Որ աղքատի հոգեբանությամբ չլինենք – Փնտրվում է ավելցուկի մթերման բանաձեւը… Ելքն այն է, որ երկու կողմերը՝ գյուղացին ու մթերողը միասին համաձայնության գան,… 2017թ., ըստ վարչապետի՝ բավականին կոշտ բյուջե է նախատեսվում…

Մեր գյուղացին լավն է, շատ լավն է: Մեր քաղաքաբնակն էլ է լավը, շատ լավը: Բայց որպեսզի մեզ պինդ, ձիգ ու ամուր զգանք, պիտի մեր միջից հանենք աղքատի հոգեբանությունը: Կարկտաբեր ամպը չտեսած՝ բերքի կորուստը չլացենք, փոքրիկ մի գործ չհիմնած՝ հարկերի բեռի տակ մեզ չզգանք: Արդեն քանի տարի մթերողներն ասում են՝ տեղ չունենք, պետությունն ասում է՝ մթերիր, գյուղացուն օգնիր: Դեմ չեմ, գյուղացուն օգնել պետք է: Եվ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր երկրի համար զարգացած գյուղատնտեսություն ունենալու անհրաժեշտությունը: Բայց հիմա մթերողը միջոց չունի մթերածի դիմաց վճարելու, ու չես կարող մեղադրել ոչ գյուղացուն եւ ոչ էլ մթերողին: Խնդիրը լուրջ քննարկելու փոխարեն՝ հարայ-հրոց էինք բարձրացրել, թե գյուղացուն խաբում են ու խաբում: Մինչդեռ իրականում խաբող չկար: Հիմա «չխաբելու» համար գյուղնախարարն ասում է՝ ճանապարհներ փակելը ելք չէ, գյուղացին պիտի բիզնեսով զբաղվի, էլի հարայ-հրոց ենք գցել, թե գյուղացին բիզնեսով ինչպե՞ս զբաղվի: Լավ, ի՞նչ ենք ուզում: Եթե իրապես ազատական տնտեսահարաբերություններ, ապա պետությունը չպետք է խառնվի: Եթե խառնվում է, ուրեմն պիտի մեխանիզմ մշակվի՝ գյուղացուն ուղղորդելու: Ուղղորդելու այնպես, որ գյուղացին սեփական աշխատանքի արդյունքը տեսնի ոչ միայն բնամթերքի, այլեւ՝ գումարի տեսքով: Թե ինչքանով ճիշտ կուղղորդի, այ սա է պետության գործառույթը: Այլապես կանցնի եւս 25 տարի ու գյուղացու հոգեբանության մեջ այդպես էլ ոչինչ չի փոխվի:  

Կառավարության երեկվա նիստից հետո գյուղատնտեսության նրանշանակ նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, թե խաղողի մթերման հետ կապված բոլոր խնդիրներն  ուսումնասիրվում են, եւ գյուղատնտեսության նախարարությունն անպայման ներկայացնելու է իր առաջարկները: Վերամշակող կազմակերպությունների հետ էլ այս պահին ամենօրյա աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանան պարտքերը մարել: «Եվ եթե պարտքերը մարելուց հետո էլ գյուղացու ու մթերողի միջեւ խնդիրներ առաջանան, ապա պետությունը ստիպված կլինի միջամտել»,-ասաց նախարարը՝ միաժամանակ ընդգծելով, թե այսօր խնդիր չկա գյուղացիների ու մթերողների միջեւ, մթերողներն ասում են, որ արդեն պայմանավորվել են գյուղացիների հետ: Առայժմ սա է լուծումը: Բայց եթե մենք գնանք մթերողներին դատի տալու ու նրանց սնանկացնելու ուղղությամբ, դա ելք չէ։ Ելքն այն է, որ երկու կողմերը՝ գյուղացին ու մթերողը միասին համաձայնության գան, թե ինչպես մարվի պարտքը, որպեսզի եւ գյուղացին շատ չնեղվի, եւ մթերողը լուծի իր ֆինանսական հարցերը:

Իսկ գյուղատնտեսության նախարարությունն ինչո՞վ է նպաստելու, որպեսզի հետագայում դարձյալ գյուղացու ու մթերողի միջեւ խնդիր չծագի: Այս հարցին Ի. Առաքելյանը պարզաբանեց. «Մենք բանաձեւ ենք փնտրում, որով կմթերվի ավելցուկը: Կա նախագիծ, եւ երբ վերջնական որոշում կլինի, կներկայացնենք»:

Լրագրողները փորձեցին հասկանալ, թե ինչ է նկատի ունեցել նախարարը, երբ ասել է, թե գյուղացիները պետք է սկսեն բիզնեսով զբաղվել: Նախարարը նախ հստակեցրեց, որ խոսքը գործունեությունը ճիշտ կազմակերպելու մասին է եւ ապա թե՝ «Երբ որ ես ասում եմ, որ բիզնեսով պետք է զբաղվենք, մենք ծրագիր ենք մշակելու եւ փորձելու ենք ներդնել դոնորներ, ովքեր աջակցելու են, բիզնեսը ֆինանսավորելու դասընթացներ են անցկացվելու: Բնական է, որ այսօրվա իրավիճակում գյուղացին չի կարող ինքն իրեն բիզնեսով լուրջ զբաղվել: Գյուղացին կառավարությունից պահանջում է, որ լավ ապրի: Մենք ելքեր ենք փնտրում՝ ինչպես անենք, որ իր պահանջները կատարվեն»:

Այս պահի դրությամբ գյուղացուն աջակցության ամենագործուն քայլերից է արտադրողների համար վարկավորման տոկոսադրույքների իջեցումը: «Այդ հարցն իսկապես բարձրացվել է»,- ասաց Ի. Առաքելյանը՝ հավելելով, թե կփորձեն իջեցնել վարկավորման տոկոսադրույքները՝ 11%-ից մինչեւ 8%:

Գամ ասածիս՝ հոգեբանության փոփոխությանը եւ գյուղացու լավ ապրելուն:

Առայժմ չեմ պատկերացնում, թե ինչ մեխանիզմներ կմշակի պետությունը, որպեսզի գյուղացին լավ ապրի: Բայց վստահ եմ, որ պիտի սկսել զրոյական կետից, այն է՝ դադարեցնենք գյուղացուն ներշնչել, որ ինքը խեղճ է, անճարակ: Դադարենք այդպես մտածել: Հակադարձողներին միանգամից ասեմ. ինքս գյուղի թոռ եմ ու կապս գյուղի հետ երբեք չեմ կտրել ու բազմիցս եմ փոքրիկ «փորձարկումներ» արել: Երբ գյուղացու վիճակը տեսնելով ախ ու վախ եմ գցել, նրա ախուվախերն իմինից բարձր են հնչել: Բայց երբ հակառակ եմ արել, թե ի՜նչ ես խեղճանում, ամբողջ երկիրը ձեռքիդ է նայում, ասել է՝ «Էհ, աստծուն փառք»: Մեր գյուղացու բազուկն ուժ ունի: Հավատացնում եմ՝ հզո՛ր ուժ: Նրան պետք է կամք ներշնչել, հույս, որ ինքը մենակ չէ: Ամենակարեւորը՝ կով կթել սովորեցնել պետք չէ, ցանել-հնձել սովորեցնել պետք չէ, պետք է ուղղորդել՝ նրբորեն, առանց նրա աշխատանքային արժանապատվությունը վիրավորելու: Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է՝ մեխանիզմներ, գործառույթներ, ճանապարհներ եւն:

Գուցե, իբրեւ լրագրող, ասածս, մի քիչ զգացմունքային հնչեց, բայց ասելիքս այսպես ուզեցի տեղ հասցնել…

Աստղինե Քարամյան

* * *

Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ 2017թ. պետական բյուջեի նախագիծը, որից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց, թե բավականին կոշտ բյուջե է նախատեսվում:

Կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենակարեւոր սկզբունքը, որն ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային եւ պարտքի կայունությունն  է: Ըստ նախարարի՝ 2014-2015թթ. ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4,8%: Եվ այս տարվա արդյունքներով՝ ամենայն հավանականությամբ, կունենանք 5,9%-անոց պակասուրդ: Սրա հետեւանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը: «Սա պարտքի ստեղծման հիմնական աղբյուրն է: Մեզ մոտ պարտքը 2 տարիների ընթացքում՝ 2014-2015թթ. 43.7%-ից բարձրացել է եւ այս տարեվերջին 54,4% կկազմի: Բնականաբար, հաջորդ տարիներին պետք է լինենք պահպանողական, որպեսզի թույլ չտանք պարտքի գերաճ»,- շեշտեց ֆինանսների նախարարը:

Ինչ վերաբերում է պետբյուջեի նախագծին, ապա 2017թ. եկամուտները նախատեսվում են 1 տրլն 135 մլրդ դրամի, ծախսերը՝ 1 տրլն 360 մլրդ-ի, դեֆիցիտը՝ 150,1 մլրդ դրամ՝ 2.8 տոկոսի չափով: Նախատեսվում է ՀՆԱ-ի 3,2% աճ, 70 եւ ավելի միլիարդ դրամի եկամուտների աճ, մոտ 100 մլրդ դրամի ծախսերի նվազեցում:

«Լուսանցք» թիվ 32 (422), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։