ՀՀ նոր նախագահի նոր քաղաքական քայլերի մասին

Armen Avetisyan

Շատ վերլուծաբաններ դիտարկելով ՀՀ նորընտիր նախագահ Ս. Սարգսյանի քաղաքական հայացքները՝ փորձում են համեմատականներ գտնել ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի վարած 10-ամյա քաղաքականության հետ: Իհարկե, համեմատական նմանություններ կան, բայց կան նաեւ առայժմ աներեւույթ տարբերություններ: Եթե վերլուծաբանը նախատրամադրված է հիմնավորելու, որ իշխանափոխություն չի եղել եւ պարզապես նախկին նախագահը տեղը զիջել է նոր նախագահին, ապա այդ վերլուծաբանը դեռ չի նկատում կամ նպատակայնորեն նկատել չի տալիս արդեն իսկ գոյություն ունեցող տարբերությունները: Անհերքելի է նաեւ, որ նման տրամադրվածությամբ վերլուծաբանը մասամբ ճիշտ կլինի, քանզի կադրային քաղաքականությունում լուրջ փոփոխություններ չկան ու դժվար էլ լինեն (գոնե առաջիկայում) եւ հին դեմքերն իրենց ավերով ու ավարով լուրջ փաստարկ կդառնան հայտարարված իշխանափոխությունը պատրանք ներկայացնելու համար:

Սակայն, մեր ներքին կյանքը բարելավելու կառավարական «հավակնոտ» ծրագրերից բացի, լուրջ փոփոխություն է նախանշվում հատկապես ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում: Հանրության շրջանում տրամաբանված վստահություն կար, որ ՀՀ նախագահի ընտրությունից հետո, Ռ. Քոչարյանը ՌԴ նախկին նախագահ Վ. Պուտինի օրինակով կնշանակվի ՀՀ վարչապետ: Եվ այս դեպքում առհասարակ որեւէ խոսք չէր կարող լիներ իշխանափոխության մասին, ու չնայած ՀՀԿ-ականների այն հավաստիացումներին, որ Ռ. Քոչարյանը չի նշանակվելու վարչապետ, հանրությունը դեռ այսօր էլ սպասում է ռուսաստանյան տարբերակին…

Բայց, ինչպես պարզվեց, ՀՀ ներկա ու նախկին նախագահները չկիսեցին իշխանությունը (երեւի իսկապես քաղցր բան է դա), չնայած նախկին նախագահն իր վրա մեծ ու պատասխանատու բեռ վերցրեց՝ ընդդիմության հետեւողական հանրահավաքները մարտի 1-2-ին ցրելով (զոհեր ու բազմաթիվ վիրավորներ ունենալու գնով) եւ արտակարգ իրավիճակ հայտարարելով: Շատ անգամներ է խոսվել-գրվել Քոչարյան-Սարգսյան իբր սին հակամարտության մասին, որ դա պարզապես խաղ է: Այս վերջին դեպքում էլ այն կարծիքին ենք, որ ներքին խաղի տարրեր կային ու կան, եւ վերլուծաբանները կարող են հիմնավորումներ գտնել նաեւ այստեղ, սակայն ակնհայտ է, որ լուրջ հակամարտություն կա արդեն Սարգսյան-Քոչարյան զույգի մոտ՝ հատկապես կադրային քաղաքականության եւ դրամա-տնտեսական վերաբաժանումների շուրջ: Սրանք այնքան զգացական ոլորտներ են, որ փոխհամաձայնության չգալու դեպքում բախումն անխուսափելի է: Այդ բախումը վաղուց սկսած կլիներ, դեռ Ռ. Քոչարյանի ՀՀ նախագահ եղած ժամանակ, եթե շա՜տ հարցեր չկապեր Քոչարյան-Սարգսյան զույգին, որոնց պարզաբանումը ձեռնտու չէ երկուսին էլ……

Ինչեւէ, Ս. Սարգսյանը փորձում է իր նախագահության 1-ին՝ անցումային փուլը, անցկացնել առանց տհաճ անակնկալների եւ մի շարք հարցերում համաձայնում է Ռ. Քոչարյանի հետ: Բայց որքա՞ն ժամանակ դա կշարունակվի: Հատկապես՝ հնարավոր արտաքին նոր ճնշումների պարագայում…

Առաջին լուրջ քաղաքական հարվածը Ս. Սարգսյանը ստացավ Հայաստանի «ավանդական» բարեկամ Ռուսաստանից: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ Վ. Պուտինը ցանկանում է ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել իր «ավանդական» գործընկեր Ռ. Քոչարյանին: Սակայն, դեռ ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի պաշտոնական այցը Մոսկվա չկարգավորեց այդ խնդիրը, իսկ ՀՀ նախագահ դառնալուց հետո Ս. Սարգսյանն առավել եւս չէր համաձայնվի կիսել իշխանությունը: Չէր համաձայնվի, քանզի այս դեպքում «կիսել իշխանությունը» նշանակում էր տալ ամբողջ իշխանությունը: Հասկանալի է, որ ՀՀ նորընտիր նախագահը չուզեց դա անել: Եվ վայրկյան չանցած վատթարացան ՀՀ-ՌԴ իշխանությունների «ավանդական» փոխհարաբերությունները: ՀՀ նորընտիր նախագահը նույնիսկ հրավեր չստացավ մասնակցելու ՌԴ նորընտիր նախագահ Դ. Մեդվեդեւի երդման արարողությանը: Սա աննախադեպ էր Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, անսպասելի էր, որ ՌԴ իշխանություններն այսպիսի անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն ՀՀ նախագահի նկատմամբ: Սույն վերաբերմունքը բացասական տեսանկյունից ավելին էր, քան ռուսաստանցի դիվանագետի՝ Հայաստանին Ռուսաստանի «ֆորպոստ» հայտարարելու տխուր դեպքը: Սա ընդամենը մեկ դրվագն է ՌԴ-ՀՀ հարաբերությունների վատթարացման: Հաջորդը կարող է լինել ՀՀ արտաքին քաղաքական ուղղության որոշակի փոփոխությունները: Նորանշանակ ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը Եվրոպայում երկար տարիներ աշխատած դիվանագետ է եւ վստահաբար լուրջ կապեր ունի եվրոպական կառույցների, պետությունների (հատկապես՝ Ֆրանսիայի) իշխանությունների հետ: Իհարկե Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի արագ շնորհավորական ուղերձը խիստ շոյիչ էր ՀՀ նախագահի համար, սակայն կարծում ենք դա չէր միակ պատճառը, որ Ֆրանսիայում ՀՀ արդեն նախկին դեսպան Է. Նալբանդյանը նշանակվեց ՀՀ արտգործնախարար: Այստեղ խոսքը արտաքին քաղաքականության որոշակի փոփոխության մասին է: Նույն եվրոպական ուղղության ներկայացուցիչ, ՕԵԿ նախագահ Ա. Բաղդասարյանի նշանակումը ՀՀ անվտանգության խորհրդի ղեկավար (նաեւ մեծ լծակներով աշխատակազմի ստեղծումը) նույնպես այս փոփոխության հետեւանք է (Ա. Բաղդասարյանը հրապարակավ հայտարարեց, թե Ն. Սարկոզին իր ընկերն է, իսկ Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի մեծ վարպետն էլ հայտարարեց, որ Ֆրանդիայի նախագահը շուտով իրենց անդամը կդառնա…): Հատկապես այս հանգամանքը չէր կարող անտեսվել ՌԴ իշխանությունների կողմից: Չնայած ՌԴ ղեկավար կազմի մեծ մասն էլ մասոնական օթյակների «հաճախորդներ» են… բայց սեփական ու պետական այլ շահեր ունեն:

Առաջին հայացքից կարծես թե ողջունելի է Ս. Սարգսյանի ուրույն քաղաքական գիծ տանելու ձգտումը, սակայն, կարծում ենք դա այդպես է միայն արտաքնապես: Շատերին թվում է, թե նորընտիր նախագահը փորձում է ՌԴ ազդեցությանը հակակշիռ ստեղծել եվրաազդեցությամբ, քանզի ԱՄՆ-իշխանությունները դեռ չեն ճանաչել ՀՀ նախագահի ընտրության արդյունքները եւ գոնե մոտ ապագայում չեն պատրաստվում հակակշիռ լինել ՌԴ-ին՝ Ս. Սարգսյանի նախագահության օրոք: Ահա, հենց այստեղ է թվում, թե ամեն բան ճիշտ է ընթանում, գրեթե անթերի եւ ՀՀ-ն շարունակում է վարել «կոմպլեմենտար» քաղաքականություն: Բայց, մեր կարծիքով, այնքան էլ այդպես չէ: Ս. Սարգսյանի կադրային քաղաքականությունը հուշում է, որ նա փորձում է ապավինել որոշակի եվրաչափանիշներով ապրող «պրոֆեսիոնալներին» եւ նոր երիտասարդ կադրերին (առաջին հայացքից սա էլ հետաքրքիր երեւույթ է), սակայն, երբ խորամուխ ենք լինում այդ նշանակումների էության մեջ, ապա այդ կադրերը (թե՛ կառավարությունում, թե՛ նախագահականում) հիմնականում արեւմտյան կտերով սնված, քաղաքական ճամբարափոխությամբ մեծացած անձինք (ոմանք դեռ ՀՀՇ-ից են մնացել) ու թունդ «կարիերիստ» երիտասարդներ են, ովքեր պատրաստ են աներկբա ծառայել իրենց «բոսսին»՝ առանց ուղեղի որեւէ ծալքի շարժի…

Վստահաբար, Ս. Սարգսյանը նոր «զանգվածային» իշխանական կուսակցության ձեւավորման նախադրյալներ է ստեղծում: ՀՀ նորընտիր նախագահի խորհրդականներն ըստ երեւույթին նրան արդեն համոզել են գնալ դեպի «առաջադեմ» Եվրոպա, դրա համար էլ «պատմական» անհրաժեշտության է առաջացել այդ ուղղությամբ ավելի մեծ «պատուհան» բացելու եւ եվրոպական գերակայությունը ՀՀ-ում հաստատելու համար: Ավելին՝ նոր նախագահն իր կառավարությամբ արդեն ժողովրդավարական արժեքների գերակայությունն է ամրագրում մեզանում՝ այդ ամենը շղարշելով ազգային «իդեալների» անվանարկմամբ, այսինքն՝ դրանցից շա՜տ հեռու պաշտոնյաների միջոցով: Սրան գումարած, այդ այսպես կոչված ժողովրդավարական արժեքները համեմվում են քրիստոնեական դավանանքի որոշակի տարրերով, եւ նկատելի է, որ Ս. Սարգսյանի «առաջ Հայաստան»-ը սլանում է դեպի եվրոպական ընտանիք՝ քրիստոնյա-ժողովրդավարական նոր ուսադիրներով…

Հեռվից թվացյալ արծվի եվրասլացքը արդեն իսկ լուրջ անկում է գուժում: Նախ՝ ազգայինի տակ թաքնված «կոսմոպոլիտ» ժողովրդավարներն իրենց իսկ երկրում ամուր հող չունեն ոտքերի տակ, եւ ամուր չէ հողը նաեւ սպասվող եվրավայրեջքի դեպքում: 2-րդ՝ ՀՀ-ում հետզհետե խախտվում է աշխարհիկ եւ հոգեւոր կյանքի համաչափությունը, տարանջատությունը եւ ամեն բան վերածվում է աշխարհիկ երեւույթի՝ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն այլեւս ինչպես մի կուսակցապետ է մասնակցում ՀՀ աշխարհիկ կյանքի վայրիվերումներին ու «ազդեցության ոլորտների» բաժանմանը: 3-րդ՝ կաթողիկոսին քաղաքականությունում ներգրավելը եւ քրիստոնեական «բարձրագույն արժեքներից» խոսելը դեռ «մեղքերի քավության» եւ բարոյազուրկ եվրոպացիների սիրուն արժանանալու նախապայմաններ չեն, ինչպես՝ նժդեհյան ցեղակրոնությունից միայն ճամարտակելը ազգի սիրուն արժանանալու նախադրյալ չէ…

Եթե Ս. Սարգսյանը կարծում է, թե սրանով «դաս է տալիս» ոչ միայն ՌԴ-ին, այլեւ՝ ԱՄՆ-ին, ապա պիտի միշտ հիշի, որ երբ 1915թ. ցեղասպանվում էինք, մեր նախնյաց օգնության ճիչին ի պատասխան լսվեց, որ «անգլիական նավերը հայկական լեռները չեն կարող բարձրանալ», եւ՝ ոչ միայն անգլիական… Քավ լիցի, այն կարծիքին չենք, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը իրենց «պատառոտում էին» մեզ փրկելու համար, պարզապես որեւե մեկի գիրկը նետվելու մոլուցքին ենք դեմ:

Այո՛, մենք կողջունենք, եթե ՀՀ նախագահը փորձեր անկախ քաղաքականություն վարել, եթե դա նույնիսկ որոշ զրկանքներ էլ բերեր իր հետ, կարծում ենք՝ անկախ պետություն ունենալու համար յուրաքանչյուր հայ պատրաստ է սխրանքների ու անձնազոհության, բայց մի փոսից դուրս գալով մեկ այլ փոսն ընկնելը անկախության եւ ինքնուրույնության դրսեւորում չէ ամենեւին: Այս դեպքում՝ սա նոր վտանգներով հղի «փոսային» հիվանդություն է դառնում: Կուզենայինք իհարկե սխալված լինեինք, բայց փաստերն այլ բան են ասում:

Չստանալով Դ. Մեդվեդեւի՝ իր երդման արարողությանը մասնակցելու հրավերը, Ս. Սարգսյանը պարբերաբար փորձեր է անում ՌԴ նախագահին հանդիպելու համար: Մամուլով բացահայտ խոսվեց, որ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցով անգամ փորձ է արվել Մոսկվայում մի միջոցառում կազմակերպել եւ այդ հանդիպումը հաջողեցնել, ինչը ՌԴ նախագահը մերժել է: Սա նշանակում է՝ առաջիկայում ՀՀ նախագահն ավելի լուրջ խնդիրներ կունենա ՌԴ կողմից ծրագրված: Եվ ակնհայտ է, որ այստեղ փնտրվող միակ միջնորդ կարող է դառնալ Ռ. Քոչարյանը, իսկ այդ միջնորդությունը հենց այնպես չի արվի……

Տխուր է նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ընթացքը: Առայժմ ՀՀ նապագահը ԱՄՆ իշխանությունների կողմից նույնիսկ շնորհավորանք չի ստացել նախագահ ընտրվելու առիթով: Փորձերը՝ կարգավորել այդ բացը, անհաջողության են մատնվում, քանզի ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը (լինելով ԱՄՆ հովանավորյալ ՀՀ նախագահի թեկնածուն) դեռ անելիքներ ունի եւ ԱՄՆ-ը դեռ նրան է տեսնում ՀՀ-ում որպես իր շահերի պաշտպան: Կամ էլ՝ ՀՀ իշխանությունները լուրջ զիջումների պիտի գնան Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմին պետական լծակներ տալու հարցում:

Հետաքրքիր է, որ Ս. Սարգսյանը (գուցե եվրավառ հայացքով իր «առաջանցիկ» խորհրդականների հուշումով) վատթարացրել է հարաբերությունները նաեւ Իրանի հետ: Ըստ լրատվության մեր աղբյուրների՝ «սառեցված» են Հայաստան-Իրան այն բոլոր ծրագրերը, որոնք սկսվել եւ ընթանում էին Ռ. Քոչարյանի նախագահության ժամանակ: Այստեղ էլ վտանգավոր մի ստվերային խաղ է ընթանում: Միգուցե ԱՄՆ-ին հաճոյանալու համար, բայց խախտելով դիվանագիտական (էլ չասենք՝ բարիդրացիական) բոլոր նորմերը, օրեր առաջ Երեւան ժամանած՝ Հայաստան-Իրան դրամա-տնտեսական հարցեր քննարկելու (գուցե նաեւ անհրաժեշտ վարկեր տրամադրելու) եկած պատվիրակությանը ոչ մի պաշտոնատար անձ օդանավակայանում չի դիմավորել (երեւի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պիտի Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնեն): Այնինչ՝ պետական այդ այցը իրանական կողմը կատարել էր ՀՀ ղեկավարության պաշտոնական հրավերով: Կամ՝ ինչպիսի աղմուկ բարձրացավ ՀՀ իշխանամետ զլմներով, երբ Բաքվում Իրանի դեսպանը մի առիթով ասեց, թե Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ամեն օր նման բաներ Բաքվում եւ այլուր, նաեւ՝ Երեւանում, ասում եւ դեռ ասելու են ՌԴ, ԱՄՆ, Ֆրանդիայի, Վրաստանի, Գերմանիայի, Մեծ բրիտանիայի եւ բազմաթիվ երկրների դեսպանները, բայց աղմուկ… չկա (՞՞՞): Հետաքրքիր է՝ այդ նույն զլմ-ներն ինչու՞ չեն գրում, որ երբ Ադրբեջանը «Իսլամական համաժողով» կամ «Իսլամական խորհրդարան» կառույցներում փորձում է ՀՀ եւ ԼՂՀ դեմ «ջիհադ» հայտարարել, Իրանը մի շարք արաբական երկրների հետ մերժում եւ էլի մերժելու է համաձայնել: Պարզ է, Հայաստան -Իրան հարաբերությունները ԱՄՆ-ում քննարկման նյութ են դարձել՝ հակաահաբեկչական պայքարի ենթատեքստում, եւ ահա, հաճոյանալու հրաշալի առիթ՝ հարեւան ու բարեկամ մի երկրի հետ սերտացող հարաբերությունները փչացնելու հաշվին:

Այսքանով արդեն իսկ նկատելի է, որ նման արտաքին քաղաքականության դեպքում ՀՀ-ն լուրջ խնդիրներ կունենա 2 գերտերությունների՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի, ինչպես նաեւ՝ հարեւան Իրանի հետ: Չենք կարծում, թե այս ամենն այն գինն է, որ արժե տալ իրականում փուչիկ քրիստոնեա-ժողովրդավարական եվրաընտքնիք մտնելու համար: Սա կարող է հանգեցնել նաեւ ներքին լուրջ խնդիրների, որոնք կարող են առաջանալ եւ՛ արմատական կոչվող ընդդիմության նոր ընդվզմամբ (Լ. Տեր-Պետրոսյանի (արտախորհրդարանական) կամ Ր. Հավհաննիսյանի (խորհրդարանական) միջոցով), եւ՛ Ռ. Քոչարյանի հնարավոր միջամտությամբ (ի դեմս՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ նույնիսկ ՀՀԿ-ի մի մասի)…

Իսկ վերոնշյալ արտաքին քաղաքականության փոփոխությունն իրականում որեւէ արժեքային կամ քաղաքակրթական տարբերություն չի բերելու, քանզի ՀՀ իշխանությունները «կոմպլեմենտար» քաղաքականություն են վարում Արեւմուտքի եւ… Արեւմուտքի միջեւ: Իսկ փոխլրացման քաղաքականություն պիտի վարվի Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, որն էլ Հայաստանը կդարձնի այդ քաղաքակրթությունների հանդիպման խաչմերուկ, քանզի հայության մեջ առկա է եւ՛ Արեւմուտքը, եւ՛ Արեւելքը, եւ՛ ինքնատիպ հայկականը:

Կարելի էր դեռ մանրամասնել, բայց… սպասենք ծավալումներին:

Կարծում ենք ՀՀ նախագահը մեր այս վերլուծությանը անհանդուրժողաբար չի վերաբերվի (եթե «թիմուրական» խորհրդականներն այլ բան չզեկուցեն…), եւ՝ առավելապես մեր մտահոգությունը կնկատի, ու գուցեւ նաեւ հաշվի առնի:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 60, 29.05.2008թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։