հանդիպեցինք հայոց բանակի քաջարի մարտիկներին: Հպարտություն զգացինք այն ոգու եւ գիտակցության համար, որով նրանք իրենց ծառայությունն էին բերում մեր Հայրենիքին և ժողովրդին: Մենք այս իմաստով նույնպես մեր գնահատանքը եւ օրհնությունն ենք բերում ձեզ: Ուսուցիչը մեր մշտական աղոթքներում է, որպեսզի նրա աշխատանքով առատանան շնորհները մեր զավակների կյանքում, այդ շնորհներով վերջիններս էլ իրենց հերթին զարդարեն հայ կյանքը եւ հայոց անդաստանները»,- ասել է Վեհափառ Հայրապետը:

Այս առիթով ազգային կրթության գործում իր նախանձախնդրության եւ կարեւոր ներդրումի համար Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց տիար Լեւոն Մկրտչյանին` շնորհավորելով նրան նաեւ ԿԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Նորին Սրբությունը բարձր գնահատեց եկեղեցական կրթական կառույցների եւ ԿԳՆ-ի մջջեւ գործակցությունը, որ պսակվում է գեղեցիկ նախաձեռնություններով: Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց նաեւ մրցանակաբաշխության երկարամյա հովանավորներին` Սիլվա եւ Իրմա Տեր-Ստեփանյան քույրերին, ինչպես նաեւ ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին: Վերջում «Պահպանիչ» աղոթքով Հայոց Հայրապետն օրհնեց ներկաներին եւ հայցեց Երնավոր Տիրոջ հովանին ու զորակցությունն ազգանպաստ իրենց առաքելության արդյունավոր իրականացման մեջ:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 32 (422), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։