Այս տարվա մայիսին Երեւանի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները վերանայվեցին, ինչի հաշվին էլ քաղաքապետարանը կարողացավ աջակցել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Դեռ այդ ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել էր, որ վերանայումը հիմնականում արվել է ի հաշիվ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցների:
Ըստ այդմ, ինչպես սեպտեմբերի 23-ին նշվեց Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երեւանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձեւաչափով. միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին:
Նաեւ՝ ծրագրում չեն ներառվի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը:
Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձեւավորված սովորույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ:
Նկատեմ, որ «սոցիալական բաղադրիչ» ասվածը, մեր երկրի ներկայիս տնտեսական վիճակը հաշվի առնելով, կարեւոր է: Բայցեւ չեմ կարող անկեղծ չլինել՝ մենք պետություն ենք, իսկ դա նշանակում է, որ պետք է տոնենք մեր տոները եւ՝ ըստ արժանվույն տոնենք: Պետությունը միայն «մեռելոցներն» ու «սոցիալական բաղադրիչներն» իրականացնելու համար չէ: Երեւանը Հռոմից էլ հին է: Մի ուրիշ երկիր, մեզանից էլ վատ վիճակում գտնվող, Երեւան ունենար, գիտե՞ք ինչ կաներ. ամեն ինչ կներդներ քաղաքի տոնը, ի տես աշխարհի, նշելու համար: Որովհետեւ այս կարգի տոները պարզապես տոներ չեն: Դրանք ծագում են, պատմություն են, քաղաքականություն են, դաս են: Աշխարհի՛ ու մե՛զ համար նաեւ: Ես վստահ եմ, Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ում մասին կարելի է խոսել իբրեւ եռանդուն հանրային գործչի, քաջ գիտակցում է ասածիս ճշմարտացիությունը: Բայց թե ինչու՞ է ամեն անգամ այս տոնի տոնական անցկացմանը դեմ, իրապես չեմ հասկանում: Ենթադրությունը, որ նրա ասածները պայմանավորված են սուբյեկտիվ գործոնով, գուցե անհիմն չէ, համենայնդեպս, դա է վկայում նրա՝ այսպես ասած, ամեն ինչին դեմ գործելաոճը:
Ինչեւէ, 130 մլն դրամի փոխարեն այս տարի կծախսվի 65 մլն դրամ: Ու տոն լինելու է: Տարոն Մարգարյանի խոսքերով, մենք պետք է այնպես անենք, որ լիարժեք ապահովենք մեր համաքաղաքացիների եւ մայրաքաղաքի հյուրերի տոնական տրամադրությունն այդ օրը: Հետաքրքիր եւ բազմաբնույթ 34 միջոցառում է լինելու: «Մեր հիմնական հարթակներում, հրապարակներում, բացօթյա հատվածներում կունենանք մեր ավանդական դարձած բազմաժանր միջոցառումները. ռոք, ջազ, էթնոմշակութային, այդ թվում եւ մարզերից ողջույնի միջոցառումները։ Դրանք պահպանվել են եւ կունենան բավական գեղեցիկ, մեր քաղաքացիների եւ զբոսաշրջիկների քիմքը շոյող որակ, որը կապահովի տոնական, ուրախ մթնոլորտ»,– նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Տոնական միջոցառումների շրջանակում կան բազմաթիվ ֆլեշ մոբեր։ Երիտասարդական ֆլեշ մոբերը լինելու են ամենուր։ Քանի որ ֆլեշ մոբն իր տրամաբանությամբ անակնկալ է ենթադրում, դրանով պայմանավորված, ծրագրում նշված չէ, թե որտեղ, որ ժամերին են տեղի ունենալու։ Իսկ մեկնարկը որոշակի է՝ ժամը 14-ին։
Քույր քաղաքներից պատվիրակություններ կլինեն, կան բազմաթիվ հայտեր, սակայն հյուրերի թվաքանակը դեռեւս հստակ հայտնի չէ, այն պարզ կդառնա ավելի ուշ։ Հյուրերի համար նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում նաեւ հանդիպումը քաղաքապետի հետ։
Ու քանի որ «Էրեբունի-Երեւանի» սոցիալական բաղադրիչը սեպտեմբերի 27-ից մեկնարկել է, ասենք, որ քաղաքապետարանի աշխատակիցներն այցելում են քաղաքի տարեթվին համապատասխան թվով ընտանիքների, շնորհավորում նրանց տոնի կապակցությամբ, նվերներ հանձնում։ Ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված կարիքավոր ընտանիքներ, արցախյան պատերազմում, այդ թվում նաեւ ապրիլյան պատերազմում զոհվածների, վիրավորների, մասնակիցների ընտանիքներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ՝ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ, արվեստի, մշակույթի, գիտության վաստակաշատ ներկայացուցիչներ, վաստակաշատ բուժաշխատողներ եւ մանկավարժներ, կարիքավոր սիրիահայ ընտանիքներ, երիտասարդ ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ եւ բազմանդամ ընտանիքներ եւ սոցիալական այլ խմբեր։Ցուցակները կազմելիս, ի դեպ, քաղաքապետի առաջարկով հաշվի են առել մեր քաղաքացիների առաջարկները, եւ արվել է հնարավորը՝ ցուցակներում կրկնությունները բացառելու ուղղությամբ: Տոնական ծրագրում տեղ են գտել նաեւ բանակում ծառայող զինվորների ծնողների այցերը զորամասեր։
Սոցիալական բաղադրիչում, ինչպես ասացինք, ներառված են նաեւ տարեցները։ Երեւանում ապրում են 100 տարեկան եւ ավելի մեծ տարիք ունեցող 19 տարեցներ։ Նրանց կցուցաբերվի սոցիալական աջակցություն։ Տոնակատարության շրջանակում բնակարաններ կտրամադրվեն ոչ միայն գիտության, մշակույթի ներկայացուցիչներին, այլեւ բազմազավակ ընտանիքներին։ Բնակարանների թիվն առայժմ հստակ չէ: Որոշակի կդառնա Երեւանի ավագանու հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստում:
Մի հավելում էլ անեմ, սոցիալական բաղադրիչի նվերները հուշանվերային չեն, դրանք գործնականում շատ պետք կգան մեր քաղաքացիներին, ովքեր կստանան էլեկտրատեխնիկական անհրաժեշտ սարքավորումներ՝ այդ թվում սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ եւ այլ տեխնիկա:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 32 (422), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



