Տեղական ընտրությունները՝ խորհրդարանականի նախավարժանք – Այս փուլի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին ՀՀԿ-ի առավելությամբ… Այնուամենայնիվ ՀՀԿ-ին կարելի է հաղթել… Ընտրական ծեծն ու ահաբեկումը՝ լավագույն ընտրագործի՞ք…

Հովհաննես Թումանյանը մի նամակ է գրել Ավետիք Իսահակյանին, ով մտահոգված հարցրել էր երկրի ու ժողովրդի վիճակի մասին: Ահա ամենայն հայոց բանաստեղծի պատասխանը, որը հետագայում վերնագրվեց «Մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը»…

«…Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը:

Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում – չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»:

2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ոչ միայն կառավարության կառուցվածքն ու կազմն է թարմացվում, այլեւ տեղերում՝ ՏԻՄ ընտրություններում, եւս մեկ անգամ ստուգվում են իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների հնարավորությունները: Իհարկե համայնքապետերի եւ ավագանիների ընտրության հարցը միշտ էլ կենտրոնացրել է իշխանության ներուժը, սակայն այս անգամ այն ավելի էր պրկվել, քանի որ ի տարբերություն նախորդ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման, այս անգամ ընդդիմադիր ուժերը որոշակի աշխուժացել էին եւ մրցակցության երեւույթը որոշ տեղերում գործեց: Այսինքն՝ ընդդիմադիր ուժերը սպասվելիք խորհրդարանական ընտրությունների շեմին փորձեցին հաստատվել թիվ 1 ընդդիմադիրը լինելու տեղում՝ հաջորդ տարի ԱԺ եւ կառավարության ձեւավորման ժամանակ ամուր դիրքերում լինելու համար: Չէ՞ որ այդ ընտրություններում է վճռվելու կառավարություն կազմելու եւ վարչապետ նշանակելու հարցը, իսկ կառավարության ղեկավարն արդեն լինելու է երկրի ղեկավարը՝ նորացված Սահմանադրության համաձայն:

Մինչեւ ՏԻՄ ընտրություններին եւ որոշ քաղաքական ուժերի՝ ընդդիմադիր ոլորտում առաջնայինը լինելու հայտարարություններին անդրադառնալը, նշենք ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այս դիտարկումը. «Համայնքապետ ընտրվելուց 5 օր անց հաղթած անկուսակցականները դարձել են ՀՀԿ-ական»:

Իսկ այդ թվերն այսպիսին են՝ սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում հաղթած 22 անկուսակցական համայնքապետեր ցանկություն են հայտնել դառնալ ՀՀԿ անդամ։ Ըստ ՀՀԿ խոսնակի, ՀՀԿ-աներն էլ հաղթել են 158 համայնքներում, որին երբ գումարվի այս 22-ը, կստացվի, որ ընտրված համայնքապետերի 76%-ն արդեն ՀՀԿ-ական են։ Այսինքն՝ չնայած այս անգամ գործադրած ջանքերին, ընդդիմադիրները խորհրդարանական ընտրություններում մեծ աջակցություն չեն ունենալու համայնքներում: Անգամ չի բացառվում, որ որոշ կուսակցական համայնքապետեր նույնպես դիմում գրեն ՀՀԿ-ին:  

ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականցնում շուրջ 20 հասարակական կազմակերպություն: Հոկտեմբերի 2-ին դրանց թիվը գուցե նաեւ ավելանա, իսկ ԿԸՀ պաշտոնական էջի տեղեկացմամբ, ընդհանուր առմամաբ, քվեարկության գործընթացին կհետեւի մոտ 1600 դիտորդ: Առավել շատ դիտորդներ ունի «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորում ՀԿ-ն՝ 415, մի քանի կազմակերպություններ դիտարկում կիրականացնեն միայն 4-5 դիտորդով:

ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը, համենայնդեպս, տարեցտարի ավելանում է: Մեծանում է նաեւ ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու, ընտրական գործընթացը վերահսկելու քաղաքացիների հետաքրքրությունը: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության տվյալներով սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է իրենց 112 դիտորդ՝ 16 համայնքների 57 ընտրատեղամասերում: Ըստ դիտարկումների, նախորդ ընտրությունների համեմատ նկատվել է, որ կուսակցություններն էլ են սկսել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առավել գործուն մասնակցել:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կարծիքով, չնայած ակտիվությանը, այնուամենայնիվ  շարունակում են չլուծված մնալ մի շարք խնդիրներ, եղել են այլ անձի փոխարեն քվեարկելու մի քանի դեպքեր, որոնցից մեկի պարագայում հենց դիտորդներն են փաստում այլ անձի փոխարեն քվեարկելը թույլ չտալու հանգամանքը, որոնք բացասական ազդեցություն են թողնում ընտրական գործընթացի վրա: «Մի շատ տարածված խնդիր կա՝ ուրիշի փոխարեն քվեարկելու հետ կապված: Երբ մարդը գալիս է, տեսնում է, իր փոխարեն արդեն քվեարկել են, իր անվան դիմաց ստորագրել են, նրան առաջարկում են ուրիշի անվան դիմաց ստորագրել: Սա համակարգային լուրջ խնդիր է: Սա մենք տեսնում ենք, ոչ միայն ՏԻՄ, այլեւ համապետական ընտրությունների ժամանակ»,- ասել են նշյալ ՀԿ պատասխանատուները՝ հավելելով, որ դա ընտրակեղծարարության կարեւոր գործիք է. «16 համայնքներում էլ նման խնդիր ենք բացահայտել, կարծում ենք, սա կապված է ընտրացուցակները չհրապարակելու հետ, եթե հրապարկվեն, այդ խախտումը ինչ-որ չափով կնվազի:

Այս փուլի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին եւ, ինչպես հայտնի է, դրանք անցկացվեցին մեր երկրի 5 մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Սյունիք, Տավուշ, 317 համայնքներում: Մասնակցել է  ընտրողների շուրջ 40%-ը, ամենաշատն ընտրության մասնակցել են Երնջատափում՝ 74,63%, ամենացածր մասնակցությունը՝ Շահումյան գյուղում է՝ 10,91%:

ԿԸՀ-ն ստացել էր քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ, ըստ ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդման, սահմանված ժամկետում թիվ 20 եւ թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել էին 8 դիմում՝ թվով 11 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ: Տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Ընտրական հանձնաժողովներում դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացվել են նաեւ ընտրություններին առնչվող 142 այլ դիմումներ: Նշված դիմումներից 87-ը ներկայացվել են թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, իսկ թիվ 14, 15 եւ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հասցեագրված մյուս 55 դիմումներից 28-ը սեպտեմբերի 18-ին եւ 27-ը սեպտեմբերի 19-ին ներկայացվել են ԿԸՀ: Բոլոր դիմումները սահմանված կարգով եւ ժամկետներում քննարկվել են ընտրական հանձնաժողովների կողմից:

Ըստ հրապարակված տվյալների, բոլոր ահազանգերը ստուգվել են, ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ ահազանգերը գտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես նշենք, որ նյութեր են նախապատրաստվել սեպտեմբերի 17-ին Նոր կյանք գյուղում Armtimes.com-ի թղթակցի աշխատանքը խոչընդոտելու, Նոր Խարբերդի 16/02 ընտրատեղամասում ընտրողների կուտակումների, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Աշատարակի որոշ ընտրատեղամասերում արձանագրած խախտումների, Բյուրականի 15/02 ընտրատեղամասից դուրս կատարված քվեարկության, Ջրառատ գյուղում կատարված խախտումների վերաբերյալ՝ լրատվամիջոցների հրապարակած ահազանգերով եւ այլն:

Ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու եւ դրա սպառնալիքի միջոցով Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առեւանգելու ու վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումով հանձնարարվել է քննչական խմբին՝ դրանում ներառելով ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչներ: Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հիշյալ հանցանքները կատարելու կասկածանքով 2016 թ. սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է Երեւան քաղաքի բնակիչ Ա.Կ-ն։ Նույն գործի շրջանակներում 2016թ. սեպտեմբերի 18-ին ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա-ն, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

ՄԻՊ-ը եւս խախտումների տվյալներ է ուղարկվել է դատախազություն, մասնավորապես՝ Աշտարակի 14/5, Արմավիրի 20/1, Տեղ գյուղի 37/5, Ապարանի 14/3 եւ մի քանի այլ ընտրատեղամասերում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտման, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի գործունեությանը խոչընդոտելու, ընտրատեղամասից քվեարկության պարագաների դուրս բերման եւ խախտման մասին հրապարակումներ: Բացի այդ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, Արմավիրի մարզի Փարաքար եւ Արարատի մարզի Դեղձուտ գյուղական համայնքներում, ինչպես նաեւ Աշտարակ քաղաքի 14/5 տեղամասում արձանագրվել են նաեւ ընտրական կաշառքի մասին տվյալներ: Լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալները նույնպես սահմանված կարգով ամփոփվելուց հետո ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին:

Այսինքն, ըստ հաղորդագրությունների եւ հետագայում լրացուցիր բողոքարկումների բացակայության հանգամանքից, կարելի է ասել, որ այս փուլում իշխող կուսակցությունը 76% հաղթանակով մտնում է հաջորդ փուլ: Մյուս մարզերի ՏԻՄ ընտրոջւթյունները դժվար թե տարբերվեն այս մեկից, ինչը խորհրդարանական ընտրություններից առաջ կրկին կամրապնդի ՀՀԿ դիրքերը:

Այնուամենայնիվ ՀՀԿ-ին կարելի է հաղթել

Մրցակցային թեկնածու ունեցող համայնքներում խախտումների հավանականությունն մեծ էր, ուստի՝ դիտորդական առաքելությունն այդտեղ ավելի էր կարեւորվել: Ընդհանուր առմամբ, գնահատելով անցած ՏԻՄ ընտրությունները, դիտորդների կարծիքով այն համեմատաբար հանգիստ է եղել Տավուշի մարզում, իսկ ամենաշատ բողոքները ստացվել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից: Բողոքների մեծ քանակ, ըստ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, եղել է նաեւ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքից:

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ)» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը հայտնել է, որ իրենք այս ՏԻՄ ընտրություններում ունեցել են թեկնածու միայն Արարատի մարզի Նոր կյանք եւ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում: «Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ մենք այդ 2 համայնքներում պահել ենք մեր թեկնածուին տրված յուրաքանչյուր ձայն»,- ասել է նա: Նշենք, որ Նոր Կյանք համայնքում ՔՊ թեկնածու Գարիկ Սարգսյանն ընտրվել էր՝ հաղթելով ՀՀԿ-ական Մայիս Սարգսյանին, իսկ ավագանու թեկնածուներից 2-ը՝ Դավիթ Բազյանն ու Սարգիս Սարգսյանն առավելագույն ձայներով ընտրվեցին Նոր Կյանքի ավագանի:

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում ՔՊ համայնքապետի թեկնածուն պարտվել էր, այստեղ վերընտրվեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Արագածոտնի մարզի Արտաշավան, Կաքավաձոր եւ Կաթնաղբյուր համայնքներում հաղթել են ՀՅԴ-ական թեկնածուները. Արտաշավանում՝ Ղազար Կարապետյանը, Կաքավաձորում՝ Հայկ Բաղդասարյանը, Կաթնաղբյուրում՝ Աշոտ Հովհաննիսյանը: Հետաքրքիր է, որ Կաքավաձորում հաղթած թեկնածուի մրցակից գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սերյոժա Մուրադյանը շուրջ 17 տարի է՝  ինչ ղեկավարում էր գյուղը:

Նոյեմբերյանում եւ Կողբում անկուսակցականները հաղթեցին հանրապետականներին: Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում եւս գրանցվեցին ՀՀԿ-ականների պարտություններ, չնայած հետո, ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարության, անկուսակցականները դիմել են ՀՀԿ մտնելու համար: Անկուսակցականների եւ ՀՀԿ-ականների հետ պայքարի մեջ էին մտել նաեւ վերոհիշյալ եւ այլ կուսակցությունների, մասնավորապես՝ ԲՀԿ-ի, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները:

Զարմանալի էր, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, առաջադրվեց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի համայնքապետի թեկնածու: Զարմանալին առաջադրվելը չէր, այլ այն, որ «Սասնա ծռեր» շարժումը հայտարարել էր, որ չի մասնակցելու որեւէ ընտրության՝ դրանք նախապես կեղծված համարելով: Իսկ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու պարզաբանմամբ հատուկ հայտարարություն էր արվել: Եվ որպեսզի արդարացնեն Արայիկ Խանդոյանի մասնակցությունը, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, թե դա Հիմնադիր խորհրդարանի որոշումը չի եղել՝ եղել է այդ անձանց որոշումը: Պարզվում է «Սասնա ծռեր» խմբի մի մեծ մաս կամ ուղղակի ՀԽ անդամ է, կամ շարժման ակտիվիստ ու համակիր: Խմբում կան մարդիկ, որոնք կապ չունեին ՀԽ-ի հետ:

«Հիմնադիր խորհրդարանն ունի իր հստակ քաղաքական ռազմավարությունը, եւ մենք շարունակում ենք այդ ուղիով»,- հավելել է Ալեք Ենիգոմշյանը: Նրա խոսքով, իրենց քաղաքական պայքարը «զենքի կիրառում եւ բիրտ ուժ չի ենթադրում»: Սա եւս շատ զարմանալի փաստ է, հայտնի իրադարձություններից հետո ասված. «Ես խոր հավատ ունեմ, որ հասնելու ենք քաղաքական նպատակների իրականացմանը»,- նշել է ՀԽ անդամը՝ ընդգծելով, որ իրենց նպատակը ազատ, ինքնիշխան, սոցիալական, նոր Հայաստանի ստեղծումն է: Սա էլ վերջին զարմանալի հանգամանքն էր՝ առանց ընտրություններին մասնակցելու եւ իշխանության հասնելու, առանց «զենքի կիրառում եւ բիրտ ուժի» հնարավոր իշխանափոխության ի՞նչ ճանապարհով են հասնելու իրենց քաղաքական նպատակների (նոր Հայաստանի) հաղթանակին… Մնում է կարծել, որ «ես խոր հավատ ունեմ» ասվածն ինչ-որ գերբնական խորիմաստ խորհուրդ ունի… Հատկապես, որ Ալեք Ենիգոմշյանը վերջերս նորից բացասական պատասխան է տվել՝ նշելով. ««Սասնա ծռեր» քաղաքական շարժումը չի մասնակցելու ընտրություններին, նման բան չի կարող լինել, մեր խնդիրը մինչեւ նշանակված ընտրությունները հաղթանակին հասնելն է: Եվ մենք ունենք ու կձեւակերպվի մեր մարտավարությունը առաջիկա ամիսների համար: Եթե այնպես ստացվի, որ մինչեւ ընտրությունները ռեժիմը չվերանա, բնականաբար այդ օրը մեր մարտավարության մեջ կունենա շատ էական նշանակություն: Բայց վստահ կարող եմ ասել, որ շարժումը իր ռազմավարությունը չի կարող կառուցել ընտրությունների վրա»:

Ընտրական ծեծն ու ահաբեկումը՝ լավագույն ընտրագործի՞ք

Չնայած ՏԻՄ ընտրությունները հիմնականում համարվում են հանդարտ անցկացված, այնուամենայնիվ կան արձանագրված ընդհարումներ, որ մեծապես վնասում են ազատ ու արդար անցկացնելու գաղափարը:

Գյումրիում տեղի ունեցավ ամենասարսափելի միջադեպը այս ընտրությունների ընթացքում: Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդին հրազենային վիրավորում էր ստացել, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր։ Մահացողը Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդին էր՝ Արշակը, 22 տարեկան:

Դեպքից 2 օր առաջ Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցի սկզբնամասի գովազդային վահանակներից մեկի վրա պատկերված էր նարդու 2 զառ, եւ մեծատառերով գրված էր՝ «Հաջողության բանաձեւը»: Գյումրիում սա միանգամից կապվել էր առաջիկա քաղաքապետի ընտրությունների հետ եւ որակվել որպես քաղաքական խայթոց: Այս պաստառը միանգամից կապվեց ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի հետ, քանի որ նրա նախընտրական գլխավոր շտաբը այդ ցուցապաստառից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում:

«Ամբողջ աշխարհում տարածված է, որ երկու 6-ը (դու շեշ) հաջողության եւ հաղթանակի գրավական է: Ինչքանով, որ այդ պաստառը վերագրում են Վարդեւան Գրիգորյանին, այնքան էլ պետք է վերագրեն մյուս թեկնածուներին: Չնայած մենք ուրախացել ենք, որ այդ նկարը վերագրել են մեզ, քանի որ դրանով ապացուցել են, որ մենք ենք հաղթելու,- պարզաբանել է Վարդեւան Գրիգորյանի շտաբի ղեկավար Մարզպետունի Մարգարյանը:

Գյումրիում կարծիք կա, որ իշխանությունը բացահայտ կերպով աջակցում է ընդդիմադիր ՕԵԿ-ին: «Թեեւ Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը ֆորմալ առումով իշխանությունների թեկնածուն է, սակայն, ըստ ամենայնի, աջակցությունը ավելի շատ հռչակագրային բնույթ է կրելու, եւ քաղաքապետը պետք է հույսը դնի իր թիմի եւ վարկանիշի վրա: Ասվածի ապացույցն այն է, որ հայաստանյան իշխանությունների էլեկտորալ ամենաուժեղ ռեսուրսներից մեկը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի Շիրակի մասնաճյուղը աշխատում է ոչ թե Սամվել Բալասանյանի, այլ նախկին ՕԵԿ-ական, այժմ վերածնված («Վերածնունդ»-ի Հովհաննես Մարգարյանի համար, որը հանրապետության երկրորդ քաղաքում հայտնի է օգնություն կաթի փոշու գողության գործով:

Ըստ քաղաքում տարածված լուրերի, նշյալ ընկերության գլխավոր դեմքերը Հովիկ Մարգարյանի ցուցակում են: Դրանց թվում են իրացման գծով պետի տեղակալ Աղասի Ջանոյանը եւ Սերգեյ Ամիրբեկյանի խորհրդական Համիկ Պողոսյանը: Ահա սա է իրեն նոր ընդդիմություն հռչակած նախկին ՕԵԿ-ի եւ ներկայիս ՀՀԿ-ի առկա հակամարտությունը…

Եվ հասկանալի է, թե ինչու սեպտեմբերի 26-ին՝ Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին, քաղաքական էլիտայի ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել՝ այդ թվում գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին պաշտպանող ՀՀԿ ներկայացուցիչները։ Ներկա է եղել միայն գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Ասում են՝ վերջին օրերի լարվածության պատճառով կտրուկ նվազել է գործող քաղաքապետի հեղինակությունը եւ հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում հաղթելու միակ  շանսը մնում է ընտրակաշառքը։

Հաջորդ դոնկոռլեոնական քաղաքի վերածվեց Էջմիածինը (իմիջիայլոց Իտալիայից վերադարձած հայտնի գործարար Դոն Պիպոյին որոշ ուժեր փորձեցին կապել ներքոշարադրյալ դեպքերի հետ, ինչը Հայաստանում գործունեություն ծավալող գործարարը, որ նաեւ «գողական աշխարհի» հետ է առնչվում (նաեւ հայկական), կարողացել է հերքել): Հարուցվել է քրեական գործ Էջմիածնի ավագանու թեկնածուին առեւանգելու դեպքի առթիվ: Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա սեպտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ու 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու եւ դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առեւանգելու ու վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Կրակել էին Երեւանից վերադարձող Էջմիածնի գործող քաղաքապետի՝ Կարեն Գրիգորյանի (ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է) մեքենայի ուղղությամբ: Մեքենայի մեջ եղել է Կարեն Գրիգորյանը՝ եղբոր՝ Արման Գրիգորյանի հետ: Ասում են՝ կրակողները եղել են քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին: Նրանք եղել են «ՎԱԶ 21/06» մակնիշի մեքենայով: Ավելի ուշ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ տուժել են Թումանյանն ու Աբգարյանը: Նրանց տեղափոխել էին հիվանդանոց:

Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին՝ Ստեփան Աբգարյանը, ով բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոցում էր, պնդել է, որ իրեն եւ քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին դիտավորյալ ծեծի են ենթարկել գեներալ Մանվել Գրիգորյանի որդիներն ու նրանց համակիրները: Դեպքի նախօրեին զանգ են ստացել, որ իրենց համակիր, Էջմիածնի ավագանու անդամ Կիրակոս Բաժակյանը առեւանգված է եւ գտնվում է քաղաքի բենզալցակայաններից մեկում: Այդ զանգից հետո իրենք սկսել են փնտրել Կիրակոսին եւ դեպքերն զարգացել են ինչպես նշվեց վերեւում:

Ինչեւէ, գեներալ Մանվելի որդին դարձյալ քաղաքապետ է: Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է Կարեն Գրիգորյանը: Դեպքի հետքերով կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է:

Ամենամեծ անակնկալը գրանցվել է Արարատի մարզում, որտեղ ավանդաբար գործում է արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա երեւի խիստ նեղացած ու զայրացած է մնացել պաշտոնանկությունից եւ այս մարզում ավանդաբար ուժեղ ՀՀԿ-ն պարտվել է ԲՀԿ-ին:

Իմիջիայլոց, խոսում են, թե նախագահ Սերժ Սարգսյանը հնարավոր է նորից Գագիկ Ծառուկյանին «հրավիրի» ԲՀԿ՝ նախագահ աշխատելու…

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, որտեղ համայնքի ղեկավարի ընտրություն էր ընթանում, եղան քաշքշուքներ, բայց բանը հանցանքի չհասավ: Գյուղապետի կալանավորված թեկնածու, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կինը եւ հարազատներից ոմանք, ներկայացել էին տեղամաս շապիկներով, որոնց վրա եղել է թեկնածուի նկարը: Սա արգելվում է, քանի որ վերջին օրը համարվում է լռության օր եւ քարոզարշավ չի կարելի անել որեւէ ձեւով: Անկախ այն հանգամանքից՝ թեկնածուն գյուղում է, թե բանտում… Իսկ Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Խանդոյանը տեղամասում էր գտնվում։

Եղան էլի այս կամ այլ տեսակի ընդհարումներ, բայց այն ինչ կատարվեց Գյումրիում եւ Էջմիածնում, ահավոր էր: Հուսանք մեղավորները վստահաբար կպատժվեն, իսկ շարունակվող ՏԻՄ ընտրությունները կանցնեն ավելի հանդարտ, խաղաղ ու ազատ պայմաններում: Եթե այս ընտրությունները հատկապես փորձաքար են եկող խորհրդարանական ընտրությունների համար, ապա ամեն ինչ պիտի արվի մարդկանց հավատը չխաթարելու համար: Այլապես ինչպես նոր կառավարության քայլերը, այնպես էլ սպասվելիք խորհրդարանական ընտրությունները կարժեզրկվեն՝ անկախ ամեն ինչից:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 32 (422), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։