Գիտությունը պիտի շարժվի, որ շարժի – Համահայկական գիտական համաժողովի մասնակիցները՝ ՀՀ նախագահի մոտ… Գիտպետկոմի ստեղծման ժամանակ գործել են 6500 գիտնականներ… Խորհրդային տարիներին Հայաստանը համարվել է զարգացած գիտական ենթակառուցվածքների ու գիտական ուսումնասիրություններ իրականացնող պետություն…

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Երեւանում անցկացված Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին, որոնց կազմում կային հայազգի ճանաչված գիտնականներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից ու մի շարք այլ երկրներից: Համաժողովը կազմակերպվել էր նախագահի աջակցությամբ գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Երկրի ղեկավարը ողջունել է գիտնականներին հայրենիքում եւ կարեւորել նրանց ներկայությունն անկախության տարեդարձի առթիվ: Կարեւորել է նաեւ Համահայկական գիտական համաժողովի անցկացումը քաղաքամայր Երեւանում՝ գիտության գրեթե բոլոր բնագավառները ներկայացնող հայազգի ճանաչված գիտնականների մասնակցությամբ: Այսպիսի միջոցառումները լավ հնարավորություն են ոչ միայն համախմբելու աշխարհի հայ գիտնականներին, այլեւ նրանց փորձն ու կապերն օգտագործելու հայազգի երիտասարդ գիտնականներին միջազգային հարթակներում էլ ավելի պատշաճ ներկայացնելու եւ գիտության զարգացման ժամանակակից միտումներին անմիջական հաղորդակից դարձնելու համար:

«Լուսանցք»-ը ողջունեց, երբ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ հանրահայտ Կոմանդոսը, սկսեց Հայաստանում հանդիպել աշխարհի տարբերև երկրներում գործող հայ բարձրաստիճան սպաներին, գեներալներին: Իհարկե, պարզ է, որ նման հավաքները թերեւս միշտ չէ որ կբարձրաձայնվեն, բայց կարեւորն այն է, որ լինեն շարունակական եւ արդյունքները տեսնենք մեր բանակի հզորացման ընթացքում:  

Իսկ ահա, գիտնականներին հայրենիքում հավաքելը եւ ազգային գործերին մասնակից դարձնելը դեռ ընթացիկ հարց է, բայց պիտի նույնպես կրի շարունակական բնույթ: «Լուսանցք»-ը միանշանակ կողջունի նաեւ տարբեր գիտական ու մշակութային ոլորտների համահայկականացման քայլերը եւ պատրաստ է իր էջերում միշտ անդրադառնալ բոլոր քայլերին:

Իսկ վերոնշյալ հանդիպմանը մասնակցող գիտնականները երկրի նախագահին ներկայացրել են համաժողովի ընթացքից իրենց տպավորություններն ու միջոցառումից ակնկալիքները: Սերժ Սարգսյանը պատասխանել է գիտնականներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել կրթության եւ գիտության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, դրանց շրջանակներում հատկապես երիտասարդ գիտնականներին խրախուսման, նրանց գործունեության օժանդակմանն ուղղված ծրագրերը: Հայազգի գիտնականները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանում գիտության եւ կրթության զարգացման խթանման նպատակով համատեղ հետագա համագործակցության շուրջ:

* * *

Ըստ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի՝ 1988թ. տվյալներով Հայաստանում աշխատել է մոտ 33 հազար գիտնական: Այժմ՝ շուրջ 7 հազար գիտնական է ընդգրկված գիտպետկոմի ծրագրերում: Կոմիտեի ստեղծման ժամանակ այդ թիվը կազմել է մոտավորապես 6,5 հազար: «1988թ. համեմատ գիտնականների թիվը մոտավորապես 4,5 անգամ պակասել է, ինչը ծանր փաստ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ երկրից հեռացան այն գիտնականները, ովքեր պահանջված էին: Նրանք տարբեր զարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում զբաղեցրել են բավականին լուրջ դիրքեր ու լուրջ հաջողություններ են գրանցել իրենց ոլորտներում»,- ասել է կոմիտեի նախագահը:

Նշվեց, որ այժմ Հայաստանում 7 հազար գիտնականներից գիտությամբ զբաղվում են մոտ 4 հազարը. «Բայց իրավիճակը ողբերգական չէ, նույնիսկ զարգացման միտում ունեցող իրավիճակում ենք»,- հուսադրել է Սամվել Հարությունյանը եւ հավաստել, որ մեր երկրում այս պահին գիտությունն էապես առաջ է անցել տնտեսությունից, այլ հարց է, որ գիտության ոլորտի նվաճումները չեն կիրառվում տնտեսության մեջ. «Պաշտպանության ոլորտին սպասարկելու համար լուրջ ծրագրեր են իրականացվում, եւ այդ ծրագրերի կյանքի կոչման համար 5 ենթահանձնաժողով է գործում։ 2017թ. կստեղծվի հատուկ բյուրո, որ կփորձի կապ հաստատել այլ երկրների պաշտպանության ոլորտի կառույցների հետ»: Խոսելով միջազգային կապերից՝ նշել է, որ Հայաստանը երբեք նման միջազգային կապեր չի ունեցել, ինչպիսին հիմա է։

Գիտպետկոմի նախագահը տեղեկացրել է, որ գիտության ոլորտին հատկացված բյուջեն 14,3 մլրդ դրամ է, ինչը քիչ է. «Ցանկացած գումար գիտության ոլորտում էլ քիչ է թվում, քանզի սա այն ոլորտն է, որտեղ մեծ ներդրումներ են անհրաժեշտ»։

Մեր երկրում տեղի ունեցած ռեալ բարեփոխումներն ունեն 9 տարվա պատմություն

«Գիտության նկատմամբ մեր իշխանությունները սկսեցին առավել ուշադիր լինել 2005թ. սկսած, երբ արդեն հանրապետությունը գրանցում էր լուրջ տնտեսական աճ»,- ասել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նրա խոսքով՝ մեր պետության ղեկավարությունը որոշեց վերադառնալ հին ակունքներին, քանի որ խորհրադային տարիներին Հայաստանը համարվել է զարգացած գիտական ենթակառուցվածքների ու գիտական ուսումնասիրություններ իրականացնող պետություն: Ռուսաստանի եւ Ուկրաինայից հետո գիտական արդյունքներով Հայաստանը ստաբիլ զբաղեցրել է 3-րդ տեղը խորհրդային տարածքում:

«Խորհրդային Հայաստանում ծախսվող գումարների գրեթե 70%-ը ծախսվում էր կիրառական նշանակություն ունեցող ուսումնասիրությունների վրա: Պետք չէ մեղադրել, որ մինչև 2005թ. առանձնապես ոչինչի չարվեց գիտության ոլորտում: Մինչ այդ ժամանակներն այնպիսին էին, որ գիտության հարցերով զբաղվելու ոչ ժամանակ կար, ոչ ֆինանսներ»,- նշել է ԳՊԿ նախագահը:

2007թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԿԳՆ կազմում ստեղծվեց նոր կառույց՝ գիտության պետական կոմիտե: «Կոմիտեի ստեղծումն անհրաժեշտություն էր: Մինչ այդ գիտության կառավարման 3 տարբեր մեխանիզմներ էին գործում՝ ակադեմիական, ճյուղային եւ բուհական: Այդ 3 համակարգերի միասնական կառավարման ինստիտուտ չկար, ինչը բազմաթիվ խնդիրների պատճառ էր դառնում: Կոմիտեի ստեղծման հիմնական նպատակը գիտության զարգացմանն ուղղված ընդհանուրը քաղաքականության մշակումը»,- մանրամասնել է նա: Ըստ նրա՝ մեր երկրում տեղի ունեցած ռեալ բարեփոխումներն ունեն 9 տարվա պատմություն. «Այս 9 տարիների ընթացքում բավականին աշխատանք է կատարվել: Հիմնականում Գիտության պետական կոմիտեի եւ պետության վարած քաղաքականության  մոտեցումներն ուղղված էին նրան, որ խորհրդային համակարգից ինչ մնացել էր, կարողանայինք դա պահպանել ու զարգացնել և հնարավորինս արագ գիտական ամբողջ համակարգն ինտեգրել եվրոպական ու համաշխարհային գիտակրթական տարածքին»:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 32 (422), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։